Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ

Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ

«Արթուն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 ՊԵՏ. 5։8

1. Բացատրի՛ր, թե ինչպես մի ոգեղեն արարած դարձավ Սատանա։

ՄԻ ԺԱՄԱՆԱԿ այս ոգեղեն արարածը լավ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Բայց եկավ մի պահ, երբ նա ցանկացավ, որ մարդիկ իրեն երկրպագեն։ Փոխանակ ճնշելու այդ սխալ ցանկությունը՝ նա զարգացրեց այն և թույլ տվեց, որ դա այնքան մեծանա, որ ի վերջո «մեղք ծնի» (Հակ. 1։14, 15)։ Այդ արարածը մեզ հայտնի է որպես Սատանա։ Նա «ճշմարտության մեջ հաստատ չմնաց», ըմբոստացավ Եհովայի դեմ և դարձավ «ստության հայրը» (Հովհ. 8։44

2, 3. Ի՞նչ ենք իմանում Եհովայի մեծագույն թշնամու մասին «Սատանա», «Բանսարկու», «օձ» և «վիշապ» բառերից։

2 Ապստամբելուց հետո Սատանան դարձավ Եհովայի մեծագույն թշնամին։ Ինչ խոսք, նա մարդկանց ընկերն էլ չի եղել։ Նրա տիտղոսները խոսում են այն մասին, թե որքան ապականված է նա։ Օրինակ՝ Սատանա նշանակում է «հակառակորդ», ինչը ցույց է տալիս, որ այս չար ոգեղեն արարածը թիկունք չի կանգնում Աստծու գերիշխանությանը, այլ ատում է այն և կատաղորեն պայքարում է դրա դեմ։ Ամենից շատ Սատանան ուզում է տեսնել Եհովայի գերիշխանության կործանումը։

3 Ինչպես նշվում է Հայտնություն 12։9-ում, Սատանան կոչվում է Բանսարկու, որը նշանակում է «զրպարտիչ»։ Սա մեզ հիշեցնում է, որ Սատանան զրպարտել է Եհովային՝ նրան անվանելով ստախոս։ Իսկ «առաջին օձ» արտահայտությունը մեզ հիշեցնում է այն ողբերգական օրը, երբ Եդեմի պարտեզում Սատանան օձի միջոցով խաբեց Եվային։ «Մեծ վիշապ» արտահայտությունը զարհուրելի հրեշի պատկեր է ստեղծում մեր մտքում և լիովին բնութագրում է Սատանային, որն անգթորեն ցանկանում է խոչընդոտել Եհովայի նպատակին և ոչնչացնել նրա ժողովրդին։

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Ամենից շատ Սատանան է սպառնում մեր անարատությանը։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է. «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետ. 5։8)։ Հաշվի առնելով այս նախազգուշացումը՝ հոդվածում կքննենք Սատանային բնորոշող երեք հատկանիշ և կիմանանք, թե որքան կարևոր է պաշտպանվել Եհովայի և իր ժողովրդի այս անողոք թշնամուց։

ՍԱՏԱՆԱՆ ԶՈՐԱՎՈՐ Է

5, 6. ա) Բե՛ր օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ ոգեղեն արարածները «ուժով զորավոր» են։ բ) Ի՞նչ իմաստով Սատանան «կարող է մահ պատճառել»։

5 Հրեշտակներ կոչվող ոգեղեն արարածները «ուժով զորավոր» են (Սաղ. 103։20)։ Նրանք բանականությամբ և զորությամբ գերազանցում են մարդկանց։ Ինչ խոսք, հավատարիմ հրեշտակները իրենց զորությունն օգտագործում են բարի նպատակներով։ Օրինակ՝ մի անգամ Եհովայի հրեշտակը անհավանական մի բան արեց, ինչն անհնար կլիներ մի մարդու և անգամ դժվար մի ամբողջ բանակի համար. նա սպանեց իսրայելացիների թշնամու բանակի 185000 զինվոր (2 Թագ. 19։35)։ Մեկ ուրիշ անգամ հրեշտակներից մեկը իր գերմարդկային զորության և հնարամտության շնորհիվ Հիսուսի առաքյալներին ազատեց բանտից։ Հսկիչները նույնիսկ չնկատեցին, թե նա ինչպես բաց արեց բանտի դռները, դուրս հանեց առաքյալներին և նրանց հետևից փակեց դրանք (Գործ. 5։18–23

