Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հավատարմորեն աջակցիր Քրիստոսի եղբայրներին

Հավատարմորեն աջակցիր Քրիստոսի եղբայրներին

«Քանի որ իմ այս եղբայրների միջից փոքրագույններից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (ՄԱՏԹ. 25։40

1, 2. ա) Ի՞նչ առակներ է Հիսուսը պատմել իր մտերիմ ընկերներին (տե՛ս 25-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ պետք է իմանանք այծերի ու ոչխարների մասին առակի վերաբերյալ։

ՀԻՍՈՒՍԸ զրուցում էր իր մտերիմ ընկերների՝ Պետրոսի, Անդրեասի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ։ Նա հենց նոր էր պատմել հավատարիմ և իմաստուն ծառայի, տասը կույսերի և տաղանդների մասին առակները։ Այժմ Հիսուսն ավարտում է իր ասելիքը՝ պատմելով ևս մեկ առակ։ Նա նկարագրում է այն ժամանակը, երբ «մարդու Որդին» դատելու է «բոլոր ազգերին»։ Այս առակը պետք է որ շատ հետաքրքրեր առաքյալներին։ Դրանում Հիսուսը կենտրոնանում է երկու խմբի վրա՝ ոչխարների և այծերի։ Նա նշում է նաև երրորդ՝ մի կարևոր խմբի մասին, որի անդամներին բնորոշում է որպես «թագավորի» «եղբայրներ» (կարդա՛  Մատթեոս 25։31–46

2 Եհովայի ծառաներին երկար ժամանակ հետաքրքրել է այս առակը, քանի որ դրանում Հիսուսը խոսում է այն մասին, թե ինչ է սպասում մարդկանց։ Նա հայտնում է, թե ինչու են ոմանք հավիտենական կյանք ստանալու, իսկ մյուսները հավիտենական մահվան արժանանալու։ Հիսուսի հայտնած ճշմարտությունները հասկանալուց և դրանց համաձայն վարվելուց է կախված մեր կյանքը։ Ուստի անչափ կարևոր է, որ մտածենք հետևյալ հարցերի շուրջ. «Ինչպե՞ս է Եհովան աստիճանաբար վերաճշտել մեր հասկացողությունը այս առակի վերաբերյալ։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ առակը շեշտում է քարոզչական գործի կարևորությունը։ Ո՞ւմ է տրվում քարոզելու պատվերը։ Եվ ինչո՞ւ է հիմա ժամանակը հավատարիմ լինելու «թագավորին» և նրանց, ում նա կոչում է «իմ եղբայրներ»։

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԵՐ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՃՇՏՎԵԼ

3, 4. ա) Ի՞նչ պետք է իմանանք այծերի ու ոչխարների մասին առակը հասկանալու համար։ բ) 1881թ.-ին «Սիոնի Դիտարանը» ինչպե՞ս բացատրեց այս առակը։

3 Այծերի ու ոչխարների մասին առակը ճիշտ հասկանալու համար, մենք պետք է իմանանք, թե ովքեր են «մարդու Որդին», կամ՝ «թագավորը», «ոչխարներն ու այծերը» և թագավորի «եղբայրները», թե երբ է լինելու դատաստանը, և թե ինչից ելնելով են ոմանք դատվելու որպես «ոչխար», իսկ ոմանք՝ որպես «այծ»։

4 1881թ.-ին «Սիոնի Դիտարանում» ասվեց, որ «մարդու Որդին», որը կոչվում է նաև «թագավոր», Հիսուսն է։ Վաղ Աստվածաշունչ ուսումնասիրողները մտածում էին, որ «Ջեյմս թագավորի թարգմանությունում» նշված «իմ եղբայրներ» արտահայտությունը վերաբերում է ինչպես նրանց, ովքեր Քրիստոսի հետ իշխելու են երկնքում, այնպես էլ երկրի վրա կատարելության հասած ողջ մարդկությանը։ Նրանք կարծում էին, որ ոչխարների ու այծերի զատումը տեղի է ունենալու Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Եվ այն մարդիկ, ովքեր կապրեն Աստծու սիրո օրենքով, կհամարվեն «ոչխար»։

