Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

‘Գնացեք’ և աշակերտներ պատրաստեք

‘Գնացեք’ և աշակերտներ պատրաստեք

‘Գնացեք’ և աշակերտներ պատրաստեք

«Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. ուրեմն գնացէք.... աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ]» (Մատթէոս 28։18,19

1, 2. ա) Ի՞նչ հանձնարարություն Հիսուսը տվեց իր հետևորդներին։ բ) Հիսուսի պատվերների հետ կապված ի՞նչ հարցեր կքննարկենք։

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ մ.թ. 33–ի գարնանային օրերից մեկն էր։ Հիսուսի աշակերտները հավաքվել էին Գալիլեայի սարերից մեկի վրա։ Նրանց հարություն առած Տերը ուր որ է պետք է երկինք համբարձվեր, բայց մինչ այդ նա ուզում էր մի կարևոր բան ասել։ Հիսուսը մտադիր էր մի հանձնարարություն տալ նրանց։ Ի՞նչ հանձնարարություն։ Ինչպե՞ս աշակերտները արձագանքեցին։ Իսկ ինչպե՞ս է այդ հանձնարարությունը առնչվում մեզ։

2 Այն, ինչ Հիսուսն ասաց, գրված է Մատթէոս 28։18–20-ում. «Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ], նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը»։ Հիսուսն այս խոսքերում նշեց «ամեն իշխանութիւնն», «բոլոր ազգերը», «ամեն ինչ» և «ամեն օր» արտահայտությունները։ Նրա այս պատվերները առաջ են քաշում մի քանի կարևոր հարցեր, որոնք կարելի է ամփոփել «ինչո՞ւ», «որտե՞ղ», «ի՞նչ» և «ե՞րբ» բառերով։ Եկեք այս հարցերից յուրաքանչյուրը քննենք առանձին–​առանձին։ *

«Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ»

3. Ինչո՞ւ պետք է ենթարկվենք աշակերտ պատրաստելու պատվերին։

3 Առաջին՝ ինչո՞ւ մենք պետք է ենթարկվենք ‘աշակերտ դարձնելու’, կամ՝ պատրաստելու պատվերին։ Հիսուսն ասաց. «Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. ուրեմն գնացէք.... աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ]»։ «Ուրեմն» բառը մատնանշում է մի հիմնական պատճառ, թե ինչու պետք է ենթարկվենք այդ պատվերին։ Դա այն է, որ Հիսուսը՝ այդ պատվերը տվողը, ունի «ամեն իշխանութիւնն»։ Իսկ որքա՞ն մեծ է նրա իշխանությունը։

4. ա) Որքա՞ն մեծ է Հիսուսի իշխանությունը։ բ) Գիտակցելով, թե ի՛նչ իշխանության տեր է Հիսուսը՝ ինչպե՞ս պետք է արձագանքենք աշակերտներ պատրաստելու պատվերին։

4 Հիսուսը իշխանություն ունի իր ժողովի վրա, իսկ սկսած 1914 թ.–ից՝ նա իշխանություն ունի Աստծո նորահաստատ Թագավորության վրա (Կողոսացիս 1։13; Յայտնութիւն 11։15)։ Նա հրեշտակապետ է ու որպես այդպիսին երկնքում իր իշխանության ներքո ունի հարյուր միլիոնավոր հրեշտակներից բաղկացած բանակ (Ա Թեսաղոնիկեցիս 4։15; Ա Պետրոս 3։22; Յայտնութիւն 19։14–16)։ Հիսուսի Հայրը նրան արտոնել է ոչնչացնել «ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը», որ ընդդիմանում է իր արդար սկզբունքներին (Ա Կորնթացիս 15։24–26; Եփեսացիս 1։20–23)։ Սակայն Հիսուսի իշխանությունը չի սահմանափակվում միայն կենդանի էակներով։ Նա նաև ‘դատավոր’ է «մեռելներին եւ կենդանիներին» և ունի աստվածատուր զորություն հարություն տալու նրանց, ովքեր քնած են մահվան քնով (Գործք 10։42; Յովհաննէս 5։26–28)։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նման վիթխարի իշխանություն ունեցողի պատվերը ծայրաստիճան կարևորություն ունի։ Ուստի մենք պատկառանքով ու պատրաստակամորեն հնազանդվում ենք Քրիստոսի պատվերին՝ գնալ ու աշակերտներ պատրաստել։

