Աստծու մասին սովորում ենք նրա մարգարեներից
Անցյալում Աստված իր մարգարեների միջոցով կարևոր տեղեկություններ է փոխանցել մարդկության վերաբերյալ։ Իսկ այդ տեղեկություններում խոսվո՞ւմ է այն մասին, թե ինչ պետք է անենք, որ ստանանք Աստծու օրհնությունները։ Անշո՛ւշտ։ Օրինակ՝ եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Աստծու հավատարիմ երեք մարգարեներից։
ԱԲՐԱՀԱՄ
Աստված անկողմնակալ է, նա ուզում է, որ բոլոր մարդիկ էլ ստանան իր օրհնությունները։
Աստված Աբրահամ մարգարեին խոստացավ. «Երկրի բոլոր ընտանիքները քեզանով պիտի օրհնվեն» (Ծննդոց 12։3)։
Ի՞նչ ենք սովորում։ Աստված մեզ շատ է սիրում և ուզում է, որ իրեն հնազանդվող բոլոր ընտանիքներն էլ օրհնվեն։ Ընդ որում՝ Աստծու օրհնությունները կարող են ստանալ և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ երեխաները։
ՄՈՎՍԵՍ
Աստված ողորմած է և օրհնում է նրանց, ովքեր ջանում են ճանաչել իրեն։
Ամենակարողը Մովսես մարգարեին մեծ հրաշքներ գործելու զորությամբ էր օժտել։ Այդուհանդերձ, Մովսեսն աղոթեց. «Իմացրու ինձ, խնդրեմ, քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ ու հաճություն գտնեմ քո աչքում» (Ելք 33։13)։ Աստծուն դուր եկավ Մովսեսի խնդրանքը, և նա օրհնեց իր մարգարեին՝ թույլ տալով, որ ավելի մոտիկից ճանաչի իրեն, իմանա իր հատկությունների մասին և հասկանա իր մտածելակերպը։ Օրինակ՝ Մովսեսն իմացավ, որ Արարիչը «ողորմա՛ծ ու գթառա՛տ» է (Ելք 34։6, 7)։
Ի՞նչ ենք սովորում։ Աստված ուզում է օրհնել բոլորիս՝ լինենք տղամարդ, կին, թե երեխա, եթե միայն ձգտենք ավելի լավ ճանաչել իրեն։ Սուրբ Գրքում նա հայտնել է՝ ինչպես պետք է պաշտենք իրեն, նաև ասել է, որ շատ է ուզում օրհնել մեզ և բարեհաճ գտնվել մեր հանդեպ։
ՀԻՍՈՒՍ
Մենք կարող ենք հավիտյան վայելել Աստծու օրհնությունները, եթե սովորենք Հիսուսի մասին և իմանանք, թե նա ինչեր է արել և ուսուցանել։
Աստծու Խոսքը բազմաթիվ մանրամասնություններ է հայտնում Հիսուսի կյանքի ու սովորեցրած ճշմարտությունների մասին։ Աստված Հիսուսին զորավոր հրաշքներ անելու կարողությամբ էր օժտել. վերջինս կարողանում էր բուժել կույրերի, խուլերի, անդամալույծների, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդների։ Հիսուսն անգամ կարողանում էր հարություն տալ մահացածներին։ Այդպես նա ցույց է տվել, թե ապագայում Արարիչը ինչ օրհնություններ է թափելու մարդկության վրա։ Հիսուսը նաև բացատրել է, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես կարող է ստանալ Աստծու օրհնությունները. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։
Հիսուսը կարեկից էր, մեղմ ու բարի։ Տղամարդիկ, կանայք, երիտասարդներն ու տարեցները խմբվում էին Հիսուսի շուրջ՝ արձագանքելով նրա ջերմ հրավերին. «Սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթեոս 11։29)։ Ի տարբերություն իր ժամանակակիցների, ովքեր վատ էին վերաբերվում կանանց, Հիսուսը վերջիններիս հետ վարվում էր բարությամբ, հարգանքով և արժանապատվորեն։
Ի՞նչ ենք սովորում։ Հիսուսը բացառիկ սեր ցուցաբերեց մարդկանց նկատմամբ և օրինակ թողեց, թե ինչպես պետք է վարվենք միմյանց հետ։
ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ ՉԷ
Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ «մեզ համար կա մեկ Աստված», և որ Հիսուս Քրիստոսը Աստծու խոնարհ պատգամաբերն էր (1 Կորնթացիներ 8։6)։ Հիսուսը հստակ ասել է, որ Աստված մեծ է իրենից, և որ Նա է իրեն երկիր ուղարկել (Հովհաննես 11։41, 42; 14։28)։ *
^ պարբ. 17 Հիսուս Քրիստոսի մասին ավելին իմանալու համար www.jw.org կայքից կարդացեք «Բարի լուր Աստծուց» գրքույկի 4-րդ դասը կամ «Իսկական հավատը քո կյանքը երջանիկ կդարձնի» գրքույկի 8-րդ և 9-րդ բաժինները (անգլ., ռուս.)։