Ծառայել օտարալեզու ժողովում
Ծառայել օտարալեզու ժողովում
ՀՈՎՀԱՆՆԵՍ առաքյալը գրել է. «Տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» (Յայտնութիւն 14։6)։ Ի կատարումն մարգարեական այս տեսիլքի՝ Աստծու Թագավորության բարի լուրը ամբողջ աշխարհում քարոզվում է բոլոր լեզուներով։ Այդ լեզուներից շատերով խոսում են ներգաղթյալները, որոնք հեռու են ապրում իրենց հայրենիքից։ Նրանք նույնպես լսում են բարի լուրը այն եռանդուն Եհովայի վկաներից, որոնք օտար լեզու են սովորել։
Դու է՞լ ես գտնվում այն Վկաների թվում, որոնք օտարալեզու ժողովում ծառայում են։ Թե՞ մտածում ես այդպիսի ժողովում ծառայելու մասին։ Որպեսզի հաջողության հասնես, պետք է ունենաս անշահախնդիր մղումներ և ճիշտ մտավիճակ։ Քանի որ քո նպատակն է օգնել ուրիշներին սովորել Աստվածաշնչի ճշմարտությունը, լավագույն մղումը, որ կարող ես ունենալ, սերն է Աստծու և մերձավորի հանդեպ (Մատթէոս 22։37–39; Ա Կորնթացիս 13։1)։ Աստծուն ճանաչելու հարցում ուրիշներին օգնելու ցանկությունը ավելի զորեղ մղում է, քան այլազգի մարդկանց հետ ընկերակցելու, նրանց կերակուրը վայելելու և նրանց մշակույթին ծանոթանալու ցանկությունը։ Արդյո՞ք օտար լեզու սովորելը անհասանելի նպատակ է քեզ համար։ Եթե այդպես է, ապա ճիշտ տեսակետ ունենալը կօգնի քեզ։ Ջեյմսը, որը ճապոներեն է սովորել, ասում է. «Թույլ մի տուր, որ լեզու սովորելը վհատեցնի քեզ»։ Այն բանի գիտակցումը, որ շատ շատերին դա հաջողվել է, կարող է օգնել քեզ դրական տրամադրվածություն զարգացնել և պահպանել։ Հետևաբար ինչպե՞ս կարող ես նոր լեզու սովորել։ Ի՞նչը կօգնի քեզ հարմարվել օտար լեզվով խոսող ժողովին։ Եվ ի՞նչ է հարկավոր անել հոգևորապես ամուր մնալու համար։
Ջանքեր թափիր լեզու սովորելու համար
Լեզու սովորելու շատ կերպեր կան։ Այս հարցում ուսանողների և ուսուցիչների նախասիրությունները տարբեր են։ Սակայն ուսանողներից շատերի համար որակյալ ուսուցիչների կողմից անցկացվող մի քանի դասընթացների մասնակցելը ավելի է արագացնում և հեշտացնում ուսումնասիրության պրոցեսը։ Նոր լեզվով Աստվածաշունչ ու աստվածաշնչյան հրատարակություններ ընթերցելը և քեզ հասանելի ցանկացած ձայնագրություն լսելը կօգնի հարստացնել բառապաշարդ և ընդլայնել աստվածապետական արտահայտությունների քո իմացությունը։ Ռադիոն, հեռուստատեսությունը և պատշաճ բովանդակություն ունեցող տեսաֆիլմերը նույնպես կարող են օգնել քեզ ընդլայնելու քո գիտելիքները տվյալ լեզվի և մշակույթի մասին։ Ինչ վերաբերում է այն բանին, թե որքան երկար պետք է տևեն դասընթացները, ապա պետք է նշել, որ ավելի արդյունավետ է ուսումնասիրել քիչ–քիչ, բայց ամեն օր, քան երկար և հոգնեցուցիչ դասընթացների մասնակցել, բայց ուշ–ուշ։