5. ա) Ինչպե՞ս Պետրոսը հնազանդվեց Հիսուսի խոսքերին։ բ) Ի՞նչ օրհնություն ստացավ Պետրոսը՝ հետևելով Հիսուսի հրահանգներին։

5 Երկրային ծառայության վաղ շրջանում Հիսուսն իր աշակերտներին բավական ուշագրավ ձևով սովորեցրեց, որ իր իշխանությունը ճանաչելը ու իր պատվերներին հնազանդվելը օրհնություններ է բերում։ Մի անգամ նա Պետրոսին, որը ձկնորս էր, ասաց. «Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի»։ Պետրոսը վստահ էր, որ այնտեղ ձուկ չկար, ուստի Հիսուսին ասաց. «Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք»։ Սակայն Պետրոսը խոնարհաբար ավելացրեց. «Բայց քո խօսքի համար ուռկանը կը գցեմ»։ Հնազանդվելով Հիսուսի հրահանգին՝ Պետրոսը որսաց «ձկների մի մեծ բազմութիւն»։ Այս ամենից տպավորված՝ նա «ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր»։ Բայց Հիսուսը պատասխանեց. «Մի վախենար՝ այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես» (Ղուկաս 5։1–10; Մատթէոս 4։18)։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։

6. ա) Հրաշքով ձուկ բռնելու դեպքը ի՞նչ է փաստում այն մասին, թե ինչպիսի՛ հնազանդություն է Հիսուսը պահանջում մեզնից։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

6 Հիսուսը Պետրոսին, Անդրեասին ու մյուս առաքյալներին ‘մարդկանց որսորդ լինելու’ հանձնարարությունը տվեց ոչ թե այն բանից առաջ, երբ նրանք այդքան շատ ձուկ բռնեցին, այլ դրանից հետո (Մարկոս 1։16, 17)։ Պարզ է, որ Հիսուսը չէր պահանջում կույր հնազանդություն։ Նա Պետրոսի ու Անդրեասի համար համոզիչ ապացույցներ բերեց, թե ինչու նրանք ճիշտ կանեին, եթե հնազանդվեին իրեն։ Ճիշտ ինչպես ապշեցուցիչ արդյունքներ եղան, երբ նրանք, հնազանդվելով Հիսուսին, ցանցը նետեցին ծովը, այնպես էլ նրանք մեծ օրհնություններ էին ստանալու, եթե հնազանդվեին Հիսուսի՝ ‘մարդիկ որսալու’ պատվերին։ Հավատով լցված՝ առաքյալները վարվեցին Հիսուսի խոսքերի համաձայն։ Այդ պատմությունը ավարտվում է հետևյալ կերպ. «Նաւերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին» (Ղուկաս 5։11)։ Այսօր մենք, քաջալերելով մարդկանց մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին, ընդօրինակում ենք Հիսուսին։ Մենք նրանցից չենք պահանջում մեր ասածով շարժվել, փոխարենը՝ համոզիչ ապացույցներ ենք բերում, թե ինչու ճիշտ կլինի Քրիստոսի պատվերին հնազանդվել։

Համոզիչ ապացույցներ և ճիշտ շարժառիթներ

7, 8. ա) Թագավորության մասին քարոզելու և աշակերտներ պատրաստելու համար ի՞նչ սուրբգրային հիմքեր կան։ բ) Ո՞ր սուրբգրային համարն է հատկապես մղում քեզ շարունակել քարոզչության գործը (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

