«Բարի գործերի նախանձախնդի՞ր» ես
«Քրիստոս Հիսուսը.... իր անձը տվեց մեզ համար, որպեսզի.... մաքրի մեզ՝ դարձնելով իր համար սեփական ժողովուրդ՝ բարի գործերի նախանձախնդիր» (ՏԻՏՈՍ 2։13, 14)։
1, 2. Ի՞նչ եզակի պատիվ ունենք մենք՝ Եհովայի վկաներս, և ինչպե՞ս ես վերաբերվում դրան։
ՇԱՏԵՐԸ մեծ պատիվ են համարում, երբ ուշագրավ հաջողության համար մրցանակ են ստանում։ Օրինակ՝ ոմանք Նոբելյան մրցանակ են ստացել այն բանի համար, որ մեծ ջանքեր են ներդրել հակամարտող կողմերին հաշտեցնելու համար։ Որքա՜ն ավելի մեծ պատիվ է լինել Աստծու դեսպանը կամ դեսպանորդը և օգնել մարդկանց խաղաղ փոխհարաբերություններ ունենալու իրենց Արարչի հետ։
2 Մենք՝ Եհովայի վկաներս, եզակի պատիվ ունենք Աստծու և Քրիստոսի ղեկավարությամբ աղերսելու մարդկանց հաշտվել Աստծու հետ (2 Կորնթ. 5։20)։ Այո՛, Եհովան մեր միջոցով մարդկանց ձգում է դեպի իրեն, և այսօր միլիոնավոր մարդիկ, որոնք ապրում են 235-ից ավելի երկրներում, ունեն լավ փոխհարաբերություններ Աստծու հետ և հավիտենական կյանքի հույս (Տիտոս 2։11)։ Մենք բոլոր ցանկացողներին սրտանց հրավիրում ենք «վերցնելու կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22։17)։ Մենք իրավամբ կարող ենք կոչվել «բարի գործերի նախանձախնդիր» ժողովուրդ, որովհետև ջանադրաբար ենք անում մեր հանձնարարությունը և այն մեծ պատիվ ենք համարում (Տիտոս 2։14)։ Եկեք քննենք, թե բարի գործերի նախանձախնդիր լինելով՝ ինչպես կարող ենք օգնել մարդկանց մոտենալու Եհովային։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում այն, որ Եհովան նախանձախնդիր է։
3 Նշելով, թե Աստծու Որդու իշխանության ներքո ինչ է լինելու՝ Եսայիա մարգարեն այնուհետև ասում է. «Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունը կանի դա» (Ես. 9։7)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ մեր երկնային Հայրը մեծապես հետաքրքրված է մարդկանց փրկությամբ։ Քանի որ ինքը Եհովան նախանձախնդիր է, մենք, լինելով Թագավորության քարոզիչներ, Աստծուց ստացած մեր հանձնարարությունը պետք է անենք ամբողջ սրտով, խանդավառությամբ ու եռանդով։ Մարդկանց օգնելու մեր մեծ ցանկությունը արտացոլում է Եհովայի նախանձախնդրությունը։ Լինելով Աստծու համագործակից՝ վճռականորե՞ն ես տրամադրված հնարավորության սահմաններում լիարժեքորեն հռչակելու բարի լուրը (1 Կորնթ. 3։9)։
4. Ինչո՞ւ է Հիսուսը նախանձախնդրության գերազանց օրինակ։
4 Հիսուսը նույնպես նախանձախնդիր է։ Նա գերազանց օրինակ է թողել այս հարցում։ Չնայած ուժեղ հակառակությանը և այն բանին, որ իրեն տանջալից մահ էր սպասում՝ նա մինչև իր կյանքի վերջը եռանդորեն քարոզեց բարի լուրը (Հովհ. 18։36, 37)։ Որքան նրա մահը մոտենում էր, այնքան նա ավելի վճռական էր դառնում օգնելու մարդկանց, որ ճանաչեն Եհովային։
5. Ինչո՞վ էր Հիսուսը նման իր պատմած առակի խաղողագործին։