Լեզու սովորելը կարելի է համեմատել լողալ սովորելու հետ։ Պարզապես գիրք կարդալով՝ լողալ չես սովորի։ Դու պետք է ջուրը մտնես և փորձես լողալ։ Այդպես է նաև լեզու սովորելը։ Դժվար է լեզու սովորել միայն ուսումնասիրելով։ Ուստի ամեն հարմար առիթի դեպքում հաղորդակցվիր մարդկանց հետ, լսիր, թե ինչպես են նրանք խոսում, նաև անպայման ինքդ խոսիր։ Այդ նպատակին հասնելու համար քրիստոնեական ծառայությունը հրաշալի հնարավորություն է տալիս։ Հաճախ դու կարող ես անմիջապես կիրառել սովորածդ ծառայության մեջ։ Միդորին, որը չինարեն է
սովորել, նշում է. «Դա գուցե վախեցնող թվա, սակայն տանտերերը կտեսնեն, որ մենք՝ Վկաներս, մեծ ջանքեր ենք թափում։ Դա կարող է այնպես տպավորել մարդկանց, որ նրանք ցանկանան լսել մեզ։ Բավական է նրանց լեզվով ասել՝ «ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ», և նրանց աչքերը սկսում են փայլել»։Մեծ օգնություն մեզ համար կարող են լինել նաև ժողովի հանդիպումները։ Ամեն հանդիպմանը ձգտիր առնվազն մեկ մեկնաբանություն տալ։ Սկզբում գուցե վախենաս, սակայն մի անհանգստացիր։ Ժողովի անդամները ցանկանում են, որ դու հաջողությունների հասնես։ Մոնեֆան, որը կորեերեն է սովորում, ասում է. «Ես անչափ երախտապարտ եմ այն քրոջը, որը հանդիպումների ժամանակ նստում է իմ կողքին և ինձ համար գրում որոշ խոսքերի նշանակությունը։ Նա բարյացակամորեն և համբերատարությամբ օգնում է ինձ»։ Երբ հարստանում է քո բառապաշարը, կարող ես սկսել մտածել օտար լեզվով՝ մտովի կապելով բառերը իրենց նշանակությունների հետ և ոչ թե յուրաքանչյուր բառ մտքում թարգմանել։
Լեզու սովորելու հետ կապված քո նպատակը պետք է լինի այն, որ խոսքդ հեշտությամբ հասկացվի (Ա Կորնթացիս 14։8–11)։ Չնայած որ մարդիկ կարող են ըմբռնումով մոտենալ, սակայն սխալներով և օտար առոգանությամբ խոսելը կարող է խանգարել նրանց՝ լսելու բարի լուրը։ Հենց սկզբից ճիշտ արտասանությանն ու քերականությանը ուշադրություն դարձնելով՝ կկարողանաք խուսափել արտասանության հետ կապված սխալ սովորություններ ձեռք բերելուց, որոնցից հետագայում դժվար կլինի ձերբազատվել։ Մարկը, որը սվահիլի լեզուն է սովորել, խորհուրդ է տալիս. «Հարցրու այն անհատներին, ովքեր լավ են խոսում այդ լեզվով, որպեսզի ուղղեն կոպիտ սխալները, և շնորհակալություն հայտնիր նրանց»։ Իհարկե, հարկավոր է հաշվի առնել, որ նրանք, ովքեր օգնում են քեզ, ժամանակ և էներգիա են ծախսում։ Կարող ես խնդրել որևէ մեկին ստուգել գրառումներդ, նաև փորձել պատրաստել քո ելույթներն ու մեկնաբանությունները՝ օգտագործելով այն բառերը, որոնք արդեն քեզ ծանոթ են կամ գտել ես բառարանում։ Այդպես դու կկարողանաս ավելի արագ սովորել և խոսել վստահությամբ։
Շարունակիր առաջադիմել
«Օտար լեզու սովորելը ամենադժվար գործն է եղել, որ ես երբևէ ձեռնարկել եմ,— ասում է Մոնեֆան։— Եղել են պահեր, որ ցանկացել եմ դադարեցնել։ Բայց հիշում էի, թե որքան հաճելի էր Աստվածաշունչ ուսումնասիրողների համար լսել հոգևոր խոր ճշմարտությունները, որոնք ես ներկայացնում էի կորեերեն լեզվի իմ մակերեսային իմացությամբ, և թե որքան էին եղբայրները ուրախանում, երբ մի փոքր առաջադիմում էի»։ Կարևորն այն է, որ չհանձնվես։ Իրականում քո նպատակն է կարողանալ կյանք