Կհետևե՞ս Եհովայի սիրառատ առաջնորդությանը
Կհետևե՞ս Եհովայի սիրառատ առաջնորդությանը
«Ատում եմ ստության ամեն մի ճանապարհ» (ՍԱՂ. 119։128)։
1, 2. ա) Քո նպատակակետին հասնելու համար ի՞նչ նախազգուշացումներ լավ կլինի հաշվի առնես և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ նախազգուշացումներ է Եհովան տալիս իր ծառաներին, և ի՞նչն է մղում նրան այդպես անելու։
ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ պետք է ինչ-որ տեղ մեկնես ու ընկերոջդ հարցնում ես, թե ինչպես կարող ես հասնել այնտեղ՝ հաշվի առնելով, որ նա լավ գիտի ճանապարհը ու նրան կարող ես վստահել։ Նա մանրամասն բացատրում է ու ասում. «Ճանապարհի այսինչ հատվածում զգո՛ւյշ կլինես, չմոլորվես, սխալ նշան է դրված։ Շատերը հետևում են դրան և շեղվում են ճանապարհից»։ Կգնահատե՞ս նրա հոգատարությունը և կհետևե՞ս նրա նախազգուշացմանը։ Ինչ-որ առումով Եհովան նման է այդ ընկերոջը։ Նա մանրամասն տեղեկություններ է տալիս, թե ինչպես հասնել մեր նպատակակետին՝ հավիտենական կյանքին, նաև նախազգուշացնում է, թե որ «նշանները» կարող են շեղել մեզ ճիշտ ուղուց (2 Օրենք 5։32; Ես. 30։21)։
2 Այս և հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչ նախազգուշացումներ է տալիս մեր Ընկերը՝ Եհովա Աստված։ Մինչ կուսումնասիրենք այս հոդվածները, միշտ հիշենք, որ Եհովան այդ նախազգուշացումները տալիս է մեր հանդեպ սիրուց և հոգատարությունից մղված։ Նա ցանկանում է, որ մենք հասնենք մեր նպատակակետին, և նրան ցավ է պատճառում, երբ տեսնում է, որ մարդիկ հետևում են «սխալ նշանների»՝ որոշ վատ ազդեցությունների տակ են ընկնում և կորցնում են ճիշտ ճանապարհը (Եզեկ. 33։11)։ Այս հոդվածում կքննարկենք երեք տեսակի ազդեցությունների մասին։ Առաջինը արտաքին ազդեցություն է, երկրորդը՝ ներքին, իսկ երրորդը պատրանքներն են, որոնք թեև անիրական են, բայց շատ վտանգավոր են։ Մենք պետք է իմանանք, թե ինչպես են գործում դրանք, և պետք է սովորենք մեր Ընկերոջից՝ Եհովայից, թե ինչպես կարող ենք դիմադրել դրանց։ Մի սաղմոսերգու այսպիսի խոսքեր ասաց Եհովային. «Ատում եմ ստության ամեն մի ճանապարհ» (Սաղ. 119։128)։ Իսկ դու ատո՞ւմ ես։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք խորացնել մեր ատելությունը ստության ճանապարհների հանդեպ և համապատասխան կերպով վարվել։
Մի՛ հետևիր «բազմությանը»
3. ա) Ինչո՞ւ կարող է վտանգավոր լինել մյուսներին հետևելը, երբ վստահ չենք, թե որ ճանապարհով է հարկավոր գնալ։ բ) Ի՞նչ կարևոր սկզբունք ենք գտնում Ելք 23։2-ում։