7 Քանի որ մենք ընդունում ենք Քրիստոսի իշխանությունը, ուրեմն բաժին ունենք Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործում։ Այդ գործն անելու ուրիշ ի՞նչ սուրբգրային հիմքեր կարող ենք բերել այն մարդկանց, ում ցանկանում ենք մղել բարի գործերի։ Ուշադրություն դարձրեք հետևյալ դիտարկումներին, որոնք արել են տարբեր երկրներում ապրող հավատարիմ Վկաներ, և նկատեք, թե ինչպես են նշված սուրբգրային համարները թիկունք կանգնում նրանց խոսքերին։

8 Ռոյը մկրտվել է 1951 թ.–ին. «Երբ նվիրվեցի Եհովային, խոստացա նրան միշտ իրեն ծառայել։ Ես ուզում եմ պահել խոստումս» (Սաղմոս 50։14; Մատթէոս 5։37)։ Հեդերը մկրտվել է 1962 թ.–ին. «Երբ խորհում եմ այն բոլոր բաների մասին, որ Եհովան արել է ինձ համար, իմ մեջ ցանկություն է առաջանում երախտագիտությունս հայտնել նրան՝ հավատարմորեն նրան ծառայելով» (Սաղմոս 9։1, 9–11; Կողոսացիս 3։15, ՆԱ)։ Հանելորը մկրտվել է 1954 թ.–ին. «Ամեն անգամ, երբ ծառայում ենք, հրեշտակները մեզ նեցուկ են կանգնում. ինչպիսի՜ պատիվ» (Գործք 10։30–33; Յայտնութիւն 14։6, 7)։ Օնորը մկրտվել է 1969 թ.–ին. «Ես չեմ ցանկանում, որ երբ Եհովայի՝ դատաստան անելու ժամանակը գա, իմ շրջակայքում ապրողներից որևէ մեկը մեղադրի նրան ու նրա Վկաներին, թե իրեն անուշադրության են մատնել, և ասի. «Ինձ ոչ մեկը չի նախազգուշացրել»» (Եզեկիէլ 2։5; 3։17–19; Հռովմայեցիս 10։16, 18)։ Կլաուդիոն մկրտվել է 1974 թ.–ին. «Քարոզելիս մենք «Աստուծոյ առաջին» ենք, Հիսուսի հետ միասին։ Պատկերացնո՜ւմ եք։ Ծառայության ժամանակ մեր լավագույն Ընկերները մեզ հետ են» (Բ Կորնթացիս 2։17, ՆԱ *

9. ա) Պետրոսի ու մյուս առաքյալների դեպքը կապված ձկնորսության հետ ի՞նչ է բացահայտում այն մասին, թե որն է Քրիստոսին հնազանդվելու ճիշտ շարժառիթը։ բ) Մեր օրերում ո՞րն է ճիշտ շարժառիթը հնազանդվելու Աստծուն և Քրիստոսին և ինչո՞ւ։

9 Ուշագրավ ձկնորսության վերաբերյալ պատմությունը նաև ընդգծում է մի կարևոր բան՝ այն, որ հարկավոր է ճիշտ շարժառիթներ ունենալ Քրիստոսին հնազանդվելու հարցում։ Այդ շարժառիթը սերն է։ Երբ Պետրոսն ասաց «ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ», Հիսուսը ոչ թողեց գնաց, ոչ էլ դատապարտեց Պետրոսին ինչ–​որ մեղքի համար (Ղուկաս 5։8)։ Հիսուսը նույնիսկ չքննադատեց նրան, որ իրեն խնդրում էր հեռանալ։ Փոխարենը՝ նա քաղցրությամբ ասաց. «Մի վախենար»։ Անառողջ վախը Քրիստոսին հնազանդվելու հարցում սխալ շարժառիթ կլիներ։ Ուստի Հիսուսը Պետրոսին ասաց, որ նա և նրա ընկերները կարող էին օգտակար մարդիկ լինել՝ դառնալով մարդկանց որսորդներ, կամ՝ ձկնորսներ։ Նմանապես, մենք այսօր չենք դիմում վախի կամ նման այլ բացասական զգացումների, ինչպիսիք մեղավորության ու ամոթի զգացումներն են, որպեսզի ստիպենք մարդկանց հնազանդվել Քրիստոսին։ Միայն բոլորանվեր հնազանդությունն է՝ հիմնված Աստծո ու Քրիստոսի հանդեպ սիրո վրա, ուրախացնում Եհովայի սիրտը (Մատթէոս 22։37

