Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխարհի վերջ. ահ ու սարսափ ներշնչող օր

Աշխարհի վերջ. ահ ու սարսափ ներշնչող օր

ԱՇԽԱՐՀԻ վերջի մասին անիրական տեսակետներից բացի, որոնց մասին խոսեցինք նախորդ հոդվածում, իրականում կան բաներ, որ լուրջ ուշադրության են արժանի։ Շատերին անհանգստացնում է գերբնակվածությունը, ինչի հետևանքով հնարավոր է՝ ջրի ու սննդի պակասություն լինի։ Մյուսներին մտահոգում են գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բնական աղետների, համաճարակների և միջուկային պատերազմի մասին։ Կարո՞ղ են դրանք հանգեցնել համաշխարհային աղետի։

Համառոտ քննենք մի քանի հավանական իրավիճակներ, որ կարող են աշխարհի վերջի պատճառ դառնալ։ Ինչ խոսք, ոչ բոլոր դեպքերում մարդիկ բնաջինջ կլինեն, սակայն ինչպես գիտենք, դրանք պոտենցիալ վտանգ են քաղաքակրթության համար։ Նկատի առնենք դրանցից մի քանիսը։

 Հսկայական հրաբուխներ

1991թ.-ին Ֆիլիպիններում ժայթքեց Պինատուբո լեռը, ինչի հետևանքով ավելի քան 700 մարդ մահացավ, իսկ մոտ 100000-ը մնաց անտուն։ Լեռը 30 կիլոմետր բարձրությամբ ծխի քուլաներ և հրաբխային մոխիր արտանետեց երկինք, որը հետո թափվեց երկրի վրա՝ մեծ վնաս հասցնելով բերքին և ավերելով շենքերի կտուրները։ Պինատուբոն և դրա նման այլ հրաբուխներ ժայթքելուց հետո տարիներ շարունակ կլիմայական փոփոխություն են առաջ բերում։

Եթե նման հսկայական ժայթքումներ, որ տեղի են ունեցել հեռավոր անցյալում, լինեն այսօր, հարյուր անգամ ավելի մեծ, ավելի աղետալի ու ավելի կործանարար կլինեն, քան ողջ պատմության ընթացքում գրանցված դեպքերը։ Սակայն բացի կործանարար ազդեցությունից, գլոբալ կլիմայական փոփոխությունները վատ հետևանք կթողնեն բերքի, սննդի պաշարների վրա, ինչը ի վերջո կհանգեցնի համատարած սովի։

«Հրաբուխների պատճառով մեծ տարածության վրա ոչնչանում են բույսերը և կենդանիները, իսկ հսկայական հրաբուխները սպառնում են ողջ բուսական և կենդանական աշխարհին՝ փոխելով ողջ մոլորակի կլիման» (Նեշնլ ջիոգրաֆիք)։

Աստերոիդներ

1908թ. առավոտյան Վանավարա գյուղում (Սիբիր) մի տղամարդ նստած էր խանութի պատշգամբում, երբ պայթյուն տեղի ունեցավ, որը նետեց նրան իր աթոռից։ Ջերմությունն այնքան ուժգին էր, որ նրան թվաց, թե իր վերնաշապիկը վառվում է։ Պայթյունի էպիկենտրոնը գտնվում էր մոտ 60 կիլոմետր հեռու։ Պատճառը աստերոիդն էր, որը մոտ 35 մետր տրամագիծ ուներ, իսկ զանգվածը մոտ 100 միլիոն կիլոգրամ էր։ Երկրի մթնոլորտ ներխուժելուց հետո աստերոիդը բարձր ճնշման և ջերմաստիճանի պատճառով, ինչը առաջ է գալիս մթնոլորտով սրընթաց շարժվելու արդյունքում, պայթել էր։ Պայթյունը Հիրոսիմայի վրա գցված ռումբի պայթյունից էլ ուժեղ էր, հավասար էր 1000 այդպիսի ռումբի պայթյունի. ոչնչացվեց մոտ 2000 քառակուսի կիլոմետր տարածությամբ սիբիրական անտառը։ Ինչ խոսք, ավելի մեծ աստերոիդը ավելի մեծ վնասներ կպատճառի՝ առաջացնելով հսկա հրդեհներ, որից հետո ողջ աշխարհում ջերմաստիճանը կտրուկ կիջնի, ինչպես նաև կվերանան անթիվ-անհամար բույսեր և կենդանիներ։

«Ողջ պատմության ընթացքում գիսաստղեր ու աստերոիդներ են բախվել Երկրին։ Անցյալում ավելի հաճախ են նման բաներ տեղի ունեցել, բայց կրկին կլինեն։ Հարցն այն է, թե երբ» (Քրիս Պալմա՝ Փենսիլվանիայի պետական համալսարանի աստղագիտության և աստղաֆիզիկայի ավագ դասախոս)։

 Կլիմայական փոփոխություն

Գիտնականները կարծում են, որ երկրի միջին ջերմաստիճանի բարձրացումը, եղանակային անոմալիաները, լեռնագագաթների սառույցի և սառցադաշտերի հալվելը, կորալային խութերի և այլ կարևոր տեսակների ոչնչացումը մատնացույց են անում գլոբալ կլիմայական փոփոխության։ Թեպետ այս հարցը վիճելի է, բայց շատերը պնդում են, որ պատճառը քարածխի, նավթի և բնական գազի այրումն է՝ հանածո վառելանյութ, որը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետում մթնոլորտ ավտոմեքենաների և արդյունաբերության միջոցով։

Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ այս արտանետումները ստեղծում են ջերմոցային էֆեկտ, քանի որ դանդաղեցնում են ջերմության արտահոսքը երկրից դեպի մթնոլորտ, ինչի պատճառով ջերմաստիճանը բարձրանում է։ Քանի որ ծառերը ածխաթթու գազ են կլանում, հսկայական անտառահատումները կարող են նույնպես նպաստել կլիմայական փոփոխության։