3 Եթե հեռու տեղ ես գնում ու վստահ չես՝ որ ճանապարհով գնալ, ի՞նչ կանես։ Գուցե մտածես, թե ճիշտ կլինի հետևել մյուս մարդկանց, հատկապես եթե տեսնես, որ մեծամասնությունը միևնույն ճանապարհն է ընտրում։ Նման մտածելակերպը վտանգավոր է։ Գուցե նրանք ուրիշ տեղ են գնում կամ հնարավոր է՝ իրենք էլ մոլորվել են։ Ուշադրություն դարձնենք, թե Իսրայելին տրված օրենքներից մեկի հիմքում ինչ սկզբունք էր ընկած։ Դատավորներին ու դատի ժամանակ վկայություն տվող մարդկանց նախազգուշացում էր տրվել «բազմությանը չհետևել» (կարդա՛ Ելք 23։2)։ Անկասկած, անկատար մարդը հեշտությամբ կարող է ենթարկվել մյուսների ճնշմանը և խեղաթյուրել արդարադատությունը։ Բայց արդյո՞ք «բազմությանը չհետևելու» սկզբունքը վերաբերում էր միայն իրավական հարցերին։
4, 5. Ի՞նչ ճնշման տակ հայտնվեցին Հեսուն ու Քաղեբը, և ինչի՞ շնորհիվ նրանք կարողացան դիմադրել այդ ճնշմանը։
4 Իրականում, ցանկացած ժամանակ կարող ենք հայտնվել մարդկանց մեծամասնությանը հետևելու ճնշման տակ։ Այդ ճնշումը կարող է լինել անսպասելի, և մեզ համար գուցե շատ դժվար լինի դիմադրել դրան։ Հիշենք, օրինակ, թե ինչ իրավիճակում հայտնվեցին Հեսուն ու Քաղեբը։ Նրանք այն տասներկու հետախույզների թվում էին, ովքեր գնացին Ավետյաց երկիրը լրտեսելու։ Երբ վերադարձան, նրանցից տասը բացասական և հուսահատեցնող լուր հաղորդեցին։ Նույնիսկ ասացին, թե այդ երկրի բնակիչներից ոմանք հսկաներ էին՝ ապստամբ հրեշտակներից առաջացած նեֆիլիմների սերնդից (Ծննդ. 6։4)։ Սակայն դա անհեթեթություն էր։ Այդ խառնածին ապականված սերունդը դարեր առաջ բնաջնջվել էր Ջրհեղեղի ժամանակ, մեկն անգամ չէր վերապրել։ Սակայն նույնիսկ ամենաանհիմն փաստարկը կարող է մեծ ազդեցություն թողնել թույլ հավատ ունեցողների վրա։ Ուստի տասը հետախույզների հաղորդած լուրը ժողովրդին անմիջապես վախի ու տագնապի մեջ գցեց։ Շատ չանցած՝ ժողովրդի մեծ մասն արդեն համոզված էր, որ սխալ է հետևել Եհովայի առաջնորդությանը՝ մտնել Ավետյաց երկիր։ Այսպիսի լարված իրավիճակում ինչպե՞ս վարվեցին Հեսուն ու Քաղեբը (Թվեր 13։25–33)։
5 Նրանք չհետևեցին բազմությանը։ Թեպետ ժողովրդի մեծ մասը չէր ուզում լսել նրանց և նույնիսկ սպառնաց քարկոծել, սակայն նրանք ճշմարտությունը պատմեցին և հաստատուն մնացին։ Որտեղի՞ց էր գալիս Հեսուի ու Քաղեբի քաջությունը։ Ինչ խոսք, հիմնականում հավատն էր նրանց քաջության աղբյուրը։ Ամուր հավատ ունեցողները տեսնում են մարդկանց անհիմն խոսքերի և Եհովա Աստծու սուրբ խոստումների միջև տարբերությունը։ Հեսուն ու Քաղեբը հետագայում արտահայտեցին իրենց զգացմունքները այն բանի հանդեպ, թե ինչպես է Եհովան իրականացրել իր խոստումները (կարդա՛ Հեսու 14։6, 8; 23։2, 14)։ Նրանք նվիրված էին իրենց հավատարիմ Աստծուն, և նրանց մտքով անգամ չէր անցնում հետևել անհավատ բազմությանը, քանի որ գիտակցում էին, որ դա ցավ կպատճառեր Աստծուն։ Հեսուն ու Քաղեբը անսասան մնացին՝ հիանալի օրինակ թողնելով մեզ համար (Թվեր 14։1–10)։
6. Ո՞ր հարցերում գուցե ճնշում զգաս քեզ վրա՝ հետևելու բազմությանը։
