Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ստվածաշնչի տեսակետը

«Ճշմարտությունը կազատի ձեզ». ինչպե՞ս

«Ճշմարտությունը կազատի ձեզ». ինչպե՞ս

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ մտածում են, որ իրենք ազատ են, բայց իրականում այդպես չէ։ Շատերը, օրինակ, սնոտիապաշտության գերին են դարձել։ Մյուսներն էլ վախենում են մահացածներից և թանկ զոհաբերություններ անելով՝ փորձում են խաղաղեցնել նրանց։ Ոմանք էլ, չիմանալով, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը մահանում է, սկսում են հիվանդագին վախ ունենալ մահվան հանդեպ։ Արդյոք կարո՞ղ են մարդիկ ազատվել այս մտային, էմոցիոնալ և նույնիսկ ֆինանսական բեռից։ Այո՛։ Ինչպես ցույց են տալիս վերևում նշված Հիսուս Քրիստոսի խոսքերը, դեպի ազատություն միակ ճանապարհը ճշմարտությունն է։ Իսկ ի՞նչ ճշմարտության մասին է խոսքը. ընդհա՞նրապես ճշմարտության, թե՞ ինչ-որ կոնկրետ ճշմարտության։

Հիսուսը հստակ ցույց տվեց պատասխանը։ «Եթե միշտ պահեք իմ խոսքը,— ասաց նա,— դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32)։ Հիսուսի «խոսքը»՝ նրա ուսմունքները, գտնվում են Աստվածաշնչում։

Երբ Հիսուսն ասաց՝ «ճշմարտությունը կազատի ձեզ», նա հիմնականում նկատի ուներ ազատվել մեղքից ու մահից։ Սակայն Աստծու Խոսքի ճշմարտությունն իմանալը ազատում է մեզ նաև այնպիսի բաներից, ինչպիսիք են ոգեհարցությունը, մահացածների և մահվան հանդեպ հիվանդագին վախը։ Ինչպե՞ս։

1. Ազատվել սնոտիապաշտությունից։ Շատերը կարծում են, որ որոշ առարկաներ կամ թվեր անհաջողություն են բերում։ Ոմանք էլ լուրջ որոշումներ չեն կայացնում մինչև որ լավ նախանշաններ չփնտրեն, հորոսկոպին կամ ոգեհարցին չդիմեն։

Ինչպես է աստվածաշնչյան ճշմարտությունը ազատում։ Հնում ապրող Աստծու ծառաներից ոմանք դարձան սնոտիապաշտ, անգամ սկսեցին երկրպագել «Բախտի աստծուն» և «Ճակատագրի աստծուն»։ Իսկ ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այս ամենին։ Նա ասաց. «Անում էիք այն, ինչը չար է իմ աչքին» (Եսայիա 65։11, 12)։ Աստված նույն վերաբերմունքն ուներ, երբ մարդիկ առաջնորդության համար դիմում էին ոգեհարցներին. «Գուշակի հետ խորհրդակցողը.... գարշելի է Եհովայի համար» (2 Օրենք 18։11, 12

Սնոտիապաշտությունն ու ոգեհարցությունը վտանգավոր են, քանի որ դրանք «Բանսարկուի նենգություններն» են՝ այն մեկի, ում Հիսուսը «ստության հայր» անվանեց (Եփեսացիներ 6։11; Հովհաննես 8։44)։ Եթե որևէ լուրջ հարցի հետ կապված խորհրդի կարիք ունենայիր, կդիմեի՞ր ստախոսի։ Իհա՛րկե ոչ։ Ուստի իմաստուն կլինես, եթե հեռու մնաս այն ամենից, ինչը կապ ունի «ստության հոր» հետ։

Լավ որոշումներ կայացնելու բանալին իմաստությունն է՝ հիմնված աստվածաշնչյան սկզբունքների և մարդկության առնչությամբ Աստծու նպատակի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքների վրա։ «Եհովան է տալիս իմաստություն, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն»,— ասվում է Առակներ 2։6-ում։

2. Ազատվել մահացածների հանդեպ վախից։ Շատերը մտածում են, որ նախնիների «ոգիները» կարող են ազդել կենդանի մարդկանց վրա։ Ուստի այս «ոգիներին» հանգստացնելու համար մարդիկ տարբեր զոհաբերություններ են անում, որպեսզի նրանք չբարկանան։ Այդ պատճառով ոմանք մեծ գումարներ են պարտք անում, որ փակեն զոհաբերությունների և ճոխ ծիսակատարությունների համար արված ծախսերը։

