Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»

«Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»

«Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»

«Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։21

1. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է հաղթել չարին։

ՀՆԱՐԱՎՈ՞Ր է արդյոք չսասանվել նրանց առջև, ովքեր կատաղի կերպով հակառակվում են ճշմարիտ երկրպագությանը։ Հնարավո՞ր է արդյոք դիմադրել այն ուժերին, որոնք ցանկանում են մեզ ետ քաշել դեպի այս անաստված աշխարհը։ Պողոս առաքյալի խոսքերը մեզ հիմք են տալիս այս երկու հարցերին դրական պատասխան տալու։ Նա գրեց. «Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» (Հռոմեացիներ 12։21)։ Եթե վստահում ենք Եհովային և վճռել ենք թույլ չտալ, որ աշխարհը հաղթի մեզ, ապա չարը մեզ չի հաղթի։ «Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» արտահայտությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հաղթել չարին, եթե շարունակենք հոգևոր պայքար մղել նրա դեմ։ Այս ամբարիշտ աշխարհը և նրա չար իշխանը՝ Բանսարկու Սատանան, կհաղթեն միայն նրանց, ովքեր կորցնում են իրենց հոգևոր արթնությունը և դադարում պայքարելուց (1 Հովհաննես 5։19

2. Ինչո՞ւ արժե քննել որոշ իրադարձություններ Նեեմիայի կյանքից։

2 Պողոսի ժամանակներից մոտ 500 տարի առաջ Երուսաղեմում ապրող Աստծու ծառաներից մեկը իր կյանքով փաստեց, որ չարի դեմ պայքարելու վերաբերյալ Պողոսի խոսքերը ճշմարիտ են։ Այդ աստվածավախ մարդը՝ Նեեմիան, ոչ միայն դիմակայեց անաստված մարդկանց հակառակությանը, այլև բարիով հաղթեց չարին։ Ի՞նչ դժվարությունների նա դիմագրավեց։ Ի՞նչն օգնեց նրան հաղթանակած դուրս գալու դժվար իրավիճակներից։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար քննենք որոշ իրադարձություններ Նեեմիայի կյանքից։ *

3. Ի՞նչ միջավայրում էր ապրում Նեեմիան, և ի՞նչ մեծ գործ նա արեց։

3 Նեեմիան ծառայում էր Պարսկաստանի Արտաշես, կամ՝ Արտաքսերքսես թագավորի արքունիքում։ Թեև նա ապրում էր այլահավատ մարդկանց շրջապատում, սակայն «չընդունեց» իր օրերի «իրերի համակարգի կերպարանքը» (Հռոմեացիներ 12։2)։ Տեղեկանալով, որ ազգակիցները Հուդայում կարիքի մեջ են՝ նա թողեց հարմարավետ կյանքը, ձեռնարկեց դժվարին ճանապարհորդություն դեպի Երուսաղեմ և հանձն առավ քաղաքի պարիսպը վերակառուցելու հսկայական գործը (Հռոմեացիներ 12։1)։ Թեպետ Նեեմիան Երուսաղեմի կառավարիչն էր, նա մյուսների հետ տքնաջան աշխատում էր «արշալոյսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը»։ Շնորհիվ այս ամենի՝ շինարարությունն ավարտվեց ընդամենը երկու ամսում (Նէեմիա 4։21; 6։15)։ Եթե հաշվի առնենք, որ շինարարության ընթացքում իսրայելացիները զանազան հակառակությունների բախվեցին, ապա նրանց կատարածը, իրոք, կարելի է անվանել սխրագործություն։ Ովքե՞ր էին Նեեմիայի հակառակորդները, և ո՞րն էր նրանց նպատակը։

4. Ո՞րն էր Նեեմիայի հակառակորդների նպատակը։

4 Հիմնական հակառակորդները Սանաբաղատը, Տուբիան և Գեսամն էին՝ ազդեցիկ անձինք, որոնք ապրում էին իսրայելացիների հարևանությամբ։ Նրանք Աստծու ժողովրդի թշնամիներն էին, ուստի «խիստ շատ նեղացան [«նեղուեցան», ԱԱ], որ [Նեեմիան] եկել է Իսրայելի որդիների բարիքը ուզելու» (Նէեմիա 2։10, 19)։ Նեեմիայի թշնամիները վճռականորեն տրամադրված էին խափանելու նրա շինարարական ծրագրերը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լիներ նենգ դավեր նյութել։ Թույլ կտա՞ր Նեեմիան, որ ինքը «հաղթվեր չարից»։