5 32թ. աշնանը Հիսուսը մի առակ պատմեց մի մարդու մասին, ով խաղողի այգում թզենի ուներ, որը երեք տարի էր արդեն, ինչ պտուղ չէր տալիս։ Երբ նա խաղողագործին ասաց, որ կտրի ծառը, վերջինս խնդրեց ժամանակ տալ իրեն, որ պարարտացնի հողը (կարդա՛ Ղուկաս 13։6–9)։ Այդ ժամանակ Հիսուսի աշակերտները սակավաթիվ էին։ Հիսուսն ուզում էր օգտագործել մնացած կարճ ժամանակը՝ մոտ վեց ամիս, որպեսզի ավելի եռանդագին քարոզի Հրեաստանում և Պիրեայում։ Մահից մի քանի օր առաջ նա լաց եղավ իր հայրենակիցների համար, որոնք «լսեցին ու չարձագանքեցին» (Մատթ. 13։15; Ղուկ. 19։41)։
6. Ինչո՞ւ պետք է բազմապատկենք քարոզչական ջանքերը։
6 Հաշվի առնելով, որ վախճանը շատ մոտ է, անշուշտ, համաձայն կլինենք, որ խիստ կարևոր է բազմապատկել քարոզչական ջանքերը (կարդա՛ Դանիել 2։41–45)։ Անկասկած, մեծ պատիվ է լինել Եհովայի վկա։ Միայն մենք ենք մարդկանց ասում, թե որն է մարդկության խնդիրների իսկական լուծումը։ Վերջերս տպագրված մի հոդվածում կարծիք եղավ, թե հնարավոր չէ պատասխանել հետևյալ հարցին. «Ինչո՞ւ են վատ բաներ պատահում լավ մարդկանց»։ Մենք պատիվ ու պատասխանատվություն ունենք այս և նման հարցերի սուրբգրային պատասխանները հայտնելու այն մարդկանց, ովքեր կցանկանան իմանալ դրանք։ Եկեք «ոգով բոցավառվենք», երբ կատարում ենք Աստծու հանձնարարությունը (Հռոմ. 12։11)։ Եհովան կօրհնի մեր նախանձախնդիր ծառայությունը, և մենք կկարողանանք օգնել մարդկանց, որ ճանաչեն Աստծուն և սիրեն նրան։
ՄԵՐ ԱՆՁՆԱԶՈՀ ՈԳԻՆ ՊԱՏԻՎ Է ԲԵՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻՆ
7, 8. Ինչպե՞ս ենք պատվում Եհովային՝ անձնազոհ ոգի դրսևորելով։
7 Ծառայության ժամանակ Պողոս առաքյալը «անքուն գիշերներ» անցկացրեց և երբեմն ստիպված էր «սոված» մնալ։ Մենք էլ ծառայության ժամանակ երբեմն նման զոհողություններ ենք անում (2 Կորնթ. 6։5)։ Այսպիսի անձնազոհ ոգի են դրսևորում մեր սիրելի ռահվիրաները, որոնք ծառայությունը իրենց կյանքում առաջին տեղում են դնում և, ինչ խոսք, նաև հոգում են իրենց ֆինանսական կարիքները։ Մեր միսիոներները իրենց «անձը մատուցում [են] այնպես, ինչպես որ ըմպելիքի ընծան է թափվում ծառայության զոհի վրա», որպեսզի ծառայեն օտար երկրներում (Փիլիպ. 2։17)։ Իսկ երեցները, որոնք ջանասիրաբար հոգում են Եհովայի գառնուկների մասին, երբեմն չեն հասցնում հաց ուտել և անքուն գիշերներ են անցկացնում։ Մեր տարեց կամ վատառողջ հավատակիցները ամեն ջանք թափում են, որ հաճախեն հանդիպումներին և մասնակցեն ծառայությանը։ Մեր սիրտը լցվում է երախտագիտությամբ, երբ մտածում ենք Աստծու այս բոլոր անձնազոհ ծառաների մասին։ Նրանց անձնազոհությունը աննկատ չի մնում շրջապատի մարդկանց կողմից։
