Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Այն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է»

«Այն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է»

«Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (ՍԱՂ. 144։15

1. Ի՞նչ են ասում ոմանք Աստծուն երկրպագելու վերաբերյալ։

ԲԱԶՄԱԹԻՎ մտածող մարդիկ կհամաձայնեն, որ աշխարհի հիմնական կրոնները քիչ բան են անում մարդկանց օգտակար լինելու համար։ Ոմանք ասում են, որ Աստված չի կարող հավանություն տալ այդ կրոններին, որովհետև նրանք չեն սովորեցնում ճշմարտությունը Աստծու մասին և վատ գործեր են անում։ Բայց նրանք հավատում են, որ բոլոր կրոններում էլ կան անկեղծ մարդիկ, և Աստված տեսնում է նրանց ու համարում է իր երկրպագուները։ Նրանց կարծիքով՝ կարիք չկա, որ այդ մարդիկ թողնեն իրենց կրոնը և Աստծուն երկրպագեն որպես առանձին ժողովուրդ։ Բայց արդյո՞ք Աստված այդպես է մտածում։ Եկեք Աստվածաշնչից իմանանք այս հարցի պատասխանը՝ քննելով Եհովայի ճշմարիտ երկրպագուների պատմությունը։

ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐԻ ՀԵՏ ԱՍՏՎԱԾ ՈՒԽՏ Է ԿԱՊՈՒՄ

2. Ովքե՞ր դարձան Եհովայի ժողովուրդը, և ինչո՞վ էին նրանք տարբերվում մյուս ժողովուրդներից (տե՛ս 18-րդ էջի նկարը)։

2 Դեռևս մ.թ.ա. 20-րդ դարում Եհովան երկրի վրա ժողովուրդ ուներ։ Աբրահամը, որը Աստվածաշնչում կոչվում է «բոլոր հավատ ունեցող[ների].... հայրը», հարյուրավոր մարդկանցից բաղկացած ընտանիքի գլուխ էր (Հռոմ. 4։11; Ծննդ. 14։14)։ Քանանի կառավարիչները Աբրահամին համարում էին «Աստծու կողմից նշանակված տոհմապետ» և հարգում էին նրան (Ծննդ. 21։22; 23։6)։ Եհովան ուխտ կապեց Աբրահամի և նրա հետնորդների հետ (Ծննդ. 17։1, 2, 19)։ Նա Աբրահամին ասաց. «Սա է իմ ու ձեր և ձեզնից հետո եկող ձեր սերնդի միջև հաստատված ուխտը, որ պիտի պահեք. ձեր մեջ ամեն տղամարդ պետք է թլփատվի.... և դա որպես նշան կծառայի այն ուխտի, որը իմ ու ձեր միջև է» (Ծննդ. 17։10, 11)։ Աբրահամն ու իր տան արական սեռի բոլոր ներկայացուցիչները թլփատվեցին (Ծննդ. 17։24–27)։ Թլփատությունը նշան էր, որը փաստում էր, որ Աբրահամի հետնորդները միակ ժողովուրդն են, որը ուխտի մեջ է Եհովայի հետ։

3. Աբրահամի հետնորդներն ինչպե՞ս դարձան մեծ ժողովուրդ։

3 Աբրահամի թոռ Հակոբը՝ Իսրայելը, 12 որդի ունեցավ (Ծննդ. 35։10, 22բ–26)։ Հետագայում նրանք դառնալու էին Իսրայելի 12 ցեղերի նահապետներ (Գործ. 7։8)։ Սովի պատճառով Հակոբը ընտանիքով տեղափոխվեց Եգիպտոս, որտեղ նրա որդիներից մեկը՝ Հովսեփը, դարձել էր երկրի պարենամթերքի պատասխանատուն և փարավոնի աջ ձեռքը (Ծննդ. 41։39–41; 42։6)։ Հակոբի հետնորդները ժամանակի ընթացքում խիստ շատացան և «ժողովուրդների ժողով» դարձան (Ծննդ. 48։4; կարդա՛  Գործեր 7։17

