Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բազում լավ բաներ, որ տեսա կյանքում

Բազում լավ բաներ, որ տեսա կյանքում

Բազում լավ բաներ, որ տեսա կյանքում

Պատմում է Արթուր Բոնոն

ՀԱԶԱՐ ինը հարյուր հիսունմեկ թվականն էր։ Ես և կինս՝ Էդիթը, գնացել էինք մարզային համաժողով, որտեղ հայտարարվեց, որ միսիոներական ծառայությամբ հետաքրքրվողների համար հանդիպում է լինելու։ Կնոջս ասացի.

— Արի գնանք լսենք։

— Ա՛րթ, դա մեզ համար չի,— պատասխանեց Էդիթը։

— Լա՜վ, Է՛դի, պարզապես կլսենք։

Այդ հանդիպումից հետո ցանկացողներին «Գաղաադ» դպրոցի դիմումներ տվեցին։

— Արի լրացնենք,— փորձեցի համոզել Էդիթին։

— Ա՛րթ, բա մերո՞նք...

Այդ համաժողովից մոտավորապես մեկ ու կես տարի հետո մեզ հրավիրեցին սովորելու «Գաղաադ» դպրոցում, իսկ հետո նշանակում ստացանք ծառայել Էկվադորում (Հարավային Ամերիկա)։

Ինչպես արդեն կռահեցիք մեր զրույցից, ես բնավորությամբ կրակոտ էի և միշտ մտածում էի, թե ինչ որոշենք, կարո՛ղ ենք անել։ Իսկ Էդիթը մեղմ էր ու համեստ։ Նա մեծացել էր Փենսիլվանիայի Էլիզաբեթ քաղաքում (ԱՄՆ), որն այդքան էլ մեծ չէր։ Նա երբեք տնից հեռու չէր եղել և կյանքում օտարերկրացու չէր հանդիպել։ Այդ պատճառով նրա համար դժվար էր հեռանալ տնից։ Չնայած դրան՝ նա սրտանց համաձայնվեց ծառայելու այլ երկրում։ 1954​թ.-ին մենք եկանք Էկվադոր և մինչ օրս որպես միսիոներ ծառայում ենք այս երկրում։ Այս տարիների ընթացքում մենք բազում լավ բաներ ենք տեսել։ Ուզում եմ պատմել դրանցից մի քանիսի մասին։

Հաճելի հիշողություններ

Մեր առաջին նշանակումը Էկվադորի մայրաքաղաքն էր՝ Կիտոն, որը գտնվում է Անդյան լեռներում՝ 2850 մետր բարձրության վրա։ Ափամերձ Գուայաքիլ քաղաքից Կիտո հասնելու համար գնացք նստեցինք, հետո ճանապարհը շարունակեցինք բեռնատար մեքենայով։ Ճանապարհորդությունը տևեց երկու օր։ Իսկ այժմ այնտեղ կարելի է հասնել ընդամենը 30 րոպեում՝ ինքնաթիռով։ Չորս անմոռանալի տարիներ ծառայեցինք Կիտոյում։ 1958-ին մեկ ուրիշ լավ բան տեղի ունեցավ մեր կյանքում. շրջանային ծառայության նշանակում ստացանք։

Այդ ժամանակ ողջ Էկվադորում միայն երկու փոքր շրջան կար։ Ուստի այդ մի քանի ժողովները այցելելուց հետո քարոզում էինք փոքր քաղաքներում բնակվող հնդկացիներին, որտեղ Վկաներ չկային։ Այդ տարածքներում տները սովորաբար շատ փոքր էին. տունը իրականում մեկ սենյակ էր՝ առանց պատուհանի, որտեղ մահճակալից բացի ուրիշ ոչինչ չկար։ Մեզ հետ միշտ մի փայտե արկղ էինք վերցնում, որի մեջ դնում էինք նավթավառ, կաթսա, ափսեներ, տաշտ, սավաններ, մոծակներից պաշտպանվելու համար ցանց, մեր շորերը, հին թերթեր և ուրիշ անհրաժեշտ իրեր։ Թերթերը մտցնում էինք պատերի անցքերի մեջ, որպեսզի առնետների համար սենյակ ներխուժելը փոքր-ինչ դժվարացնեինք։

