ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
«Եհովան ձեզ Ֆրանսիա է բերել, որպեսզի իմանաք ճշմարտությունը»
ԱՆՏՈՒԱՆ ՍԿԱԼԵԿԻՆ, երբ փոքրիկ տղա էր, մի պոնի ուներ, որը նրա մշտական ուղեկիցն էր։ Նրանք միասին երկար ու ծանր ճանապարհ էին անցնում կիսախավար թունելների միջով՝ 500 մետր խորության գետնի տակ գտնվող հանքում տեղափոխելով քարածխի ուղեբեռները։ Անտուանի հայրը հանքի փլուզման հետևանքով վնասվածք էր ստացել, ուստի ճարահատյալ նրա ընտանիքը Անտուանին ուղարկեց օրական ինը ժամ տաժանակիր աշխատանք կատարելու քարածխի հանքերում։ Մի անգամ հանքի փլուզման ժամանակ քիչ էր մնացել, որ նա կորցներ իր կյանքը։
Անտուանը մեկն էր այն բազմաթիվ լեհ երեխաներից, որոնք ծնվել էին Ֆրանսիայում 1920-ականներին և 1930-ականներին։ Ինչո՞ւ էին լեհերը ներգաղթել Ֆրանսիա։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանի անկախությունը վերականգնվեց, գերբնակվածությունը լուրջ խնդիր դարձավ երկրում։ Իսկ Ֆրանսիան ավելի քան մեկ միլիոն տղամարդ էր կորցրել պատերազմում և քարածխի հանքափորների խիստ կարիք ուներ։ Այդ պատճառով Ֆրանսիայի և Լեհաստանի կառավարությունները 1919թ. սեպտեմբերին ներգաղթի համաձայնագիր կնքեցին։ Արդեն 1931թ.-ին Ֆրանսիայում լեհ բնակչությունը հասել էր 507800-ի, որոնցից շատերը բնակվում էին հյուսիսում գտնվող հանքերի շրջաններում։
Ջանասեր լեհ ներգաղթյալները իրենց հետ բերեցին յուրօրինակ մշակույթ, այդ թվում՝ կրոնական ջերմեռանդություն։ «Իմ պապիկը՝ Յոզեֆը, Սուրբ Գրքի մասին մեծ հարգանքով էր խոսում, ինչը նրա մեջ սերմանել էր իր հայրը»,— հիշում է Անտուանը, որն այժմ 90 տարեկան է։ Կիրակի օրերին հանքագործությամբ զբաղվող լեհ ընտանիքները եկեղեցի գնալիս հագնում էին իրենց լավագույն հագուստները, մեծ մասամբ ի հեճուկս աշխարհիկ մտածելակերպ ունեցող որոշ տեղաբնակ ֆրանսիացիների։
Նոր Պա դե Կալեում էր, որ առաջին անգամ բազմաթիվ լեհեր հանդիպեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների, որոնք, 1904թ.-ից սկսած, եռանդորեն քարոզում էին այդ շրջանում։ 1915թ.-ին ամեն ամիս սկսեց լեհերենով տպագրվել «Դիտարան» ամսագիրը, իսկ 1925թ.-ից այդ լեզվով հասանելի դարձավ նաև «Ոսկե դարը» (այժմ՝ «Արթնացե՛ք»)։ Շատ ընտանիքներ դրականորեն էին արձագանքում այս ամսագրերին, որոնք սուրբգրային բովանդակություն ունեին, ինչպես նաև «Աստծու քնարը» գրքին, որը լեհերենով առկա էր։
Անտուանի ընտանիքը Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին իմացավ Անտուանի մորեղբորից, որն առաջին անգամ ժողով էր գնացել 1924թ.-ին։ Այդ տարի Բրյուե ան Արտուայում Աստվածաշունչ ուսումնասիրողները անցկացրին առաջին լեհերեն համաժողովը։
