Ուրախացե՛ք. շուտով Գառան հարսանիքն է
«Եկեք ուրախանանք ու ցնծանք.... որովհետև Գառան հարսանիքի ժամանակը եկել է» (ՀԱՅՏՆ. 19։7)։
1, 2. ա) Ո՞ւմ հարսանիքն է ուրախության պատճառ լինելու երկնքում։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
ՀԱՐՍԱՆԻՔԻ նախապատրաստվելու համար շատ ժամանակ է պետք։ Իսկ հնարավո՞ր բան է, որ հարսանիքի նախապատրաստությունը տևի հազարամյակներ։ Շուտով լինելու է մի հարսանիք, որի նախապատրաստական աշխատանքները սկսվել են մոտ 2000 տարի առաջ։ Դա մի յուրօրինակ՝ թագավորական հարսանիք է լինելու։ Շուտով Թագավորի պալատը լցվելու են ուրախ երաժշտությամբ, և երկնային բազմությունները երգելու են. «Գովաբանե՛ք Յահին, որովհետև մեր Աստված Եհովան՝ Ամենակարողը, սկսել է թագավորել։ Եկեք ուրախանանք ու ցնծանք և փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքի ժամանակը եկել է, և նրա հարսը պատրաստել է իրեն» (Հայտն. 19։6, 7)։
2 «Գառը», որի հարսանիքը ուրախության պատճառ է լինելու երկնքում, Հիսուս Քրիստոսն է (Հովհ. 1։29)։ Ինչպիսի՞ն է նրա հարսանեկան զգեստը։ Ո՞վ է հարսը։ Ինչպե՞ս է նա նախապատրաստվում իր ամուսնությանը։ Որտե՞ղ է տեղի ունենալու հարսանիքը։ Իսկ երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեցողները միանալո՞ւ են այս երկնային ուրախությանը։ Եկեք շարունակենք 45-րդ սաղմոսի ուսումնասիրությունը և գտնենք այս հարցերի պատասխանները։
ՆՐԱ «ՀԱՆԴԵՐՁՆԵՐԸ» ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՆ
3, 4. ա) Ինչպիսի՞ն է Փեսայի հարսանեկան հագուստը, և ի՞նչն է նրա սիրտը լցնում ավելի մեծ ուրախությամբ։ բ) Ովքե՞ր են «թագավորների դուստրերը» և «թագուհին»։
3 Կարդա՛ Սաղմոս 45։8, 9։ Փեսան՝ Հիսուս Քրիստոսը, իր շքեղ թագավորական հարսանեկան հագուստով է։ Նրա հագուստը անուշ բուրում է, ինչպես «ամենաընտիր անուշահոտությունները»՝ զմուռսը և կասիան, որոնք Իսրայելում օգտագործվում էին որպես սուրբ օծման յուղի բաղադրամասեր (Ելք 30։23–25)։
4 Երկնային երաժշտությունը, որը հնչում է պալատում, Փեսայի սիրտը լցնում է ավելի մեծ ուրախությամբ. նրա հարսանիքը մոտենում է։ Ուրախ է նաև «թագուհին»՝ Աստծու կազմակերպության երկնային մասը, որի մեջ են մտնում «թագավորների դուստրերը», այսինքն՝ սուրբ հրեշտակները։ Որքա՜ն հուզիչ են երկնային ձայները, որ ասում են. «Եկեք ուրախանանք ու ցնծանք.... որովհետև Գառան հարսանիքի ժամանակը եկել է»։
ՀԱՐՍԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԵՆ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
5. Ո՞վ է «Գառան կինը»։