6 Ի տարբերություն հավատարիմ ոգեղեն էակների, որոնք իրենց զորությունն օգտագործում են ի բարին՝ Սատանան չար նպատակներով է իր զորությունն օգտագործում։ Իսկ որքա՞ն ուժեղ է նա և ինչպիսի՞ ազդեցություն է բանեցնում։ Սուրբ Գիրքը նրա մասին խոսում է որպես «այս աշխարհի իշխանի» և «այս աշխարհի աստծու» (Հովհ. 12։31; 2 Կորնթ. 4։4)։ Բանսարկու Սատանան նույնիսկ «կարող է մահ պատճառել» (Եբր. 2։14)։ Բայց սա չի նշանակում, որ նա բոլոր մարդկանց սպանում է բառի բուն իմաստով։ Սատանան «մահ է պատճառում» այն իմաստով, որ այս աշխարհը ողողել է իր մահաբեր ոգով։ Բացի այդ, քանի որ Եվան հավատաց նրա ստին, իսկ Ադամը չհնազանդվեց Աստծուն, մեղքն ու մահը տարածվեցին ողջ մարդկության վրա (Հռոմ. 5։12)։ Ինչպես ասաց Հիսուսը, նա «մարդասպան» է (Հովհ. 8։44)։ Ի՜նչ զորեղ թշնամի ունենք մենք։

7. Ինչպե՞ս են դևերը ցույց տվել, որ զորավոր են։

7 Երբ հակառակվում ենք Սատանային, դեմ ենք գնում ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր գերիշխանության հարցում նրա կողմն են բռնել։ Սատանայի կողմնակիցների թվում է ըմբոստ հրեշտակների, կամ՝ դևերի մի մեծ խումբ (Հայտն. 12։3, 4)։ Բազմաթիվ անգամներ դևերը ցույց են տվել իրենց գերմարդկային զորությունը՝ մեծ տառապանք պատճառելով մարդկանց (Մատթ. 8։28–32; Մարկ. 5։1–5)։ Երբեք մի՛ թերագնահատիր այս չար հրեշտակների և «դևերի իշխանի» ունեցած զորությունը (Մատթ. 9։34)։ Առանց Եհովայի օգնության մենք երբեք չենք կարողանա հաղթել Սատանայի դեմ պայքարում։

ՍԱՏԱՆԱՆ ԴԱԺԱՆ Է

8. ա) Ո՞րն է Սատանայի նպատակը (տե՛ս 9-րդ էջի նկարը)։ բ) Ըստ քո դիտարկումների՝ ինչպե՞ս է այս աշխարհը արտացոլում Սատանայի դաժան ոգին։

8 Պետրոս առաքյալը Սատանային նմանեցրեց «մռնչող առյուծի»։ Մի աշխատությունում ասվում է, որ «մռնչող» թարգմանված հունարեն բառը մատնանշում է «սարսափելի սոված մի գազանի ոռնոց»։ Ի՜նչ դիպուկ է սա նկարագրում, թե որքան չարացած ու գազազած է Սատանան։ Չնայած ողջ աշխարհը արդեն իսկ նրա իշխանության տակ է, նա անհագորեն ավելի շատ զոհեր է փափագում (1 Հովհ. 5։19)։ Սատանայի համար աշխարհը պարզապես «նախուտեստ» է։ Իրականում, նա իր ուշադրությունը հրավիրել է «հիմնական ուտեստի»՝ օծյալ մնացորդի վրա, ում աջակցում են «ուրիշ ոչխարները» (Հովհ. 10։16; Հայտն. 12։17)։ Սատանան նպատակ ունի կուլ տալու Եհովայի ժողովրդին։ Առաջին դարից սկսած՝ ճշմարիտ քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքը փաստում է, թե որքան դաժան է նա։

