ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Հոգատար գորտի զարմանալի ծննդաբերությունը
ՀՈԳԱՏԱՐ գորտը (Rheobatrachus), որն ապրում էր Ավստրալիայում, 2002թ.-ից համարվում է վերացած տեսակ։ Այն զարմանալի կերպով էր սերունդ տալիս։ Ձվադրումից հետո էգ գորտը անմիջապես կուլ էր տալիս ձվերը և դրանք մոտ 6 շաբաթ պահում էր իր ստամոքսում, որն ինկուբատորի դեր էր կատարում։ Որոշ ժամանակ անց մոր բերանից դուրս էին գալիս լիովին ձևավորված փոքրիկ գորտեր։
Որպեսզի մոր ստամոքսում այդ ձվերը չմարսվեին, անչափ կարևոր էր, որ մայրը ոչինչ չուտեր, և նրա ստամոքսում ստամոքսահյութ չարտադրվեր։ Ակներևաբար, ստամոքսահյութի արտադրությունը դադարում էր ձվերի և շերեփուկների արտազատած քիմիական նյութերի հետևանքով։
Մայրը ձվադրում էր մոտ 24 ձու։ Ծննդաբերությունից անմիջապես առաջ նրա ձագուկների քաշը կազմում էր նրա մարմնի քաշի մոտ 40 տոկոսը։ Դա նման է նրան, որ կինը նախքան հղիությունը 68 կիլոգրամ քաշ ունենա, իսկ հղիության ժամանակ իր որովայնում կրի 24 երեխա՝ յուրաքանչյուրը մոտ 1,8 կիլոգրամ քաշով։ Փոքրիկ գորտերը այնքան էին մեծացնում մոր ստամոքսը, որ այն ամբողջությամբ սեղմում էր թոքերը, այնպես որ մայրը ստիպված էր լինում շնչել միայն մաշկով։
Փոքրիկները սովորաբար լույս աշխարհ էին գալիս մի քանի օրվա ընթացքում, երբ արդեն պատրաստ էին լինում դուրս գալու։ Սակայն եթե մայրը որևէ վտանգ էր զգում, փսխում էր նրանց։ Մի անգամ մասնագետները տեսել են, թե ինչպես է էգ գորտը իր բերանից միաժամանակ դուրս մղում 6 փոքր գորտեր՝ նետելով նրանց մոտ մեկ մետր հեռավորության վրա։
Եթե, ինչպես ոմանք են ասում, հոգատար գորտի վերարտադրողական համակարգը էվոլյուցիայի արդյունք լիներ, ապա պետք է որ մեծ փոփոխություններ կատարված լինեին թե՛ նրա ֆիզիկական կառուցվածքի և թե՛ նրա վարքագծի մեջ։ Գիտնական և էվոլյուցիոնիստ Մայքլ Թայլերը գրում է. «Անհնար է մտածել, թե գորտի վերարտադրողական համակարգի փոփոխությունը տեղի է ունեցել դանդաղ ու աստիճանաբար.... Որպեսզի այդ փոփոխությունը արդյունավետ լիներ, այն պետք է կատարվեր միանգամից»։ Ինչպես ասում է Թայլերը, միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ կատարվել է «մեկ մեծ, հսկայական քայլ»։ Ոմանք այդպիսի մեծ քայլը կկոչեին արարչագործություն *։
Ի՞նչ եք կարծում։ Հոգատար գորտի վերարտադրողական համակարգը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
^ պարբ. 7 «Տեսակների ծագումը» գրքում Չարլզ Դարվինը նշել է. «Բնական ընտրությունը տեղի է ունենում միայն թեթևակի աստիճանական փոփոխություններով. այն չի կարող տեղի ունենալ մեկ.... թռիչքով»։