«Բարկացաւ եւ շատ զայրացաւ»

5, 6. ա) Ինչպե՞ս վերաբերվեցին Նեեմիայի թշնամիները շինարարության գործին։ բ) Ինչո՞ւ Նեեմիան չվախեցավ հակառակորդներից։

5 Նեեմիան խիզախորեն իր ազգակիցներին հորդորեց. «Եկէք Երուսաղէմի պարիսպը շինենք»։ Նրանք պատասխանեցին՝ «շինենք»։ Ինչպես նշում է Նեեմիան, իսրայելացիներն «իրանց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար», սակայն հակառակորդները «ծաղր արին եւ.... արհամարհեցին եւ ասեցին. Սա ի՞նչ բան է որ անում էք. մի՞թէ ապստամբվում էք թագաւորի դէմ»։ Նեեմիային չվախեցրին նրանց ծաղրանքն ու անհիմն մեղադրանքները։ Նա հակառակորդներին ասաց. «Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք» (Նէեմիա 2։17–20)։ Նեեմիան վճռականորեն տրամադրված էր առաջ տանելու «բարի գործը»։

6 Այդ հակառակորդներից մեկը՝ Սանաբաղատը, «բարկացաւ եւ շատ զայրացաւ» և ուժեղացրեց վիրավորանքների տարափը։ «Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաներն,— ծաղրանքով ասաց նա։— Մի՞թէ կենդանացնելու են քարերը փոշիի դէզերից»։ Տուբիան էլ իր հերթին ծաղրեց՝ ասելով. «Եթէ նորանց շինածի վերայ մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կ’քանդէ» (Նէեմիա 4։1–3)։ Ինչպե՞ս արձագանքեց Նեեմիան։

7. Ինչպե՞ս Նեեմիան արձագանքեց հակառակորդների մեղադրանքներին։

7 Նեեմիան պարզապես անտեսեց նրանց ծաղրուծանակը։ Հետևելով Աստծու պատվերին՝ նա չցանկացավ չարին չարով հատուցել (Ղեւտացոց 19։18)։ Նեեմիան հարցի լուծումը թողեց Եհովային՝ աղոթելով. «Լսիր, ով մեր Աստուած, որ նախատուեցանք, եւ նորանց նախատինքը դարձրու նորանց գլխին» (Նէեմիա 4։4)։ Նա վստահ էր Եհովայի տված հավաստիացման մեջ. «Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը» (Բ Օրինաց 32։35)։ Նեեմիան շարունակեց ժողովրդի հետ «պարիսպը շինել»։ Նրանք թույլ չտվեցին, որ իրենց շեղեն այլ բաներով։ «Եւ բոլոր պարիսպը շրջափակուեցաւ մինչեւ կէսը. եւ ժողովուրդը սիրտ առաւ գործելու» (Նէեմիա 4։6)։ Ճշմարիտ երկրպագության թշնամիներին չհաջողվեց կանգնեցնել շինարարությունը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նեեմիային։

8. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նեեմիային, երբ հակառակորդները անհիմն կերպով մեղադրում են մեզ։ բ) Պատմե՛ք մի դեպք (անձամբ ձեզ հետ տեղի ունեցած կամ որը լսել եք), որը փաստում է չարին չարով չհատուցելու խելամտությունը։

