Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ

Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ

Քրիստինան չէր հավատում իր աչքերին։ Նա գտել էր մի սև տոպրակ, որում շատ մեծ գումար կար, ավելի շատ, քան իր քսան տարվա աշխատավարձը կկազմեր։ Նա գիտեր, թե ումն էր այն։ Ի՞նչ պետք է աներ նա։ Իսկ ի՞նչ կանեիր դու։ Քո պատասխանը ցույց կտա, թե ինչ տեսակետ ունես ազնվության վերաբերյալ և թե որքանով ես պատրաստ միշտ առաջնորդվելու այդ բարոյական արժեքով։

Ի՞ՆՉ են արժեքները։ Դրանք բարոյական և էթիկական սկզբունքներ են, որոնք համարում ենք ճիշտ և կարևոր։ Դրանց թվում կարելի է ընդգրկել ներողամտությունը, ազնվությունը, ազատությունը, սերը, կյանքի հանդեպ հարգանքը և ինքնատիրապետումը։ Մեր արժեքներն ազդում են մեր վարքի, առաջնահերթությունների և փոխհարաբերությունների վրա, ինչպես նաև այն բանի, թե բարոյական ինչ չափանիշներ ենք փոխանցում մեր երեխաներին։ Ու թեև բարոյական արժեքները կարևոր են, սակայն դրանք այսօր անկում են ապրում։

ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

2008-ին Միացյալ Նահանգներում հետազոտողները բարոյական արժեքների վերաբերյալ հարցում անցկացրին հարյուրավոր երիտասարդների շրջանում։ «Նյու Յորք թայմս» թերթում Դեյվիդ Բրուքսը գրեց. «Անչափ ցավալի է, որ նրանք շատ քիչ են մտածում և խոսում բարոյական հարցերի մասին»։ Երիտասարդների մեծ մասը համարում է, որ բռնաբարությունը և սպանությունը սխալ արարքներ են, սակայն «բացառությամբ այս ծայրահեղ դեպքերի, նրանք չեն մտածում բարոյականությանն առնչվող այլ հարցերի մասին, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է հարբած վիճակում մեքենա վարելուն, դասերի ժամանակ խաբելուն և կողակցին դավաճանելուն»։ Մի երիտասարդուհի նշեց. «Ինձ այդքան էլ չի հետաքրքրում՝  ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ»։ Շատերն էլ այսպիսի տեսակետ ունեն. «Եթե կարծում ես, որ դա ճիշտ է, այդպես էլ արա։ Հետևիր սրտիդ ձայնին»։ Արդյոք իմաստո՞ւն է այդպես մտածել։

Մարդու սիրտն ունակ է սիրելու և կարեկցանք դրսևորելու, բայց այն կարող է լինել նաև «նենգավոր և անհուսալի» (Երեմիա 17։9)։ Այս տխուր իրողությունը հաստատվում է նրանով, որ աշխարհի բարոյականությունը անկում է ապրում, ինչի մասին կանխագուշակել էր Աստվածաշունչը։ Դեռ շատ վաղուց այնտեղ գրվել էր, որ «վերջին օրերում.... մարդիկ կլինեն եսասեր, ագահ, պարծենկոտ, գոռոզ», ինչպես նաև «չար [և] բռնի»։ Նաև ասվում էր, որ «նրանք կատեն բարին» և «ավելի շատ կսիրեն հաճույքը, քան Աստծուն» (2 Տիմոթեոս 3։1–5, Good News Translation)։

Իմանալով այս ամենը՝ պետք է մղվենք ստուգելու մեր սիրտը և կուրորեն չվստահենք դրան։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Իր սրտին ապավինողը հիմար է» (Առակներ 28։26)։ Կողմնացույցի նման՝ մեր սիրտը անհրաժեշտ է կարգավորել, որպեսզի այն ճիշտ ուղղություն ցույց տա, և դա հարկավոր է անել ճշգրիտ արժեքների համաձայն։ Իսկ որտե՞ղ կարելի է գտնել այդպիսի արժեքներ։ Շատերը դիմում են Աստվածաշնչին, քանի որ այն աչքի է ընկնում մեծ իմաստությամբ և անկեղծությամբ։

ՎՍՏԱՀԵԼԻ ԱՐԺԵՔՆԵՐ

Ակնհայտ է, որ աստվածաշնչյան արժեքները լավագույն առաջնորդությունն են տալիս մարդկանց։ Քննենք դրանցից մի քանիսը՝ սերը, բարությունը, առատաձեռնությունը և ազնվությունը։