9, 10. ա) Ինչպե՞ս է Սատանան փորձել խափանել Իսրայել ազգի հետ կապված Աստծու նպատակը (բե՛ր օրինակներ)։ բ) Ինչո՞ւ Սատանան հատուկ պատճառ ուներ իր ուշադրությունը Իսրայել ազգի վրա կենտրոնացնելու համար։ գ) Ըստ քեզ՝ ի՞նչ է զգում Բանսարկուն, երբ այսօր Եհովայի ծառաներից մեկը լուրջ մեղք է գործում։

9 Աստծու նպատակը խափանելու համար Սատանան մեկ ուրիշ կերպով էլ է դրսևորում իր դաժանությունը։ Սովահար առյուծը իր զոհին չի խղճում։ Նրան սպանելուց հետո էլ խղճի խայթ չի զգում։ Այդպես էլ Սատանան չի խղճում նրանց, ում փորձում է կուլ տալ։ Օրինակ՝ մտածիր, թե որքան հաճախ նա պետք է որ դարան մտած հետևեր, թե ինչպես են իսրայելացիները այնպիսի մեղքեր գործում, ինչպիսիք են անբարոյությունը և ագահությունը։ Երբ կարդում ես այն ողբերգական հետևանքների մասին, որ կրեցին անբարո Զամբրին և ագահ Գեեզին, «տեսնո՞ւմ ես» մռնչող առյուծին, որը հրճվում է իր հաղթանակով (Թվեր 25։6–8, 14, 15; 2 Թագ. 5։20–27

Սատանան ուրախանում է, երբ Եհովայի ծառաներից մեկը մեղք է գործում (տե՛ս պարբերություն 10)

10 Սատանան հատուկ պատճառ ուներ իր ուշադրությունը Իսրայել ազգի վրա կենտրոնացնելու համար։ Չէ՞ որ այդ ազգից էր սերելու Մեսիան՝ նա, ով ջախջախելու է Սատանային և արդարացնելու է Եհովայի գերիշխանությունը (Ծննդ. 3։15)։ Սատանան չէր ուզում, որ իսրայելացիները ունենային Աստծու հավանությունը, ուստի ամեն ջանք թափում էր, որպեսզի ապականեր նրանց՝ դրդելով մեղքի։ Մի՛ կարծիր, թե նա խղճահարություն զգաց Դավթի հանդեպ, երբ վերջինս անբարոյություն գործեց, կամ կարեկցեց Մովսեսին, երբ մարգարեն կորցրեց Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունը։ Անկասկած, նա ուրախանում է, երբ Աստծու ծառաներից մեկը արատավորվում է՝ լուրջ մեղք գործելով։ Իրականում, նման հաղթանակները կարող են լինել այն բաների թվում, որոնք Սատանան օգտագործում է Եհովային չարախոսելու համար (Առակ. 27։11

11. Ինչո՞ւ էր Սատանան իր թիրախը դարձրել Սառային։

11 Սատանան հատկապես թշնամանք էր տածում այն շառավղի հանդեպ, որից սերելու էր Մեսիան։ Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչ եղավ կարճ ժամանակ անց, երբ Եհովան Աբրահամին ասաց, որ նրանից մի «մեծ ազգ» է առաջ գալու (Ծննդ. 12։1–3)։ Երբ Աբրահամն ու Սառան Եգիպտոսում էին, փարավոնը Սառային տարավ իր տուն, որպեսզի վերջինս դառնար իր կինը։ Բայց Եհովան միջամտեց և փրկեց Սառային այդ դժվար իրավիճակից (կարդա՛  Ծննդոց 12։14–20)։ Նախքան Իսահակի ծնունդը, նման մի բան տեղի ունեցավ նաև Գերարում (Ծննդ. 20։1–7)։ Սատանա՞ն էր կանգնած այս ամենի հետևում։ Արդյոք նա հույս ունե՞ր, որ հարուստ Ուր քաղաքը թողած Սառան, որն այժմ ապրում էր վրաններում, կգայթակղվեր՝ տեսնելով փարավոնի և Աբիմելեքի շքեղ պալատները։ Արդյոք մտածո՞ւմ էր, որ Սառան կդավաճանի իր ամուսնուն և Եհովային։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում։ Բայց մենք հիմնավոր պատճառներ ունենք մտածելու, որ Բանսարկուն կուրախանար, եթե կարողանար այնպես անել, որ Սառան չհամապատասխաներ խոստացյալ սերնդի նախամայրը լինելու առանձնաշնորհմանը։ Սատանան խղճի խայթ չէր զգա, եթե այդ առաքինի կնոջ ամուսնությունն ու հեղինակությունը արատավորվեին և Եհովայի հետ ունեցած նրա փոխհարաբերությունները վնասվեին։ Որքա՜ն դաժան է նա։