ԵՀՈՎԱՆ ԱԶԱՏՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

4. Սկզբնական շրջանում ինչպիսի՞ն էր եգիպտացիների և Հակոբի հետնորդների փոխհարաբերությունը։

4 Հակոբի հետնորդները 200 տարուց ավելի ապրեցին Եգիպտոսում՝ Նեղոսի դելտայի մի շրջանում, որը կոչվում էր Գեսեմ (Ծննդ. 45։9, 10)։ Հավանաբար, մոտ 100 տարի իսրայելացիները եգիպտացիների հետ խաղաղ փոխհարաբերություններ են ունեցել։ Նրանք ապրում էին փոքր քաղաքներում և անասնապահությամբ էին զբաղվում։ Փարավոնը լավ էր ընդունել նրանց, որովհետև ճանաչում էր Հովսեփին և հարգում էր նրան (Ծննդ. 47։1–6)։ Մինչդեռ եգիպտացիները արհամարհանքով էին վերաբերվում ոչխար պահողներին (Ծննդ. 46։31–34)։ Այդուհանդերձ, նրանք ստիպված էին հանդուրժել իսրայելացիների ներկայությունը։

5, 6. ա) Եգիպտոսում Աստծու ժողովրդի դրությունն ինչպե՞ս փոխվեց։ բ) Մովսեսի կյանքն ինչպե՞ս փրկվեց, և ի՞նչ արեց Եհովան իր ժողովրդի համար։

5 Բայց Աստծու ժողովրդի դրությունը կտրուկ փոխվեց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Որոշ ժամանակ անց Եգիպտոսում սկսեց իշխել նոր թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա իր ժողովրդին ասաց. «Իսրայելի որդիները ավելի շատ ու ավելի հզոր են, քան մենք»։ Այնուհետև կարդում ենք. «Դրա համար նրանք Իսրայելի որդիներին բռնությամբ ստրկացրին։ Նրանք դառնացրին նրանց կյանքը կավի խառնուրդ ու աղյուսներ պատրաստելու ծանր աշխատանքներով և դաշտի ամեն տեսակ ծանր ստրկական աշխատանքներով, ու իբրև ստրուկների՝ բռնությամբ ստիպում էին նրանց աշխատել» (Ելք 1։8, 9, 13, 14

6 Փարավոնը նույնիսկ հրամայեց, որ եբրայեցի բոլոր նորածին տղաներին սպանեն (Ելք 1։15, 16)։ Այդ ժամանակ էր, որ ծնվեց Մովսեսը։ Երբ նա երեք ամսական էր, նրա մայրը՝ Հոքաբեթը, նրան թաքցրեց Նեղոս գետի եղեգնուտում։ Փարավոնի դուստրը տեսավ երեխային ու վերցրեց։ Հետագայում նա Մովսեսին որդեգրեց։ Մանկության վաղ տարիներին Մովսեսին մեծացրեց նրա աստվածավախ մայրը, և նա դարձավ Եհովայի հավատարիմ ծառա (Ելք 2։1–10; Եբր. 11։23–25)։ Եհովան «ուշադրություն դարձրեց» իր ժողովրդի տառապանքներին և որոշեց Մովսեսի միջոցով հանել նրան Եգիպտոսից (Ելք 2։24, 25; 3։9, 10)։ Այդպիսով Եհովան «ազատեց» իսրայելացիներին (Ելք 15։13; կարդա՛  2 Օրենք 15։15

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳ

7, 8. Ինչպե՞ս Եհովայի ժողովուրդը «սուրբ ազգ» դարձավ։

7 Եհովան դեռ չէր կազմավորել Իսրայել ազգը, բայց իսրայելացիներին համարում էր իր ժողովուրդը։ Ահա թե ինչու նա Մովսեսին և Ահարոնին պատվիրեց փարավոնին ասել. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատվին տոն նշի անապատում»» (Ելք 5։1