Ինչպես է աստվածաշնչյան ճշմարտությունը ազատում։ Աստվածաշունչը հայտնում է մեզ ճշմարտությունը մահացածների վիճակի մասին։ Օրինակ՝ Հիսուսը ասաց, որ մահացածները «քնած են» (Հովհաննես 11։11, 14)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Պատասխանը գտնում ենք Ժողովող 9։5-ում. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Այո՛, մահացածները կարծես խոր քնի մեջ լինեն՝ լիովին անգիտակից։ Նրանք դադարում են գոյություն ունենալուց, այդ պատճառով էլ չեն կարող մեզ ո՛չ վնասել, ո՛չ էլ օգնել։

Սակայն մարդիկ պնդում են, որ ինչ-որ տեղ տեսել են իրենց մահացած հարազատին։ Ինչպե՞ս։ Պատասխանը գտնում ենք կրկին Աստվածաշնչում։ Այն ասում է, որ մարդկության պատմության վաղ շրջանում մի շարք հրեշտակներ ըմբոստացան Աստծու դեմ (2 Պետրոս 2։4)։ Դրանք դևերն են՝ այն չար ոգիները, որոնք մոլորեցնում են մարդկանց (1 Տիմոթեոս 4։1)։ Մոլորեցնելու միջոցներից մեկն այն է, որ նրանք ներկայանում են այնպես, որ ասես տվյալ մահացած մարդը լինեն, այդպիսով ստեր տարածելով, թե մահացածները կենդանի են մեկ այլ մարմնով կամ մեկ այլ ոլորտում։

3. Ազատվել մահվան հանդեպ հիվանդագին վախից։ Մահը, ինչպես ասում է Աստվածաշունչը, իսկապես թշնամի է (1 Կորնթացիներ 15։26)։ Ուստի բնական է, որ վախենում ենք մահից և չենք ցանկանում մահանալ։ Այդուհանդերձ, չպետք է չափից շատ վախով համակվենք։

Ինչպես է աստվածաշնչյան ճշմարտությունը ազատում։ Մահացածների վիճակի մասին ճշմարտությունը հայտնելուց բացի, Աստվածաշունչը նաև ասում է, որ Աստված նպատակ ունի մահացածներին կրկին կյանքի կոչելու՝ նրանց հարություն տալով։ «Գալիս է ժամը,— ասաց Հիսուսը,— երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15

Իսկ ի՞նչ մարմնով նրանք «դուրս կգան»։ Մի շարք մահացածների հարություն տալով՝ Հիսուսը լուսաբանեց այս հարցը։ Յուրաքանչյուր դեպքում անհատը հարություն առավ իր նախկին տեսքով (Մարկոս 5։35–42; Ղուկաս 7։11–17; Հովհաննես 11։43, 44)։ Այս փաստը ներդաշնակ է «հարություն» բառի նշանակությանը՝ «վեր կենալ»։ Իր ծեր մարգարե Դանիելի հետ խոսելիս Աստված ասաց. «Դու կհանգստանաս [մահվան քնով կննջես], սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը» (Դանիել 12։13)։ Հավանաբար այս խոսքերը շատ մխիթարեցին Դանիելին և օգնեցին նրան, որ խիզախությամբ ու արժանապատվությամբ կանգնի մահվան առաջ։

Հիսուսի երկիր գալու նպատակներից մեկը «գերիներին ազատություն.... քարոզելն էր», այն մարդկանց, ովքեր կեղծ հավատալիքների գերին էին (Ղուկաս 4։18)։ Քանի որ նրա խոսքերը արձանագրված են Աստվածաշնչում, դրանք շարունակում են ամեն օր ազատել մարդկանց։ Աստվածաշնչյան ճշմարտությունները ձեզ նույնպես կազատեն։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Ինչպես են աստվածաշնչյան ճշմարտությունները ազատում մեզ

● սնոտիապաշտությունից (Եսայիա 8։19, 20; 65։11, 12

● մահացածների հանդեպ վախից (Ժողովող 9։5; Հովհաննես 11։11, 14

● մահվան վախից (Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15

[մեջբերում 11-րդ էջի վրա]

Աստվածաշնչյան ճշմարտությունները ազատում են մարդկանց սնոտիապաշտությունից, մահացածների և մահվան հանդեպ հիվանդագին վախից