8 Այսօր հակառակորդները՝ դպրոցում, աշխատավայրում և նույնիսկ տանը, գուցե մեզ ծաղրեն և անհիմն կերպով մեղադրեն։ Հաճախ նման մեղադրանքներին լավագույնս կարելի է պատասխանել՝ կիրառելով հետևյալ սուրբգրային սկզբունքը. «Կայ.... լռելու ժամանակ» (Ժողովող 3։1, 7)։ Ուստի Նեեմիայի պես՝ մենք խուսափում ենք կծու խոսքերով պատասխանելուց (Հռոմեացիներ 12։17)։ Փոխարենը՝ աղոթում ենք Աստծուն՝ վստահելով նրա տված հավաստիացմանը. «Ե՛ս կհատուցեմ» (Հռոմեացիներ 12։19; 1 Պետրոս 2։19, 20)։ Այդպիսով մենք թույլ չենք տալիս մեր հակառակորդներին շեղել մեզ այն գործից, որ մենք այսօր անում ենք՝ Աստծու Թագավորության բարի լուրի քարոզչությունն ու աշակերտներ պատրաստելու գործը (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Ամեն անգամ, երբ, չվախենալով հակառակությունից, մասնակցում ենք քարոզչությանը, մենք ցուցաբերում ենք այն նույն ոգին, որը ուներ Նեեմիան։

«Մենք կսպանենք ձեզ»

9. Նեեմիայի թշնամիներն ինչպե՞ս փորձեցին խանգարել գործին, և ինչպե՞ս վարվեց Նեեմիան։

9 Երբ Նեեմիայի օրերում ճշմարիտ երկրպագության հակառակորդները լսեցին, որ «Երուսաղէմի պարիսպները վերանորոգվում են», նրանք իրենց սրերը վերցրին, «որ գան Երուսաղէմի դէմ պատերազմեն»։ Հրեաների դրությունն անհուսալի էր թվում։ Հյուսիսում՝ սամարացիներն էին, արևելքում՝ ամմոնացիները, հարավում՝ արաբները, իսկ արևմուտքում՝ ազովտացիները։ Երուսաղեմը շրջապատված էր. թվում էր՝ շինարարները ծուղակի մեջ են։ Ի՞նչ էին անելու նրանք։ «Մենք աղօթք արինք մեր Աստուծուն»,— պատմում է Նեեմիան։ Թշնամիները սպառնացին. «Նորանց սպանենք եւ գործը խափանենք»։ Նեեմիան շինարարներին պատվիրեց պաշտպանել քաղաքը «իրանց սուրերովը, նիզակներովը եւ աղեղներովը»։ Իհարկե, մարդկային տեսանկյունից՝ փոքրաթիվ հրեաները անպաշտպան էին թշնամու մեծ ուժերի դիմաց։ Բայցևայնպես, Նեեմիան հորդորեց. «Մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը» (Նէեմիա 4։7–9, 11, 13, 14

10. ա) Ինչո՞ւ դեպքերի ընթացքը հանկարծակի փոխվեց Նեեմիայի օրերում։ բ) Ի՞նչ միջոցներ ձեռնարկեց Նեեմիան։

10 Սակայն դեպքերի ընթացքը հանկարծակի փոխվեց։ Թշնամիները դադարեցրին հարձակումը։ Ինչո՞ւ։ «Աստուած [ցրեց] նորանց խորհուրդը»,— գրում է Նեեմիան։ Այնուամենայնիվ, վերջինս գիտակցում էր, որ վտանգը դեռ չի անցել։ Ուստի նա, իմաստություն դրսևորելով, փոփոխություն կատարեց շինարարների աշխատելու ձևի մեջ։ Այդուհետ շինարարները «մէկ ձեռքովը գործն էին գործում, իսկ միւս ձեռքը զէնքն [էին] բռնած»։ Նեեմիան նաև նշանակեց մեկին, որը փող կհնչեցներ թշնամու հարձակման դեպքում և այդպիսով կզգուշացներ բոլորին։ Իսկ որ ամենակարևորն է, Նեեմիան ժողովրդին հավաստիացրեց. «Մեր Աստուածը պատերազմելու է մեզ համար» (Նէեմիա 4։15–20)։ Ոգևորված և հարձակմանը նախապատրաստված՝ շինարարները շարունակեցին իրենց աշխատանքը։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։

11. Ի՞նչն է ուժ տալիս ճշմարիտ քրիստոնյաներին դիմակայելու չարին այն երկրներում, որտեղ Թագավորության գործն արգելված է, և ինչպե՞ս են նրանք բարիով հաղթում չարին։