5 Կարդա՛ Սաղմոս 45։10, 11։ Մենք իմացանք՝ ով է փեսան։ Իսկ ո՞վ է հարսը։ Հարսը մի դասակարգ է, որը բաղկացած է Հիսուս Քրիստոսի գլխավորության ներքո եղող ժողովի օծյալ անդամներից (Կարդա՛ Եփեսացիներ 5։23, 24)։ Նրանք դառնալու են Քրիստոսի Մեսիական Թագավորության մի մասը (Ղուկ. 12։32)։ Ոգով օծված այս քրիստոնյաները, որոնց թիվը կազմում է 144000, «հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա» (Հայտն. 14։1–4)։ Նրանք դառնում են «Գառան կինը» և ապրում են նրա հետ նրա երկնային բնակավայրում (Հայտն. 21։9; Հովհ. 14։2, 3)։
6. Ինչո՞ւ են օծյալները կոչվում «թագավորի դուստր», և ինչո՞ւ է նրանց հորդոր տրվում «մոռանալ իրենց ժողովրդին»։
6 Հարսը կոչվում է ոչ միայն «դուստր», այլև «թագավորի դուստր» (Սաղ. 45։13)։ Իսկ ո՞վ է այս «թագավորը»։ Այդ թագավորը Եհովան է։ Օծյալ քրիստոնյաները Եհովայի «զավակներն» են, որոնց նա որդեգրել է (Հռոմ. 8։15–17)։ Քանի որ օծյալները միասին կազմելու են երկնային հարս, նրանց հորդոր է տրվում. «Մոռացի՛ր քո ժողովրդին ու քո [երկրային] հայրական տունը»։ Նրանք պետք է իրենց «մտքերը կենտրոնացած պահեն երկնային բաների վրա և ոչ թե երկրային» (Կող. 3։1–4)։
7. ա) Ինչպե՞ս է Քրիստոսը պատրաստում իր ապագա կնոջը։ բ) Ինչպե՞ս է հարսը վերաբերվում իր ապագա ամուսնուն։
7 Դարեր շարունակ Քրիստոսը իր ապագա կնոջը պատրաստում է երկնային հարսանիքին։ Պողոս առաքյալն ասաց, որ Քրիստոսը «սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար, որպեսզի սրբացնի այն, մաքրի՝ Աստծու խոսքի ջրի մեջ լվանալով, որ ժողովն իր շքեղությամբ նա ներկայացնի իր առջև, որպեսզի այն չունենա որևէ բիծ կամ կնճիռ կամ նման որևէ բան, այլ լինի սուրբ և առանց արատի» (Եփես. 5։25–27)։ Առաքյալը կորնթացի օծյալ քրիստոնյաներին գրեց. «Ես աստվածային խանդով խանդում եմ ձեզ, քանի որ անձամբ նշանեցի ձեզ, որ մեկ ամուսնու՝ Քրիստոսի կինը լինեք, և ուզում եմ ձեզ՝ իբրև մի մաքուր կույսի, ներկայացնել նրան» (2 Կորնթ. 11։2)։ Փեսան՝ Թագավոր Հիսուս Քրիստոսը, «փափագում է» իր ապագա կնոջ «գեղեցկությունը», այսինքն՝ բարձր է գնահատում նրա հոգևոր «գեղեցկությունը»։ Իսկ հարսը նրան իր «տերն» է համարում և «խոնարհվում» է իր ապագա ամուսնու առաջ։
ՀԱՐՍԸ «ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՏ Է ԲԵՐՎՈՒՄ»
8. Ինչո՞ւ է ասվում, որ հարսը ներկայանում է «իր ողջ փառահեղությամբ»։
8 Կարդա՛ Սաղմոս 45։13, 14ա։ Հարսը թագավորական հարսանիքին ներկայանում է «իր ողջ փառահեղությամբ»։ Հայտնություն 21։2-ում նա համեմատվում է քաղաքի՝ Նոր Երուսաղեմի հետ և զարդարված է «իր փեսայի համար»։ Այս երկնային քաղաքը «Աստծու փառքն ունի», և «նրա փայլը նման է մի շատ թանկարժեք քարի» (Հայտն. 21։10, 11)։ «Հայտնություն» գիրքը գեղեցիկ կերպով նկարագրում է Նոր Երուսաղեմի փառահեղությունը (Հայտն. 21։18–21)։ Զարմանալի չէ, որ հարսը ներկայանում է, ինչպես սաղմոսերգուն է ասում, «իր ողջ փառահեղությամբ»։ Չէ՞ որ երկնքում թագավորական հարսանիք է տեղի ունենում։
