«Նա սովորեցրեց մեզ հարգել իր կրոնը»
«Նա սովորեցրեց մեզ հարգել իր կրոնը»
ԻՏԱԼԱԿԱՆ ռովիգո մարզում ապրող մի Եհովայի վկա իմացավ, որ ուռուցք ունի, և իր առողջական վիճակը բավական լուրջ է։ Նա մի քանի անգամ բուժվեց հիվանդանոցում և այդ ժամանակաընթացքում բժիշկներին խնդրեց, որ իրեն արյան փոխներարկում չանեն։ Դրանից հետո նրան օգնություն էր ցույց տրվում տանը. նրան խնամում էին տեղի՝ քաղցկեղի գծով բուժծառայության աշխատողները։
36–ամյա հիվանդ կնոջ ամուր հավատը, ինչպես նաև համագործակցելու պատրաստակամությունը խորապես տպավորել էին բուժանձնակազմին։ Նա մահացավ քաղցկեղից։ Դրանից կարճ ժամանակ առաջ նրան խնամող բուժաշխատողներից մեկը նամակ էր գրել մի բժշկական հանդեսի Անջելա անունով հիվանդի պատմության մասին։
«Անջելան կենսախինդ անձնավորություն է՝ լի ապրելու վճռականությամբ։ Նա հասկանում է, թե ինչ վիճակում է գտնվում, և թե որքան ծանր է իր հիվանդությունը, և ինչպես որ յուրաքանչյուրս կվարվեր, նա փնտրում է ելք, բուժամիջոց։ ....Մենք՝ խնամողներս, աստիճանաբար նրան ավելի մոտիկից ճանաչեցինք։ Մենք դիմադրություն չտեսանք։ Ընդհակառակը՝ Անջելան իր անմիջականությամբ ամեն ինչ հեշտացնում էր։ Հաճելի էր նրան այցելել, քանի որ գիտեինք, որ այդ այցը լինելու էր անկեղծ հաղորդակցման ու փոխադարձ օգտավետության ժամանակ։.... Մենք իսկույն գլխի ընկանք, որ նրա կրոնը խոչընդոտ էր լինելու նրա բուժման համար»։ Սա այդ բուժաշխատողի կարծիքն էր, քանի որ նա համարում էր, որ Անջելան արյան փոխներարկման կարիք ուներ, ինչը նա մերժել էր (Գործք 15։28, 29)։
«Մենք՝ որպես բուժսպասարկման գծով մասնագետներ, Անջելային ասացինք, որ համաձայն չենք իր որոշմանը, սակայն նրա օգնությամբ հասկացանք, թե ինչ է նրա համար նշանակում ապրել։ Մենք նաև հասկացանք, թե որքան կարևոր է նրա կրոնը իր ու իր ընտանիքի անդամների համար։ Անջելան անձնատուր չի եղել։ Նա չի նահանջել հիվանդության առջև։ Նա ուժեղ է։ Նա ցանկանում է կենդանի մնալ, պայքարել, շարունակել ապրել։ Նա փաստել է իր վճռականությունը, հավատը։ Նա ունի այնպիսի վճռականություն, որը մենք հաճախ չենք ունենում, ունի հավատ, որը մեր դեպքում այնքան էլ զորավոր չէ, ինչպես նրանը։ ....Անջելան սովորեցրել է մեզ, որ կարևոր է հարգել իր կրոնը, մի բան, որը խիստ տարբերվում է մեր մասնագիտական էթիկայի կանոններից։ ....Մենք կարծում ենք, որ այն, ինչ Անջելան սովորեցրել է մեզ, շատ մեծ կարևորություն ունի, քանզի մենք հանդիպում ենք ամեն տեսակ մարդկանց, ամեն տեսակ հանգամանքների, ամեն տեսակ կրոնների, ու մենք յուրաքանչյուր անհատից, որի հետ առնչվում ենք, կարող ենք ինչ–որ բան սովորել ու կարող ենք նրան ինչ–որ բան տալ»։
Այնուհետև այդ հանդեսը ուշադրություն է դարձնում Իտալական բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կոդեքսի վրա, որը հաստատվել է 1999 թ.–ին։ Այնտեղ գրված է. «Բուժաշխատողը պետք է հաշվի առնի անհատի կրոնական, բարոյական ու մշակութային արժեքները, ինչպես նաև նրա ազգությունը և սեռը»։ Երբեմն բժիշկների ու բուժանձնակազմի մյուս աշխատողների համար դժվար է հարգել հիվանդի կրոնական համոզմունքները, սակայն անհնար է բարձր գնահատական չտալ այն անձանց, ովքեր ցանկանում են դա անել։
Եհովայի վկաները ամենայն մանրամասնությամբ քննում են իրենց առողջության ու բուժման հետ կապված հարցերը ու դրանից հետո որոշում կայացնում։ Նրանք լրջորեն են վերաբերվում Աստվածաշնչում գրված խոսքերին, և ինչպես երևում է Անջելայի դեպքից, նրանք մոլեռանդներ չեն (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։ Ամբողջ աշխարհում գնալով աճում է այն բժիշկների ու այլ բուժաշխատողների թիվը, ովքեր ցանկանում են հարգել իրենց Վկա հիվանդների խիղճը։