Չնայած որ այդ սենյակները մութ էին ու անշուք, մենք հաճույքով ենք հիշում այն պահերը, երբ մահճակալին նստած ուտում էինք նավթավառի վրա պատրաստած մեր պարզ կերակուրը և զրուցում էինք իրար հետ։ Կինս, երբեմն այդ առիթներն օգտագործելով, ասում էր, թե ինչպես կարելի էր ավելի նրբանկատ լինել եղբայրների հետ խոսելիս, քանի որ բնավորությանս պատճառով հաճախ էի խոսում առանց երկար մտածելու։ Ես լսում էի նրան, և իմ այցելությունները եղբայրների համար ավելի քաջալերական էին դառնում։ Իսկ երբ որևէ մեկի մասին անմտածված վատ բաներ էի ասում Էդիթին, նա թույլ չէր տալիս, որ շարունակեմ խոսել այդ մասին։ Այդպիսով ես սովորեցի եղբայրների մասին միշտ դրական տեսակետ ունենալ։ Մենք հիմնականում քննարկում էինք, թե ինչ ենք սովորել «Դիտարանի» հոդվածներից, և պատմում էինք այդ օրը ծառայության ժամանակ մեզ հետ պատահած դեպքերը։ Ի՜նչ ոգևորիչ դեպքեր էին դրանք։

Ինչպես գտանք Կառլոսին

Հիպիհապա քաղաքում (Էկվադորի արևմուտքում) մեզ ասացին, որ մի մարդ կա, որը հետաքրքրվում է ճշմարտությամբ, սակայն ասացին միայն նրա անունը՝ Կառլոս Մեհիա, իսկ հասցեն չգիտեին։ Առավոտյան մենք դուրս եկանք տնից, և քանի որ չգիտեինք՝ որտեղ գտնել նրան, պարզապես մի ուղղությամբ սկսեցինք քայլել։ Գիշերը անձրև էր եկել, այդ պատճառով զգուշորեն էինք քայլում, որպեսզի ցեխերի մեջ չընկնենք։ Ես առջևից էի գնում, իսկ կինս հետևում էր ինձ։ Հանկարծ լսեցի նրա հուսահատ ձայնը. «Ա՜րթ...»։ Շրջվեցի ու տեսա, որ նա մինչև ծնկները խրված է ցեխի մեջ։ Տեսարանն այնքան ծիծաղելի էր, որ եթե նրա արտասվալից դեմքը չտեսնեի, հաստատ մի լավ կծիծաղեի։

Նրան դուրս բերեցի, բայց կոշիկները խրված մնացին ցեխի մեջ։ Մի փոքր տղա ու աղջիկ կանգնած նայում էին մեզ։ Նրանց ասացի, որ եթե կոշիկները հանեն ցեխից, փող կտամ։ Նրանք անմիջապես կոշիկները դուրս բերին, բայց դրանք այնքան կեղտոտ էին, որ հարկավոր էր լվանալ։ Երեխաների մայրը, որը տեսավ այդ ամենը, մեզ իր տուն հրավիրեց և օգնեց կնոջս, որ լվանա ոտքերը, իսկ երեխաները մաքրեցին կոշիկները։ Երբ պատրաստվում էինք հեռանալ, չեք պատկերացնի՝ ինչ լավ բան եղավ։ Ես հարցրի այդ կնոջը, թե արդյոք ճանաչում է Կառլոս Մեհիա անունով մարդու։ Իմ հարցից զարմացած՝ նա ասաց. «Նա իմ ամուսինն է»։ Այդ ընտանիքի հետ սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել, և որոշ ժամանակ անց բոլորը մկրտվեցին։ Տարիներ անց Կառլոսը, նրա կինը և նրանց երեխաներից երկուսը սկսեցին ծառայել որպես հատուկ ռահվիրա։

Դժվար ճանապարհորդություններ, ջերմ հյուրընկալություն

Շրջանային ծառայությունն իր դժվարություններն ուներ։ Ճանապարհորդում էինք ավտոբուսով, գնացքով, բեռնատար մեքենայով, նավակով և փոքր ինքնաթիռով։ Մի անգամ մարզային վերակացուի՝ Ջոն Մըքլենըքնի և նրա կնոջ՝ Դորոթիի հետ մոտորանավակով գնում էինք Կոլումբիայի սահմանին մոտ գտնվող գյուղերում քարոզելու, որտեղ ապրող մարդիկ ձկնորսությամբ էին զբաղվում։ Հանկարծ նկատեցինք, որ մեր կողքով լողում են մեր նավակի չափ մեծ շնաձկներ։ Նույնիսկ մեր փորձառու նավավարը սկսեց անհանգստանալ ու նավակը շտապ մոտեցրեց ափին։

Սակայն շրջանային ծառայության մեջ օրհնությունները գերազանցում էին դժվարությունները։ Մենք ծանոթացանք հրաշալի և հյուրասեր եղբայրների հետ։ Շատ անգամներ նրանք ստիպում էին մեզ օրը երեք անգամ ուտել, մինչդեռ իրենք միայն մեկ անգամ էին ուտում։ Ոմանք էլ իրենց տան միակ մահճակալը մեզ էին տրամադրում, իսկ իրենք քնում էին հատակին։ Կինս հաճախ էր ասում. «Նրանց տեսնելով՝ հասկանում եմ, թե իրականում ինչքան քիչ բանի կարիք ունենք կյանքում»։