8 Բայց փարավոնը չուզեց «արձակել» իսրայելացիներին։ Ուստի Եհովան տասը պատուհաս բերեց Եգիպտոսի վրա և Կարմիր ծովում կործանեց փարավոնին ու նրա զորքը (Ելք 15։1–4)։ Դրանից հետո, երբ դեռ երեք ամիս էլ չէր անցել, Եհովան Սինա լեռան մոտ ուխտ կապեց իսրայելացիների հետ՝ նրանց խոստանալով. «Եթե ամեն ինչում հնազանդվեք իմ ձայնին ու պահեք իմ ուխտը, այդ դեպքում մնացած բոլոր ժողովուրդների միջից իմ հատուկ սեփականությունը.... և սուրբ ազգ կդառնաք» (Ելք 19։5, 6

9, 10. ա) 2 Օրենք 4։5–8 համարների համաձայն՝ ինչպե՞ս էին իսրայելացիները տարբերվում մյուս ժողովուրդներից։ բ) Իսրայելացիներն ինչպե՞ս պետք է ցույց տային, որ իրենք «սուրբ ժողովուրդ» են Եհովայի համար։

9 Դարեր շարունակ Եհովայի ծառաների ընտանիքները ղեկավարում էին ընտանիքի գլուխները, կամ՝ նահապետները։ Վերջիններս ղեկավարի, դատավորի և քահանայի դեր էին տանում։ Եգիպտոսում նախքան ստրուկ դառնալը իսրայելացիները հետևում էին կառավարման այս կարգին (Ծննդ. 8։20; 18։19; Հոբ 1։4, 5)։ Բայց Եհովան Մովսեսի միջոցով իսրայելացիներին օրենքներ տվեց, որոնցով նրանք տարբերվելու էին մյուս բոլոր ազգերից (կարդա՛  2 Օրենք 4։5–8; Սաղ. 147։19, 20)։ Օրենքով հաստատվեց քահանայական ծառայություն, իսկ դատավորություն անում էին «երեցները», որոնք հարգված էին ժողովրդի կողմից իրենց գիտելիքների և իմաստության համար (2 Օրենք 25։7, 8)։ Օրենքում հստակ հրահանգներ կային նորաստեղծ ազգի կրոնական և հասարակական կյանքի վերաբերյալ։

10 Իսրայելացիների՝ Ավետյաց երկիր մտնելուց անմիջապես առաջ Եհովան կրկնեց իր օրենքները, և Մովսեսը նրանց ասաց. «Եհովան մղեց քեզ այսօր ասելու, որ դու կլինես իր ժողովուրդը՝ իր հատուկ սեփականությունը, ինչպես որ նա խոստացել է քեզ, որ կպահես նրա բոլոր պատվիրանները, և որ նա իր ստեղծած բոլոր ազգերից քեզ վեր կբարձրացնի, և դու գովք, փառք ու գեղեցկություն կդառնաս նրա համար, քանի որ սուրբ ժողովուրդ կլինես քո Աստված Եհովայի համար» (2 Օրենք 26։18, 19

ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՄԻԱՆԱԼ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

11–13. ա) Ովքե՞ր Աստծու ժողովրդի հետ սկսեցին երկրպագել Աստծուն։ բ) Ի՞նչ պետք է աներ ոչ իսրայելացին, եթե ուզում էր երկրպագել Եհովային։

11 Եհովան չարգելեց ոչ իսրայելացիներին ապրել իր ընտրյալ ազգի մեջ։ Նա թույլ տվեց «մի բազմազգ ժողովրդի», որի մեջ կային եգիպտացիներ, միանալ իր ժողովրդին, երբ նրան հանում էր Եգիպտոսից (Ելք 12։38)։ Յոթերորդ պատուհասի ժամանակ «փարավոնի ծառաներից» ոմանք «վախեցան Եհովայի խոսքից» և, ամենայն հավանականությամբ, միացան այն բազմազգ ժողովրդին, որը իսրայելացիների հետ դուրս եկավ Եգիպտոսից (Ելք 9։20