փրկող հոգևոր ճշմարտությունները սովորեցնել ուրիշներին (Ա Կորնթացիս 2։10)։ Հետևաբար օտար լեզվով Աստվածաշնչի ճշմարտությունները ուրիշներին սովորեցնելը նպատակաուղղված, երկարատև ջանքեր է պահանջում։ Սակայն մինչ շարունակում ես առաջադիմել, քեզ անտեղի մի համեմատիր ուրիշների հետ։ Նոր լեզու սովորողների առաջադիմությունը տարբեր աստիճանի և տարբեր կերպերի է լինում։ Օգտակար կլինի նկատել քո սեփական առաջադիմությունը (Գաղատացիս 6։4)։ Ջունը, որ չինարեն է սովորել, ասում է. «Լեզու սովորելը նման է աստիճաններով բարձրանալուն. այն պահին, երբ զգում ես, որ չես բարելավվում, հանկարծ հասկանում ես, որ բավականին առաջադիմել ես»։
Նոր լեզու սովորելը նման է հարատև ընթացքի։ Հետևաբար բավականություն ստացիր այդ Սաղմոս 100։2)։ Սխալներն անխուսափելի են։ Դրանք ուսումնասիրության պրոցեսի անբաժանելի մասն են կազմում։ Օրինակ՝ մի քրիստոնյա, որը սկսեց քարոզել իտալերենով, հարցրեց տանտիրոջը. «Գիտե՞ք, թե որն է կյանքի ցախավելը»։ Սակայն նա ուզում էր ասել՝ «կյանքի իմաստը»։ Իսկ մի Վկա, որը լեհերեն էր սովորում, հրավիրեց ժողովի անդամներին երգել շունը, փոխանակ ասելու՝ երգը։ Չինարեն սովորող մի անձնավորություն էլ, ուշադրություն չդարձնելով առոգանությանը, խրախուսեց իր ունկնդիրներին հավատ ընծայել Հիսուսի գրապահարանին, փոխանակ ասելու՝ փրկանքին։ Սխալների դրական կողմն այն է, որ դրանք օգնում են քեզ չմոռանալ բառերի ճիշտ արտասանությունը։
ճանապարհորդությունից և կատարելություն մի ակնկալիր քեզանից (Համագործակցիր ժողովի հետ
Միայն լեզվական տարբերությունները չէ, որ բաժանում են մարդկանց։ Մշակութային, ռասայական և ազգային տարբերությունները հաճախ ավելի շատ են բաժանում մարդկանց։ Սակայն այդ խոչընդոտները անհաղթահարելի չեն։ Մի աստվածաշնչագետ, որը ուսումնասիրում էր չինարեն լեզվով խոսող կրոնական խմբերը, նկատեց, որ «ազգային տարբերությունները Եհովայի վկաների համար արգելք չեն»։ Նա նաև նշեց, որ «Վկաների համար նշանակություն չունի ռասայական պատկանելությունը, իսկ լեզուն պարզապես միջոց է Աստծու խոսքը հասկանալու համար»։ Իրականում, Աստվածաշնչի սկզբունքները կիրառելն է օգնում ճշմարիտ քրիստոնյաներին հաղթահարել ազգային խտրականությունը։ Նրանց համար, ովքեր հագնում են «նոր մարդը.... ոչ Յոյն կայ.... ոչ Հրէայ, [և ոչ] խուժ դուժ [«օտարական», ՆԱ]» (Կողոսացիս 3։10, 11)։
Ժողովի բոլոր անդամները պետք է նպաստեն միասնությանը։ Դրա համար պահանջվում է պատրաստակամորեն որդեգրել նոր մտածելակերպ, ընկալունակություն և վարվելակերպ։ Դու կարող ես թույլ չտալ, որ ազգային տարբերությունները պառակտիչ ազդեցություն գործեն, եթե անտեղի ուշադրություն չդարձնես անձնական նախասիրություններիդ (Ա Կորնթացիս 1։10; 9։19–23)։ Սովորիր տեսնել բոլոր մշակույթների լավագույն կողմերը։ Հիշիր, լավ փոխհարաբերությունների և իսկական միասնության բանալին անշահախնդիր սերն է։