5. Ինչպե՞ս մեր հասկացողությունը վերաճշտվեց 1920-ականներին։

5 1920-ականներին Եհովան օգնեց իր ժողովրդին վերաճշտելու այս առակի վերաբերյալ նրանց հասկացողությունը։ «Դիտարանի» 1923թ. հոկտեմբերի 15-ի համարը հաստատեց, որ «մարդու Որդին» Հիսուսն է։ Այնուամենայնիվ, այն սուրբգրային հիմնավոր փաստարկներ բերեց, թե ովքեր են Քրիստոսի եղբայրները՝ նշելով, որ նրանք Հիսուսի հետ երկնքում իշխողներն են, իսկ ոչխարները՝ Քրիստոսի Թագավորության ներքո երկրի վրա ապրելու հույս ունեցողները։ Իսկ ի՞նչ էր ասվում այն մասին, թե երբ է տեղի ունենալու ոչխարների ու այծերի զատումը։ Նշվում էր, որ Քրիստոսի եղբայրները նրա հետ իշխելու են երկնքից Հազարամյա Իշխանության ընթացքում, ուստի երկրային դասը չի կարող նրանց օգնել կամ արհամարհել։ Հետևաբար, ոչխարների ու այծերի զատումը պետք է որ տեղի ունենար նախքան Հազարամյա Իշխանությունը։ Իսկ այն մասին, թե ինչից ելնելով են ոմանք համարվելու «ոչխար», ոմանք էլ «այծ», ասվում էր, որ որպես «ոչխար» դատվելու են նրանք, ովքեր Հիսուսին իրենց Տերն են համարելու և հավատալու են, որ Թագավորությունը կյանքի ավելի լավ պայմաններ է բերելու։

6. 1990-ականներին մեր հասկացողությունն ինչպե՞ս վերաճշտվեց։

6 Այս վերաճշտման արդյունքում Եհովայի ծառաները սկսեցին կարծել, թե մարդիկ դատվում են որպես «այծ» կամ «ոչխար» այս համակարգի վերջին օրերի ընթացքում՝ ելնելով այն բանից, թե ինչպես են արձագանքում Թագավորության լուրին։ Բայց 1990-ականներին մեր հասկացողությունը վերաճշտվեց։ «Դիտարանի» 1995թ. հոկտեմբերի 15-ի համարում նշվեց, թե ինչ նմանություններ կան Մատթեոս 24։29–31 (կարդա՛) և Մատթեոս 25։31, 32 (կարդա՛) համարների միջև *։ Ի՞նչ եզրակացություն արվեց։ Գլխավոր հոդվածում ասվում էր. «Ոչխարներն ու այծերը դատվելու են ապագայում»։ Իսկ կոնկրետ ե՞րբ։ «Դա տեղի է ունենալու այն բանից հետո, երբ Մատթեոս 24։29, 30 համարներում նշված «նեղությունը» սկսվի, և մարդու Որդին իր «փառքով գա».... Հետո, երբ չար համակարգը մոտենա իր ավարտին, Հիսուսը դատ կանի, վճիռ կկայացնի և այն կիրագործի»։

7. Ի՞նչ ենք այժմ հստակ հասկանում։

7 Այսօր մենք հստակ հասկանում ենք այծերի ու ոչխարների մասին առակը։ Տեսնենք, թե ովքեր են «մարդու Որդին», կամ՝ «թագավորը», «ոչխարներն» ու «այծերը» և թագավորի «եղբայրները»։ «Մարդու Որդին», կամ՝ «թագավորը», Հիսուսն է։ «Եղբայրները» ոգով օծված տղամարդիկ ու կանայք են, ովքեր Քրիստոսի հետ իշխելու են երկնքից (Հռոմ. 8։16, 17)։ «Ոչխարներն» ու «այծերը» բոլոր ազգերին պատկանող մարդիկ են։ Նրանք օծված չեն սուրբ ոգով։ Իսկ ե՞րբ է լինելու դատաստանը։ Այն տեղի է ունենալու գալիք մեծ նեղության ընթացքում՝ Արմագեդոնից առաջ։ Իսկ ի՞նչից ելնելով են ոմանք դատվելու որպես «ոչխար», իսկ ոմանք՝ որպես «այծ»։ Ելնելով այն բանից, թե ինչպես են նրանք վարվել Քրիստոսի՝ երկրի վրա մնացած ոգով օծված եղբայրների հետ։ Հաշվի առնելով, որ այս համակարգի վերջը շատ մոտ է՝ մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ աստիճանաբար լույս է սփռել այս և Մատթեոս 24 ու 25 գլուխներում նշված մյուս առակների վրա։

