ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԷԼԴԱՐ ՆԵԲՈԼՍԻՆ
Դաշնակահարը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն
Էլդար Նեբոլսինը, որը ծնվել է Ուզբեկստանում, միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար է։ Որպես մենակատար՝ նա ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ Լոնդոնում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում, Սիդնեյում, Տոկիոյում և Վիեննայում։ Էլդարը մեծացել է Խորհրդային Միությունում և եղել է աթեիստ։ Բայց հետագայում նա եկավ այն եզրակացության, որ մարդիկ ստեղծվել են սիրառատ Արարչի կողմից։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։
— Ինչպե՞ս դարձաք երաժիշտ։
— Իմ ծնողները դաշնակահարներ են և սկսել են ինձ նվագել սովորեցնել, երբ հինգ տարեկան էի։ Հետագայում ուսում ստացա Տաշքենդի բարձրագույն երաժշտական դպրոցում։
— Ի՞նչ դժվարությունների եք բախվում նվագախմբի հետ նվագելիս։
— Երկու միանման նվագախմբեր չեն լինում։ Դրանք ասես հսկայական երաժշտական գործիքներ լինեն, որ «նվագում» են դիրիժորները։ Մենակատարի հիմնական դժվարությունը թերևս այն է, որ հավասարակշռված փոխգործողության հասնի դիրիժորի հետ։ Դա նման է ընկերների միջև զրույցի. նրանցից յուրաքանչյուրը, ղեկն անընդհատ իր ձեռքում պահելու փոխարեն, պետք է պատրաստ լինի զիջելու։ Սովորաբար ընդամենը մեկ-երկու փորձ ենք ունենում, որոնց ժամանակ պետք է ձգտենք հասնել այդպիսի ներդաշնակության։
— Որքա՞ն ժամանակ եք տրամադրում պարապելուն։
— Օրական ամենաքիչը երեք ժամ։ Այդ ընթացքում ոչ միայն դժվար հատվածներն եմ փորձում, այլև ուսումնասիրում եմ տվյալ ստեղծագործության կառուցվածքը, առանց նվագելու։ Նաև ստեղծագործությունն ավելի լավ ընկալելու համար լսում եմ կոմպոզիտորի մյուս գործերը։
— Ինչպե՞ս կբնորոշեիք հմուտ դաշնակահարին։
— Նա պետք է կարողանա այնպես անել, որ դաշնամուրը «երգի»։ Բացատրեմ։ Դաշնամուրը ստեղնա-հարվածային գործիք է։ Նոտան հնչեցնելուց հետո ձայնի ուժգնությունը գնալով նվազում է՝ ի տարբերություն մարդու ձայնի կամ փողային գործիքների, որոնցով կարելի է պահել ձայնի ուժգնությունը կամ նույնիսկ ավելացնել։ Դաշնակահարի խնդիրն է՝ տիրապետել ձայնի ուժգնությունը չկորցնելու հմտությանը։ Դա արվում է մատների և դաստակի ճկուն շարժումներով՝ դաշնամուրի աջ ոտնակի զուգահեռ օգտագործմամբ, ինչի շնորհիվ երկարում է նոտայի տևողությունը, և փոփոխվում է տեմբրը։ Երբ նա տիրապետում է կատարման այդ բարդ տեխնիկային, կարողանում է այնպես անել, որ դաշնամուրը հնչի սրնգի, շեփորի և նույնիսկ մի ամբողջ նվագախմբի պես։ Նա նաև կարող է այնպես անել, որ դաշնամուրը հնչի ամենահրաշալի երաժշտական գործիքի՝ մարդկային ձայնի նման։
— Երևում է, որ շատ եք սիրում երաժշտություն։
— Ինձ համար երաժշտությունը մի «լեզու» է, որով կարելի է լավագույնս արտահայտել զգացումներ և արթնացնել հույզեր, որոնք դժվար է և նույնիսկ անհնար փոխանցել բառերով։
— Ի՞նչը ձեզ մղեց հետաքրքրվել հոգևոր հարցերով։