8 Անգլիայում ոչ Վկա մի մարդ թերթերից մեկին գրած իր նամակում ասում է. «Մարդիկ կորցրել են հավատը կրոնների հանդեպ.... Ինչո՞վ են զբաղված եկեղեցականներն ամբողջ օրը։ Նրանք չեն էլ մտածում մարդկանց մոտ գնալու մասին, ինչպես որ Քրիստոսն էր գնում.... Միայն Եհովայի վկաներն են, որ գնում են մարդկանց մոտ և իսկապես հետաքրքրված են ճշմարտությունը քարոզելով» (Boston Target)։ Այս աշխարհում, որտեղ տիրում է սեփական ցանկությունները հագուրդ տալու ոգին, մենք, անձնազոհ ոգի դրսևորելով, պատվում ենք Եհովա Աստծուն (Հռոմ. 12։1)։
9. Ի՞նչն է մղում մեզ շարունակելու բարի գործերի նախանձախնդիր լինել։
9 Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե զգում ենք, որ մեր քարոզչական եռանդը նվազում է։ Օգտակար կլինի խորհրդածել այն մասին, թե ինչ է Եհովան իրագործում քարոզչական գործի միջոցով (կարդա՛ Հռոմեացիներ 10։13–15)։ Մարդկանց փրկությունը կախված է Եհովայի անունը հավատով կանչելուց։ Բայց ինչպե՞ս կարող են կանչել նրա անունը, եթե մենք բարի լուրը չհայտնենք նրանց։ Այս բանի գիտակցումը պետք է մղի մեզ շարունակելու բարի գործերի նախանձախնդիր լինել և ջանասիրաբար քարոզել Թագավորության բարի լուրը։
ՄԵՐ ԼԱՎ ՎԱՐՔԸ ՄՂՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏԵՆԱԼՈՒ ԱՍՏԾՈՒՆ
10 Միայն քարոզչական գործում նախանձախնդիր լինելը, սակայն, բավարար չէ մարդկանց օգնելու համար, որ մոտենան Աստծուն։ Հարկավոր է նախանձախնդիր լինել նաև քրիստոնեական վարք դրսևորելու հարցում։ Պողոսը շեշտեց լավ վարքի կարևորությունը՝ գրելով. «Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի» (2 Կորնթ. 6։3)։ Մեր վայելուչ խոսքը և ազնիվ վարքը զարդարում են Աստծու ուսմունքը՝ Եհովայի երկրպագությունը դարձնելով գրավիչ (Տիտոս 2։10)։ Պատահական չէ, որ անկեղծ մարդիկ, տեսնելով մեր քրիստոնեավայել վարքը, հաճախ դրական են արձագանքում բարի լուրին։
11. Ինչո՞ւ պետք է աղոթքով խորհրդածենք այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել մեր վարքը ուրիշների վրա։
11 Ճիշտ է նաև հակառակը. սխալ վարքը կարող է վանել մարդկանց ճշմարտությունից։ Ուստի ուր էլ որ լինենք՝ աշխատավայրում, տանը թե դպրոցում, մենք չենք ցանկանա որևէ մեկին հիմք տալ քննադատելու մեր ծառայությունը կամ վարքը։ Եթե հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել, ապա հետևանքները կարող են աղետալի լինել (Եբր. 10։26, 27)։ Ուստի պետք է աղոթքով խորհրդածենք այն մասին, թե ինչպես ենք ապրում, և թե մեր վարքը ինչ է ասում ուրիշներին մեր մասին։ Որքան այս աշխարհի բարոյական չափանիշները ընկնեն, այնքան անկեղծ մարդիկ ավելի հստակ կտեսնեն «արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը» (Մաղ. 3։18)։ Այո՛, մեր լավ վարքը կարևոր դեր է խաղում մարդկանց Աստծու հետ հաշտեցնելու գործում։
12–14. Տեսնելով մեր տոկունությունը՝ մարդիկ ինչպե՞ս կարող են փոխել իրենց կարծիքը մեր մասին։ Բեր օրինակ։
