Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ագամա մողեսի պոչը

Ագամա մողեսի պոչը

ԱԳԱՄԱՆ հորիզոնական մակերեսից հեշտությամբ ցատկում է ուղղահայաց պատի վրա։ Սակայն եթե դրա մակերեսը սայթաքուն է, մողեսը կորցնում է իր հավասարակշռությունը, բայցևայնպես հաջողությամբ վայրէջք է կատարում պատի վրա։ Ինչպե՞ս։ Գաղտնիքը պոչի մեջ է։

Նկատի առնենք հետևյալը։ Երբ ագամաները ցատկում են կոշտ մակերեսի վրայից, ինչի շնորհիվ նրանք կարողանում են բռնվել, նախևառաջ հավասարակշռում են իրենց մարմինը ու պոչը ներքև պահում։ Դա օգնում է ճիշտ անկյան տակ ցատկելու։ Իսկ սայթաքուն մակերեսի վրա մողեսները սայթաքում են ու ցատկում սխալ անկյան տակ։ Բայց օդի մեջ նրանք ուղղում են մարմնի անկյունը՝ պոչը կտրուկ բարձրացնելով։ Այդ պրոցեսը բարդ է։ «Մողեսները պետք է շարունակ փոխեն իրենց պոչի անկյունը, որ այն ճիշտ լինի, որպեսզի մնան ուղղաձիգ դիրքում»,— ասվում է Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլի) կողմից հրապարակված մի հաշվետվության մեջ։ Որքան մակերեսը սայթաքուն է, այնքան մողեսը ավելի պետք է բարձրացնի իր պոչը, որ ապահով վայրէջք կատարի։

Ագամայի պոչը կարող է ինժեներներին օգնել նախագծելու ավելի ճկուն ռոբոտ-մեքենաներ, որոնց շնորհիվ երկրաշարժից կամ այլ աղետներից հետո հնարավոր կլինի փնտրել կենդանի մնացածներին։ «Ճկունության հարցում ռոբոտներին հնարավոր չէ համեմատել կենդանիների հետ,— ասում է հետազոտող Թոմաս Լիբին։— Ուստի ցանկացած բան, որ կարող է ռոբոտին ավելի կայուն դարձնել, առաջխաղացում է»։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ագամայի պոչը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։