12 Դեռևս մինչև Հորդանանն անցնելը և Քանան մտնելը իսրայելացիները Մովսեսի կողմից պատվեր էին ստացել, որ «սիրեն պանդուխտին» (2 Օրենք 10։17–19)։ Աստծու ժողովուրդը պետք է ընդուներ յուրաքանչյուր օտարականի, որն ուզում էր պահել Մովսեսի տված հիմնական օրենքները, ինչպիսիք էին, օրինակ, Տասը պատվիրանները (Ղևտ. 24։22)։ Որոշ ոչ իսրայելացիներ դարձան Եհովայի երկրպագուներ։ Նրանցից էր մովաբացի Հռութը, որն իսրայելացի Նոեմիին ասաց. «Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի» (Հռութ 1։16)։ Այդ օտարերկրացիները կոչվում էին պրոզելիտներ, և նրանց արական սեռի ներկայացուցիչները թլփատվում էին (Ելք 12։48, 49)։ Եհովան նրանց համարում էր իր ժողովրդի անդամ (Թվեր 15։14, 15

Իսրայելացիները սիրում էին օտարականներին (տե՛ս պարբերություն 11–13))

13 Տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնի ասած աղոթքը ցույց է տալիս, որ Եհովան հավանություն էր տալիս իր ոչ իսրայելացի երկրպագուներին։ Թագավորն ասաց. «Եթե մի օտարական, որ քո Իսրայել ժողովրդից չէ, գա հեռու երկրից քո մեծ անվան, քո հզոր ձեռքի ու մեկնած բազկի համար, եթե նրանք գան ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթեն, ապա լսիր երկնքից՝ քո բնակության տեղից, և ամեն ինչ արա այնպես, ինչպես որ օտարականը կխնդրի քեզ, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, վախենան քեզանից, ինչպես քո Իսրայել ժողովուրդը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը» (2 Տար. 6։32, 33)։ Հիսուսի օրերում էլ ցանկացած ոչ իսրայելացի կարող էր երկրպագել Եհովային, եթե դա աներ նրա ընտրյալ ժողովրդի հետ (Հովհ. 12։20; Գործ. 8։27

ՎԿԱՆԵՐԻ ԱԶԳ

14–16. ա) Իսրայելացիներն ինչպե՞ս պետք է դառնային մի ազգ, որը վկայելու էր Եհովայի մասին։ բ) Ի՞նչ բարոյական պարտավորություն ունի Աստծու ժամանակակից ժողովուրդը։

14 Իսրայելացիները երկրպագում էին իրենց Աստծուն՝ Եհովային, իսկ մյուս ազգերը՝ իրենց աստվածներին։ Ուստի մի շատ կարևոր հարց էր առաջանում՝ ո՞վ է ճշմարիտ Աստված։ Եսայիա մարգարեի օրերում Եհովան ասաց, որ եթե ազգերի աստվածները իրական են, ապա թող բերեն իրենց վկաներին, ինչպես որ դատարանում են վկաներ բերվում, և նրանք թող վկայություն տան։ Եհովան ասաց. «Թող բոլոր ազգերը հավաքվեն մեկտեղ, և ազգությունները ժողովվեն միասին։ Նրանցից [Նրանց աստվածներից] ո՞վ կարող է հայտնել դա։ Կարո՞ղ են նրանք մեզ լսել տալ առաջիկայում կատարվելիք բաների մասին։ Թող նրանք իրենց վկաներին բերեն, որ կարողանան արդար հայտարարվել, կամ թող մարդիկ լսեն ու ասեն՝ ճիշտ է» (Ես. 43։9

