Հասիր իսկական հաջողության
«Քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (ՀԵՍՈՒ 1։8)։
1, 2. ա) Շատերի համար ի՞նչ է նշանակում լինել հաջողակ։ բ) Ինչպե՞ս կարող ես որոշել, թե ինչ է հաջողությունը քեզ համար։
Ի՞ՆՉ է նշանակում հաջողակ լինել կյանքում։ Այս հարցը տուր մարդկանց և կլսես տարբեր պատասխաններ։ Օրինակ՝ շատերի համար հաջողակ լինել նշանակում է ունենալ շատ փող, լավ աշխատանք կամ բարձրագույն կրթություն։ Մյուսների համար էլ հաջողությունը ընտանեկան ջերմ փոխհարաբերություններ, սիրելի ընկերներ և հաճելի աշխատակիցներ ունենալն է։ Իսկ Աստծուն ծառայող մարդու համար հաջողությունը կարող է լինել ժողովում պատասխանատվություն ունենալը կամ ծառայության մեջ լավ արդյունքների հասնելը։
2 Իսկ քեզ համար ի՞նչ է հաջողությունը։ Թղթի վրա գրիր մի քանի մարդու անուն, որոնք, ըստ քեզ, հաջողակ են. դու նրանց շատ ես հարգում և նրանցով հիանում ես։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ մարդիկ. նրանք հարո՞ւստ են, հռչակավո՞ր են, ունեն իշխանությո՞ւն։ Այս հարցերի պատասխանները կարող են ցույց տալ, թե ինչ կա քո սրտում։ Այն, ինչ արժեքավոր է քեզ համար, կարող է մեծապես ազդել այն բանի վրա, թե ինչ որոշումներ կկայացնես և ինչ նպատակներ կունենաս (Ղուկ. 6։45)։
3. ա) Ի՞նչ պետք է աներ Հեսուն, որ հաջողակ լիներ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
3 Իսկ ո՞րն է Եհովայի տեսակետը հաջողակ լինելու վերաբերյալ։ Աստծու ծառաների համար նրա տեսակետը ամենից կարևորն է, որովհետև մենք հավիտենական կյանք կունենանք միայն այն դեպքում, եթե Եհովան մեզ հաջողակ համարի։ Եհովան, երբ Հեսուին հանձնարարեց Իսրայել ազգին առաջնորդել Ավետյաց երկիր, նրան պատվիրեց «օր ու գիշեր» կարդալ Մովսիսական օրենքը և այն մանրամասնորեն պահել։ Հետո Աստված նրան ասաց. «Այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (Հեսու 1։7, 8)։ Մենք գիտենք, որ Հեսուն իսկապես հաջողակ եղավ։ Իսկ հաջողության վերաբերյալ մեր տեսակետը համապատասխանո՞ւմ է Եհովայի տեսակետին։ Այս հարցի պատասխանը գտնելու համար քննենք Սողոմոն թագավորի և Պողոս առաքյալի կյանքը։
ՍՈՂՈՄՈՆԸ ՀԱՋՈՂԱ՞Կ ԷՐ
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սողոմոնը հաջողակ էր։
4 Սողոմոն թագավորը բացառիկ հաջողությունների հասավ։ Ինչի՞ շնորհիվ։ Շնորհիվ այն բանի, որ նա երկար տարիներ աստվածավախություն դրսևորեց և հնազանդվեց Եհովային։ Աստված էլ առատորեն օրհնեց նրան։ Հիշենք, որ երբ Եհովան Սողոմոնին ասաց, որ մի բան խնդրի իրենից, թագավորը խնդրեց իմաստություն, որպեսզի կարողանա առաջնորդել ժողովրդին։ Աստված պատասխանեց նրա աղոթքին՝ տալով թե՛ իմաստություն, թե՛ հարստություն (կարդա՛ 1 Թագավորներ 3։10–14)։ Նրա «իմաստությունը բոլոր արևելցիների և եգիպտացիների ողջ իմաստությունից շատ ավելին էր»։ Սողոմոնի համբավը տարածվեց «շրջակա բոլոր ազգերի մեջ» (1 Թագ. 4։30, 31)։ Միայն ոսկին, որ նա տարեկան ստանում էր, կշռում էր մոտ 23 տոննա (2 Տար. 9։13, ծնթ.)։ Սողոմոնը աչքի ընկավ դիվանագիտության, շինարարության և առևտրի ասպարեզներում։ Այո՛, քանի դեռ նա գնում էր Աստծու ճանապարհներով, հաջողակ էր (2 Տար. 9։22–24)։