«Բոլոր ազգերը աշակերտեցէք»

10. ա) Հիսուսի՝ աշակերտներ պատրաստելու պատվերի ո՞ր մանրամասնությունն էր մեծ դժվարության առջև կանգնեցնելու նրա աշակերտներին։ բ) Աշակերտները ինչպե՞ս արձագանքեցին Հիսուսի պատվերին։

10 Քրիստոսի պատվերի հետ կապված երկրորդ հարցը հետևյալն է. «Որտե՞ղ պետք է աշակերտներ պատրաստելու գործը արվեր»։ Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Բոլոր ազգերը աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ]»։ Հիսուսի երկրային ծառայության ժամանակներից առաջ այլ ազգերի մարդիկ ընդունվում էին, եթե գալիս էին Իսրայել՝ Եհովային երկրպագելու համար (Գ Թագաւորաց 8։41–43)։ Հիսուսը հիմնականում հրեաներին էր քարոզում, բայց հիմա նա իր հետևորդներին պատվիրում է գնալ ու քարոզել բոլոր ազգերին։ Փաստորեն, նրա աշակերտները «ձուկ» էին որսում, այսինքն՝ քարոզում էին միայն փոքր «լճակում»՝ հրեաներին, այնինչ շուտով նրանց քարոզչական տարածքն ընդգրկելու էր ամբողջ մարդկության «ծովը»։ Չնայած այս փոփոխությունը դժվարություններ էր հարուցելու աշակերտների համար, սակայն նրանք պատրաստակամորեն հնազանդվեցին Հիսուսի պատվերին։ Հիսուսի մահից 30 տարի էլ չէր անցել, երբ Պողոս առաքյալը միանգամայն հիմնավոր ձևով գրեց, որ բարի լուրը քարոզվել է ոչ միայն հրեաներին, այլև «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23

11. «Ձկնորսական» տարածքների ի՞նչ ընդլայնում է տեղի ունեցել 20–րդ դարի սկզբներից։

11 Վերջին ժամանակներս նույնպես նմանատիպ ընդարձակում է նկատվում քարոզչական դաշտում։ 20–րդ դարի սկզբներին «ձկնորսական» տարածքները սահմանափակվում էին մի քանի երկրներով։ Այո, այն ժամանակներում Քրիստոսի հետևորդները ընդօրինակեցին առաջին դարի քրիստոնյաներին ու փութաջանորեն ընդլայնեցին իրենց քարոզչական տարածքները (Հռովմայեցիս 15։20)։ 1930–ականների սկզբներին նրանք աշակերտներ էին պատրաստում մոտ հարյուր երկրներում։ Այսօր մենք հնարավորություն ունենք մեր «ձկնորսական» ցանցերը նետելու 235 երկրներում (Մարկոս 13։10

«Ամեն լեզուներից»

12. Զաքարիա 8։23–ում արտահայտված մարգարեությունը ո՞ր դժվարությունն է շեշտում։

12 Բոլոր ազգերից աշակերտներ պատրաստելը դժվարություն է ներկայացնում ոչ միայն աշխարհագրական, այլև լեզվական տեսանկյունից։ Զաքարիա մարգարեի միջոցով Եհովան կանխագուշակեց. «Այն օրերը կ’բռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։ Այս մարգարեության ավելի մեծ կատարման մեջ ‘մի հրեա մարդը’ ներկայացնում է օծյալ քրիստոնյաների մնացորդին, իսկ ‘տասը մարդիկ’՝ ‘մեծ բազմությանը’ * (ԱԱ) (Յայտնութիւն 7։9, 10; Գաղատացիս 6։16)։ Քրիստոսի աշակերտների այս մեծ բազմությունը գտնվելու էր շատ ազգերի մեջ, և, ինչպես Զաքարիան է նշել, նրանք խոսելու էին բազմաթիվ լեզուներով։ Փաստո՞ւմ է Աստծո ծառաների ժամանակակից պատմությունը աշակերտության այս երեսակը։ Այո՛, փաստում է։