6 Երբևէ քեզ վրա ճնշում զգացե՞լ ես՝ հետևելու մարդկանց բազմությանը։ Մեծամասնություն են կազմում այն մարդիկ, ովքեր օտարացած են Եհովայից և ծաղրում են նրա բարոյական չափանիշները։ Զվարճությունների և ժամանցի տարբեր ձևերում «բազմությունը» անհիմն գաղափարներ է առաջ քաշում։ Նրանք պնդում են, որ այն հեռուստատեսային ծրագրերը, ֆիլմերն ու տեսախաղերը, որոնք լի են ոգեհարցությամբ և անբարո ու դաժան տեսարաններով, իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում (2 Տիմոթ. 3։1–5)։ Ընտանիքիդ համար ժամանցի ձև ընտրելիս արդյոք թույլ տալի՞ս ես, որ ուրիշների բթացած խիղճը ազդի քո որոշումների վրա և ձևավորի քո խիղճը։ Մի՞թե դա չի նշանակի, որ բազմությանն ես հետևում։
7, 8. ա) Ինչպե՞ս է մարզվում մեր ըմբռնողականությունը, և ինչո՞ւ է այդ մարզումը ավելի օգտակար, քան բազում խիստ կանոնները։ բ) Ինչո՞ւ ես հիանում քրիստոնյա պատանիների լավ օրինակով։
7 Որպեսզի կարողանանք որոշումներ կայացնել, Եհովան մեզ մի թանկարժեք նվեր է տվել՝ «ըմբռնողականությունը»։ Սակայն ըմբռնողականությունը հարկավոր է մարզել՝ այն «գործադրելով» (Եբր. 5։14)։ Ո՛չ մարդկանց մեծամասնությանը հետևելը, ո՛չ էլ խղճի վրա թողնված հարցերում բազում խիստ կանոնները չեն մարզի մեր ըմբռնողականությունը։ Այդ իսկ պատճառով Եհովայի ժողովրդին, օրինակ, չի տրվում մի այնպիսի ցուցակ, որտեղ նշված կլինի, թե որ ֆիլմերից, գրքերից և ինտերնետի որ կայքերից է հարկավոր հեռու մնալ։ Այդպիսի ցուցակը կարճ ժամանակ անց արդեն հնացած կլինի, քանի որ այս աշխարհը շատ արագ է փոխվում (1 Կորնթ. 7։31)։ Այն նույնիսկ չափազանց վատ հետևանքներ կունենա. մենք մղված չենք լինի աղոթքով և ամենայն ուշադրությամբ խորհրդածելու աստվածաշնչյան սկզբունքների շուրջ, և մեր որոշումները հիմնված չեն լինի այդ սկզբունքների վրա (Եփես. 5։10)։
8 Ճիշտ է, Աստվածաշնչով հիմնավորված մեր որոշումների պատճառով երբեմն շրջապատի մարդիկ գուցե չընդունեն մեզ։ Քրիստոնյա պատանիները գուցե դպրոցում իրենց հասակակիցների կողմից ուժեղ ճնշման ենթարկվեն՝ դիտելու կամ անելու բաներ, ինչ բոլորն են անում (1 Պետ. 4։4)։ Սակայն ուրախալի է տեսնել, որ թե՛ երիտասարդ, թե՛ տարեց քրիստոնյաները Հեսուի և Քաղեբի պես հավատ ունեն և չեն հետևում բազմությանը։
Մի՛ հետևիր քո «սրտին ու աչքերին»
9. ա) Ճանապարհ գնալիս ինչո՞ւ է վտանգավոր առաջնորդվել սրտի թելադրանքով։ բ) Թվեր 15։37–39-ում արձանագրված օրենքը ինչո՞ւ էր կարևոր Աստծու ժողովրդի համար։
9 Երկրորդ վտանգավոր ազդեցությունը, որի մասին կքննարկենք, գալիս է մեր ներսից։ Փորձենք պատկերացնել օրինակով։ Ենթադրենք՝ ճանապարհ ես ընկել ու մի կոնկրետ վայր ես գնում։ Մի՞թե կորոշես քարտեզը մի կողմ դնել ու առաջնորդվել սրտի թելադրանքով՝ գնալ այն ուղղությամբ, որը գուցե թվա, թե գեղեցիկ տեսարաններ կբացի քո առաջ։ Ինչ խոսք, սրտիդ հետևելով՝ չես հասնի քո նպատակակետին։ Նման վտանգից Իսրայել ազգին