Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Քո աչքերը տեսան իմ սաղմը» (ՍԱՂՄՈՍ 139։16)։

Աստված հասկանո՞ւմ է ձեզ

Աստված հասկանո՞ւմ է ձեզ

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Նկատի առնենք մարդկանց միջև գոյություն ունեցող ամենամտերիմ փոխհարաբերություններից մեկը։ Խոսքը նույնական (միաձվածին) երկվորյակների փոխհարաբերությունների մասին է։ Նրանց միջև կա առանձնահատուկ մտերմիկ կապվածություն։ Որոշ երկվորյակների դեպքում «դա այնպիսի կապ է, երբ դիմացինը կես խոսքից լիովին հասկանում է քեզ առանց որևէ բացատրության», ինչպես նշում է Երկվորյակների ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնի (Twin Studies Center) տնօրեն Նենսի Սիգալը, ով ինքն էլ երկվորյակ է։ Մի կին, նկարագրելով իր և իր նույնական երկվորյակի միջև եղած փոխհարաբերությունները, այսպես ասաց. «Մենք բառի բուն իմաստով ամեն ինչ գիտենք միմյանց մասին»։

Ինչի՞ շնորհիվ երկվորյակների միջև այդպիսի առանձնահատուկ փոխըմբռնում կա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև այդ հարցում կարևոր գործոններ են դաստիարակությունը և միջավայրը, բայց ինչպես երևում է, հատկապես կենսական դեր ունեն նույնական երկվորյակների միանման գենետիկական հատկանիշները։

ՄՏԱԾԵՔ։ Արարիչը, ով ստեղծել է մեզ և մեր գենետիկական նյութը (ԴՆԹ), անկասկած մեզանից յուրաքանչյուրին ավելի լավ գիտի, քան ուրիշ որևէ մեկը։ Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Բոլոր կողմերից ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից, երբ ես ծածուկ տեղը ստեղծվեցի.... Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին.... նրա բոլոր մասերը» (Սաղմոս 139։13, 15, 16)։ Միայն Աստված ամենայն մանրամասնությամբ գիտի, թե ինչ գենետիկական հատկանիշներ ունենք, և կարող է լիարժեքորեն հասկանալ, թե մեր կյանքի որ դեպքերն են ազդեցություն թողել մեր անձնավորության ձևավորման վրա։ Քանի որ Աստծուց բացի ուրիշ ոչ ոք այդքան խոր գիտելիքներ չունի մեր էության և մեր գենետիկական հատկանիշների մասին, ապա կարող ենք վստահ լինել, որ նա լիովին հասկանում է մեզ։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Դավիթն իր աղոթքում ասաց. «Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտքերը։ Դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, բայց ահա, ո՛վ Եհովա, դու ամեն ինչ արդեն գիտես» (Սաղմոս 139։1, 2, 4)։ Եհովան հասկանում է մեր ամենախոր զգացմունքները և նույնիսկ գիտի մեր «բոլոր մտքերն ու ցանկությունները» (1 Տարեգրություն 28։9; 1 Սամուել 16։6, 7)։ Աստվածաշնչյան այս համարներից ի՞նչ ենք իմանում Աստծու մասին։

Մեր Ստեղծիչը ոչ միայն տեսնում է՝ ինչ ենք անում, այլև հասկանում է՝ ինչից մղված ենք դա անում, անգամ եթե աղոթելիս բառերով չենք արտահայտում մեր բոլոր մտքերն ու զգացմունքները։ Դեռ ավելին, նա գիտի, թե ինչ լավ բաներ ենք ուզում անել, նույնիսկ եթե մեր սահմանափակ կարողությունների կամ հանգամանքների պատճառով չենք կարողանում իրագործել մեր սրտագին ցանկությունը։ Նա անկասկած շատ է հետաքրքրված մեզանով և հասկանում է մեր բոլոր մղումները, հատկապես երբ ցանկանում ենք սիրուց մղված մի բան անել. չէ՞ որ նա ինքն է ի սկզբանե մեզ օժտել սիրելու ունակությամբ (1 Հովհաննես 4։7–10

Աստծու աչքից բացարձակապես ոչինչ չի վրիպում։ Նա գիտի անգամ մեր այն ցավերի մասին, որոնք ուրիշները չգիտեն կամ լիովին չեն հասկանում

Աստվածաշնչում ասվում է.

  • «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին» (1 ՊԵՏՐՈՍ 3։12

  • Աստված խոստանում է. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս։ Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (ՍԱՂՄՈՍ 32։8

ԱՍՏՎԱԾ ԽՈՐԱՊԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄԵԶ

Եթե իմանանք, որ Աստված հասկանում է մեր զգացմունքները և հանգամանքները, արդյոք դա կօգնի՞ մեզ հաղթահարել մեր դժվարությունները։ Տեսնենք, թե ինչ է պատմում Աննան, որը Նիգերիայից է. «Իմ կյանքում շատ ծանր հանգամանքներ էին ստեղծվել։ Ես, լինելով այրի, հոգ էի տանում աղջկաս մասին, որը հիվանդանոցում բուժում էր ստանում հիդրոցեֆալիա հիվանդության դեմ (գլխուղեղում հեղուկի չափից ավելի կուտակում)։ Դեռ ավելին, այդ ընթացքում ինձ ախտորոշեցին կրծքի քաղցկեղ, և ես պետք է վիրահատվեի, այնուհետև ընդունեի քիմիաբուժություն և ճառագայթաբուժություն։ Ինձ համար չափազանց ծանր էր հոգ տանել հիվանդանոցում պառկած աղջկաս մասին և միևնույն ժամանակ ինքս բուժում ստանալ։ Մտածում էի. «Ի՞նչ իմաստ ունի իմ ապրելը»»։

Ի՞նչն օգնեց Աննային հաղթահարել իր դժվարությունը։ Նա ասում է. «Ես խորհրդածում էի աստվածաշնչյան այնպիսի համարների շուրջ, ինչպիսիք են, օրինակ՝ Փիլիպպեցիներ 4։6, 7 համարները, որտեղ ասվում է, որ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը»։ Ամեն անգամ, երբ մտաբերում էի այս համարը, զգում էի, որ Եհովան շատ մոտ է ինձ ու շատ ավելի լավ է հասկանում ինձ, քան ես ինքս։ Նաև մեծ աջակցություն էի ստանում քրիստոնեական ժողովի իմ սիրելի հոգևոր եղբայրներից ու քույրերից»։

Աննան շարունակում է. «Թեև լիովին չեմ ապաքինվել, բայց իմ և աղջկաս վիճակը բարելավվել է։ Մենք սովորել ենք դժվարությունների բախվելիս բացասական մտայնություն չունենալ, քանի որ գիտենք, որ Եհովան մեր կողքին է։ Հակոբոս 5։11-ում այսպիսի հավաստիացում է տրվում. «Մենք երջանիկ ենք կոչում նրանց, ովքեր տոկացին։ Դուք լսել եք Հոբի տոկունության մասին և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան, տեսել եք, որ Եհովան անչափ գորովալից է [«կարեկից է», «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ., ծնթ.] ու ողորմած»»։ Եհովան լիովին հասկանում էր Հոբի իրավիճակը։ Կարող եք վստահ լինել, որ նա հասկանում է նաև ձեր իրավիճակը՝ անկախ նրանից, թե ինչ դժվարության միջով եք անցնում։