15 Ազգերի աստվածները չէին կարող ապացուցել, որ իրենք իրական աստվածներ են։ Նրանք ընդամենը կուռքեր էին, որոնք չէին կարող խոսել և ինքնուրույն տեղաշարժվել (Ես. 46։5–7)։ Իսկ Եհովան իր Իսրայել ժողովրդին ասաց. «Դուք եք իմ վկաները.... իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և հասկանաք, որ ես նույնն եմ։ Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել և ինձնից հետո էլ չի եղել։ Ես, ես Եհովան եմ, և ինձանից բացի, ուրիշ փրկիչ չկա.... Դուք իմ վկաներն եք.... իսկ ես Աստված եմ» (Ես. 43։10–12

16 Եհովայի ընտրյալ ժողովուրդը պատիվ ուներ բարձրաձայն և հստակ վկայելու, որ նա է միակ ճշմարիտ Աստված։ Եհովան ասաց, որ իր ժողովրդին ստեղծել է իր համար, որ վերջինս պատմի գովաբանության արժանի իր գործերի մասին (Ես. 43։21)։ Նա կրում էր Եհովայի անունը։ Եհովան իսրայելացիներին ազատել էր Եգիպտոսից, ուստի նրանք բարոյական պարտավորություն ունեին թիկունք կանգնելու նրա գերիշխանությանը։ Նրանք պետք է ունենային այն տրամադրվածությունը, որ ըստ Միքիա մարգարեի՝ ունենալու էր Աստծու ժամանակակից ժողովուրդը։ Նա գրեց. «Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միք. 4։5

ԴԱՎԱՃԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

17. Ինչո՞ւ Եհովան ասաց, որ Իսրայելը «այլասերված որթատունկ» է։

17 Ցավոք, Իսրայելը հավատարիմ չմնաց Եհովային։ Նրանք սկսեցին ընդօրինակել այն ազգերին, որոնք երկրպագում էին փայտե ու քարե աստվածների։ Մ.թ.ա. 8-րդ դարում Օսեե մարգարեն գրեց. «Այլասերված որթատունկ է Իսրայելը։ Նա.... իր զոհասեղաններն է շատացնում.... Նրանց սրտերը կեղծավոր են դարձել, և հիմա նրանք մեղավոր կճանաչվեն» (Օս. 10։1, 2)։ Մոտ 150 տարի անց Եհովան Երեմիայի միջոցով իր անհավատարիմ ժողովրդին ասաց. «Ես քեզ տնկել էի իբրև ընտիր կարմիր որթատունկ, որն ամբողջությամբ ճշմարիտ սերմ էր։ Ինչպե՞ս փոխվեցիր իմ հանդեպ ու օտար որթատունկի վայրի ընձյուղներ դարձար.... Ո՞ւր են քո աստվածները, որ քեզ համար շինեցիր։ Թող վեր կենան, եթե կարող են աղետի ժամանակ փրկել քեզ.... Իմ ժողովուրդը.... մոռացել է ինձ» (Երեմ. 2։21, 28, 32

18, 19. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան նոր ազգ էր առաջ բերելու իր անվան համար։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Եհովային երկրպագելու և նրա հավատարիմ վկաները լինելու փոխարեն՝ իսրայելացիները երկրպագեցին կուռքերի և փտած պտուղներ բերեցին։ Զարմանալի չէ, որ Հիսուսը իր օրերի հրեա կեղծավոր առաջնորդներին ասաց. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթ. 21։43)։ Այս նոր ազգը, կամ՝ հոգևոր Իսրայելը, բաղկացած էր լինելու միայն այն մարդկանցից, ովքեր մտնելու էին «նոր ուխտի» մեջ։ Եհովան ասել էր. «Ես նրանց [հոգևոր Իսրայելի անդամների] Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն» (Երեմ. 31։31–33

19 Այն բանից հետո, երբ մարմնավոր Իսրայելը անհավատարիմ գտնվեց, Եհովան նոր ազգ կազմավորեց՝ հոգևոր Իսրայելը։ Իսկ ո՞վ է այսօր նրա ժողովուրդը։ Անկեղծ սիրտ ունեցող մարդիկ ինչպե՞ս կարող են իմանալ, թե ովքեր են Աստծու ճշմարիտ երկրպագուները։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։