13. ա) Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Աստծո ժամանակակից ժողովրդի մեջ լեզուների հետ կապված։ բ) Ինչպե՞ս է հավատարիմ ծառան արձագանքել այն բանին, որ գնալով ավելի շատ հոգևոր կերակրի կարիք է զգացվում տարբեր լեզուներով (տե՛ս նաև «Գրականություն կույրերի համար» շրջանակը)։

13 1950 թ.–ին ամբողջ աշխարհում 5 Եհովայի վկաներից մոտ 3–ի մայրենի լեզուն անգլերենն էր։ 1980 թ.–ին այդ հարաբերակցությունը դարձավ 5–ից մոտ 2, իսկ մեր օրերում 5 Վկաներից միայն 1–ի մայրենի լեզուն է անգլերեն։ Ինչպե՞ս է հավատարիմ և իմաստուն ծառան արձագանքել նման փոփոխությանը։ Նա ավելացրել է այն լեզուների քանակը, որոնցով հրատարակվում է հոգևոր կերակուրը (Մատթէոս 24։45)։ Օրինակ՝ 1950 թ.–ին մեր գրականությունը հրատարակվում էր 90 լեզուներով, իսկ այսօր այդ թիվը հասել է մոտ 400–ի։ Տարբեր լեզվական խմբերի պատկանող մարդկանց հանդեպ նման ուշադրությունը տվե՞լ է պտուղներ։ Այո՛։ ‘Ամեն լեզուներից’ շաբաթական միջին հաշվով մոտ 5 000 մարդ է դառնում Քրիստոսի աշակերտ, ու այդ աճը շարունակվում է (Յայտնութիւն 7։9)։ Որոշ երկրներում դեռևս նկատվում է «ձկան» առատ որս (Ղուկաս 5։6; Յովհաննէս 21։6

Վարձահատույց ծառայություն. կարո՞ղ ես բաժին ունենալ

14. Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր քարոզչական տարածքում ապրող այն մարդկանց, որոնք խոսում են օտար լեզվով (տե՛ս նաև «Ժեստերի լեզուն և աշակերտներ պատրաստելու գործը» շրջանակը)։

14 Ներկայումս արևմտյան շատ երկրներում մեծաթիվ գաղթականներ են ապրում, ու, փաստորեն այդ երկրների քարոզիչները հնարավորություն ունեն ‘ամեն լեզվի’ մարդկանցից աշակերտներ պատրաստելու հենց իրենց բնակության վայրում (Յայտնութիւն 14։6)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր տարածքում ապրող այն անձանց, ովքեր խոսում են օտար լեզվով (Ա Տիմոթէոս 2։4)։ Մենք կարող ենք գործածել, այսպես ասած, ձկնորսական ճիշտ պիտույքներ։ Առաջարկիր այդ անհատներին գրականություն այն լեզվով, որով նրանք խոսում են։ Եթե հնարավոր է, միջոցներ ձեռնարկիր, որ տվյալ անհատի լեզվով խոսող մի Եհովայի վկա այցելի նրան (Գործք 22։2)։ Այսպիսի միջոցներ ձեռնարկելն այժմ ավելի է հեշտացել, որովհետև շատ Վկաներ օտար լեզու են սովորել, որպեսզի օգնեն օտարերկրացիներին դառնալու Քրիստոսի աշակերտներ։ Փաստերը վկայում են, որ եթե քրիստոնյան նման օգնություն է ցույց տալիս, ապա նա, ի պատասխան, մեծ ուրախություն է ստանում։