«Չենք ուզում մեր ձեռքից բաց թողնել»

1960​թ.-ին մեկ այլ լավ բան տեղի ունեցավ մեր կյանքում. մեզ հրավիրեցին ծառայելու Գուայաքիլի մասնաճյուղում։ Ես ադմինիստրատիվ աշխատանք էի կատարում մասնաճյուղում, իսկ Էդիթը համագործակցում էր մասնաճյուղի մոտ գտնվող ժողովի հետ։ Երբեք չեմ մտածել, թե կարող եմ գրասենյակային աշխատանք կատարել, ուստի սկզբում շփոթված էի։ Սակայն ինչպես Եբրայեցիներ 13։21 խոսքն է ասում, Աստված տվեց ինձ «ամեն բարի բան, որպեսզի կատարեմ նրա կամքը»։ Երկու տարի հետո Բրուքլինի Բեթելից (Նյու Յորք) հրավեր ստացա մասնակցելու «Գաղաադ» դպրոցում կազմակերպվող հատուկ դասընթացի, որը տևելու էր տասը ամիս։ Հրավիրված եղբայրների կանայք պետք է մնային իրենց նշանակված երկրներում։ Բրուքլինից նամակ ստացանք, որը հասցեագրված էր կնոջս։ Նրան հարցնում էին, թե արդյոք նա կարող է տասը ամիս մնալ առանց ամուսնու։

Էդիթը պատասխան նամակ ուղարկեց. «Աշխարհում դա ինձ համար ամենադժվար բանը կլինի, բայց մենք գիտենք, որ Եհովան անպատճառ կօգնի մեզ, ինչ դժվարությունների առաջ էլ որ կանգնենք.... Մենք չենք ուզում մեր ձեռքից բաց թողնել որևէ առանձնաշնորհում ունենալու կամ ծառայության մեջ ավելի հմուտ դառնալու հնարավորությունները»։ Բրուքլինում եղած ժամանակ ամեն շաբաթ նամակ էի ստանում կնոջիցս։

Ծառայում ենք հավատարիմ հավատակիցների կողքին

1966​թ.-ին առողջական խնդիրների պատճառով ես ու Էդիթը վերադարձանք Կիտո և այնտեղի քույր-եղբայրների կողքին դարձյալ սկսեցինք ծառայել որպես միսիոներ։ Եհովայի հանդեպ նրանց անսահման նվիրվածությունը հիացնում էր մեզ։

Այնտեղի ժողովում քույրերից մեկի ամուսինը, որը Վկա չէր, հաճախ էր ծեծում նրան։ Մի օր առավոտյան ժամը 6-ին իմացանք, որ նրա ամուսինը նորից ծեծել է նրան։ Ես իսկույն գնացի այդ քրոջ տուն։ Նրա տեսքը սարսափեցրեց ինձ. նա պառկած էր անկողնում՝ ուռած դեմքով և կապտուկներով ծածկված։ Ամուսինը այնքան էր խփել նրան ավելի կոթով, մինչև որ այն կոտրվել էր։ Այդ օրը՝ ավելի ուշ, ես նորից նրանց տուն մտա ու հանդիպեցի ամուսնուն։ Ես ասացի նրան, որ տղամարդուն անվայել բան է արել։ Նա սկսեց անընդհատ ներողություն խնդրել իր արածի համար։

1970-ականների սկզբին իմ առողջությունը լավացավ, և մենք վերսկսեցինք շրջանային ծառայությունը։ Իբարա քաղաքը մեր շրջանի մեջ էր մտնում։ Երբ 1950-ականների վերջում այցելել էինք այդ քաղաք, այնտեղ միայն երկու Վկա կար՝ մի միսիոներ և մի տեղաբնակ եղբայր։ Ուստի ուրախացանք՝ տեսնելով, թե ինչքան նոր մարդիկ կային ժողովում։

Երբ առաջին անգամ ներկա եղանք այնտեղ անցկացվող ժողովի հանդիպմանը, եղբայր Ռոդրիգո Վական բեմ բարձրացավ և սկսեց ներկայացնել իրեն հանձնարարված նյութը, որն ընդգրկում էր քննարկում ունկնդիրների հետ։ Երբ նա տվեց հարցը, ներկաները ձեռք բարձրացնելու փոխարեն՝ սկսեցին բացականչել. «Յո՛, յո՛» («ե՛ս, ե՛ս»)։ Ես ու Էդիթը զարմացած իրար նայեցինք։ «Էս ի՞նչ է կատարվում»,— մտածեցի ես։ Հետո իմացանք, որ եղբայր Վական կույր է, բայց ճանաչում է ժողովի բոլոր անդամների ձայները։ Այո՛, նա մի «հովիվ» է, որը ճանաչում է իր «ոչխարներին»։ Ակամայից հիշեցի Հովհաննես 10։3, 4 և 14 համարները, որտեղ Հիսուսը խոսում է բարի հովվի ու նրա ոչխարների մասին, որոնք լավ են ճանաչում իրար։ Այսօր Իբարայում կա վեց իսպանախոս ժողով, մեկ կեչուախոս ժողով և մեկ ժողով՝ ժեստերի լեզվով։ Եղբայր Վական առայսօր հավատարմորեն ծառայում է որպես երեց և հատուկ ռահվիրա *։