պաշտպանելու համար Եհովան նրանց հետևյալ օրենքն էր տվել. նրանք պետք է իրենց հանդերձների փեշերին ծոպերիզներ ամրացնեին ու կապույտ թել անցկացնեին (կարդա՛ Թվեր 15։37–39)։ Այս օրենքի նպատակը այսօր շատերի համար կարող է անհասկանալի լինել։ Իսկ դու հասկանո՞ւմ ես, թե ինչու էր կարևոր այն։ Հնազանդվելով այդ օրենքին՝ Աստծու ժողովուրդը առանձնանում էր իր շուրջն ապրող մյուս ազգերից, ինչը անհրաժեշտ էր Եհովայի հավանությունը ունենալու համար (Ղևտ. 18։24, 25)։ Այդ օրենքը, սակայն, բացահայտում է նաև այն ազդեցությունը, որը գալիս է ներսից ու կարող է շեղել մեզ հավիտենական կյանքի տանող ուղուց։ Ինչպե՞ս։
10. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան շատ լավ գիտի մարդու էությունը։
10 Ուշադրություն դարձրու, թե ինչ նպատակով Եհովան Իսրայելին տվեց այդ օրենքը։ Նա ասաց. «Այն [կապույտ թելով ծոպերիզը] տեսնելով.... ձեր սրտերին ու աչքերին չեք հետևի, քանի որ դրանց հետևելով՝ դուք պոռնկություն եք անում»։ Եհովան խորությամբ հասկանում է մարդու էությունը։ Նա շատ լավ գիտի, թե ինչ հեշտությամբ մեր սիրտը՝ ներքին անձնավորությունը, կարող է գայթակղվել ու ցանկանալ աչքի տեսածը։ Այդ պատճառով Աստվածաշունչը զգուշացնում է մեզ. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմ. 17։9)։ Տեսնո՞ւմ ես, թե որքան տեղին էր Իսրայելին տված Եհովայի նախազգուշացումը։ Նա գիտեր, որ նրանք կնայեին շրջակա հեթանոս ազգերին և գուցե ցանկանային նրանց նմանվել, նրանց պես մտածել ու նրանց պես վարվել (Առակ. 13։20)։
11. Ինչպե՞ս կարող է քո տեսածը ազդել քեզ վրա։
11 Մեր օրերում ավելի հեշտությամբ կարող է մեր նենգավոր սիրտն ընկնել աչքի տեսածը ցանկանալու ծուղակը։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որը կենտրոնացած է մարմնական ցանկությունները բավարարելու վրա։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել Թվեր 15։39-ի սկզբունքը։ Մտածիր. եթե դպրոցում, աշխատանքի վայրում կամ քո շրջապատում բոլորը ցանկահարույց հագուստ են կրում, արդյոք դա քեզ վրա ազդեցություն թողնո՞ւմ է։ Քո մեջ ցանկություն առաջանո՞ւմ է հետևելու քո «սրտին ու աչքերին» և նրանց նմանվելու։ Փորձում ես փոխե՞լ քո բարձր չափանիշները՝ հագնվելով նրանց պես (Հռոմ. 12։1, 2)։
12, 13. ա) Ի՞նչ պետք է անենք, եթե մեր հայացքը ուղղված է այնտեղ, որտեղ պետք չէ։ բ) Ի՞նչը կարող է օգնել մեզ խուսափելու ուրիշներին սխալ քայլի դրդելուց։
12 Խիստ անհրաժեշտ է ինքնատիրապետում զարգացնել։ Եթե մեր հայացքը ուղղված է այնտեղ, որտեղ պետք չէ, լավ կլինի՝ հիշենք հավատարիմ Հոբին, որը պայման էր կապել իր աչքերի հետ՝ հաստատապես վճռել էր թույլ չտալ, որ իր կնոջից բացի ուրիշի հանդեպ ռոմանտիկ զգացմունքներ առաջանան իր մեջ (Հոբ 31։1)։ Նմանապես, Դավիթ թագավորը վճռել էր. «Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի» (Սաղ. 101։3)։ Այն, ինչը կարող է վնասել մեր մաքուր խիղճը և Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները, մեզ համար «անպիտան բան» է։ Դա կարող է լինել մեր աչքին հաճելի ցանկացած բան, որը մեր սրտում ցանկություն կառաջացնի սխալ գործելու։
