ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Հաղորդագրություններ. ինչպե՞ս ճիշտ վարվելակերպ դրսևորել
ԽՆԴԻՐ
Դու զրուցում ես ընկերոջդ հետ և հանկարծ հաղորդագրություն ես ստանում։ Ի՞նչ կանես։
ա) Կկարդաս հաղորդագրությունը և միևնույն ժամանակ կշարունակես զրույցը։
բ) Ներողություն կխնդրես և կկարդաս հաղորդագրությունը։
գ) Ուշադրություն չես դարձնի հաղորդագրությանը և կշարունակես զրուցել։
Կարևո՞ր է արդյոք, թե ինչպես կվարվես։ Այո՛, իհարկե։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ
Ընկերոջդ հետ զրուցելիս մեկ ուրիշի հետ հաղորդագրություններ փոխանակելը նման է նրան, որ խաղաս քո սիրած սպորտային խաղը՝ առանց կանոններին հետևելու։ «Բայց չէ՞ որ երկուսն էլ իմ ընկերներն են»,— գուցե ասես դու։ Այդ դեպքում ավելի մեծ պատճառ ունես քաղաքավարի լինելու համար։ Իհարկե, դա չի նշանակում, թե պետք է նրանց հետ լինես պաշտոնական։ Բայց իրականությունն այն է, որ եթե անքաղաքավարի լինես ընկերներիդ հանդեպ, վաղ թե ուշ նրանք չեն ցանկանա ընկերություն անել քեզ հետ։
Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Մարդկանց դուր չի գալիս, երբ իրենց հետ աննրբանկատ են վարվում։ Բեթ * անունով մի աղջիկ ասում է. «Ինձ նյարդայնացնում է, երբ զրուցում եմ ընկերոջս հետ, իսկ նա շարունակ իր հեռախոսին է նայում, կարծես ավելի հետաքրքիր բանի է սպասում»։ Ըստ քեզ՝ Բեթը որքա՞ն երկար կհանդուրժի այդպիսի ընկերոջը։
Կրկին ուշադրություն դարձրու հոդվածի սկզբում նշված իրավիճակին և մտածիր, թե դու ինչ վարվելակերպ ես դրսևորում բջջային հեռախոսից օգտվելիս։ Ըստ քեզ՝ թվարկված երեք տարբերակներից ո՞րն է լավագույնը։ Հավանաբար, դու կմտածես, որ առաջին տարբերակը անքաղաքավարության դրսևորում կլինի։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրորդ և երրորդ տարբերակների մասին։ Քո կարծիքով՝ կոպի՞տ կլինի, եթե ընդհատես զրույցը և կարդաս հաղորդագրությունը, թե՞ հակառակը՝ սխալ կլինի, որ անտեսես հաղորդագրությունը և շարունակես զրույցը։
Հավանաբար, նկատեցիր, որ դժվար է կողմնորոշվել՝ որն է ճիշտ վարվելակերպը։ Բայց Աստվածաշունչը կարող է օգնել քեզ։ Այնտեղ կարդում ենք. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկաս 6։31)։ Այս սկզբունքը կարելի է կիրառել հաղորդագրություններ գրելու և ստանալու հարցում։ Ինչպե՞ս։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Ճիշտ ժամանակ ընտրիր։ «Երբեմն հաղորդագրություն եմ ստանում շատ ուշ ժամի,— ասում է Ռիչարդ անունով մի երիտասարդ։— Հաճախ դրանք կարևոր չեն լինում, բայց դրանց պատճառով քունս է խանգարվում»։ Հարցրու ինքդ քեզ. «Հաղորդագրություն ուղարկո՞ւմ եմ այնպիսի ժամերի, երբ մարդիկ գուցե քնած լինեն»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 3։1։
Եղիր քաղաքավարի։ Կենդանի զրույցի ժամանակ մենք օգտագործում ենք բառեր, ժեստեր, փոփոխվում է մեր ձայնի տոնը, դեմքի արտահայտությունը։ Մինչդեռ հաղորդագրության մեջ այս բոլոր միջոցները չենք կարող կիրառել։ Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել։ Ժասմին անունով մի աղջիկ առաջարկում է. «Կարելի է օգտագործել քաղաքավարություն արտահայտող բառեր, օրինակ՝ ինչպե՞ս ես, խնդրում եմ, շնորհակալություն»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 4։6։
Եղիր խորաթափանց։ Կրկին անդրադառնանք վերոհիշյալ իրավիճակին։ Եթե կարևոր հաղորդագրության ես սպասում, գուցե հարկ լինի ներողություն խնդրել և ընդհատել զրույցը։ Սակայն հաճախ կարիք չի լինում անմիջապես պատասխանել հաղորդագրությանը։ 17-ամյա Էմին ասում է. «Հեռախոսդ չի «փախչի», եթե շարունակես զրուցել ընկերոջդ հետ, բայց եթե տարվես հաղորդագրություններով, գուցե ընկերդ «փախչի»»։ Կարող ես խորաթափանցություն դրսևորել նաև հավաքույթների ժամանակ։ 18-ամյա Ջեյնն ասում է. «Հավաքույթի ընթացքում մի տարվիր հաղորդագրություններով։ Դրանով դու կարծես մարդկանց ասում ես. «Ինձ չի հետաքրքրում ձեր ընկերակցությունը, կգերադասեի մեկ այլ տեղում լինել»»։
Մտածիր նախքան հաղորդագրություն ուղարկելը։ Կարո՞ղ է այնպես լինել, որ քո հաղորդագրությունը սխալ հասկանան։ Իսկ կարո՞ղ են հուզանշանները օգնել արտահայտելու այն, ինչ զգում ես։ «Կատակներ անելիս կարող ես ժպիտի նշան դնել,— ասում է 21-ամյա Ամբերը։— Հաճախ մարդիկ վիրավորվում են, և անգամ վեճեր են լինում զուտ այն պատճառով, որ կատակով գրվածը լուրջ է հասկացվում»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 12։18։
Հստակ է, ուրեմն, որ բջջային հեռախոսից օգտվելիս կարևոր է ճիշտ վարվելակերպ դրսևորել։
Մտածիր։ Ճիշտ վարվելակերպը հիմնված է սիրո վրա։ Իսկ ինչպե՞ս է դրսևորվում սերը։ Աստվածաշունչն ասում է. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում» (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Իսկ դու սեր դրսևորելու հետ կապված ո՞ր հարցում պետք է բարելավումներ անես։
^ պարբ. 11 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։