— Մեր տանը միշտ շատ գրքեր են եղել, որոնք հայրս բերում էր Մոսկվայից։ Ինձ հատկապես հետաքրքրեց մի գիրք, որում կային աստվածաշնչյան պատմություններ աշխարհի ստեղծման և իսրայելացիների հետ տեղի ունեցած դեպքերի մասին։ Մեկ ուրիշ գիրք, որ կարդացի, կոչվում էր՝ «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում», որը հրատարակել էին Եհովայի վկաները *։ Ինձ գրավեց այն, թե որքան պարզ էին այնտեղ ներկայացված աստվածաշնչյան ուսմունքները։ Երբ 1991-ին տեղափոխվեցի Իսպանիա՝ երաժշտական կրթությունս շարունակելու, գիրքը տարա ինձ հետ և մի քանի անգամ կարդացի։ Ես գտա այնպիսի հավատ, որը հիմնված է ոչ թե լոկ զգացումների, այլ առողջ տրամաբանության և համոզիչ փաստերի վրա։
Ինձ հատկապես գրավեց այն ուսմունքը, որ մարդիկ կարող են հավիտյան ապրել երկրի վրա։ Ինձ համար դա շատ տրամաբանական էր։ Պետք է նշեմ, որ այդ ժամանակ դեռ չէի հանդիպել Եհովայի վկաներին։ Բայց վճռեցի, որ երբ հանդիպեմ, կխնդրեմ, որ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։
— Ինչպե՞ս հանդիպեցիք Վկաներին։
— Այդ որոշումը կայացնելուց մի քանի օր անց տեսա երկու կանանց, որոնց ձեռքում Աստվածաշունչ կար։ Մտածեցի. «Նրանք նման են այն մարդկանց, որոնց մասին կարդացել եմ իմ գրքում։ Նրանք քարոզում են ճիշտ այնպես, ինչպես առաջին դարի քրիստոնյաները»։ Շուտով սկսեցի մի Վկայի հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Իսկ այսօր մեծ ուրախություն եմ ստանում՝ օգնելով ուրիշներին իմանալու մեր Արարչի մասին։
— Քանի որ նախկինում աթեիստ եք եղել, կպատմե՞ք, թե ինչն է մղել ձեզ հավատալու Արարչի գոյությանը։
— Հենց երաժշտությունը։ Գրեթե ամեն ոք սիրում է երաժշտություն, ինչը չեն կարող անել կենդանիները։ Դրա միջոցով կարելի է արտահայտել ուրախություն, վստահություն, քնքշություն և գրեթե ամեն զգացում։ Երաժշտության ռիթմ լսելիս ինքնըստինքյան սկսում ենք շարժվել։ Բայց մի՞թե երաժշտությունն անհրաժեշտ է գոյատևելու համար։ Մի՞թե այն ինչ-որ դեր է խաղում գոյության պայքարում, որտեղ ըստ էվոլյուցիոնիստների՝ «գոյատևում են ուժեղագույնները»։ Կարծում եմ՝ ոչ։ Ըստ իս՝ անտրամաբանական է եզրակացնել, որ մարդու ուղեղը, որն ունակ է ստեղծելու և հասկանալու այնպիսի երաժշտություն, ինչպիսիք են Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները, ընդամենը էվոլյուցիայի արդյունք է։ Ավելի տրամաբանական է այն, որ ուղեղը ստեղծված է իմաստուն և սիրող Արարչի կողմից։
Աստվածաշունչը կարծես մի սիմֆոնիա լինի, որն ունի գեղեցիկ կառուցվածք, ներդաշնակություն և պարունակում է հիանալի լուր ողջ մարդկության համար
— Ի՞նչը համոզեց ձեզ, որ Աստվածաշունչը Աստծուց է ներշնչված։
— Աստվածաշունչը կազմված է 66 փոքր գրքերից, որոնք գրի են առել մոտ 40 տղամարդիկ ավելի քան 1600 տարիների ընթացքում։ Մտածեցի. «Ո՞վ կարող էր կազմակերպել զարմանալի ներդաշնակություն ունեցող այդ գլուխգործոցի գրությունը»։ Միակ տրամաբանական պատասխանն է՝ Աստված։ Ինձ համար Աստվածաշունչը կարծես մի սիմֆոնիա լինի, որն ունի գեղեցիկ կառուցվածք, ներդաշնակություն և պարունակում է հիանալի լուր ողջ մարդկության համար։
^ պարբ. 15 Այսօր Վկաները Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ։ Այն մատչելի է www.jw.org կայքում։