11 Երբեմն ճշմարիտ քրիստոնյաները դաժան հակառակության են բախվում։ Որոշ երկրներում ճշմարիտ երկրպագության մոլեռանդ հակառակորդները իրենցից մեծ ուժ են ներկայացնում։ Մարդկային տեսանկյունից՝ այդ երկրներում ապրող մեր հավատակիցները ոչ մի պաշտպանություն չունեն։ Սակայն նրանք վստահ են, որ «Աստված պատերազմելու է իրենց համար»։ Այո՛, ովքեր հալածվել են իրենց համոզմունքների համար, բազմիցս զգացել են, որ Եհովան պատասխանում է իրենց աղոթքներին և «ցրում է զորեղ թշնամիների խորհուրդը»։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ Թագավորության գործն արգելված է, քրիստոնյաները հնարավորություններ են գտնում քարոզելու բարի լուրը։ Ճիշտ ինչպես որ Երուսաղեմում շինարարները որոշակի փոփոխություններ կատարեցին իրենց աշխատելու ձևի մեջ, այնպես էլ այսօր Եհովայի վկաները, շրջահայացություն դրսևորելով, հալածանքի ներքո փոփոխում են իրենց քարոզչական մեթոդները։ Ինչ խոսք, նրանք բառացիորեն զենք չեն օգտագործում (2 Կորնթացիներ 10։4)։ Նույնիսկ եթե ֆիզիկական առումով վտանգ է սպառնում, նրանք չեն դադարեցնում քարոզչությունը (1 Պետրոս 4։16)։ Մեր այդ քաջ եղբայրներն ու քույրերը «շարունակում են բարիո՛վ հաղթել չարին»։

«Եկ միասին տեսակցուինք»

12, 13. ա) Ի՞նչ քայլի դիմեցին Նեեմիայի թշնամիները։ բ) Ինչո՞ւ Նեեմիան հրաժարվեց հանդիպել թշնամիների հետ։

12 Այն բանից հետո, երբ Նեեմիայի թշնամիները հասկացան, որ բացեիբաց հալածանքը ոչ մի արդյունք չի բերում, դիմեցին հակառակության ավելի խորամանկ ձևերի։ Նրանք դա արեցին երեք կերպով։ Որո՞նք են դրանք։

13 Առաջին՝ թշնամիները փորձեցին խաբել Նեեմիային։ Նրանք ասացին. «Եկ միասին տեսակցուինք Ովնովի դաշտումը՝ գիւղերումը»։ Ովնովը գտնվում էր Երուսաղեմի և Սամարիայի միջև։ Թշնամիները մտածում էին, որ այնտեղ՝ կես ճանապարհին, կհանդիպեն Նեեմիային և կլուծեն տարաձայնությունները։ Նեեմիան կարող էր մտածել. «Խելացի առաջարկ է։ Ավելի լավ է բանակցել, քան թե կռվել»։ Բայց նա մերժեց այդ առաջարկը։ Նեեմիան բացատրում է. «Նորանք մտածում էին որ ինձ չարութիւն անեն»։ Նա գլխի ընկավ, թե իրականում ինչ մտադրություն ուներ թշնամին, և չխաբվեց։ Նեեմիան չորս անգամ իր հակառակորդներին ասաց. «Չեմ կարող իջնել. ի՞նչու համար գործը դադարէ, երբոր ես ձգեմ նորան եւ իջնեմ ձեզ մօտ»։ Թշնամուն չհաջողվեց դրդել նրան զիջումների գնալու։ Վերջինս շարունակեց իր ուշադրությունը կենտրոնացած պահել շինարարության վրա (Նէեմիա 6։1–4