15, 16. ա) Ո՞ր օրինակներն են լուսաբանում այն, որ օտարախոս մարդկանց օգնելը վարձահատույց գործ է։ բ) Օտարախոս դաշտում ծառայելու վերաբերյալ ի՞նչ հարցեր կան, որոնք գուցե կարողանայինք քննել։

15 Քննենք երկու օրինակ Նիդեռլանդներից, որտեղ քարոզչական գործունեությունը կազմակերպված ձևով ընթանում է 34 լեզվով։ Եհովայի վկա ամուսիններ որոշեցին գնալ ու աշակերտներ պատրաստել լեհախոս գաղթականների շրջանում։ Նրանց գործադրած ջանքերն այնքան շատ պտուղներ բերեցին, որ ամուսինը «ստիպված» էր մեկ օրով քչացնել իր աշխատանքային շաբաթը, որպեսզի ի վիճակի լիներ բոլոր հետաքրքրվող անհատների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Կարճ ժամանակ անց նրանք շաբաթական արդեն Աստվածաշնչի ավելի քան 20 ուսումնասիրություն էին անցկացնում։ Այդ ամուսինները ասում են. «Մեր ծառայությունը անչափ երջանկացնում է մեզ»։ Աշակերտներ պատրաստելու գործին մասնակցող եղբայրներն ու քույրերն իրենց երջանիկ են զգում հատկապես այն բանից, որ Աստվածաշնչի ճշմարտություններն իրենց մայրենի լեզվով լսող այդ մարդիկ ցանկանում են երախտագիտություն արտահայտել։ Օրինակ՝ վիետնամերեն լեզվով անցկացվող մի հանդիպման ժամանակ մի տարեց մարդ տեղից վեր կացավ ու խոսելու թույլտվություն խնդրեց։ Արցունքոտ աչքերով նա Վկաներին ասաց. «Շնորհակալ եմ ձեզանից, որ ջանք եք թափում սովորել իմ դժվար լեզուն։ Այնքա՜ն երախտապարտ եմ, որ իմ այս ծեր հասակում հնարավորություն ունեմ Աստվածաշնչից բազմաթիվ սքանչելի բաներ սովորելու»։

16 Ուստի զարմանալի չէ, որ օտարախոս ժողովներում ծառայողներն այն զգացումն ունեն, որ իրենց ջանքերը մեծապես վարձատրվում են։ Բրիտանացի մի ամուսնական զույգ ասում է. «Օտարախոս դաշտում քարոզելը ծառայության ամենահիասքանչ ձևերից մեկն է, որին մենք երբևէ մասնակցել ենք մեր 40 տարվա Թագավորության ծառայության ընթացքում»։ Կարո՞ղ ես հանգամանքներդ այնպես դասավորել, որպեսզի բաժին ունենաս այս ոգևորիչ ծառայության մեջ։ Իսկ եթե դեռևս դպրոցական ես, ապա կարո՞ղ ես օտար լեզու սովորել՝ նախապատրաստվելով ծառայության այս ձևի մեջ մասնակցություն ունենալուն։ Այդպես անելով՝ քո կյանքը կլցնես բավականությամբ ու օրհնություններով (Առակաց 10։22, ԱԱ)։ Ինչո՞ւ այդ մասին չխոսես քո ծնողների հետ։

Փոխենք մեր մեթոդները

17. Ինչպե՞ս կարող ենք բարի լուրը հասցնել մեր ժողովի տարածքում բնակվող ավելի շատ մարդկանց։