Սեր մարդկանց հանդեպ։

Երջանիկ կյանքով ապրելու մասին մի գրքում ասվում է. «Եթե սովորել ես սիրել, ապա երջանկությունը անպայման կթակի դուռդ» (Engineering Happiness— A New Approach for Building a Joyful Life)։ Հստակ է, որ մարդը սիրո կարիք ունի։ Առանց սիրո, չենք կարող իսկապես երջանիկ լինել։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։ Այս խոսքերը գրողը նաև ասել է. «Եթե.... սեր չունենամ, ես ոչինչ եմ» (1 Կորնթացիներ 13։2

Այդ սերը ռոմանտիկ կամ լոկ զգացմունքային սեր չէ. այն ղեկավարվում է սկզբունքներով։ Այդպիսի սերը մղում է մեզ օգնելու դժվարության մեջ հայտնված անծանոթին, առանց որևէ վարձատրություն ակնկալելու։ 1 Կորնթացիներ 13։4–7 համարներում կարդում ենք. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է.... ամեն ինչի տոկում է»։

Երբ ընտանիքում այդպիսի սեր չի դրսևորվում, տուժում են ընտանիքի բոլոր անդամները, հատկապես երեխաները։ Մոնիկա անունով մի կին գրեց, որ մանկության տարիներին ենթարկվել է ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնության։ Նա ասում է. «Ես սիրված չէի և ապագայի որևէ հույս չունեի»։ 15 տարեկանում նա տեղափոխվեց իր տատի ու պապի մոտ, որոնք Եհովայի վկաներ են։

«Երկու տարի ապրեցի նրանց հետ,— պատմում է Մոնիկան,— և նրանք ինձ պես ամաչկոտ աղջկան սովորեցրին լինել շփվող, սիրառատ և ուրիշների հանդեպ հոգատար։ Նրանք օգնեցին ինձ դառնալու հարգված  երիտասարդուհի»։ Մոնիկան այժմ ամուսնացած է և ապրում է երջանիկ կյանքով ամուսնու և երեք երեխաների հետ։ Նրանք բոլորն էլ սեր են դրսևորում մարդկանց հանդեպ՝ պատմելով նրանց Աստվածաշնչի բարի լուրը։

Սիրո ծածուկ թշնամիներից է նյութապաշտությունը։ Նյութապաշտ մարդիկ նյութական բարեկեցությունը և հաճույքները ամենաբարձր արժեքներն են համարում։ Սակայն հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ մարդիկ բավական քիչ բանի կարիք ունեն երջանիկ լինելու համար, և որ շատ ունեցվածքը չի ավելացնում երջանկությունը։ Իրականում նրանք, ովքեր սկսում են ավելի մեծ տեղ տալ նյութական արժեքներին, իսկական երջանկություն չեն գտնում։ Այս տեսակետին թիկունք է կանգնում նաև Աստվածաշունչը։ Ժողովող 5։10-ում ասվում է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից։ Սա էլ է ունայնություն»։ Աստծու Խոսքում նաև ասվում է. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա» (Եբրայեցիներ 13։5

Բարություն և առատաձեռնություն։

Մի հոդվածում ասվում էր. «Ի՜նչ լավ կլիներ, եթե կարողանայիր խանութից հարատև երջանկություն գնել։ Գուցե տարօրինակ հնչի, սակայն դա հնարավոր է, եթե այն, ինչ գնում ես, նախատեսված է մեկ ուրիշի համար» (The Greater Good Science Center, University of California, Բերկլի, ԱՄՆ)։ Ո՞րն է ասվածի իմաստը։ Մեզ ավելի երջանիկ է դարձնում տալը, քան ստանալը։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

Հաճախ ամենալավ և ամենագոհացուցիչ բանը, որ կարող ենք տալ, մեր անձն է, մեր ժամանակն ու եռանդը։ Օրինակ՝ Քարեն անունով մի կին տեսավ մի կնոջ իր երկու աղջիկների հետ, որոնք նստած էին կապոտը բաց մի մեքենայի մեջ։ Մայրը և աղջիկներից մեկը պետք է հասնեին օդանավակայան, սակայն մեքենայի շարժիչը չէր միանում, իսկ տաքսին ուշանում էր։ Քարենն առաջարկեց իր մեքենայով տանել նրանց, թեև մինչև օդանավակայան 45 րոպեի ճանապարհ էր։ Նրանք ընդունեցին առաջարկը։ Հետդարձի ճանապարհին Քարենը տեսավ, որ մյուս աղջիկը դեռևս սպասում էր կայանատեղում։