12, 13. ա) Հիսուսի ծնվելուց հետո ինչպե՞ս Սատանան ցույց տվեց, որ դաժան է։ բ) Ըստ քեզ՝ ի՞նչ է Սատանան զգում այն երեխաների հանդեպ, ովքեր սիրում են Եհովային և ձգտում են ծառայել նրան։

12 Հիսուսը ծնվեց Աբրահամից դարեր անց։ Մի՛ կարծիր, թե Սատանան մտածեց, որ նորածին Հիսուսը գեղեցիկ և անուշիկ երեխա է։ Նա գիտեր, որ այս նորածինը մեծանալու է և դառնալու է խոստացյալ Մեսիան։ Այո՛, Հիսուսը, որը Աբրահամի սերնդի գլխավոր մասն էր, հետագայում «Բանսարկուի գործերը քանդելու» էր (1 Հովհ. 3։8)։ Քանի որ Սատանան բարոյական արժեքներ չունի, չմտածեց, թե չափազանց դաժան է փոքր երեխա սպանելը։ Եվ փոքրիկ Հիսուսի պարագայում նա չվարանեց գործի անցնել։ Տեսնենք, թե ինչ արեց նա։

13 Հերովդես թագավորը մեծապես «խռովվեց», երբ աստղագուշակներից իմացավ, որ «հրեաների թագավոր» է ծնվել, և որոշեց սպանել նրան (Մատթ. 2։1–3, 13)։ Դրա համար նա հրամայեց կոտորել Բեթլեհեմի ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին (կարդա՛  Մատթեոս 2։13–18)։ Ճիշտ է, Հիսուսը փրկվեց այդ սարսափելի կոտորածից, բայց ի՞նչ է այս դեպքը մեզ հայտնում մեր թշնամու՝ Սատանայի մասին։ Ակնհայտ է, որ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի նրա աչքում։ Բանսարկուն գութ չունի նույնիսկ երեխաների հանդեպ։ Նա իրոք որ «մռնչող առյուծ» է։ Երբեք մի՛ թերագնահատիր նրա դաժանությունը։

ՍԱՏԱՆԱՆ ԽԱԲԵԲԱ Է

14, 15. Ինչպե՞ս է Սատանան կուրացրել անհավատների մտքերը։

14 Սատանան միայն խաբելով կարող է մարդկանց հանել սիրառատ Աստծու՝ Եհովայի դեմ (1 Հովհ. 4։8)։ Նա մոլորեցնում է մարդկանց, որ նրանք չգիտակցեն «իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Սատանան անհավատների մտքերը «կուրացրել է, որպեսզի Քրիստոսի մասին փառավոր բարի լուրի լույսը չտեսնեն. Քրիստոսի, որն Աստծու պատկերն է» (2 Կորնթ. 4։4

15 Սատանայի խաբելու մեծագույն միջոցը կեղծ կրոնն է։ Պատկերացրու, թե որքան է նա ուրախանում, երբ տեսնում է, որ մարդիկ երկրպագում են իրենց նախնիներին, բնությանը, կենդանիներին՝ ցանկացած մեկի և ցանկացած բանի, բացի Եհովայից, ով «բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված» է (Ելք 20։5)։ Նույնիսկ նրանցից շատերը, ովքեր կարծում են, թե ճիշտ են երկրպագում Աստծուն, շղթայված են կեղծ հավատալիքներով և անիմաստ ծեսերով։ Այդ մարդիկ թշվառ վիճակում են, շատ նման նրանց, ում Եհովան փորձեց օգնել՝ ասելով. «Ինչո՞ւ եք փող վճարում այն բանի համար, ինչը հաց չէ, և ինչո՞ւ եք ծանր աշխատում այն բանի համար, ինչը չի հագեցնում։ Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք։ Թող ձեր հոգին ընտիր կերակուր վայելի» (Ես. 55։2

