Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Աստվածաշնչի տեսակետը

Պե՞տք է լինել որևէ կրոնի անդամ

Պե՞տք է լինել որևէ կրոնի անդամ

ԵԹԵ հիասթափվել եք որևէ կրոնից կամ չեք կարևորում այն, դուք միակը չեք։ Իրականում, այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են չանդամակցել որևէ կրոնի, արագ աճում է։

Ոմանք հեռացել են կրոնից, քանի որ կարծում են, թե այն կեղծավորություն և անհանդուրժողականություն է սերմանում։ Ուրիշների համար շատ դժվար է հետևել երկրպագության կազմակերպված ձևի։ Իսկ մյուսներն էլ կարծում են, որ կրոնը ավելորդ «միջնորդ» է Աստծու և իր երկրպագուների միջև։ Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում կրոնի վերաբերյալ։

Աստծու վաղեմի ընկերները

Աստվածաշունչը հստակ նկարագրում է, թե նահապետները՝ Աբրահամը, Իսահակը և Հակոբը, ինչպիսի երկրպագություն են մատուցել։ Օրինակ՝ մի առիթով Աստված ասաց. «Ես մտերմացա նրա [Աբրահամի] հետ, որպեսզի նա իր որդիներին և իրենից հետո եկող իր տնեցիներին պատվիրի պահել Եհովայի ճանապարհը՝ արդարություն և դատաստան իրագործելու համար» (Ծննդոց 18։19)։ Աբրահամը Աստծու ընկերն էր և մտերիմ փոխհարաբերություններ ուներ Արարչի հետ։ Սակայն նա նաև իր տնեցիների հետ էր երկրպագություն մատուցում։ Նույնպեսև մյուս նահապետները, ովքեր մտերիմ էին Աստծու հետ, երկրպագում էին նրան իրենց ընտանիքի անդամների, բարեկամների, ինչպես նաև ծառաների հետ։

Ժամանակի ընթացքում Աստված պահանջեց իսրայելացիներից, իսկ հետագայում առաջին դարի քրիստոնյաներից իրեն երկրպագելու համար հավաքվել (Ղևտական 23։2, 4; Եբրայեցիներ 10։24, 25)։ Երբ երկրպագություն մատուցելու համար նրանք հավաքվում էին, երգում էին, կարդում էին Աստծու Խոսքը և հանրորեն աղոթում (Նեեմիա 8։1–8; Կողոսացիներ 3։16)։ Սուրբ Գիրքը նաև պատվիրում էր, որ մի խումբ տղամարդիկ, որոնք համապատասխան որակներ ունեին, առաջնորդեին ժողովը երկրպագության հարցում (1 Տիմոթեոս 3։1–10

Որպես ժողով երկրպագելու օգուտները

Աստվածաշնչյան այս օրինակներից ելնելով՝ տրամաբանական է եզրակացնել, որ այսօր նույնպես Աստված ակնկալում է, որ իրեն երկրպագեն կազմակերպված կերպով։ Ինչ խոսք, Աստծուն որպես ժողովի մի մաս երկրպագելը օգուտներ է բերում։

Սուրբ Գիրքը ճշմարիտ երկրպագուին նմանեցնում է նեղ ճանապարհով գնացողի և մրցավազքի մասնակցողի (Մատթեոս 7։14; 1 Կորնթացիներ 9։24–27)։ Երկար, դժվարանցանելի ճանապարհով վազելիս վազորդը կարող է արագ հոգնել և ի վերջո կանգ առնել։ Սակայն վազորդը կարող է իր ուժերից ավելին անել, եթե նրան քաջալերեն ուրիշները։ Նույն կերպ էլ հոգևոր տրամադրվածություն ունեցող անհատը, չնայած դժվարություններին, կարող է պահպանել Աստծու հետ ունեցած իր փոխհարաբերությունները, եթե քաջալերություն ստանա մյուս հավատակիցներից։

Հենց այդ մասին է ասվում Աստվածաշնչում՝ Եբրայեցիներ 10։24, 25-ում. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի  մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները»։ Փաստորեն, Աստվածաշունչն ասում է, որ ճշմարիտ երկրպագուները պետք է երկրպագություն մատուցեն Աստծուն իբրև եղբայրներ և քույրեր՝ որպես մեկ միավորված մարմին։

Երեք տարբեր կրոնների պատկանող մարդիկ մոտենում են մի մարդու

Պե՞տք է մերժել բոլոր կրոնները

Աստվածաշունչը նկարագրում է, որ այդ մարմինը, կամ՝ ժողովը, միավորված է սիրո և խաղաղության կապով։ Եփեսացիներ 4։2, 3 համարներում հորդոր է տրվում ճշմարիտ երկրպագուներին վարվել «կատարյալ խոնարհամտությամբ և մեղմությամբ, համբերատարությամբ, սիրով միմյանց համբերելով, ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ»։ Մի՞թե կկարողանայիք այս հորդորի համաձայն վարվել, եթե այլ երկրպագուներից անկախ և առանձին երկրպագեիք Աստծուն։

Աստծու կամքն է, որ ճշմարիտ երկրպագուները միախմբված երկրպագեն իրեն և ոչ թե իրարից անջատ։ Աստվածաշունչը հորդորում է Աստծու երկրպագուներին խոսքերի մեջ միասնական լինել, խուսափել բաժանումներից և «միաբանված լինել մտքով և մտածելակերպով» (1 Կորնթացիներ 1։10)։ Այս խոսքերը ոչ մի նշանակություն չէին ունենա, եթե Աստված ցանկանար, որ մարդիկ երկրպագեին իրեն առանձին-առանձին։

Պարզ է, որ Աստվածաշունչը մատնանշում է, որ Աստծուն ընդունելի երկրպագության ձև կա և նա ուզում է, որ իրեն երկրպագեն կրոնի միջոցով, որը կարող է անհրաժեշտ աջակցություն տալ, որ բավարարեք ձեր հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3

Ինչ խոսք, շատ կրոններ կեղծավոր են և մեղավոր անթիվ-անհամար դաժանությունների մեջ։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժել բոլոր կրոնները։ Այսօր կա մի կրոն, որը հիմնվել է բոլոր մարդկանց հանդեպ սեր դրսևորելու և նրանց Աստծու բարոյական չափանիշները սովորեցնելու համար։ Այդպիսի կրոնը կարող է օգնել ձեզ կերտելու իսկական հավատ։ Աստվածաշունչը անհրաժեշտ միջոցներ է տալիս, որոնք կօգնեն ձեզ բնորոշելու, թե որ երկրպագությունն է ընդունելի Աստծուն։