5. Ըստ Սողոմոնի՝ ո՞ւմ է Աստված հաջողակ համարում։
5 «Ժողովող» գիրքը ցույց է տալիս, որ Սողոմոնը ճիշտ տեսակետ ուներ հաջողության վերաբերյալ։ Նա չէր կարծում, որ միայն հարուստ կամ իշխանություն ունեցող մարդիկ կարող են հաջողակ և ուրախ լինել։ Սողոմոնը գրեց. «Ես իմացել եմ, որ մարդու համար ավելի լավ բան չկա, քան որ ուրախանա ու բարիք գործի իր կյանքի ընթացքում, և որ ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժող. 3։12, 13)։ Բայց նա նաև հասկանում էր, որ եթե մարդը չունի Աստծու հավանությունը, ապա նրա կյանքը իրականում իմաստալից չէ։ Դրա համար էլ Սողոմոնը գրեց. «Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը» (Ժող. 12։13)։
6. Սողոմոնի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, թե ինչ է իսկական հաջողությունը։
6 Երկար տարիներ Սողոմոնը աստվածավախություն էր դրսևորում։ Նա «սիրում էր Եհովային և իր հայր Դավթի կանոններով էր քայլում» (1 Թագ. 3։3)։ Իսկական հաջողությունը հենց սա է։ Աստծու առաջնորդությամբ Սողոմոնը ճշմարիտ երկրպագության համար կառուցեց մի շքեղ տաճար և գրեց Աստվածաշնչի երեք գիրք։ Ճիշտ է, մենք չենք կարող անել այն, ինչ արեց Սողոմոնը, բայց նրա օրինակից, մինչ նա հավատարիմ էր Եհովային, տեսնում ենք, թե ինչ է իսկական հաջողությունը, և թե ինչ պետք է անենք դրան հասնելու համար։ Հիշենք, որ Սողոմոնը Աստծու ներշնչանքով գրեց, որ այն, ինչ մարդկանց մեծ մասը համարում է հաջողության չափանիշ՝ հարստություն, իմաստություն, հռչակ և իշխանություն, ունայն է։ Դրանք դատարկ բաներ են՝ «վազք՝ քամու հետևից»։ Հարստություն սիրողները միշտ ուզում են ավելին ունենալ։ Նրանք հաճախ անհանգստանում են իրենց ունեցվածքի համար, որը, ի վերջո, մի օր անցնելու է ուրիշներին (կարդա՛ Ժողովող 2։8–11, 17; 5։10–12)։
7, 8. Ինչպե՞ս Սողոմոնը անհավատարիմ դարձավ, և ի՞նչ եղավ հետևանքը։
7 Մենք նաև գիտենք, որ Սողոմոնը ի վերջո դադարեց Եհովային հնազանդվելուց։ Աստծու Խոսքն ասում է. «Երբ Սողոմոնը ծերացավ, նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը, որ օտար աստվածների հետևից գնա, և նրա սիրտն արդեն ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր հայր Դավթի սիրտը.... Նա սկսեց չարություն գործել Եհովայի աչքում» (1 Թագ. 11։4–6)։
8 Ուստի Եհովան Սողոմոնին ասաց. «Քանի որ.... չպահեցիր իմ ուխտն ու իմ կանոնները, որոնք պատվիրել էի քեզ պահել, թագավորությունը քո ձեռքից կխլեմ և քո ծառային կտամ» (1 Թագ. 11։11)։ Որքա՜ն ցավալի է, որ Սողոմոնը այդքան տարի հավատարիմ մնալուց հետո հիասթափեցրեց Եհովային։ Կյանքի ամենակարևոր՝ Աստծուն հավատարիմ մնալու հարցում Սողոմոնը թերացավ։ Այո՛, եթե ուզում ենք հաջողակ լինել, պետք է դաս քաղենք Սողոմոնի կյանքից։