16, 17. ա) Ինչո՞ւ Հիսուսը Պետրոսին ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛»։ բ) Ինչպե՞ս է Սատանան մոլորեցնում մեզ, որ թուլացնենք մեր հրատապության զգացումը։

16 Սատանան կարող է խաբել նույնիսկ Եհովայի եռանդուն ծառաներին։ Օրինակ՝ հիշենք, թե ինչ եղավ, երբ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ պետք է սպանվի։ Անկասկած լավ մղումներից ելնելով՝ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու ասաց. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»։ Հիսուսը խիստ պատասխան տվեց Պետրոսին. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛» (Մատթ. 16։22, 23)։ Ինչո՞ւ նա Պետրոսին կոչեց «Սատանա»։ Քանի որ գիտեր, թե ինչ է պատահելու. մոտեցել էր ժամը, երբ պետք է մահանար, իր կյանքը որպես փրկանք տար ու փաստեր, որ Բանսարկուն ստախոս է։ Մարդկության պատմության այդ օրհասական պահին ժամանակը չէր, որ Հիսուսը «բարի» լիներ իր հանդեպ։ Զգոնությունը թուլացնելը կլիներ հենց այն, ինչ Սատանան էր ուզում։

17 Քանի որ մոտենում ենք այս համակարգի վախճանին, մենք նույնպես ապրում ենք շատ վճռորոշ ժամանակներում։ Սատանան ուզում է, որ թուլացնենք մեր զգոնությունը, «բարի» լինենք մեր հանդեպ՝ ձգտելով հաջողությունների հասնել այս աշխարհում, ինչի արդյունքում կկորցնենք մեր հրատապության զգացումը։ Թույլ մի՛ տուր, որ քեզ հետ նման բան պատահի։ Փոխարենը՝ «արթուն եղիր» (Մատթ. 24։42)։ Երբեք մի՛ հավատա Սատանայի մոլորեցնող պրոպագանդային, թե վերջը շատ հեռու է, կամ՝ այն երբեք էլ չի գա։

18, 19. ա) Ինչպե՞ս Սատանան գուցե փորձի խաբել մեզ՝ օգտագործելով այն, թե ինչ կարծիք ունենք մեր մասին։ բ) Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ պահելու զգոնությունը և արթուն մնալու։

18 Սատանան փորձում է խաբել մեզ մեկ այլ ձևով ևս։ Նա ջանում է հավատացնել, թե Աստված չի սիրում մեզ, և մեր մեղքերն աններելի են։ Այս ամենը Սատանայի մոլորեցնող պրոպագանդայի մասն է։ Բայց հատկապես ո՞վ է իրականում չսիրված Եհովայի կողմից։ Սատանան։ Ո՞վ իրականում արժանի չէ ներման։ Դարձյալ Սատանան։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիք իր անվան հանդեպ» (Եբր. 6։10)։ Եհովան գնահատում է իրեն հաճեցնելու համար թափած մեր ջանքերը, և մեր ծառայությունը զուր չէ (կարդա՛  1 Կորնթացիներ 15։58)։ Թող որ չխաբվենք Սատանայի մոլորեցնող պրոպագանդայով։

19 Ինչպես տեսանք, Սատանան զորավոր է, դաժան և խաբեբա։ Ինչպե՞ս կարող ենք հաղթել այս ահազդու թշնամու դեմ պայքարում։ Եհովան մեզ անպաշտպան չի թողել։ Նրա Խոսքը տեղեկացնում է Սատանայի մեթոդների մասին, ուստի մենք «անտեղյակ չենք նրա դիտավորություններին» (2 Կորնթ. 2։11)։ Երբ հասկանում ենք Սատանայի մարտավարությունը, ավելի լավ ենք կարողանում պահպանել մեր զգոնությունը և արթուն մնալ։ Սակայն նրա դիտավորությունները միայն իմանալը բավարար չէ։ Աստվածաշունչն ասում է. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակ. 4։7)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք երեք բան, որոնցից զգուշանալով կարող ենք մարտնչել Սատանայի դեմ և հաղթել նրան։