13 Նաև երբեք չենք ցանկանա ինչ-որ առումով ինքներս «անպիտան բան» դառնալ ուրիշների համար՝ նրանց սխալ քայլի դրդելով։ Դրա համար էլ լրջորեն հետևում ենք վայելուչ ու համեստ հագուստ կրելու վերաբերյալ աստվածաշնչյան խորհրդին (1 Տիմոթ. 2։9)։ Որոշելու համար, թե որն է համեստ հագուստը, չպետք է այդ հարցին նայենք միայն այն տեսանկյունից, թե ինչն է մեզ դուր գալիս։ Պետք է հաշվի առնենք նաև մյուսների խիղճն ու զգացմունքները։ Մենք չենք ցանկանա, որ մեր նախասիրությունները խաթարեն նրանց մտքի անդորրը (Հռոմ. 15։1, 2)։ Քրիստոնեական ժողովում հազարավոր երիտասարդներ կան, որոնք հիանալի օրինակ են այս հարցում։ Որքա՜ն ենք հպարտանում նրանցով, երբ տեսնում ենք, որ նրանք չեն հետևում իրենց «սրտերին ու աչքերին», փոխարենը՝ ամեն ինչում, նույնիսկ հագուկապի հարցում Եհովային են հաճեցնում։
Մի՛ հետևիր պատրանքներին
14. «Ունայն» բաներին հետևելու վերաբերյալ ի՞նչ զգուշացրեց Սամուել մարգարեն։
14 Պատկերացրու՝ անցնում ես անծայրածիր անապատի միջով։ Մեկ էլ հանկարծ հեռվում ջուր ես տեսնում, որը սակայն միրաժ է՝ պատրանք։ Ի՞նչ կպատահի, եթե փոխես ճանապարհդ ու գնաս դրա ուղղությամբ։ Կարող ես մոլորվել ու անապատում կորցնել կյանքդ։ Եհովան գիտի, թե որքան վտանգավոր է պատրանքներով՝ ունայն բաներով տարվելը։ Քննարկենք Իսրայելի պատմությունից մի դեպք։ Նրանք ցանկացան իրենց հարևան ազգերի պես թագավոր ունենալ։ Այդ ցանկությունը, իրականում, լուրջ մեղք էր, քանի որ դրանով նրանք մերժում էին Եհովային որպես իրենց Թագավորի։ Ու թեև Եհովան թույլ տվեց նրանց թագավոր ունենալ, այնուամենայնիվ Սամուել մարգարեի միջոցով զգուշացրեց, թե ինչ էր լինելու «ունայն» բաների հետևելու արդյունքը (կարդա՛ 1 Սամուել 12։21)։
15. Ի՞նչ առումով իսրայելացիները «ունայն» բաների հետևից գնացին։
15 Եթե նրանք մտածում էին, թե որպես թագավոր՝ մարդն ավելի իրական է և հուսալի, քան Եհովան, ապա նրանք «ունայն» բաների հետևից էին գնում։ Նրանք հայտնվել էին բազում այլ պատրանքների հետևելու վտանգի մեջ, որոնց հեղինակը Սատանան է։ Թագավորները հեշտությամբ կարող էին ժողովրդին դրդել կռապաշտության։ Կուռքերի երկրպագողները մտածում են, թե շոշափելի առարկաները՝ փայտից կամ քարից պատրաստված աստվածները, ավելի իրական են, ավելի հուսալի, քան անտեսանելի Աստվածը՝ Եհովան, որը ստեղծել է ամեն բան։ Սակայն կուռքերը, ինչպես Պողոս առաքյալն է գրում, «ոչինչ են» (1 Կորնթ. 8։4)։ Նրանք չեն կարող տեսնել, լսել, խոսել կամ որևէ բան անել։ Թեև դրանք տեսանելի են ու շոշափելի, բայց դրանց երկրպագելով՝ հետևած կլինես ունայն՝ անիրական բաների, փուչ պատրանքների, որոնք միայն կործանման են տանում (Սաղ. 115։4–8)։