14. Ինչպե՞ս Նեեմիան արձագանքեց կեղծ մեղադրանքներին։

14 Երկրորդ՝ Նեեմիայի թշնամիները սկսեցին սուտ լուրեր տարածել՝ մեղադրելով նրան, թե «խորհում է ապստամբել» Արտաշես թագավորի դեմ։ Նրանք կրկին Նեեմիային ասացին. «Եկ միասին տեսակցուինք»։ Նեեմիան դարձյալ հրաժարվեց, քանի որ հասկացավ թշնամու մտադրությունը։ Նա բացատրում է. «Նորանք ամենքը մեզ վախեցնում էին, ասելով՝ Նորանց ձեռքերը կ’թուլանայ այդ գործիցը եւ չի կատարուիլ»։ Այս անգամ, սակայն, Նեեմիան հերքեց նրանց մեղադրանքները՝ ասելով. «Այդպիսի բաներ չ’կան, որ դու ասում ես. այլ դու քո սրտիցն ես հնարել դորան»։ Բացի այդ, Նեեմիան օգնության համար դիմեց Եհովային՝ աղոթելով. «Զօրացրու իմ ձեռքերը»։ Նա վստահ էր, որ Եհովայի օգնությամբ կկարողանա խափանել այդ նենգ դավադրությունը և առաջ տանել շինարարության գործը (Նէեմիա 6։5–9

15. Ի՞նչ խորհուրդ տվեց մի կեղծ մարգարե, և ինչո՞ւ Նեեմիան չհետևեց այդ խորհրդին։

15 Երրորդ՝ թշնամիները մի դավաճանի՝ իսրայելացի Սեմայիայի միջոցով փորձեցին այնպես անել, որ Նեեմիան խախտի Աստծու Օրենքը։ Սեմայիան նրան ասաց. «Գնանք միասին Աստուծոյ տունը՝ տաճարը եւ տաճարի դռները գոցենք. որովհետեւ գալիս են որ քեզ սպանեն»։ Նա ասաց, որ Նեեմիային ուր որ է կսպանեն, բայց եթե նա թաքնվի տաճարում, կկարողանա փրկվել։ Նեեմիան քահանա չէր, ուստի մեղք գործած կլիներ, եթե թաքնվեր Աստծու տանը։ Կխախտե՞ր նա Աստծու Օրենքը, որպեսզի փրկեր իր կյանքը։ Նեեմիան Սեմայիային պատասխանեց. «Մի՞թէ ինձ նման մարդը կ’փախչի. եւ ինձ նման ո՞րը կ’գնայ տաճարը որ ողջ մնայ. ես չեմ գնալ»։ Ինչո՞ւ նա չընկավ այն ծուղակը, որ լարել էին իր համար։ Որովհետև գիտեր, որ թեև Սեմայիան իսրայելացի է, սակայն «Աստուած չէր նորան ուղարկել»։ Ի վերջո, ճշմարիտ մարգարեն երբեք նրան խորհուրդ չէր տա խախտել Աստծու Օրենքը։ Կրկին Նեեմիան թույլ չտվեց, որ չար հակառակորդները հաղթեն իրեն։ Կարճ ժամանակ անց նա կարողացավ ասել. «Եւ պարիսպը լրացաւ Իլուլի քսանեւհինգին՝ յիսունեւերկու օրուայ մէջ» (Նէեմիա 6։10–15; Թուոց 1։51; 18։7

16. ա) Ինչպե՞ս պետք է վարվենք կեղծ ընկերների, կեղծ մեղադրողների և կեղծ եղբայրների հետ։ բ) Ինչպե՞ս ես ցույց տալիս, որ զիջումների չես գնա համոզմունքների հարցում տանը, դպրոցում կամ աշխատանքի վայրում։

16 Ինչպես Նեեմիան, այնպես էլ մենք հակառակությունների ենք բախվում կեղծ ընկերների, կեղծ մեղադրողների և կեղծ եղբայրների կողմից։ Որոշ անհատներ գուցե ցանկանան «տեսակցել» մեզ։ Թերևս նրանք փորձեն համոզել, որ եթե Եհովային ծառայենք ավելի քիչ եռանդով, ապա կկարողանանք աշխարհում որոշակի նպատակների հասնել։ Այնուամենայնիվ, քանի որ Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղն է զբաղեցնում, մենք զիջումների չենք գնում (Մատթեոս 6։33; Ղուկաս 9։57–62)։ Հակառակորդները նաև մեր մասին կեղծ մեղադրանքներ են տարածում։ Որոշ երկրներում մեզ մեղադրում են, թե վտանգ ենք ներկայացնում պետության համար, ճիշտ ինչպես որ Նեեմիային էին մեղադրում թագավորի դեմ ապստամբելու մեջ։ Որոշ մեղադրանքներ հերքվել են դատարաններում։ Բայց անկախ այն բանից, թե յուրաքանչյուր դատական գործ ինչպես կավարտվի՝ մենք վստահությամբ աղոթում ենք, որ Եհովան առաջնորդություն տա իր կամքի համաձայն (Փիլիպպեցիներ 1։7)։ Հակառակություն կարող է գալ նաև նրանցից, ովքեր ձևացնում են, թե ծառայում են Եհովային։ Ինչպես որ Նեեմիայի հայրենակիցներից մեկը փորձեց դրդել նրան խախտելու Աստծու Օրենքը՝ իր կյանքը փրկելու համար, այդպես էլ այն Վկաները, ովքեր դարձել են հավատուրաց, գուցե փորձեն դրդել մեզ զիջումների գնալու որևէ հարցում։ Բայցևայնպես, մենք մերժում ենք հավատուրացներին, քանի որ գիտենք, որ կփրկվենք ոչ թե Աստծու օրենքները խախտելով, այլ դրանք պահելով (1 Հովհաննես 4։1)։ Այո՛, Եհովայի օգնությամբ մենք կարող ենք հաղթանակ տանել չարության ցանկացած դրսևորման դեմ։

