Դիտում ենք աշխարհը
Դիտում ենք աշխարհը
«Ողջ աշխարհում 2008թ.-ին ռազմական նպատակներով ծախսվել է 1464 միլիարդ դոլար։ Փաստորեն, 1999թ.-ից այս գումարը ավելացել է 45 տոկոսով» (STOCKHOLM INTERNATIONAL PEACE RESEARCH INSTITUTE, ՇՎԵԴԻԱ)։
«Ըստ Google-ի՝ ամեն օր մի քանի միլիարդ վեբ էջեր են ավելացվում [Ինտերնետում]» («ՆՅՈՒ ՍԱՅԵՆԹԻՍՏ», ԲՐԻՏԱՆԻԱ)։
«Կանխատեսվել է, որ 2009թ.-ին ամբողջ աշխարհում ամեն օր սովից տառապող մարդկանց թիվը հասնելու է 1,02 միլիարդի, թիվ, որը պատմության մեջ չի գրանցվել» (ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ԻՏԱԼԻԱ)։
Առաջին կլոնավորված ուղտը
1996թ.-ից ի վեր, երբ գիտնականները առաջին անգամ ոչխար կլոնավորեցին, նույն մեթոդով կլոնավորել են շատ կաթնասուններ՝ կովեր, այծեր և ձիեր։ Վերջերս Դուբայի կենդանիներ հետազոտող մի հաստատությունում առաջին անգամ ուղտ կլոնավորեցին։ Ուղտի էգ ձագին կոչեցին Ինջազ, որը արաբերեն նշանակում է «նվաճում»։ «Կենդանիների կլոնավորումը.... այժմ այլևս փորձ չէ,— ասվում է Աբու Դաբիում լույս տեսնող «Նեշընլ» թերթում։— Ապագայում կուսումնասիրվի, թե արդյոք կլոնավորման միջոցով հնարավոր է պահպանել կաթնատու և մրցավազքի համար պիտանի ուղտերի լավագույն տեսակների գենոմը»։
Արբանյակների «վթար»
«Երկիր մոլորակի վերևում գտնվող ուղեծրային մայրուղիներով շարժվելը տարեցտարի ավելի ու ավելի է դժվարանում, սակայն միայն [2009թ.] փետրվարին էր, որ երկու արբանյակներ առաջին անգամ մեծ վթարի ենթարկվեցին»,— հայտնում է «Սայենս նյուս» հանդեսը։ Ամերիկյան գործող արբանյակի և ռուսական արդեն չգործող ռազմական արբանյակի բախումը տեղի է ունեցել Սիբիրի վերևում՝ մոտ 800 կիլոմետր բարձրության վրա։ Այս վթարի հետևանքով 700 մեծ բեկորներ են ցիրուցան եղել ուղեծրում։ Իսկ որքան շատ տիեզերական աղբ լինի ուղեծրում, այնքան մեծ կլինի մեկ այլ վթարի հավանականությունը։ Տիեզերական կայանները այժմ հսկում են մոտ 18000 աղբի կտորները, որոնց չափերը 10 սանտիմետրից ավել են։ Այնուամենայնիվ, ուղեծրային արագությամբ շարժվող անգամ ոլոռից մեծ որևէ բեկորի հետ բախումը կարող է աղետալի լինել արբանյակների, նույնիսկ տիեզերանավերի համար։
Վճարեք, որ քշեք
«Քիչ մարդիկ կան, որ չեն վճարում իրենց բջջային հեռախոսի վարձը, քանի որ քաջ գիտակցում են, որ եթե չվճարեն, այն կանջատեն»,— ասվում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում։ Այժմ նույն սկզբունքը կիրառվում է ավտոմեքենաների առնչությամբ։ «Օգտագործված մեքենաներ վաճառողները դրանց մեջ տեղադրում են սարքեր, որոնք կարելի է հեռվից կառավարել, և եթե գնորդը ժամանակին չի վճարում գումարը, այդ սարքերը թույլ չեն տալիս, որ շարժիչը գործի դրվի»,— նշվում է թերթում։ Այն պայմանագրում, որը կնքվում է վարկով մեքենա գնող «կասկածելի» մարդկանց հետ, նշվում է, որ այդպիսի սարք է տեղադրված վառքի համակարգում և այն կհանվի, երբ ողջ գումարը վճարվի։ Սակայն, ինչպես շարունակում է թերթը, շատ հազվադեպ է առիթ ներկայանում գործի դնելու այդ սարքերը։ Դրանց արձակած վառ լույսերը և նախազգուշացնող ձայնային ազդանշանները «դրդում են գնորդներին ժամանակին վճարելու գումարը»։