Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երիտասարդները հարցնում են

Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը

Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը

Որքա՞ն ես սթրեսի ենթարկվում։

  • Սթրեսն ինձ խեղդում է

  • Ուժերս սպառվում են

  • Կարող եմ դիմանալ

  • Սթրե՞ս, ես անգամ չգիտեմ՝ ինչ է դա

ՍԹՐԵՍԸ հաղթահարելը նման է ծանր կցասայլ քաշելուն։ Մեծ բեռնատարը կարող է հեշտությամբ քաշել այն։ Բայց մեքենան չի կարող։ Եթե այսպիսի բեռով նույնիսկ կարճ ճանապարհ անցնես, մեքենայի շարժիչը կվնասվի։ Նույնը կարող է պատահել քո «շարժիչի» հետ, եթե չափից շատ սթրես տանես։

Ուրեմն իրավիճակն անհուսալի՞ է։ Բոլորովի՛ն։ Որպեսզի մեքենադ շարքից դուրս չգա, կա՛մ պետք է թեթևացնես բեռդ, կա՛մ ավելի հզոր շարժիչ ձեռք բերես։ Իրականում, երկուսն էլ կարող ես անել։ Տեսնենք, թե ինչպես։

Թեթևացրու բեռդ

ԽՆԴԻՐ. չափազանց զբաղված գրաֆիկ։

«Երբեմն ինձ խնդրում են, որ օգնեմ ինչ-որ հարցում կամ շփվեմ որևէ մեկի հետ, երբ շատ գործեր ունեմ անելու, ու ես չեմ կարողանում ոչ մեկի մերժել» (Կարինա) a։

ԼՈՒԾՈՒՄ. սովորիր ասել ոչ։

«Իմաստությունը համեստների հետ է»,— ասում է Աստվածաշունչը (Առակներ 11։2)։ Համեստությունը, կամ՝ քո կարողությունների սահմանափակ լինելն ընդունելը հնարավորություն է տալիս քեզ ասելու ոչ, եթե քեզ համար շատ ծանր կլինի տանել բեռը։

Իհարկե, ոչ ասելը միշտ չէ, որ հարցի լուծում է, օրինակ՝ չես կարող այդպես ասել, երբ ծնողներդ հիշեցնում են տանն ունեցած քո պարտականությունների մասին։ Բայց եթե թույլ տաս, որ ամեն մեկն ավելացնի քո բեռը, ի վերջո ուժասպառ կլինես։ Նույնիսկ մեծ բեռնատարը սահմանափակ բեռ կարող է տանել։

Առաջարկ։ Եթե քեզ համար դժվար է մարդուն ուղղակի մերժել, փորձիր ասել հետևյալը. «Ես հիմա չեմ կարող պատասխանել»։ Հետո որոշակի պատասխան տալուց առաջ հարցրու քեզ. «Ժամանակ և ուժ ունե՞մ այս գործի համար»։

ԽՆԴԻՐ. հետաձգում։

«Եթե հանձնարարությունը դժվար է թվում, ես այն հետաձգում եմ։ Իսկ հետո սկսում եմ մտածել, որ այն դեռ չեմ արել։ Հետո էլ շտապելով եմ անում, և դա ինձ սթրեսի մեջ է գցում» (Սերենա)։

ԼՈՒԾՈՒՄ. սկսիր, եթե անգամ այդ պահին չես ավարտելու։

«Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք»,— խորհուրդ է տալիս Աստվածաշունչը (Հռոմեացիներ 12։11)։ Բարդ հանձնարարություն ունենալը արդեն վատ է, էլ ինչո՞ւ հետաձգելով ծանրացնես բեռդ։ Այդպես դժվարություններդ ավելի երկար կտևեն։

Որպեսզի մղվես գործերդ անելու, ցուցակ կազմիր։ Մեծ հանձնարարությունները մասերի բաժանիր։ «Ինձ դուր է գալիս ցուցակ ունենալը,— ասում է Քերոլ անունով մի երիտասարդ կին,— սկզբում գրում եմ չսիրածս բաները ու երբ անում եմ դրանք, արդեն հեշտ է լինում։ Մեկ էլ տեսնում եմ՝ անցել եմ ինձ հաճելի գործերին»։

Առաջարկ։ Երբ դժվարանում ես սկսել գործդ, ժամացույցդ ֆիքսիր 10 կամ 15 րոպեի վրա և անմիջապես գործի անցիր։ Երբ ժամանակը լրանա, կստացվի, որ 10 կամ 15 րոպեի գործն արդեն արել ես։ Երբ սկսես, գուցե զարմանաս, թե ինչքան հեշտ է ավելի շատ բան անել։

Սենյակդ մաքուր պահիր։ Երբ թափթփված սենյակիդ մեջ ման ես գալիս մաքուր շորերդ կամ տնային աշխատանքդ, սթրեսդ ավելի է շատանում։ Որպեսզի առավոտյան սթրեսի մեջ չընկնես, քնելուց առաջ հինգ րոպե տրամադրիր և ամեն ինչ կարգի բեր։

Ավելի հզոր «շարժիչ» ձեռք բեր

Խնամք տար մարմնիդ։

Մասնագետները համամիտ են, որ առողջարար սննդակարգը, կանոնավոր վարժությունները և բավականաչափ քունը կօգնեն քեզ ավելին անելու b։ Մի՛ անհանգստացիր. մարմնին հոգ տանելը ամենևին էլ դժվար չէ։ Մի քանի պարզ քայլեր կօգնեն քեզ սկսելու. օրինակ՝ քնիր։ Փորձիր հետևյալը։

  1. Բավականաչափ քնիր։ Քեզ համար ժամ որոշիր, թե դպրոցի օրերին և աշխատանքային օրերին երբ ես քնելու և վեր կենալու։

  2. Քնելուց առաջ ակտիվ գործերով մի՛ զբաղվիր։ Ֆիզիկական վարժություններ մի՛ արա քնելուց երեք ժամ առաջ ու երբ քնելուդ ժամը մոտենում է, խուսափիր ծանր ուտելիքներից և կոֆեինից։

  3. Երբ պատրաստվում ես քնելու, ննջասենյակում թող մութ լինի, լռություն տիրի և հանգիստ մթնոլորտ։

Կապ պահիր ուրիշների հետ։

Մի՛ հապաղիր օգնության համար դիմել ծնողներիդ և ընկերներիդ։ Դա իսկապես օգնում է։ Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, էմոցիոնալ աջակցությունը նվազեցնում է այն վնասը, որը ավելացող սթրեսի պատճառով կարող է հասցվել սրտին, արյան անոթներին և իմունային համակարգին։

Այս տվյալները ներդաշնակ են Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակներ 12։25)։ Երբ «անհանգստությունը» ընկճում է քեզ, իսկական ընկերները կարող են «բարի խոսքով» քաջալերել. դա կարող է լինել հենց այն, ինչի կարիքն ունես։

Դեռ օգնության կարիք ունե՞ս սթրեսը հաղթահարելու համար։ Տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի հետևյալ գլուխները (հատոր 1, 2 (ռուս.))։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՀԱՏՈՐ 1

ՀԱՏՈՐ 2

  • Գլուխ 26 «Ինչպե՞ս զսպեմ էմոցիաներս»

  • Գլուխ 27 «Ինչո՞ւ եմ ես մաքսիմալիստ»

 

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

b Սննդակարգի և վարժությունների վերաբերյալ խորհուրդների համար տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 10-րդ գլուխը (հատոր 1)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ

Ձեր կյանքում ի՞նչ սթրես եք տարել։ Ձեզ համար ո՞րն է սթրեսը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցը։