Աղոթք։ Ո՞ւմ
ԱՐԴՅՈՔ բոլոր աղոթքները լսվո՞ւմ են, անկախ այն բանից, թե ում են դիմում մարդիկ։ Այս աշխարհում շատերը այդպես են մտածում։ Այդ գաղափարը դուր է գալիս նրանց, ովքեր հավանություն են տալիս միջդավանանքային շարժումներին և ցանկանում են, որ բոլոր կրոնները, չնայած որ տարբեր են, ընդունելի լինեն։ Սակայն հնարավո՞ր է, որ այս գաղափարը սխալ լինի։
Աստծու Խոսքը սովորեցնում է, որ շատ հաճախ մարդիկ իրենց աղոթքները չեն ուղղում նրան, ով իրականում լսում է դրանք։ Այն ժամանակներում, երբ գրվում էր Աստվածաշունչը, ընդունված էր, որ մարդիկ իրենց աղոթքներն ուղղեն կուռքերին։ Սակայն Աստված անդադար զգուշացնում էր, որ չհետևեն այդ սովորությանը։ Օրինակ՝ Սաղմոս 115։4–6 համարներում կուռքերի մասին գրված է. «Ականջներ ունեն, բայց չեն լսում»։ Ամեն ինչ շատ պարզ է։ Իմաստ ունի՞, որ աղոթես մի աստծու, որը երբեք չի լսելու քեզ։
Աստվածաշնչյան պատմություններից մեկն ընդգծում է այս միտքը։ Ճշմարիտ մարգարե Եղիան մարտահրավեր նետեց Բահաղի մարգարեներին, որ աղոթեն իրենց աստծուն, որից հետո էլ ինքը պիտի աղոթեր իր Աստծուն։ Եղիան ասաց, որ ճշմարիտ Աստվածը կպատասխանի, իսկ կեղծ աստվածը՝ ոչ։ Ընդունելով մարտահրավերը՝ Բահաղի մարգարեները երկար ու ջերմեռանդորեն աղոթեցին, նույնիսկ բարձրաձայն աղաղակելով խնդրեցին, բայց ապարդյուն։ Կարդում ենք. «Ոչ պատասխան տվող, և ոչ էլ ուշադրություն դարձնող» կար (1 Թագավորներ 18։29)։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, երբ աղոթեց Եղիան։
Եղիայի աղոթքից հետո նրա Աստվածն անմիջապես պատասխան տվեց՝ երկնքից կրակ ուղարկելով, որը խժռեց իր մարգարեի զոհը։ Ինչո՞ւ Եղիայի աղոթքին պատասխան տրվեց։ Գաղտնիքը մարգարեի աղոթքի մեջ էր, որն արձանագրված է 1 Թագավորներ 18։36, 37 համարներում։ Այն շատ կարճ աղոթք էր՝ բնագիր եբրայերենով՝ մոտ 30 բառ։ Այնուհանդերձ, այս մի քանի խոսքն ասելիս Եղիան երեք անգամ Աստծուն դիմեց անունով՝ Եհովա։
Բահաղ նշանակում է «տեր»։ Նա քանանացիների աստվածն էր, և իրենց տարածքում ամեն վայր ուներ իր Բահաղը։ Եհովա անունը, սակայն, բացառիկ է, և ողջ տիեզերքում միայն մի Անձնավորություն է այն կրում։ Ահա թե ինչ ասաց նա իր ժողովրդին. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը։ Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա» (Եսայիա 42։8)։
Ուրեմն Եղիայի և Բահաղի մարգարեների աղոթքները ընդունելի՞ եղան։ Բահաղին մատուցվող երկրպագությունը ապականում էր ժողովրդին ծիսակատարությունների ժամանակ կատարվող պոռնկությամբ և անգամ մարդկային զոհերով։ Իսկ Եհովան, հակառակը, սովորեցնում էր իր ժողովրդին՝ Իսրայելին, հեռու մնալ այս ապականիչ սովորություններից և արժանավայել կերպով երկրպագել իրեն։ Ուստի մտածիր հետևյալի շուրջ. եթե դու նամակ ես ուղարկում ընկերոջդ, ով շատ հարգված է, կակնկալե՞ս,
որ այն ստանա մեկը, ով չի կրում նրա անունը և քո ընկերոջ հակապատկերն է։ Իհա՛րկե ոչ։Եղիայի մարտահրավերը՝ ուղղված Բահաղի մարգարեներին, ապացուցեց, որ բոլոր աղոթքները չէ, որ լսվում են
Եթե աղոթում ես Եհովային, ուրեմն աղոթքներդ ուղղում ես Արարչին՝ մարդկության Հորը a։ «Դո՛ւ ես, ո՛վ Եհովա, մեր Հայրը»,— ասաց Եսայիա մարգարեն իր աղոթքում (Եսայիա 63։16)։ Հենց Նրա մասին էր խոսում Հիսուս Քրիստոսը, երբ իր հետևորդներին ասաց. «Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ» (Հովհաննես 20։17)։ Եհովան Հիսուսի Հայրն է։ Նա այն Աստվածն է, ում աղոթում էր Հիսուսը և ում աղոթել սովորեցրեց իր հետևորդներին (Մատթեոս 6։9)։
Արդյոք Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է մեզ աղոթել Հիսուսին, Մարիամին, սրբերին կամ հրեշտակներին։ Ո՛չ, միայն Եհովային։ Նկատի առնենք, թե որ երկու պատճառներով։ Առաջին՝ աղոթքը Աստծուն երկրպագելու ձև է, իսկ Աստվածաշունչն ասում է, որ պետք է երկրպագել միմիայն Եհովային (Ելք 20։5)։ Երկրորդ՝ Աստվածաշունչը հայտնում է, որ նա է կրում «աղոթքներ Լսող» տիտղոսը (Սաղմոս 65։2)։ Չնայած որ Աստված շատ պատասխանատվություններ է տալիս ուրիշներին, այս առանձնաշնորհումը նա ոչ մեկին չի տվել։ Եհովան այն Աստվածն է, որը խոստանում է անձամբ լսել մեր աղոթքները։
Ուրեմն եթե ուզում ես, որ Աստված լսի աղոթքներդ, հիշիր աստվածաշնչյան հետևյալ հորդորը. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Գործեր 2։21)։ Սակայն Եհովան լսո՞ւմ է բոլոր աղոթքներն անխտիր։ Թե՞ կա ուրիշ որևէ բան, որ պետք է իմանանք, եթե ուզում ենք, որ նա լսի մեր աղոթքները։
a Ըստ որոշ կրոնական ավանդույթների՝ սխալ է արտասանել Աստծու անունը նույնիսկ աղոթելիս։ Սակայն այդ անունը Աստվածաշնչի բնագիր լեզուներում հանդիպում է մոտ 7000 անգամ և շատ դեպքերում՝ Եհովայի հավատարիմ ծառաների աղոթքներում և սաղմոսներում։