9. Ո՞վ է այն «թագավորը», որի մոտ հարսը բերվում է, և ինչպե՞ս է հարսը հագնված։
9 Հարսը բերվում է Փեսայի՝ Մեսիական Թագավորի մոտ։ Փեսան պատրաստել է հարսին՝ մաքրելով նրան՝ «Աստծու Խոսքի ջրի մեջ լվանալով»։ Հարսը «սուրբ և առանց արատի» է (Եփես. 5։26, 27)։ Նա առիթին համապատասխան է զարդարված. «նրա զգեստը ոսկե թելով է հյուսված», և նա «ասեղնագործված զգեստով է թագավորի մոտ բերվում»։ Գառան հարսանիքի կապակցությամբ «նրան թույլ է տրվում հագնել պայծառ, մաքուր, բարձրորակ կտավ, որովհետև բարձրորակ կտավը սրբերի արդար գործերն է խորհրդանշում» (Հայտն. 19։8)։
«ՀԱՐՍԱՆԻՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է»
10. Ե՞րբ է Գառան հարսանիքը տեղի ունենում։
10 Կարդա՛ Հայտնություն 19։7։ Ե՞րբ է տեղի ունենում Գառան հարսանիքը։ Ճիշտ է, Հայտնություն 19։7-ում ասվում է, որ «հարսը պատրաստել է իրեն» ամուսնության համար, բայց հաջորդող համարներում չի խոսվում հարսանիքի մասին։ Այդ համարներում վառ կերպով նկարագրվում է մեծ նեղության վերջին փուլը (Հայտն. 19։11–21)։ Սա նշանակո՞ւմ է, որ հարսանիքը Թագավոր-Փեսայի վերջնական հաղթանակից առաջ է տեղի ունենում։ Ո՛չ։ «Հայտնություն» գրքում տեսիլքները ժամանակագրական կարգով չեն գրված։ 45-րդ սաղմոսում թագավորական հարսանիքի մասին խոսվում է այն բանից հետո, երբ Թագավոր Հիսուս Քրիստոսը սուրը մեջքին է կապում և հաղթում է իր թշնամիներին (Սաղ. 45։3, 4)։
11. Ի՞նչ հաջորդականությամբ է Քրիստոսը ավարտին հասցնելու իր հաղթանակը։
11 Մենք կարող ենք եզրակացնել, որ դեպքերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ։ Նախ «մեծ պոռնիկը»՝ Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, կործանվելու է (Հայտն. 17։1, 5, 16, 17; 19։1, 2)։ Ապա Քրիստոսը իրագործելու է Աստծու դատավճիռները՝ Սատանայի աշխարհի մնացած մասը ոչնչացնելով Արմագեդոնին՝ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմին» (Հայտն. 16։14–16; 19։19–21)։ Այնուհետև Ռազմիկ-Թագավորը ավարտին է հասցնելու իր հաղթանակը՝ Սատանային ու դևերին գցելով անդունդը. նրանք ասես մահացած են լինելու, որովհետև չեն կարողանալու վնաս հասցնել որևէ մեկի (Հայտն. 20։1–3)։
12, 13. ա) Ե՞րբ է Գառան հարսանիքը տեղի ունենում։ բ) Երկնքում ո՞վ է ուրախանալու Գառան ամուսնության համար։