17 Հասկանալի է, որ հանգամանքները մեծամասնությանս թույլ չեն տալիս նետել մեր «ցանցերը» օտարախոս տարածքներ։ Այդուհանդերձ, մենք գուցե ի վիճակի լինենք բարի լուրը հասցնելու մեր իսկ ժողովի տարածքում բնակվող ավելի շատ մարդկանց։ Ինչպե՞ս։ Փոխելով ոչ թե մեր ասելիքը, այլ մեթոդները։ Շատ վայրերում գնալով ավելի շատ մարդիկ ապրում են հատուկ հսկողության տակ գտնվող շենքերում։ Մյուսներին տանը չենք գտնում տնետուն ծառայության ժամանակ։ Այդ իսկ պատճառով թերևս հարկ լինի, որ մեր «ցանցերը» նետենք տարբեր տեղեր ու տարբեր ժամերի։ Դրանով մենք կընդօրինակենք Հիսուսին։ Նա կարողանում էր տարբեր իրավիճակներում հնարավորություններ գտնել խոսելու մարդկանց հետ (Մատթէոս 9։9; Ղուկաս 19։1–10; Յովհաննէս 4։6–15

18. Ինչպե՞ս է փաստվել, որ տարբեր հանգամանքներում վկայություն տալը արդյունավետ է (տե՛ս նաև «Աշակերտներ են պատրաստվում գործարար մարդկանց շրջանում» շրջանակը)։

18 Աշխարհի որոշ վայրերում աշակերտ պատրաստելու կարևոր մեթոդներից է մարդկանց ամենուրեք քարոզելը՝ այնտեղ, որտեղ որ կարելի է նրանց հանդիպել։ Այն աշակերտ պատրաստողները, որոնք փորձառու են, մեծ ուշադրություն են դարձնում ամենատարբեր վայրերում քարոզելուն։ Բացի տնետուն քարոզելուց, եղբայրներն ու քույրերը ներկայումս վկայություն են տալիս օդանավակայաններում, գրասենյակներում, խանութներում, կայանավայրերում, ավտոբուսի կանգառներում, փողոցում, պուրակներում, լողափերում և այլուր։ Հավայան կղզիներում նորերս մկրտված բավական թվով Եհովայի վկաներ առաջին անգամ ճշմարտությանը առնչվել են նման վայրերում։ Քարոզչական մեթոդները փոխելով՝ մենք կկարողանանք ամբողջությամբ կատարել Հիսուսի՝ աշակերտ պատրաստելու պատվերը (Ա Կորնթացիս 9։22, 23

19. Հաջորդ հոդվածում Հիսուսի տված հանձնարարության ո՞ր երեսակները կքննարկենք։

19 Հիսուսի՝ աշակերտ պատրաստելու հանձնարարությունը ներառում է մանրամասնություններ ոչ միայն այն մասին, թե ինչու և որտեղ մենք պետք այդ գործն անենք, այլև թե ինչ պետք է քարոզենք ու մինչև երբ պետք է դա անենք։ Այս երկու երեսակները կքննարկենք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Առաջին երկու հարցերը կքննարկենք այս հոդվածում, մյուս երկուսը՝ հաջորդ հոդվածում։

^ պարբ. 12 Այս մարգարեության կատարումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 2001 թ. մայիսի 15–ի համարը(էջ 12) և «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գիրքը, (հատոր 2, էջ 408, ռուս.)։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ պատճառներով ու շարժառիթներով ենք մենք մասնակցում Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործին։

• Ի՞նչ չափով են Եհովայի ժամանակակից ծառաները կատարում Հիսուսի՝ բոլոր ազգերից աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը։

• Ինչպե՞ս կարող ենք փոխել մեր «ձկնորսական» մեթոդները և ինչո՞ւ պետք է այդպես անենք։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[շրջանակ/​նկարներ 10–րդ էջի վրա]

Գրականություն կույրերի համար

Ալբերտը քրիստոնյա երեց ու լիաժամ ծառայող է։ Նա ապրում է ԱՄՆ–ում։ Ալբերտը կույր է։ Նա Բրայլի գրատիպով թողարկված աստվածաշնչային գրականություն է օգտագործում ինչպես քարոզչական ծառայության, այնպես էլ ժողովի գործերի հետ կապված՝ որպես ժողովի ծառայողական վերակացու, և դա է՛լ ավելի արդյունավետ է դարձնում նրա ծառայությունը։ Ինչպե՞ս է նրան հաջողվում կատարել ժողովում ունեցած իր պարտականությունները։