«Եթե գլոբալ տաքացումը շարունակվի այս տեմպերով և ածխաթթու գազի քանակը չնվազի, շատ գիտնականների կարծիքով՝ Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, ինչի արդյունքում կլինեն ավելի կտրուկ, անկանխատեսելի կլիմայական փոփոխություններ և օվկիանոսի մակարդակի բարձրացում, ինչը կարող է մեծ սպառնալիք լինել ցածրադիր գոտիներում ապրող մարդկանց համար» (գիրք «Մտածենք վաղվա մասին. փաստեր, արժեքներ և ապագա» վերնագրով)։

Համավարակներ

14-րդ դարում Սև մահը (ժանտախտ) ընդամենը երկու տարում սրբեց-տարավ Եվրոպայի բնակչության մեկ երրորդ մասը։ 1918–1920 թվականներին «իսպանկա» գրիպը խլեց առնվազն 50 միլիոն մարդու կյանք։ Քանի որ մի երկրից մյուսը փոխադրամիջոցները այդքան էլ արագ չէին գործում, այս հիվանդությունների տարածումը կանխվեց։ Սակայն այսօր քաղաքների մեծ աճի և միջազգային ճանապարհորդության պատճառով նմանատիպ հիվանդությունները կարող են արագորեն տարածվել բոլոր մայրցամաքներով։

Նման համավարակները կարող են բնական ճանապարհով առաջ գալ։ Սակայն մարդիկ ավելի շատ վախենում են կենսաբանական զենքերից՝ մարդու կողմից ստեղծված հիվանդություններից։ Կենսաբանական զենքերի ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետները նշում են, որ համապատասխան գիտելիքներ ունեցող մարդկանց մի փոքր խումբն անգամ կարող է ինտերնետով գնել սարքեր և ստեղծել մահաբեր կենսաբանական զենքեր։

«Բնական ճանապարհով առաջ եկող համավարակները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում, սակայն թշնամին, որը զինված է այս ախտածին մանրէներով կամ [դեղորայքի նկատմամբ կայուն] կամ սինթետիկ մանրէներով, կարող է աղետալի հետևանքների պատճառ դառնալ» («The Bipartisan WMD Terrorism Research Center», կազմակերպություն)։

 Կարևոր տեսակների վերացում

Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգների մեղվապահները ամեն տարի մեղվաընտանիքների քայքայման պատճառով կորցրել են իրենց մեղուների մոտ 30 տոկոսը, որը գլոբալ երևույթ է, ինչի արդյունքում մեղվաընտանիքները հանկարծակի և առեղծվածային ձևով ամբողջովին անհետանում են իրենց փեթակներից։ Իրականում, մեղուները մեղր տալուց ավելին են անում։ Գյուղատնտեսական մշակաբույսերի մեծ մասի, այդ թվում խաղողի, խնձորի, սոյայի և բամբակի փոշոտումը կատարվում է նրանց միջոցով։ Մեր կյանքը կախված է մեղուներից։

Մեր կյանքը կախված է նաև ֆիտոպլանկտոնից։ Առանց դրա՝ ձկներ չեն լինի։ Իսկ եթե որդեր չլինեն, որ փխրեցնեն հողը, մենք քիչ բերք կունենանք։ Նման կարևոր տեսակների վերացման արդյունքում սննդի պակաս և սով կլինի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բռնության և խռովությունների։ Աղտոտումը, գերբնակվածությունը, բնական ռեսուրսների չարաշահումը, բնական միջավայրի վերացումը և կլիմայական փոփոխությունները նպաստում են կենդանական աշխարհի տեսակների վերացմանը, թերևս 1000 անգամ ավելի արագ, քան եթե չլինեին այդ գործոնները։

«Ամեն տարի 18000-ից մինչև 55000 տեսակներ ոչնչանում են։ Պատճա՞ռը. մարդկային գործոնը» (Միավորված ազգերի զարգացման ծրագիր)։

Միջուկային պատերազմ

Ընդամենը մեկ միջուկային պայթյունը կարող է մեկ ակնթարթում մի քաղաք ոչնչացնել. ցավալի փաստ, որը երկու անգամ արձանագրվեց 1945թ. օգոստոսին։ Միջուկային պայթյունը սարսափելի երևույթ է. այն բնաջնջում է ամեն ինչ ընդամենը օդի ալիքի, քամու, ջերմության, կրակի և ճառագայթման միջոցով։ Ճառագայթումն էլ աղտոտում է սնունդն ու ջուրը։ Միջուկային պատերազմի հետևանքով տոննաներով փոշի կարտանետվի մթնոլորտ՝ փակելով արևի լույսը, ինչի պատճառով ամբողջ աշխարհում ջերմաստիճանը կիջնի։ Բերքը և այլ բույսեր կվերանան։ Իսկ առանց սննդի՝ մարդիկ ու կենդանիները սովի կմատնվեն։ Ըստ տեղեկությունների՝ ինը երկրներ ունեն միջուկային զենք և կարող են հարձակում գործել։ Մի քանի այլ երկրներ էլ արդեն պատրաստում են միջուկային զենք։ Իսկ ահաբեկչական կազմակերպությունները դրանք ձեռք բերելու մեծ ցանկություն ունեն։

«Միջուկային զենքերը ամենալուրջ և ամենաանմիջական սպառնալիքն են քաղաքակրթության գոյությանը.... Ամբողջ աշխարհում դեռևս կան մոտ 25000 միջուկային զենքեր.... Ի վերջո ահաբեկիչները կհասնեն ռումբին» (Անհանգստացած գիտնականների միություն)։