12 Կորնթացիներին գրած նամակում Պողոսն ասում է, որ ինքը նեղություններ ու դժվարություններ է կրել, ենթարկվել է ծեծերի ու բանտարկության (կարդա՛ 2 Կորնթացիներ 6։4, 5)։ Եթե հավատի փորձությունների ներքո տոկանք, ապա հնարավոր է՝ մեր շրջապատի մարդիկ ընդունեն ճշմարտությունը։ Օրինակ՝ տարիներ առաջ Անգոլայի մի վայրում տեղացիները ուզում էին վերջ դնել Եհովայի վկաների գործունեությանը։ Նրանք երկու մկրտված Վկայի և 30 ուրիշ մարդկանց, որոնք հաճախում էին հանդիպումներին, հավաքեցին մի տեղում։ Հավաքված ժողովրդի ներկայությամբ նրանք արյունահոսելու աստիճան մտրակեցին այդ անմեղ մարդկանց։ Չխնայեցին նույնիսկ կանանց ու երեխաներին։ Նրանց նպատակն էր վախեցնել ժողովրդին, որ ոչ ոք չհամարձակվի լսել Վկաներին։ Բայց այդ հրապարակային ծեծից հետո տեղացիներից շատերը խնդրեցին Վկաներին, որ իրենց օգնեն Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Քարոզչական գործը շարունակվեց, շատերը ընդունեցին ճշմարտությունը, ու մեծ օրհնություններ եղան։
13 Այս օրինակը ցույց է տալիս, թե աստվածաշնչյան սկզբունքներին հավատարիմ լինելը ինչ մեծ ազդեցություն կարող է թողնել մարդկանց վրա։ Պետրոսի և մյուս առաքյալների քաջությունը, հավանաբար, շատերին մղեցին հաշտվելու Աստծու հետ (Գործ. 5։17–29)։ Այսօր մեր համադասարանցիները, աշխատակիցները կամ ընտանիքի անդամները գուցե դրականորեն արձագանքեն բարի լուրին՝ տեսնելով, թե ինչպես ենք անվախորեն տոկում հակառակության ներքո։
14 Մեր հավատակիցները միշտ էլ հալածանքներ են կրել։ Օրինակ՝ Հայաստանում մոտ 40 եղբայրներ բանտում են քրիստոնեական չեզոքության պատճառով, տասնյակ եղբայրներ էլ, հնարավոր է, բանտարկվեն մոտակա ամիսներին։ Էրիթրեայում բանտարկված է 55 հավատակից, որոնցից մի քանիսը 60 տարեկանն անց են։ Հարավային Կորեայում բանտում են մոտ 700 եղբայրներ. արդեն 60 տարի է, ինչ այս երկրում եղբայրներին բանտ են նստեցնում իրենց հավատի համար։ Եկեք աղոթենք, որ տարբեր երկրներում հալածվող մեր եղբայրները իրենց հավատարմությամբ փառք բերեն Աստծուն և օգնեն արդարությունը սիրողներին ընդունելու ճշմարտությունը (Սաղ. 76։8–10)։
15. Բեր օրինակ, թե մեր ազնիվ ապրելակերպը ինչպես կարող է մարդկանց ուշադրությունը հրավիրել ճշմարտության վրա։
15 Մեր ազնիվ ապրելակերպը նույնպես կարող է մարդկանց ուշադրությունը հրավիրել ճշմարտության վրա (կարդա՛ 2 Կորնթացիներ 6։4, 7)։ Օրինակ՝ երբ մեր քույրը ավտոբուսում պատրաստվում էր վճարել իր ուղեվարձը, նրա ծանոթն ասաց, որ իմաստ չունի վճարել, որովհետև քույրը երկար չի գնալու։ Վերջինս նրան բացատրեց, որ վճարելը ճիշտ է, նույնիսկ եթե մի կանգառ ես գնում։ Երբ նրա ծանոթը իջավ ավտոբուսից, վարորդը շրջվեց ու քրոջը հարցրեց. «Դու Եհովայի վկա՞ ես»։ «Այո՛։ Իսկ ինչո՞ւ եք հարցնում»,— ասաց քույրը։ «Ես լսեցի ձեր զրույցը,— ասաց վարորդը։— Գիտեմ, որ Եհովայի վկաները այն քիչ մարդկանցից են, որոնք միշտ վճարում են ուղեվարձը և ամեն ինչում ազնիվ են վարվում»։ Մի քանի ամիս անց ժողովի հանդիպման ժամանակ մի մարդ մոտեցավ մեր քրոջը և ասաց. «Ինձ հիշո՞ւմ ես։ Ես ավտոբուսի այն վարորդն եմ, որը խոսեց քեզ հետ ուղեվարձը վճարելու մասին։ Տեսնելով քո վարքը՝ ես որոշեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ»։ Այո՛, երբ մարդիկ տեսնում են, որ մենք ազնիվ ենք, նրանք դրականորեն են արձագանքում բարի լուրին։