«Մենք երբեք չենք ունեցել Ալբերտի պես արդյունավետ ծառայողական վերակացու»,— ասում է Ջեյմսը՝ ժողովի նախագահող վերակացուն։ Ալբերտը մեկն է ԱՄՆ–ում ապրող այն 5 000 կույր անհատներից, ովքեր տարիներ շարունակ աստվածաշնչային գրականություն են ստացել անգլերեն ու իսպաներեն Բրայլի գրատիպով։ Փաստն այն է, որ սկսած 1912 թ.–ից՝ հավատարիմ ծառան Բրայլի գրատիպով թողարկել է հարյուրից ավելի հրատարակություններ։ Օգտվելով ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից՝ Եհովայի վկաները ամեն տարի Բրայլի գրատիպով միլիոնավոր էջեր են լույս ընծայում տասից ավելի լեզվով, և դրանք տարածվում են ավելի քան 70 երկրներում։ Ճանաչո՞ւմ ես որևէ անհատի, որը թերևս օգուտներ կքաղեր կույրերի համար նախատեսված աստվածաշնչային գրականությունից։

[շրջանակ/​նկար 11–րդ էջի վրա]

Ժեստերի լեզուն և աշակերտներ պատրաստելու գործը

Ամբողջ աշխարհում հազարավոր Եհովայի վկաներ, այդ թվում եռանդուն պատանիներ ժեստերի լեզու են սովորել, որպեսզի օգնեն խուլուհամր մարդկանց դառնալու Քրիստոսի աշակերտներ։ Միայն Բրազիլիայում անցած տարի 63 խուլուհամր անհատներ մկրտվեցին, իսկ 35 հոգի այժմ ծառայում են որպես լիաժամ ավետարանիչներ։ Ամբողջ աշխարհում ժեստերի լեզվով կա ավելի քան 1 200 ժողով ու խումբ։ Ռուսաստանում ժեստերի լեզվով միակ շրջանը տարածքային առումով ամենամեծն է աշխարհում, և այդ տարածքն ընդգրկում է ո՛ղջ Ռուսաստանը։

[շրջանակ 12–րդ էջի վրա]

Աշակերտներ են պատրաստվում գործարար մարդկանց շրջանում

Հավայան կղզիներում մի Եհովայի վկա գործարար տարածքում քարոզելիս հանդիպեց տրանսպորտային ընկերության նախագահին։ Չնայած իր զբաղվածությանը՝ նախագահը համաձայնվեց շաբաթական 30 րոպե տրամադրել Աստվածաշնչի ուսումնասիրությանը հենց իր գրասենյակում։ Յուրաքանչյուր չորեքշաբթի առավոտյան նա իր աշխատողներին տեղյակ է պահում, որ իրեն չզանգահարեն, և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է ուսումնասիրության վրա։ Այս կղզիներում ապրող մեկ ուրիշ Եհովայի վկա շաբաթական մեկ անգամ ուսումնասիրություն է անցկացնում կոշիկի վերանորոգման կրպակի տիրոջ հետ։ Ուսումնասիրությունն անցնում է հենց կոշիկի ընդունման սեղանի մոտ։ Երբ հաճախորդ է ներս մտնում, Վկան մի կողմ է քաշվում։ Իսկ երբ հաճախորդը գնում է, նրանք շարունակում են ուսումնասիրությունը։

Այդ Վկաները կարողացան հանդիպել այդ նախագահին ու կրպակի տիրոջը այն պատճառով, որ նախաձեռնություն հանդես բերեցին իրենց «ցանցը» նետելու տարբեր վայրեր։ Կարո՞ղ ես հիշել, թե ձեր ժողովի տարածքում ինչ վայրեր կան, որտեղ գուցե հանդիպեիր մարդկանց, որոնց դժվար է տանը գտնել։

[նկար 12–րդ էջի վրա]

Կարո՞ղ ես ծառայել օտարախոս դաշտում