ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ
Ուշագրավ տեղեկություններ ընտանիքի մասին
Ընտանիքները բախվում են տարբեր խնդիրների, բայց Աստվածաշնչի իմաստուն ու գործնական խորհուրդները կարող են օգնել նրանց հաջողությամբ հաղթահարելու դրանք և դառնալու ավելի ամուր։
Աֆրիկա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ մայրերը սկսեն կրծքով կերակրել իրենց երեխաներին նրանց ծնունդից մոտ մեկ ժամ անց և առաջին վեց ամիսները կերակրեն բացառապես կրծքի կաթով։ Այդուհանդերձ, ինչպես նշում է Արևելյան և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանների՝ սնուցման հարցերով ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդատուն, գովազդներում շարունակ հնչում է այն սխալ տեղեկությունը, թե «մանկական կերերը նույնքան օգտակար են, որքան մայրական կաթը»։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։
Կանադա
Մոնրեալի գիտնականները նշում են, որ գիրանալու հավանականությունը 30 տոկոսով ավելի բարձր է այն երեխաների շրջանում, ում ծնողները բռնատիրական մեթոդներով են դաստիարակում, այսինքն՝ խիստ կանոններ են սահմանում ու շատ քիչ գորովանք են ցուցաբերում, քան այն երեխաների շրջանում, ում ծնողները ավելի հավասարակշռված են սեր դրսևորելու ու խրատելու հարցում։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Աստվածաշնչում դարեր առաջ գրվել է, թե որն է երեխաներին դաստիարակելու ամենաօգտակար ձևը (Կողոսացիներ 3։21)։
Նիդերլանդներ
Հոլանդացի ընտանիքների շրջանում կատարված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ այն ծնողները, ովքեր հստակորեն սահմանազատում են իրենց աշխատանքն ու ընտանեկան կյանքը, ավելի լավ փոխհարաբերություն են ունենում իրենց երեխաների հետ, քան այն ծնողները, որոնք թույլ են տալիս, որ աշխատանքը խանգարի իրենց ընտանեկան պարտականությունները կատարելուն։ Նրանք, ովքեր աշխատանքային հարցերով են զբաղվում ընտանիքի հաշվին, օրինակ՝ գործից հետո աշխատանքի հետ կապված զանգեր են կատարում, գուցե չկարողանան բավարար ուշադրություն հատկացնել իրենց երեխաներին։
ՄՏԱԾԵՔ։ «Ամեն ինչ իր [լավագույն] ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա» (Ժողովող 3։1)։