Շատ օտարալեզու ժողովներ կազմվում են փոքր խմբերից, որոնք բաղկացած են լինում այն անհատներից, ովքեր օտար լեզու են սովորել, նաև նրանցից, ովքեր վերջերս են սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը։ Հետևաբար ավելի հավանական է, որ անհամաձայնություններ լինեն հենց այսպիսի խմբերում, քան մեծ ժողովներում։ Սակայն հասուն քրիստոնյաները պետք է ձգտեն նպաստել ժողովի կայունությանը։ Խոսքով ու գործով սեր և բարություն դրսևորելը կնպաստի առողջ միջավայրին, որի մեջ նոր անհատները կարող են հոգևորապես աճել։
Նրանք, ովքեր ցանկանում են օգնել որևէ օտարալեզու ժողովի, պետք է նաև հավասարակշռված լինեն այն հարցում, թե ինչ են ակնկալում ուրիշներից։ Ռիկը, որը ծառայում է այդպիսի ժողովում որպես երեց, ասում է. «Որոշ նոր Վկաներ գուցե այդքան էլ լավ կազմակերպչական հմտություններ չունենան, ինչպես տեղի ժողովների Վկաները։ Սակայն դրա պակասը նրանք հաճախ փոխհատուցում են այնպիսի հատկություններով, ինչպիսիք են՝ սերը և խանդավառությունը, որոնց շնորհիվ շատ հետաքրքրվող անհատներ ընդունում են ճշմարտությունը»։ Ժողովի հանդիպումներին, ինչպես նաև ժողովի գործունեությանը միշտ մասնակցելով և անելով քո լավագույնը՝ դու իրոք օգուտներ կբերես ժողովի անդամներին նույնիսկ այն դեպքում, երբ շարունակում ես լեզու սովորել։ Միասին համագործակցելով՝ բոլորը կարող են աջակցել ժողովի հոգևոր առաջխաղացմանը։
Հոգևորապես ամուր մնա
Մի եղբայր, որը վերջերս էր օտարալեզու ժողով տեղափոխվել, պատահմամբ լսել էր, թե մի մայր ինչպես է օգնում իր երեխային մեկնաբանություն պատրաստել. «Մայրիկ, չե՞մ կարող ավելի կարճ պատասխան տալ»,— հարցրեց երեխան։ Իսկ մայրը պատասխանեց. «Ոչ, սիրելիս, մենք պետք է կարճ պատասխանները թողնենք նոր լեզու սովորողների համար»։
Անհատը, որը ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ չի կարողանում հեշտությամբ հաղորդակցվել, կարող է մտավոր, էմոցիոնալ և հոգևոր առումով ընկճվել։ Ջանեթը, որն այժմ ազատ խոսում է իսպաներեն լեզվով, մտաբերում է. «Ես հեշտությամբ ընկճվում էի իմ սահմանափակ կարողությունների պատճառով»։ Հիրոկոն, որը անգլերեն է սովորել, նշում է. «Նույնիսկ շրջապատի
շներն ու կատուները անգլերեն ինձանից ավելի լավ էին հասկանում»։ Իսկ Քեթին ասում է. «Նախքան իսպանական ժողով տեղափոխվելը ես ունեի մի քանի Աստվածաշնչի ուսումնասիրություններ և մի ամբողջ տետր՝ լի կրկնակի այցելություններով, իսկ հիմա դրանցից և ոչ մեկը չունեմ։ Ինձ թվում էր, թե ես ոչինչ չեմ անում»։Ահա այստեղ է շատ կարևոր դրական տրամադրվածություն ունենալը։ Հիրոկոն, երբ սկսում էր ընկճվել, մտածում էր. «Եթե ուրիշները կարող են սովորել օտար լեզու, ուրեմն ես էլ կարող եմ»։ Քեթին ասում է. «Ես մտածում էի ամուսնուս օրինակի մասին, որը լավ առաջադիմություններ էր կատարում լեզու սովորելու հարցում, և այնքան շատ գործ անում ժողովում։ Դա օգնեց ինձ հաղթահարել սկզբում ունեցած իմ դժվարությունները և առաջադիմել։ Չնայած դեռ շատ բան կա անելու, սակայն