ԹՈՂ ՔՈ ՎԱՐՔԸ ՄԻՇՏ ՊԱՏԻՎ ԲԵՐԻ ԱՍՏԾՈՒՆ
16. Ի՞նչ կարող է լինել, երբ դրսևորում ենք համբերատարություն, սեր և բարություն։ Ի՞նչ են անում կեղծ կրոնական առաջնորդները։ Բեր օրինակ։
16 Երբ համբերատարություն, սեր և բարություն ենք դրսևորում, ապա դրանով նույնպես մղում ենք մարդկանց ավելի շատ իմանալու Եհովայի, նրա նպատակների և նրա ժողովրդի մասին։ Ճշմարիտ քրիստոնյաների վարքը ցայտուն կերպով տարբերվում է ցուցադրական աստվածապաշտությունից, որը հաճախ ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծավորություն։ Որոշ կրոնական առաջնորդներ հարստացել են՝ իրենց հոտի անդամներին խաբելով և նրանցից փող կորզելով։ Ոմանք այդ փողերով իրենց համար շքեղ տներ և ավտոմեքենաներ են գնել, իսկ մեկը նույնիսկ իր շան համար օդորակիչով տնակ է կառուցել։ Այո՛, շատերը, որ իրենց Քրիստոսի հետևորդի տեղ են դնում, հակված չեն «ձրի տալու» (Մատթ. 10։8)։ Ինչպես որ հին Իսրայելի կամակոր քահանաները, նրանք «վարձով են սովորեցնում», և նրանց սովորեցրածի մեծ մասը սուրբգրային հիմք չունի (Միք. 3։11)։ Նման կեղծավոր վարքը ոչ մեկի չի հաշտեցնում Աստծու հետ։
17, 18. ա) Եհովայի հատկությունները մեր կյանքում դրսևորելով՝ ինչպե՞ս ենք պատիվ բերում նրան։ բ) Ի՞նչն է մղում քեզ շարունակ բարի գործեր անելու։
17 Սրան հակառակ՝ մարդկանց սրտերը ջերմանում են ճշմարիտ քրիստոնեական ուսմունքներից և մերձավորի համար արված բարի գործերից։ Մի անգամ մի ռահվիրա եղբայր ծառայում էր տնետուն։ Դուռը բացեց մի տարեց այրի կին, որը անմիջապես մերժեց նրան՝ ասելով, որ երբ մեր եղբայրը դուռը թակում էր, ինքը սանդուղքի վրա էր և փորձում էր փոխել խոհանոցի լամպը։ «Բայց դա վտանգավոր է»,— ասաց եղբայրը։ Նա ինքը փոխեց լամպը և հեռացավ։ Երբ տարեց կնոջ որդին իմացավ տեղի ունեցածի մասին, այնքան տպավորվեց, որ փորձեց գտնել մեր եղբորը և շնորհակալություն հայտնել։ Արդյունքում որդին ընդունեց ճշմարտությունը։
18 Եկեք վճռենք շարունակ բարի գործեր անել։ Երբ նախանձախնդիր ենք ծառայության մեջ և շարունակում ենք Աստծու կամքին ներդաշնակ գործեր անել, պատվում ենք նրան և օգնում ենք մարդկանց փրկվելու (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։31–33)։ Մենք նախանձախնդիր ենք ծառայության մեջ և աստվածահաճո վարք ենք դրսևորում, որովհետև սիրում ենք Աստծուն և մերձավորին (Մատթ. 22։37–39)։ Բարի գործերի նախանձախնդիր լինելով՝ առատապես կօրհնվենք՝ կունենանք ուրախություն և բավարարվածության զգացում։ Ավելին, կմտնենք նոր աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ նախանձախնդիր կլինեն ճշմարիտ երկրպագության հանդեպ՝ պատիվ բերելով մեր Արարչին՝ Եհովային։