ԻՍԿԱՊԵՍ ՀԱՋՈՂԱԿ ԿՅԱՆՔ
9. Աշխարհի չափանիշներով՝ Պողոսը հաջողա՞կ էր։ Բացատրիր։
9 Պողոս առաքյալի կյանքը շատ էր տարբերվում Սողոմոն թագավորի կյանքից։ Պողոսը չէր նստում փղոսկրե գահին և խնջույքներ չէր անում թագավորների հետ։ Նա գրեց, որ «քաղցած ու ծարավ» է մնացել, «ցրտահար ու մերկ» է եղել (2 Կորնթ. 11։24–27)։ Հիսուսին ընդունելով որպես Մեսիայի՝ Պողոսը կորցրեց հրեական կրոնի հետևորդների հարգանքը։ Ավելին, հրեա կրոնական առաջնորդները սկսեցին ատել նրան։ Առաքյալը բանտարկվեց, մտրակներով ու ճիպոտներով ծեծվեց և քարկոծվեց։ Պողոսը գրեց. «Մեզ չարախոսում են.... հալածում.... վարկաբեկում.... Մինչև հիմա մենք իբրև աղբ եղանք աշխարհի համար, ամեն ինչի թափթփուկը» (1 Կորնթ. 4։11–13)։
10. Ինչո՞ւ ոմանց կարող էր թվալ, որ Պողոսը բաց է թողնում հաջողակ լինելու հնարավորությունը։
10 Շատերը, ովքեր Պողոսին ճանաչում էին դեռ այն ժամանակից, երբ նա Սողոս անունով երիտասարդ էր, գուցե մտածում էին, որ նա բազմաթիվ առավելություններ ունի։ Սողոսը հավանաբար ծնվել էր հայտնի ընտանիքում և ուսանել էր հարգված ուսուցիչ Գամաղիելի մոտ։ Հետագայում նա գրեց. «Ինձ հասակակից շատ ազգակիցներից ավելի առաջադեմ էի հուդայականության մեջ» (Գաղ. 1։14)։ Նա լավ խոսում էր եբրայերեն և հունարեն, ուներ Հռոմի քաղաքացիություն. այս ամենը նրան այնպիսի առավելություններ ու իրավունքներ էր տալիս, որ շատերը կուզեին ունենալ։ Եթե Պողոսը նպատակ ունենար հաջողությունների հասնելու աշխարհում, ապա, հավանաբար, նա շատ հայտնի ու հարուստ մարդ կդառնար։ Այնինչ նա գնաց այնպիսի ճանապարհով, որը, ուրիշների և միգուցե որոշ ազգականների կարծիքով, բացարձակ անմտություն էր։
11. Ի՞նչն էր արժևորում և ի՞նչ նպատակներ ուներ Պողոսը և ինչո՞ւ։
11 Պողոսը սիրում էր Եհովային և ուզում էր արժանանալ նրա հավանությանը։ Սա իր համար ավելի կարևոր էր, քան հարուստ կամ անվանի մարդ լինելը։ Ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով՝ նա սկսեց թանկ գնահատել փրկանքը, քրիստոնեական ծառայությունը, երկնային կյանքի հույսը՝ բաներ, որոնք անտեսվում են աշխարհում։ Պողոսը հասկանում էր, որ Սատանան հարցականի տակ է դրել մարդու անարատությունը։ Բանսարկուն պնդել էր, որ կարող է մարդկանց հեռացնել Աստծուն ծառայելուց (Հոբ 1։9–11; 2։3–5)։ Պողոսը, անկախ այն բանից, թե ինչ փորձությունների կբախվեր, վճռել էր հավատարիմ մնալ Աստծուն և շարունակել երկրպագել նրան։ Աշխարհում, ինչ խոսք, հաջողության հասնելու համար այսպիսի նպատակ չեն դնում։
12. Ինչո՞ւ ես որոշել հույսդ Աստծու վրա դնել։