ԻՆՉՊԵՍ Է ԱՌԱԿԸ ՇԵՇՏՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

8, 9. Ինչո՞ւ են «ոչխարները» նկարագրվում որպես «արդարներ»։

8 Այծերի և ոչխարների առակում Հիսուսը ուղղակիորեն չի հիշատակում քարոզչական գործի մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ասել, որ այն ընդգծում է քարոզելու կարևորությունը։

9 Նախ նկատի առնենք, որ Հիսուսը սովորեցնում է առակի միջոցով։ Ակնհայտ է, որ նա բառացիորեն չի խոսում այծերի ու ոչխարների զատման մասին։ Նաև չի ասում, որ որպես «ոչխար» դատվող մարդիկ պետք է բառացիորեն կերակրեն, հագցնեն, հոգ տանեն կամ բանտում այցելեն իր եղբայրներից մեկին։ Հիսուսը նկարագրում է այն, թե ինչ վերաբերմունք են դրսևորում խորհրդանշական ոչխարները իր եղբայրների նկատմամբ։ Հիսուսը «ոչխարներին» նկարագրում է որպես «արդարներ», քանի որ նրանք հասկանում են, որ Քրիստոսը երկրի վրա դեռ ունի օծյալ եղբայրներ, և հավատարմորեն աջակցում են նրանց այս վերջին օրերի չափազանց դժվար ժամանակներում (Մատթ. 10։40–42; 25։40, 46; 2 Տիմոթ. 3։1–5

10. Ինչպե՞ս կարող են «ոչխարները» բարություն դրսևորել Քրիստոսի եղբայրների հանդեպ։

10 Քննենք նաև Հիսուսի խոսքերի համատեքստը։ Նա խոսում է իր ներկայության և աշխարհի վախճանի նշանի մասին (Մատթ. 24։3)։ Իր խոսքի սկզբում Հիսուսը նշում է, որ այդ նշանը մի կարևոր առանձնահատկություն է ունենալու. Թագավորության բարի լուրը քարոզվելու է «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին» (Մատթ. 24։14)։ Այծերի ու ոչխարների մասին խոսելուց անմիջապես առաջ նա պատմել էր տաղանդների մասին առակը։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, Հիսուսը պատմեց այդ առակը, որպեսզի իր օծյալ աշակերտներին՝ իր «եղբայրներին», սովորեցնի, որ նրանք պետք է եռանդորեն մասնակցեն քարոզչական գործին։ Բայց Հիսուսի ներկայության ժամանակ երկրի վրա մնացած օծյալների մի փոքր խումբ հսկայածավալ գործ ունի անելու՝ քարոզել «բոլոր ազգերին» նախքան վերջը։ Այծերի ու ոչխարների մասին առակը ցույց է տալիս, որ օծյալները օգնության կարիք էին ունենալու։ Հետևաբար, որպես «ոչխար» դատվողները գլխավորապես կարող են բարություն դրսևորել Քրիստոսի եղբայրների հանդեպ՝ աջակցելով նրանց քարոզչական գործում։ Իսկ ինչպե՞ս կարող են դա անել։ Միայն նյութական և էմոցիոնալ օգնություն ցույց տալո՞վ, թե՞ ավելի շատ բան անելով։

ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ՔԱՐՈԶԵՆ

11. Ի՞նչ հարց գուցե առաջանա և ինչո՞ւ։

11 Այսօր Հիսուսի՝ ութ միլիոն աշակերտների ճնշող մեծամասնությունը օծված չէ սուրբ ոգով։ Հիսուսը նրանց տաղանդներ չի տվել, ինչպես որ իր օծյալ ծառաներին (Մատթ. 25։14–18)։ Ուստի գուցե հարցնենք. «Արդյոք նրանք, ովքեր օծված չեն սուրբ ոգով, պե՞տք է քարոզեն»։ Այո՛։ Տեսնենք, թե ինչու։

12. Ի՞նչ ենք իմանում Մատթեոս 28։19, 20 համարներում արձանագրված խոսքերից։

12 Հիսուսը իր բոլոր աշակերտներին պատվիրեց քարոզել։ Հարություն առնելուց հետո Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ նրանք աշակերտներ պատրաստեն՝ սովորեցնելով պահել «այն ամենը», ինչ ինքը պատվիրեց։ Նրա պատվերների մեջ էր մտնում նաև քարոզելը (կարդա՛  Մատթեոս 28։19, 20)։ Հետևաբար, Քրիստոսի բոլոր աշակերտները պետք է քարոզեն, անկախ այն բանից հույս ունեն իշխելու երկնքում, թե ապրելու երկրի վրա (Գործ. 10։42

13. Ի՞նչ ենք իմանում Հովհաննեսին տրված տեսիլքից։

13 «Հայտնություն» գիրքը նշում է, որ քարոզչական գործն անելու են ինչպես օծյալները, այնպես էլ մյուսները։ Հիսուսը Հովհաննես առաքյալին մի տեսիլք տվեց «հարսի»՝ 144000 օծյալների մասին, որոնք Քրիստոսի հետ իշխելու են երկնքում ու մարդկանց հրավիրելու են գալ և «վերցնել կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 14։1, 3; 22։17)։ Խորհրդանշական ջուրը ներկայացնում է այն ամենը, ինչ Եհովան Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա անում է՝ մարդկանց մեղքից ու մահից ազատելու համար (Մատթ. 20։28; Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։9, 10)։ Փրկանքը մեր քարոզած լուրի գլխավոր մասն է, և օծյալները առաջնորդություն են վերցնում օգնելու մարդկանց, որ իմանան այդ մասին ու օգուտներ քաղեն դրանից (1 Կորնթ. 1։23)։ Բայց տեսիլքում Հովհաննեսը տեսնում է նաև ուրիշ մարդկանց, որոնք հարս դասակարգից չեն։ Նրանց նույնպես պատվիրվում է, որ ասեն՝ ե՛կ։ Նրանք հնազանդվում են և հրավիրում են մյուսներին վերցնել կյանքի ջրից։ Այս երկրորդ խմբի մարդիկ երկրի վրա ապրելու հույս ունեցողներն են։ Հետևաբար, այս տեսիլքը հստակ ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են «ե՛կ» հրավերը, ուրիշներին քարոզելու պատասխանատվություն ունեն։

14. Ի՞նչ է նշանակում հնազանդվել «Քրիստոսի օրենքին»։

14 Բոլոր նրանք, ովքեր «Քրիստոսի օրենքի» տակ են, պետք է քարոզեն (Գաղ. 6։2)։ Եհովան երկակի չափանիշներ չունի։ Օրինակ՝ նա իսրայելացիներին ասաց. «Մեկ օրենք պետք է լինի թե՛ բնիկի, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտի համար» (Ելք 12։49; Ղևտ. 24։22)։ Մենք՝ քրիստոնյաներս, Մովսիսական օրենքի տակ չենք, բայց բոլորս էլ՝ լինենք օծյալ, թե ոչ, հնազանդվում ենք «Քրիստոսի օրենքին»։ Այն ներառում է Հիսուսի սովորեցրած բոլոր բաները։ Նրա ուսմունքներից ամենագլխավորը սեր դրսևորելն է (Հովհ. 13։35; Հակ. 2։8)։ Իսկ Աստծու, Քրիստոսի և մերձավորի հանդեպ սեր դրսևորելու հիմնական կերպերից մեկը Թագավորության մասին բարի լուրը քարոզելն է (Հովհ. 15։10; Գործ. 1։8

15. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի պատվերը վերաբերում է իր բոլոր հետևորդներին։

15 Փոքր խմբին ուղղված Հիսուսի խոսքերը կարող են վերաբերել նաև մեծ խմբի։ Օրինակ՝ Հիսուսը իր 11 աշակերտների հետ Թագավորության ուխտ կապեց, բայց այն իրականում վերաբերում է 144000-ի բոլոր անդամներին (Ղուկ. 22։29, 30; Հայտն. 5։10; 7։4–8)։ Այդպես էլ Հիսուսը քարոզելու պատվերը տվեց իր հետևորդների՝ համեմատաբար փոքր թվին՝ նրանց, ում հայտնվեց իր հարությունից հետո (Գործ. 10։40–42; 1 Կորնթ. 15։6)։ Բայց առաջին դարի իր հավատարիմ բոլոր աշակերտները հնազանդվեցին այդ պատվերին՝ չնայած որ անձամբ չէին լսել Հիսուսին խոսելիս (Գործ. 8։4; 1 Պետ. 1։8)։ Այսօր Հիսուսը ութ միլիոն Թագավորության քարոզիչ ունի և նրանցից ոչ մեկի հետ անձամբ չի խոսել։ Բայց բոլորը հասկանում են, որ պետք է հավատ ընծայեն Քրիստոսին և այն արտահայտեն վկայություն տալով (Հակ. 2։18

ՀԻՄԱ՛ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

16–18. Ինչպե՞ս կարող են ապագա «ոչխարները» աջակցել Քրիստոսի եղբայրներին, և ինչո՞ւ նրանք պետք է դա անեն հիմա։

16 Սատանան պատերազմում է Քրիստոսի՝ երկրի վրա մնացած օծյալ եղբայրների դեմ, և նրա հարձակումները ավելի կուժգնանան, քանի որ նա «քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։9, 12, 17)։ Չնայած կատաղի փորձություններին՝ օծյալները առաջնորդում են պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ քարոզարշավը։ Անկասկած, Հիսուսը նրանց հետ է և առաջնորդում է (Մատթ. 28։20

17 Օրեցօր ավելացող ապագա «ոչխարները» առանձնաշնորհում են համարում Քրիստոսի եղբայրներին աջակցել ոչ միայն քարոզելով, այլև ուրիշ գործնական կերպերով։ Օրինակ՝ նրանք ֆինանսական նվիրաբերություններ են անում, օգնում են կառուցելու Թագավորության սրահներ, համաժողովների սրահներ և մասնաճյուղեր, ինչպես նաև հավատարմորեն հնազանդվում են «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից նշանակված եղբայրների առաջնորդությանը (Մատթ. 24։45–47; Եբր. 13։17

Ոչխարանման մարդիկ տարբեր կերպերով աջակցում են Քրիստոսի եղբայրներին (տե՛ս պարբերություն 17)

18 Շուտով հրեշտակները բաց են թողնելու մեծ նեղության կործանարար քամիները։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ երկրի վրա մնացած Քրիստոսի եղբայրները ստանան իրենց վերջնական կնիքը (Հայտն. 7։1–3)։ Նախքան Արմագեդոնը օծյալները երկինք կվերցվեն (Մատթ. 13։41–43)։ Հետևաբար, հիմա՛ է ժամանակը, որ որպես «ոչխար» դատվելու հույս ունեցողները հավատարմորեն աջակցեն Քրիստոսի եղբայրներին։

^ պարբ. 6 Այս առակը ավելի մանրամասնորեն քննարկվում է «Դիտարանի» 1995թ. հոկտեմբերի 15-ի՝ «Ինչպե՞ս ես կանգնելու դատավորական աթոռի առաջ» և «Ի՞նչ ապագա է սպասում ոչխարներին ու այծերին» հոդվածներում (անգլ. ռուս.)։