ես շարունակաբար բարելավում եմ քարոզելու և ուսուցանելու իմ ընդունակությունները և դրանից ուրախություն եմ ստանում։ Նրա ամուսինը՝ Ջեֆը, ավելացնում է. «Դու կարող ես վհատվել, երբ չես հասկանում ամեն ինչ, որ ասվում է հայտարարությունների բաժնում և երեցների հանդիպումներին։ Ես պետք է անկեղծ ու խոնարհ լինեմ, որպեսզի հարցնեմ եղբայրներին մանրամասնությունների մասին, նրանք էլ իրենց հերթին միշտ ուրախ են ինձ օգնելու»։
Որպեսզի օտարալեզու ժողովի հետ համագործակցելիս ուժասպառ չլինես, պետք է նախապատվությունը տաս քո հոգևոր առողջությանը (Մատթէոս 5։3)։ Կազույուկին, որը երկար տարիներ ծառայել է պորտուգալական դաշտում, ասում է. «Շատ կարևոր է, որ մենք ստանանք անհրաժեշտ հոգևոր սնունդը։ Ահա թե ինչու ենք մենք ամբողջ ընտանիքով ուսումնասիրում և պատրաստվում ժողովի հանդիպումներին մեր մայրենի լեզվով, ինչպես նաև պորտուգալերենով»։ Ոմանք էլ ժամանակ առ ժամանակ հաճախում են իրենց հարազատ լեզվով անցկացվող ժողովի հանդիպումներին։ Նաև կարևոր է բավականաչափ ժամանակ տրամադրել հանգստին (Մարկոս 6։31)։
Հաշվիր ծախսերը
Եթե մտածում ես օտարալեզու ժողով տեղափոխվելու մասին, ապա պետք է ամեն ինչ ծանրութեթև անես (Ղուկաս 14։28)։ Դա նշանակում է, որ պետք է հաշվի առնես երկու շատ կարևոր գործոն՝ քո հոգևոր վիճակը և Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունները։ Աղոթիր դրա մասին Եհովային։ Հաշվի առ նաև կողակցիդ և երեխաներիդ կարծիքը։ Հարցրու ինքդ քեզ. «Ներո՞ւմ են արդյոք հանգամանքներս կամ ունե՞մ արդյոք այնպիսի հոգևոր և էմոցիոնալ ուժեր, որպեսզի նման երկարատև ծրագիր ձեռնարկեմ»։ Հոգևոր առումով քո ընտանիքի անդամների և քեզ համար լավագույնն անելը իմաստուն քայլ է։ Որտեղ էլ որ ծառայես որպես Թագավորության բարի լուրի քարոզիչ, կարող ես շատ բան անել և դրա հետ մեկտեղ մեծ ուրախություն ստանալ։
Սակայն նրանք, ովքեր կարող են ծառայել օտարալեզու ժողովում, մեծ օրհնություններ կունենան։ Բարբարան, որն իր ամուսնու հետ տեղափոխվել է իսպանական ժողով, ասում է. «Օտարալեզու ժողովում ծառայելը իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է եղել։ Կարծես կրկին ճշմարտության մասին սովորես։ Ես այնքան ուրախ եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն է ընձեռվել, հատկապես այն պատճառով, որ մենք չենք կարող ծառայել որպես միսիոներներ ուրիշ երկրում»։
Ամբողջ աշխարհում տարբեր տարիքի հազարավոր մարդիկ հաղթահարում են օտար լեզու սովորելու հետ կապված խոչընդոտները, որպեսզի քարոզեն բարի լուրը։ Եթե դու դրանցից մեկն ես, ապա մաքուր մղումներ և դրական տրամադրվածություն պահպանիր։ Եվ ամենակարևորը, վստահ եղիր, որ Եհովան կօրհնի քո ջանքերը (Բ Կորնթացիս 4։7)։
[նկար 18-րդ էջի վրա]
Եթե քեզ դասավանդում է որակյալ ուսուցիչ, ապա լեզվի դասընթացները կընթանան ավելի արագ և ավելի հեշտ
[նկար 20-րդ էջի վրա]
Եթե օտար լեզու ես սովորում, քո հոգևոր առողջությունը չպետք է տուժի