12 Օծյալ քրիստոնյաները, Քրիստոսի ներկայության ժամանակ ավարտելով իրենց երկրային ընթացքը, հարություն են առնում երկնային կյանքի։ Մեծ Բաբելոնի կործանումից որոշ ժամանակ անց, բայց նախքան Արմագեդոնը սկսվելը Հիսուսը հարս դասակարգի բոլոր անդամներին արդեն հավաքած է լինելու երկնքում (1 Թեսաղ. 4։16, 17)։ Արմագեդոնից հետո տեղի է ունենալու Գառան հարսանիքը։ Դա մի ցնծալի իրադարձություն է լինելու։ «Երջանիկ են նրանք, ովքեր հրավիրված են Գառան հարսանիքի խնջույքին»,— ասվում է Հայտնություն 19։9-ում։ Հարս դասակարգի 144000 անդամները երջանկությունից շողալու են։ Թագավոր-Փեսայի ուրախությանը չափ ու սահման չի լինելու, որովհետև իր մոտ կլինեն իր բոլոր իշխանակիցները. նրանք Փեսայի հետ, այլաբանական իմաստով, «ուտելու և խմելու» են նրա Թագավորությունում (Ղուկ. 22։18, 28–30)։ Բայց ուրիշ ուրախացողներ էլ են լինելու։
13 Ինչպես նշվեց վերևում, երկնային բազմությունները երգում են. «Եկեք ուրախանանք ու ցնծանք և փառք տանք [Եհովային], որովհետև Գառան հարսանիքի ժամանակը եկել է, և նրա հարսը պատրաստել է իրեն» (Հայտն. 19։6, 7)։ Իսկ Եհովայի երկրային ծառաները հնարավորություն կունենա՞ն նրանց հետ ուրախանալու։
«ՆՐԱՆՔ ԿԲԵՐՎԵՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ»
14. Ովքե՞ր են հարսի «կույս ընկերուհիները»։
14 Կարդա՛ Սաղմոս 45։12, 14բ, 15։ Զաքարիա մարգարեն կանխագուշակեց, որ վերջին ժամանակներում տարբեր ազգերի մարդիկ, երախտագիտությունից մղված, միանալու են հոգևոր Իսրայելի մնացորդին։ Նա գրեց. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»» (Զաք. 8։23)։ Այդ այլաբանական «տասը մարդը» Սաղմոս 45։12-ում «Տյուրոսի դուստրը» և «ժողովրդի հարուստներն» են։ Նրանք օծյալների մոտ են գալիս նվերներով, ինչը ցույց է տալիս, որ ուզում են արժանանալ նրանց հավանությանը և ստանալ հոգևոր օգնություն։ 1935թ.-ից միլիոնավոր մարդիկ թույլ են տվել մնացորդին իրենց «արդարության բերել» (Դան. 12։3)։ Օծյալ քրիստոնյաների հավատարիմ ընկերակիցները մաքրվել են՝ դառնալով հոգևոր առումով կույս։ Հարսի «կույս ընկերուհիները» նվիրել են իրենց անձը Եհովային և փաստել, որ Թագավոր-Փեսայի հավատարիմ ծառաներ են։
15. Ինչպե՞ս են «կույս ընկերուհիները» օգնում հարս դասակարգի այն անդամներին, որոնք դեռևս երկրի վրա են։
15 Հարս դասակարգի այն անդամները, որոնք դեռևս երկրի վրա են, իր «կույս ընկերուհիներին» երախտապարտ են հատկապես այն բանի համար, որ նրանք եռանդորեն օգնում են իրենց ամբողջ երկրով մեկ Թագավորության բարի լուրը քարոզելու գործում (Մատթ. 24։14)։ Ոչ միայն «ոգին ու հարսն են ասում՝ ե՛կ», այլև նրանք, ովքեր լսում են «ե՛կ» հրավերը (Հայտն. 22։17)։ Այո՛, «ուրիշ ոչխարները» ընդունել են «ե՛կ» հրավերը և միացել են հարսին այդ հրավերը երկրի բնակիչներին տալու գործում (Հովհ. 10։16)։
16. Ի՞նչ հնարավորություն է Եհովան տվել «ուրիշ ոչխարներին»։