12 Եկեք վճռենք Պողոսի պես հավատարիմ մնալ Աստծուն։ Ինչ խոսք, այս աշխարհում հեշտ չէ դա անելը, բայց եթե հավատարիմ մնանք, կարժանանանք Եհովայի բարեհաճությանը, և նա կօրհնի մեզ։ Հենց սա է իսկական հաջողությունը (Առակ. 10։22)։ Հավատարիմ ընթացքը օգուտներ է բերում հիմա և, անշուշտ, օգուտներ կբերի ապագայում (կարդա՛ Մարկոս 10։29, 30)։ Ուստի բոլոր հիմքերն ունենք մեր հույսը դնելու «ոչ թե անկայուն հարստության վրա, այլ Աստծու, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք»։ Մենք «գանձեր ենք կուտակում մեզ համար, այսինքն՝ լավ հիմք ապագայի համար, որպեսզի ամուր կառչենք իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։17–19)։ Այո՛, մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ հարյուր և նույնիսկ հազար կամ ավելի տարի անց հետ կնայենք ու կասենք. «Ես մինչև հիմա հաջողակ կյանքով եմ ապրում»։
ՈՐՏԵՂ ՔՈ ԳԱՆՁՆ Է...
13. Ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը գանձեր դիզելու մասին։
13 Հիսուսը հորդորեց. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են։ Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում և ո՛չ էլ գողերն են ներխուժում ու գողանում։ Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» (Մատթ. 6։19–21)։
14. Ինչո՞ւ է անխոհեմ գանձեր դիզել երկրի վրա։
14 Երկրային գանձերը կարող են ավելին նշանակել, քան պարզապես փող։ Ինչ-որ իմաստով դրանք ներառում են այն ամենը, ինչի մասին Սողոմոնը գրեց և ինչը մարդիկ շատ են գնահատում, օրինակ՝ հեղինակություն, հռչակ, իշխանություն։ Հիսուսի վերոհիշյալ խոսքերը նման են «Ժողովող» գրքում Սողոմոնի արտահայտած այն մտքին, որ երկրային գանձերը մնայուն չեն։ Նկատած կլինես, որ ժամանակի ընթացքում դրանք փչանում են կամ կարող են անհետանալ։ Պրոֆեսոր Բրուները այսպիսի գանձերի մասին գրում է. «Բոլորին է հայտնի, որ հռչակը անցողիկ է։ Այսօրվա հերոսը վաղվա սովորական մարդն է։ Այս տարվա ֆինանսական հաջողությունը եկող տարվա սնանկացումն է.... [Հիսուսը] սիրում է մարդ արարածին։ Նա կոչ է անում նրան խուսափել փառքից, որը վաղանցիկ է և անպայման հիասթափեցնում է։ Փառքը մնայուն բան չէ. Հիսուսը չէր ուզում, որ [իր] աշակերտները հիասթափվեն։ Հենց որ մեկը նստում է աշխարհի վրա, այն անմիջապես վայր է գցում նրան»։ Մարդկանց մեծամասնությունը համաձայն է այս խոսքերին, բայց նրանցից քանի՞սն է պատրաստ փոխելու իր ապրելակերպը։ Իսկ դու պատրա՞ստ ես։
15. Ո՞ր ուղղությամբ պետք է ջանքեր գործադրենք։
15 Որոշ կրոնական առաջնորդներ քարոզում են, որ սխալ է ձգտել հաջողության։ Նկատենք, սակայն, որ Հիսուսը չէր դատապարտում հաջողության հասնելու ձգտումը։ Նա հորդորում էր իր աշակերտներին ճիշտ ուղղությամբ ջանքեր գործադրել՝ «գանձեր դիզել երկնքում», գանձեր, որոնք չեն փչանում։ Մեր ամենամեծ ցանկությունը պետք է լինի այն, որ Եհովան մեզ համարի հաջողակ։ Հիսուսի խոսքերից տեսնում ենք, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ նպատակների ձգտի։ Իսկ թե ինչ նպատակների կձգտի, կախված է այն բանից, թե ինչ կա նրա սրտում և ինչն է արժեքավոր նրա համար։
16. Ինչո՞ւմ կարող ենք լիովին համոզված լինել։