Ամուսինս արդեն ճանապարհին է,— ասաց աղջիկը։

— Դե՛, ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է,— պատասխանեց Քարենը։— Ես պետք է գնամ, որոշ գործեր ունեմ անելու մեր Թագավորության սրահի, այսինքն՝ մեր եկեղեցու այգում։

— Դուք Եհովայի վկա՞ եք,— հարցրեց աղջիկը։

— Այո՛,— ասաց Քարենը, և նրանց միջև կարճ զրույց տեղի ունեցավ։

Մի քանի շաբաթից Քարենը նամակ ստացավ։ Նամակում ասվում էր. «Ես ու մայրս չենք մոռացել Ձեր բարի արարքը։ Ձեր շնորհիվ մենք ժամանակին հասանք օդանավակայան։ Քույրս ասաց, որ Եհովայի վկա եք, դրանով ամեն ինչ պարզ է դառնում։ Մայրս նույնպես Վկա է, իսկ ես ոչ ակտիվ եմ, բայց պատրաստվում եմ շուտով փոփոխություն անելու այդ հարցում»։ Քարենն անչափ ուրախ էր, որ կարողացել էր օգնել իր երկու հավատակիցներին։ «Ես նույնիսկ արտասվեցի»,— ասաց նա։

Գրող Չարլզ Ուորները նշել է. «Կյանքում ամենահրաշալի վարձատրություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր ոք, անկեղծորեն օգնելով ուրիշին, օգնում է նաև ինքն իրեն»։ Դա ճշմարիտ է, քանի որ Աստված մարդկանց ստեղծել է, որ ոչ թե եսասեր լինեն, այլ արտացոլեն  իր հիանալի հատկությունները (Ծննդոց 1։27

Ազնվություն։

Այս բարոյական արժեքը անչափ կարևոր դեր է խաղում ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ։ Անազնվությունը վախ և անվստահություն է ներշնչում ու քայքայում է հասարակությունը։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Ո՞վ կարող է հյուր լինել [Աստծու] վրանում»։ Ո՞րն է այս հարցի պատասխանը։ «Նա, ով անարատությամբ է քայլում.... և ճշմարտությունն է խոսում իր սրտում» (Սաղմոս 15։1, 2)։ Այո՛, մեր քննարկած մյուս հատկությունների նման՝ իսկական ազնվությունը զարգացնելով դարձնում մեր ներքին անձնավորությանը բնորոշ հատկանիշ, և այն դրսևորելը կախված չէ հանգամանքներից կամ շահ ունենալուց։

Հիշենք Քրիստինային, որը խոշոր գումարով տոպրակ էր գտել։ Նա ցանկանում էր ոչ թե հարստություն ձեռք բերել, այլ Աստծուն հաճեցնել։ Երբ տոպրակը կորցրած մարդը անհանգստացած վերադարձավ, Քրիստինան ասաց, որ գտել է այն։ Այդ մարդուն ապշեցրեց նրա ազնվությունը։ Զարմացել էր նաև Քրիստինայի գործատերը, որը հետագայում նրան ավելի պատասխանատու աշխատանք վստահեց, և նա դարձավ պահեստապետ։ Որքա՜ն ճշմարիտ են 1 Պետրոս 3։10-ում գրված խոսքերը. «Ով ուզում է սիրել կյանքը և լավ օրեր տեսնել, թող.... հետ պահի.... շուրթերը՝ սուտ խոսելուց»։

ՔԱՅԼԵՆՔ «ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Աստվածաշնչի բարոյական արժեքներն արտացոլում են Արարչի խոր սերը մեր հանդեպ, քանի որ դրանք օգնում են մեզ քայլելու «լավ մարդկանց ճանապարհով» (Առակներ 2։20; Եսայիա 48։17, 18)։ Երբ առաջնորդվում ենք այդ սկզբունքներով, մենք էլ մեր հերթին ցույց ենք տալիս Աստծու հանդեպ մեր սերը և առատապես օրհնվում ենք։ Աստվածաշունչն այսպիսի խոստում է տալիս. «Պահի՛ր [Աստծու] ճանապարհները, նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես. և դու կտեսնես ամբարիշտների կործանումը» (Սաղմոս 37։34

Այո՛, Աստվածաշնչի սկզբունքներով ապրող մարդկանց հիանալի ապագա է սպասում՝ ապրել խաղաղությամբ լեցուն և չարությունից զերծ երկրի վրա։ Անշուշտ, արժե ուշադրություն դարձնել այս բարոյական արժեքներին։