16 Օծյալ մնացորդը սիրում է իր ընկերակիցներին և ուրախ է, որ Փեսայի Հայրը՝ Եհովան, «ուրիշ ոչխարներին» հնարավորություն է տվել ուրախանալու Գառան հարսանիքի կապակցությամբ։ Կանխագուշակվել էր, որ «կույս ընկերուհիները» «բերվելու են ուրախությամբ ու ցնծությամբ»։ Ողջ տիեզերքում մեծ ուրախություն է տիրելու։ Այո՛, «ուրիշ ոչխարները», որոնք երկրի վրա ապրելու հույս ունեն, անմասն չեն լինի այն ուրախությունից, որը կլինի Գառան հարսանիքին երկնքում։ «Հայտնություն» գրքում ասվում է, որ «մեծ բազմության» անդամները «կանգնած են գահի առջև և Գառան առջև»։ Նրանք Եհովային սուրբ ծառայություն են մատուցում նրա հոգևոր տաճարի երկրային գավիթում (Հայտն. 7։9, 15)։
«ՔՈ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԻ ՏԵՂԸ ՔՈ ՈՐԴԻՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ»
17, 18. Ինչպե՞ս է Գառան ամուսնությունը պտուղներ բերում, և ո՞ւմ հայրն է Քրիստոսը դառնալու իր Հազարամյա Իշխանության ընթացքում։
17 Կարդա՛ Սաղմոս 45։16։ Քրիստոսի երկնային հարսի «կույս ընկերուհիները» է՛լ ավելի են ուրախանալու, երբ տեսնեն, որ Գառան ամուսնությունը պտուղներ է բերում նոր աշխարհում։ Թագավոր-Փեսան հարություն է տալու իր երկրային «նախահայրերին», որոնք դառնալու են նրա երկրային «որդիները» (Հովհ. 5։25–29; Եբր. 11։35)։ Նրանց միջից նա «իշխաններ է նշանակելու ողջ երկրի վրա», որոնք առաջնորդելու են նոր աշխարհում։ Անշուշտ, Քրիստոսը մերօրյա հավատարիմ երեցների միջից նույնպես «իշխաններ» է նշանակելու (Ես. 32։1)։
18 Իր Հազարամյա Իշխանության ընթացքում Քրիստոսը ուրիշների հայրն էլ է դառնալու։ Երկրի բոլոր այն բնակիչները, ովքեր հավիտենական կյանք կստանան, այդ կյանքը ձեռք կբերեն շնորհիվ այն բանի, որ հավատ են ընծայում Հիսուսի քավիչ զոհին (Հովհ. 3։16)։ Այդպես նա կդառնա նրանց «Հավերժական Հայրը» (Ես. 9։6, 7)։
«ՔՈ ԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ ԵՍ ԿՊԱՏՄԵՄ»
19, 20. 45-րդ սաղմոսում հիշատակված դեպքերն ինչպե՞ս են վերաբերում բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։
19 Կարդա՛ Սաղմոս 45։1, 17։ 45-րդ սաղմոսում գրված դեպքերը վերաբերում են բոլոր քրիստոնյաներին։ Երկրի վրա եղող օծյալները անհամբեր սպասում են, թե երբ երկնքում կմիանան իրենց եղբայրներին և Փեսային։ Ուրիշ ոչխարները ավելի ու ավելի են ձգտում հնազանդվել իրենց փառապանծ Թագավորին և երախտապարտ են նրան, որ պատիվ ունեն համագործակցելու հարս դասակարգի՝ երկրի վրա եղող անդամների հետ։ Հարսանիքից հետո Քրիստոսն ու նրա թագավորակիցները անպատմելի օրհնություններ են թափելու երկրի բնակիչների վրա (Հայտն. 7։17; 21։1–4)։
20 Մի՞թե մեր սիրտը չի մղում մեզ պատմելու Մեսիական Թագավորի անվան մասին, մինչ սպասում ենք նրան վերաբերող «բարի բանի» կատարմանը։ Թող որ լինենք նրանց թվում, ովքեր «գովերգելու են Թագավորին ընդմիշտ և հավիտյան»։