ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
Ինչպես զսպել բարկությունը
ԽՆԴԻՐ
«Ես քրոջս վրա գոռացի և այնքան ուժգին հրեցի դուռը, որ դռան վրայի կախիչը ծակեց պատը։ Պատի վրայի այդ անցքը ինձ շարունակ հիշեցնում էր իմ երեխայական արարքի մասին» (Դայանա a)։
«Ես բղավեցի. «Դու սարսափելի հայր ես»։ Ապա իմ հետևից շրխկացրի դուռը։ Սակայն նախքան դուռը կփակվեր, տեսա հորս վիրավորված հայացքը։ Հենց այդ պահին ափսոսացի ու ցանկացա հետ վերցնել իմ ասած խոսքերը» (Լորեն)։
Դու է՞լ ես ունեցել նման զգացումներ։ Եթե այո, ուրեմն այս հոդվածը կարող է օգնել քեզ։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ
Զայրույթի պոռթկումները արատավորում են քո համբավը։ «Նախկինում մտածում էի, որ ուրիշները պետք է պարզապես ընդունեն, որ ես զայրացկոտ բնավորություն ունեմ,— ասում է 21-ամյա Բրիանան։— Բայց հետո նկատեցի, որ երբ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց զգացումները, անմիտ մարդու տպավորություն են թողնում, և հասկացա, որ ես էլ այդպիսի տպավորություն եմ թողել»։
Աստվածաշունչն ասում է. «Նա, ով արագ բարկանում է, հիմարություն կգործի» (Առակներ 14։17)։
Բարկանալով՝ կվանես մարդկանց քեզանից։ 18-ամյա Դանիելն ասում է. «Երբ կորցնում ես ինքնատիրապետումդ, կորցնում ես նաև արժանապատվությունդ և քո հանդեպ ուրիշների հարգանքը»։ Իլեյնը, որը նույնպես 18 տարեկան է ասում է. «Բարկացկոտ մարդը գրավիչ չէ։ Մարդիկ վախենում են նման անձնավորությունից»։
Աստվածաշունչն ասում է. «Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր» (Առակներ 22։24)։
Դու կարող ես փոխվել։ «Ճիշտ է՝ դու չես կարող միշտ վերահսկել այն, թե որոշակի իրավիճակում ինչ զգացումներ կառաջանան քո մեջ, բայց դու կարող ես վերահսկել այն, թե ինչպես կարտահայտես քո զգացումները։ Զգացումները կարելի է արտահայտել առանց պոռթկալու»,— ասում է 15-ամյա Սառան։
Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է, և իր ոգին զսպողը քաղաքը գրավողից է լավ» (Առակներ 16։32)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Նպատակ դիր փոխվելու։ Փոխանակ ասելու՝ «ես այսպիսին եմ»՝ փորձիր բարելավումներ անել և դրա համար ժամանակ սահմանիր, օրինակ, վեց ամիս։ Այդ ընթացքում գրառումներ արա։ Ամեն անգամ, երբ զայրույթի պոռթկումներ ես ունենում, գրի առ 1) ի՞նչ պատահեց, 2) ինչպե՞ս արձագանքեցիր և 3) լավ կլիներ, որ ինչպե՞ս արձագանքեիր, և ինչո՞ւ։ Նպատակ դիր, որ մյուս անգամ ճիշտ ձևով արձագանքես, երբ քեզ զայրացնեն։ Առաջարկ. գրի առ նաև, թե ինչ հաջողություններ ես ունեցել։ Նշիր, թե ինչպես ես քեզ զգացել, երբ ինքնատիրապետում ես դրսևորել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։8։
Անմիջապես մի՛ արձագանքիր։ Երբ որևէ մեկը կամ որևէ բան զայրացնում է քեզ, մի՛ ասա միտքդ եկած առաջին բանը։ Փոխարենը՝ մի փոքր սպասիր։ Խոր շունչ քաշիր։ 15-ամյա Էրիկը ասում է. «Երբ խոր շունչ եմ քաշում, դա ինձ հնարավորություն է տալիս մտածելու նախքան կասեմ կամ կանեմ այնպիսի բան, ինչի համար հետո կափսոսամ»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 21։23։
Հարցին տարբեր կողմերից նայիր։ Երբեմն գուցե զայրանաս, քանի որ խնդրի միայն մի կողմն ես տեսնում՝ թերևս այն կողմը, որը քեզ է առնչվում։ Սակայն փորձիր խնդրին նայել նաև դիմացինի տեսանկյունից։ Ջեսիկա անունով երիտասարդ մի կին ասում է. «Նույնիսկ երբ մարդիկ շատ կոպիտ են վարվում, դրա համար հիմնականում բացատրություն է լինում, և դա օգնում է ինձ հասկացողություն դրևսորելու»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 19։11։
Հարկ եղած դեպքում հեռացիր։ Աստվածաշունչն ասում է. «Նախքան վեճի բռնկվելը, հեռացիր» (Առակներ 17։14)։ Ինչպես այս համարում է նշվում, երբեմն լավագույն բանը պայթյունավտանգ իրավիճակից հեռանալն է։ Խնդրի մասին շարունակ մտածելու և զայրույթդ բորբոքելու փոխարեն՝ լավ կլինի որևէ ակտիվ բանով զբաղվես։ Դանիելե անունով մի կին ասում է. «Ֆիզիկական վարժությունները թեթևացնում են սթրեսը և օգնում են ինձ, որ ինքնատիրապետում դրսևորեմ»։
Փորձիր մոռանալ խնդիրը։ Աստվածաշունչն ասում է. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք։ Խոսե՛ք ձեր սրտերի հետ.... և լո՛ւռ մնացեք» (Սաղմոս 4։4)։ Ուշադրություն դարձրու, որ բարկանալը սխալ չէ։ Հարցն այն է, թե այդ պահին ինչ կանենք։ Ռիչարդ անունով մի մարդ ասում է. «Եթե թույլ ես տալիս, որ ուրիշները հունից հանեն քեզ, փաստորեն, թույլ ես տալիս, որ նրանք իշխեն քեզ վրա։ Հարկավոր է վարվել հասուն մարդու պես և չկենտրոնանալ խնդրի վրա»։ Եթե այդպես վարվես, դու կվերահսկես բարկությունդ, և ոչ թե բարկությունդ կվերահսկի քեզ։
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։