Հռչակում ենք բարի լուրը՝ չնայած չարությանը

17, 18. ա) Ինչի՞ են փորձում հասնել Սատանան և նրա ներկայացուցիչները։ բ) Ի՞նչ ես վճռել անել և ինչո՞ւ։

17 Աստծու Խոսքը Քրիստոսի օծյալ եղբայրների վերաբերյալ ասում է. «Նրանք հաղթեցին [Սատանային].... իրենց վկայության խոսքով» (Հայտնություն 12։11)։ Ուղղակի կապ գոյություն ունի Սատանային, այսինքն՝ չարության աղբյուրին հաղթելու և Թագավորության պատգամը քարոզելու միջև։ Զարմանալի չէ, որ Սատանան անգթորեն հարձակվում է օծյալ մնացորդի և «մեծ բազմության» վրա՝ նրանց դեմ հակառակություն հրահրելով (Հայտնություն 7։9; 12։17

18 Ինչպես տեսանք, հակառակությունը կարող է լինել վիրավորանքների, ֆիզիկական բռնության, ինչպես նաև թաքնված ձևերով։ Ամեն դեպքում, Սատանայի նպատակը նույնն է. դադարեցնել քարոզչական գործը։ Սակայն նա ոչ մի հաջողության չի հասնի, քանի որ Նեեմիայի պես՝ Աստծու ծառաները վճռել են «բարիո՛վ հաղթել չարին»։ Նրանք դա կանեն՝ քարոզելով բարի լուրը այնքան ժամանակ, մինչև որ Եհովան ասի՝ բավական է (Մարկոս 13։10; Հռոմեացիներ 8։31; Փիլիպպեցիներ 1։27, 28

[ծանոթագրություն]

^ պարբ. 2 Այդ իրադարձությունները լիովին պատկերացնելու համար կարդա՛ Նէեմիա 1։1–4; 2։1–6, 9–20; 4։1–23; 6։1–15 համարները։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ հակառակության են բախվել Աստծու ծառաներն անցյալում և այսօր։

• Ո՞րն էր Նեեմիայի թշնամիների հիմնական նպատակը, և ո՞րն է Աստծու թշնամիների նպատակն այսօր։

• Այսօր ինչպե՞ս ենք բարիով հաղթում չարին։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[շրջանակ/նկար 29–րդ էջի վրա]

Դասեր «Նէեմիա» գրքից

Աստծու ծառաները բախվում են

• ծաղրանքի,

• սպառնալիքների,

• խաբեության։

Խաբեությունը գալիս է

• կեղծ ընկերներից,

• կեղծ մեղադրողներից,

• կեղծ եղբայրներից։

Աստծու ծառաները հաղթում են չարին՝

• կառչած մնալով Աստծու տված հանձնարարությանը։

[նկար 27–րդ էջի վրա]

Նեեմիան և նրա համագործակիցները վերակառուցեցին Երուսաղեմի պարիսպը՝ չնայած կատաղի հակառակությանը

[նկար 31–րդ էջի վրա]

Ճշմարիտ քրիստոնյաները անվախորեն քարոզում են բարի լուրը