16. ա) Ինչպե՞ս է Սատանան այսօր մարդկանց գցում պատրանքների գիրկը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նյութական բաներն են անիրական, իսկ Եհովան իրական է։
16 Սատանան այսօր էլ դրդում է մարդկանց «ունայն» բաների հետևից գնալու։ Նա դրանում հմուտ վարպետ է։ Օրինակ՝ նա անթիվ անհամար մարդկանց համոզել է, թե փողը, ունեցվածքը և լավ վարձատրվող աշխատանքը ապահով ու երջանիկ կդարձնեն իրենց։ Սակայն ի՞նչ կարող են անել նյութական բաները, երբ մարդը կորցնում է իր առողջությունը, երկիրը հայտնվում է ճգնաժամի մեջ կամ երբ բնական աղետ է լինում։ Կամ ի՞նչ կարող են դրանք տալ մարդուն, ով ներքուստ դատարկություն է զգում, առաջնորդություն է փնտրում և ուզում է գտնել կյանքի նպատակը ու դրան առնչվող բազում կարևոր հարցերի պատասխանները։ Իսկ կարո՞ղ են դրանք փրկել մարդուն մահվան ճանկերից։ Եթե փորձենք նյութական բաներով հագեցնել մեր հոգևոր կարիքները, մեծ հիասթափություն կապրենք։ Դրանք չեն կարող իրական ապահովություն տալ մեզ։ Դա պատրանք է։ Ի վերջո, դրանք չեն կարող նույնիսկ ֆիզիկապես պաշտպանել մեզ, քանի որ չեն կարող երկարացնել մարդու կյանքը կամ վերացնել հիվանդություններն ու մահը (Առակ. 23։4, 5)։ Ի տարբերություն դրանց՝ Եհովան՝ մեր Աստվածը, իրական է, և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալով է, որ կարող ենք իսկական ապահովություն և երջանկություն գտնել։ Նրա ընկերը լինելու առանձնաշնորհումը անգին օրհնություն է մեզ համար։ Եկեք երբեք չհեռանանք նրանից՝ անիրական բաների հետևելով։
17. Ի՞նչ վճռականությամբ լցրեց քեզ այս հոդվածի քննարկումը։
17 Մի՞թե ուրախ չենք, որ Եհովան մեր Ընկերն է և առաջնորդում է մեզ հավիտենական կյանքի տանող ճանապարհին։ Եթե շարունակենք ուշադրություն դարձնել նրա նախազգուշացումներին և դիմադրենք այս երեք վատ ազդեցություններին՝ չհետևենք բազմությանը, մեր սրտին և անիրական բաներին, ավելի վստահ կարող ենք ասել, որ կհասնենք մեր նպատակակետին՝ հավիտենական կյանքին։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս երեք նախազգուշացումներ, որոնք Եհովան տալիս է, որպեսզի ատենք ստության ճանապարհները, հեռու մնանք դրանցից ու չշեղվենք ճիշտ ճանապարհից (Սաղ. 119։128)։
Ի՞նչ ես կարծում
Ինչպե՞ս կարող ես առաջնորդվել Աստվածաշնչի հետևյալ համարներում ամփոփված սկզբունքներով.
• Ելք 23։2
[հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 11-րդ էջի վրա]
Երբևէ քո մեջ ցանկություն առաջացե՞լ է հետևելու մեծամասնությանը
[նկար 13-րդ էջի վրա]
Ինչո՞ւ է վտանգավոր առաջնորդվել սրտի թելադրանքով
[նկար 14-րդ էջի վրա]
Արդյոք չե՞ս գնում պատրանքների հետևից