Երախտապարտ ենք Եհովային իր բարության համար

1974-ին Եհովան դարձյալ դրսևորեց իր բարությունը մեր հանդեպ. մենք Բեթել վերադառնալու հրավեր ստացանք, որտեղ ես կրկին նշանակվեցի ադմինիստրատիվ աշխատանք կատարելու, իսկ հետո՝ ծառայելու մասնաճյուղի կոմիտեում։ Էդիթը սկզբում աշխատում էր խոհանոցում, հետո սկսեց աշխատել գրասենյակում, որտեղ ծառայում է մինչև օրս։ Նա նամակները բաշխում է ըստ հասցեագրված բաժինների։

Բեթելում անցկացրած տարիների ընթացքում պատիվ ունեցանք ողջունելու «Գաղաադում» սովորած հարյուրավոր միսիոներների, որոնք նպաստում են ժողովների հոգևոր հասունությանը և իրենց եռանդը փոխանցում են մյուսներին։ Մեզ համար նաև ոգևորիչ է տեսնել այն հազարավոր քույրերին ու եղբայրներին, որոնք մոտ 30 տարբեր երկրներից եկել են մեր երկրում ծառայելու։ Նրանց անձնազոհ ոգին հիացնում է մեզ։ Ոմանք վաճառել են իրենց տները և բիզնեսը, որպեսզի ծառայեն այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ոմանք մեքենա են գնել հեռավոր շրջաններում քարոզելու համար, նոր ժողովներ են հաստատել և օգնել են Թագավորության սրահների շինարարության մեջ։ Բազմաթիվ ամուրի քույրեր այլ երկրներից եկել են այստեղ՝ ծառայելու որպես ռահվիրա։ Այս եռանդուն ու ժրաջան քույրերը մեծ օգնություն են մեզ համար։

Ինչ խոսք, ես բազում լավ բաներ եմ տեսել Աստծուն ծառայելու տարիների ընթացքում։ Բայց ամենալավ բանն ինձ համար Եհովա Աստծու հետ ունեցած իմ փոխհարաբերությունն է։ Երախտապարտ եմ Եհովային, որ ինձ հրաշալի «օգնական» է տվել (Ծննդ. 2։18)։ Երբ հետ եմ նայում Էդիթի հետ անցկացրած 69 տարիներին, հիշում եմ Առակներ 18։22-ում գրված խոսքերը. «Ինչ-որ մեկը լավ կի՞ն է գտել. նա բարիք է գտել»։ Երջանիկ եմ, որ Էդիթի պես կին ունեմ կողքիս։ Նա ինձ շատ բաներում է օգնել։ Նա նաև իր մոր համար անգին դուստր էր։ Էկվադոր գալուց ի վեր՝ նա ամեն շաբաթ մորը նամակ էր գրում մինչև 1990 թվականը, երբ նրա մայրը մահացավ 97 տարեկան հասակում։

Հիմա ես 90 տարեկան եմ, իսկ Էդիթը՝ 89։ Անփոխարինելի է այն ուրախությունը, որ ստացել ենք՝ օգնելով մոտ 70 հոգու ճանաչել Եհովային։ Ի՜նչ լավ էր, որ 60 տարի առաջ լրացրինք «Գաղաադ» դպրոցի դիմումը։ Այդ որոշման շնորհիվ մենք բազում լավ բաներ տեսանք մեր կյանքում։

[ծանոթագրություն]

^ պարբ. 29 Ռոդրիգո Վակայի կենսագրությունը հրատարակվել է «Արթնացե՛ք»-ի 1985​թ. սեպտեմբերի 8-ի համարում (անգլ.)։

[նկար 29-րդ էջի վրա]

«Յանկի» մարզադաշտում «Գաղաադ» դպրոցի մեր համադասարանցիների հետ, Նյու Յորք, 1958​թ.

[նկար 31-րդ էջի վրա]

Շրջանային ծառայության մեջ մի ընտանիքի այցելելու ժամանակ, 1959​թ.

[նկար 32-րդ էջի վրա]

Էկվադորի մասնաճյուղում, 2002​թ.