Մեկ ամիս էլ չէր անցել, երբ այդ քաղաք այցելեց գլխավոր վարչության ներկայացուցիչ Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը։ Նա հանրային հանդիպում անցկացրեց, որին 2000 մարդ ներկա եղավ։ Տպավորված ներկաների մեծ թվով, որոնց մեծ մասը լեհեր էին՝ եղբայր Ռադերֆորդն ասաց. «Եհովան ձեզ Ֆրանսիա է բերել, որպեսզի իմանաք ճշմարտությունը։ Այժմ դուք և ձեր երեխաները պետք է օգնեք ֆրանսիացիներին։ Դեռ քարոզչական մեծ գործ կա անելու, և Եհովան քարոզիչներ վեր կկացնի այդ գործի համար»։Եհովա Աստված հենց այդպես էլ արեց։ Այս լեհ քրիստոնյաները ինչպես որ ջանասիրաբար աշխատում էին հանքերում, այնպես էլ ջանասիրությամբ ու եռանդով մասնակցում էին քարոզչական գործին։ Նրանցից ոմանք վերադարձան Լեհաստան, որպեսզի պատմեն իրենց սովորած թանկագին ճշմարտությունները։ Թեոֆիլ Պիասկովսկին, Շտեպան Կոշակը և Յան Զաբուդան նրանց թվում էին, ովքեր հեռացան Ֆրանսիայից, որպեսզի բարի լուրը տարածեն Լեհաստանի ընդարձակ տարածքներով մեկ։
Բայց շատ լեհախոս քարոզիչներ մնացին Ֆրանսիայում և շարունակեցին եռանդորեն քարոզել ֆրանսիացի եղբայրների ու քույրերի հետ։ 1926թ.-ին Սեն լը Նոբլում ընդհանուր համաժողով անցկացվեց, որի ժամանակ լեհերենով անցկացվող ծրագրին ներկա եղավ 1000 հոգի, իսկ ֆրանսերենով անցկացվող ծրագրին՝ 300 հոգի։ 1929թ. «Տարեգրքում» նշվեց. «Տարվա ընթացքում 332 լեհեր իրենց նվիրումը խորհրդանշել են մկրտությամբ»։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Ֆրանսիայի 84 ժողովներից 32-ը լեհախոս էին։
1947թ.-ին բազմաթիվ Եհովայի վկաներ Լեհաստանի կառավարությունից հրավեր ստացան վերադառնալու հայրենիք։ Նույնիսկ նրանց հեռանալուց հետո երևում էր իրենց և ֆրանսիացի հավատակիցների ջանքերի արդյունքը. այդ տարի Թագավորության քարոզիչների թվի 10 տոկոս աճ գրանցվեց։ Դրան հաջորդեց 20, 23 և նույնիսկ 40 տոկոս աճ 1948–1950թթ.-ին։ Նոր քարոզիչներին կրթելու համար Ֆրանսիայի մասնաճյուղը 1948թ.-ին նշանակեց առաջին շրջանային վերակացուներին։ Հինգ ընտրվածներից չորսը լեհ էին, և Անտուան Սկալեկին նրանցից մեկն էր։
Ֆրանսիայում Եհովայի վկաներից շատերը դեռևս ունեն այն լեհական ազգանունները, որ ունեցել են իրենց նախահայրերը, որոնք ջանասիրաբար աշխատեցին և՛ հանքերում, և՛ քարոզչական գործում։ Այսօր նույնպես մեծ թվով ներգաղթյալներ Ֆրանսիայում են սովորում ճշմարտությունը։ Անկախ նրանից այլ երկրներից եկած քարոզիչները վերադառնում են հայրենի երկիր, թե մնում են իրենց նոր երկրում, նրանք եռանդորեն հետևում են այն ուղուն, որ թողել են Թագավորության հռչակողները, ինչպիսիք էին իրենց լեհ նախորդները։ Ֆրանսիայի մեր արխիվներից։