16 Եթե սրտանց ցանկանում ենք հաճելի լինել Եհովային, ապա կարող ենք համոզված լինել, որ նա կհոգա մեր բոլոր կարիքները։ Ճիշտ է, նա կարող է թույլ տալ, որ Պողոս առաքյալի պես սոված ու ծարավ լինենք (1 Կորնթ. 4։11)։ Այդուհանդերձ, մենք պետք է վստահենք Հիսուսի հետևյալ խորհրդին. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք», որովհետև ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ։ Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։31–33)։
ԵՂԻՐ ՀԱՋՈՂԱԿ՝ ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
17, 18. ա) Ինչի՞ց է կախված իսկական հաջողությունը։ բ) Ինչի՞ց կախված չէ իսկական հաջողությունը։
17 Եվ այսպես, մի շատ կարևոր բան ենք սովորում. իսկապես հաջողակ լինել չի նշանակում ձեռքբերումներ ունենալ աշխարհում։ Նաև իսկական հաջողությունը չի չափվում ժողովում ունեցած առանձնաշնորհումով։ Իսկական հաջողության հասնելու համար հարկավոր է հնազանդվել Աստծուն և հավատարիմ լինել նրան, իսկ առանձնաշնորհումը պարզապես այս հատկությունների արդյունքն է։ Աստված ասում է. «Տնտեսից ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի» (1 Կորնթ. 4։2)։ Այո՛, մենք պետք է միշտ հավատարիմ լինենք Աստծուն, և դրա համար անհրաժեշտ է տոկունություն։ Հիսուսն ասաց. «Ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի» (Մատթ. 10։22)։ Մեր փրկությունը վառ ապացույց կլինի այն բանի, որ մենք իսկապես հաջողակ ենք եղել։
18 Ինչպես տեսնում ենք Աստծուն հավատարիմ լինելու համար կարիք չկա լինելու հայտնի, կրթված կամ շատ փող ունեցող։ Հավատարմությունը կախված չէ ինտելեկտից, ձիրքից կամ հմտությունից։ Ինչ հանգամանքներում էլ որ լինենք, կարող ենք փաստել, որ հավատարիմ ենք Եհովային։ Առաջին դարում Աստծու ծառաներից ոմանք հարուստ էին, ոմանք էլ՝ աղքատ։ Հարուստ քրիստոնյաներին Պողոսը խորհուրդ տվեց «բարին գործել, հարուստ լինել բարի գործերով, լինել առատաձեռն, պատրաստ՝ ուրիշներին բաժին հանելու»։ Թե՛ հարուստ և թե՛ աղքատ քրիստոնյաները պետք է «ամուր կառչեին իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։17–19)։ Առաքյալի խորհուրդը կիրառելի է նաև այսօր։ Բոլորս էլ կարող ենք և պետք է հավատարիմ մնանք Աստծուն և «հարուստ լինենք բարի գործերով»։ Եթե սա անենք, ապա Եհովան մեզ կհամարի հաջողակ։ Մենք երջանիկ կլինենք՝ իմանալով, որ հաճելի ենք նրան (Առակ. 27։11)։
19. Ի՞նչ ես որոշել անել, որպեսզի հաջողակ լինես։
19 Մենք գուցե չկարողանանք փոխել մեր հանգամանքները, բայց կարող ենք փոխել մեր վերաբերմունքը դրանց հանդեպ։ Ինչպիսին էլ որ լինեն հանգամանքներդ, ձգտիր հավատարիմ մնալ։ Համոզված եղիր, որ ջանքերդ զուր չեն, որովհետև Եհովան առատորեն օրհնելու է քեզ հիմա և հավիտյան։ Երբեք մի՛ մոռացիր Հայտնություն 2։10-ում գրված խոսքերը, որոնք Հիսուսն ասաց օծյալ քրիստոնյաներին. «Հավատարի՛մ եղիր նույնիսկ մինչև մահ, և ես կյանքի պսակը կտամ քեզ»։ Իսկական հաջողությունը հենց սա է։