Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
Պե՞տք է արդյոք ճշմարիտ քրիստոնյաները աղոթեն ՀիսուսՔրիստոսին։
Ո՛չ։ Հիսուսը սովորեցրեց աղոթել Եհովային, և ինքն էլ օրինակ թողեց այս հարցում՝ աղոթելով իր Հորը (Մատթ. 6։6–9; Հովհ. 11։41; 16։23)։ Ուստի առաջին դարի նրա հետևորդները աղոթում էին Աստծուն, ոչ թե իրեն (Գործ. 4։24, 30; Կող. 1։3) (1/1, էջ 14)։
Ինչպե՞ս կարող ենք ամեն տարի նախապատրաստվել նշելու Հիսուսի մահը։
Կերպերից մեկը այս իրադարձության հետ կապված Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկին հետևելն է։ Կարող ենք նաև ջանք թափել, որպեսզի այդ ժամանակահատվածում ընդլայնենք մեր ծառայությունը։ Նաև աղոթենք Աստծու տված մեր հույսի մասին և խորհրդածենք դրա շուրջ (1/15, էջ 14–16)։
Ի՞նչ պատահեց երկու եգիպտացի բանտարկյալներին, որոնք իրենց խորհրդավոր երազները պատմեցին Հովսեփին։
Հովսեփը ասաց նախկին գինեմատույցին, որ նա նորից կանցնի իր պաշտոնին։ Իսկ հացագործին ասաց, որ նրա երազը նշանակում էր, որ փարավոնը մահապատժի էր ենթարկելու նրան և կախելու էր ցցից։ Երկու երազներն էլ իրականացան (Ծննդ. 40։1–22) (2/1, էջ 12–14)։
Ի՞նչ անակնկալ նվեր ստացան Ճապոնիայի մեր հավատակիցները։
Նրանք ստացան մի գրքույկ, որը «Նոր աշխարհ» թարգմանության Մատթեոսի Ավետարանն է։ Այս հրատարակությունը առաջարկել են ծառայության ժամանակ, և շատերը, ովքեր ծանոթ չեն Աստվածաշնչին, վերցրել են այն (2/15, էջ 3)։
Առաջին դարում ո՞ր հանգամանքները նպաստեցին բարի լուրի տարածմանը։
«Պաքս ռոմանայի» ժամանակաշրջանում համեմատաբար խաղաղ ժամանակներ էին։ Առաջին դարի քրիստոնյաները կարողանում էին ճանապարհորդել լավ ճանապարհների ցանցով։ Հունարեն լեզուն լայնորեն տարածված էր, ինչը հեշտացնում էր քարոզչական գործը։ Դրա շնորհիվ բարի լուրը հասնում էր նույնիսկ Հռոմեական կայսրությունով մեկ ցրված հրեաներին։ Աշակերտները կարողանում էին նաև օգտվել հռոմեական օրենքից, որպեսզի պաշտպանեին բարի լուրը (2/15, էջ 20–23)։
Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները չեն տոնում Զատիկը։
Հիսուսը պատվիրել է իր հետևորդներին նշել իր մահը, ոչ թե հարությունը (Ղուկ. 22։19, 20) (3/1, էջ 8)։
Ինչո՞ւ են վերջին տարիներին մեր հրատարակություններում հազվադեպ քննարկվում աստվածաշնչյան նախապատկերների և պատկերների օրինակներ։
Աստվածաշունչը նշում է, որ որոշ մարդիկ նախապատկերել են ապագայի հետ կապված ինչ-որ ավելի մեծ մի բան։ Նման մի օրինակ արձանագրված է Գաղատացիներ 4։21–31 համարներում։ Բայց եթե Սուրբ Գրքում նման բան չի ասվում, լավ կլինի, որ չփորձենք աստվածաշնչյան արձանագրությունների մեջ նախապատկերներ կամ պատկերներ փնտրել։ Փոխարենը՝ անհրաժեշտ է կենտրոնանալ այն դասերի վրա, որ պետք է սովորենք Աստվածաշնչում նշված կերպարներից ու իրադարձություններից (Հռոմ. 15։4) (3/15, էջ 17, 18)։
Ինչո՞ւ է Եգիպտոսում աղբակույտի միջից հայտնաբերված մի պապիրուսե պատառիկ այդքան արժեքավոր։
Անցյալ դարում հայտնաբերվել է մի պատառիկ, որը պարունակում է հատվածներ Հովհաննեսի Ավետարանից։ Դա թերևս գրվել է այդ Ավետարանի գրվելուց մի քանի տասնամյակ հետո, և դրա տեքստը գրեթե նույնն է, ինչ ներկայիս Աստվածաշնչի տեքստը։ Սա փաստում է, որ Աստվածաշունչը վստահարժան է (4/1, էջ 10, 11)։
Ինչո՞ւ է չզղջացող մեղավորին ընկերակցությունից զրկելը սիրո դրսևորում։
Աստվածաշունչը խոսում է ընկերակցությունից զրկելու կարևոր քայլի մասին, որը կարող է օգուտներ բերել (1 Կորնթ. 5։11–13)։ Այն պատիվ է բերում Աստծու անվանը, պաշտպանում է ժողովի մաքրությունը և կարող է խելքի բերել մեղք գործած անհատին (4/15, էջ 29, 30)։