ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես եմ տալուց ուրախություն ստացել
ԵՐԲ 12 տարեկան էի, հասկացա, որ մի շատ արժեքավոր բան կարող եմ տալ ուրիշներին։ Համաժողովներից մեկի ընթացքում մի եղբայր հարցրեց, թե կցանկանամ քարոզել։ Չնայած նախկինում երբեք չէի քարոզել, բայց ասացի՝ այո՛։ Մենք գնացինք տարածք, նա ինձ տվեց Աստծու Թագավորության մասին մի քանի գրքույկ և ասաց. «Դու կգնաս փողոցի այս կողմի տները, ես՝ մյուս կողմի»։ Թեև լարված էի, բայց նրա ասածի պես արեցի։ Ի զարմանս ինձ, շատ չանցած՝ տարածեցի բոլոր գրքույկները։ Հասկացա, որ շատերը ունեին այն բանի կարիքը, ինչ կարող էի տալ նրանց։
Ծնվել եմ 1923-ին Չաթեմ քաղաքում (Քենթ կոմսություն, Անգլիա)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մարդիկ ավելի լավ կյանքով ապրելու հույս ունեին։ Սակայն երբ ոչինչ չփոխվեց, շատերը մեծ հիասթափություն ապրեցին, այդ թվում ծնողներս։ Նրանք հիասթափված էին նաև բապտիստ հոգևորականներից, որոնք չափից շատ հետաքրքրված էին սեփական պաշտոնով։ Երբ մոտ ինը տարեկան էի, մայրս սկսեց հաճախել «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության» սրահ, որտեղ Եհովայի վկաներ անունը կրող մարդիկ անցկացնում էին իրենց «դասընթացները», կամ՝ հանդիպումները։ Քույրերից մեկը Աստվածաշնչից և «Աստծու քնարը» գրքից դասեր էր տալիս մեզ՝ երեխաներիս։ Ինձ դուր էր գալիս այն, ինչ սովորում էի։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԵՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ
Պատանեկության տարիներին մեծ հաճույքով մարդկանց պատմում էի Աստծու Խոսքի տված հույսի մասին։ Չնայած հաճախ տնետուն մենակ էի գնում, բայց շատ բաներ սովորեցի՝ ծառայելով ուրիշների հետ։ Օրինակ՝ մի օր, երբ մի տարեց եղբոր հետ հեծանիվով գնում էինք քարոզչական տարածք, անցանք մի հոգևորականի կողքով, ու ես ասացի. «Այծ է»։ Եղբայրը կանգ առավ, առաջարկեց նստել մի քոթուկի վրա։ Նա հարցրեց. «Ո՞վ է քեզ իրավունք տվել դատելու, թե ով է այծ։ Արի ուրախությամբ պատմենք մարդկանց բարի լուրը, իսկ դատելու գործը թողնենք Եհովային»։ Այդ վաղ տարիքում ես շատ բան սովորեցի, թե ինչպես կարող եմ ուրախություն ստանալ տալուց (Մատթ. 25։31–33; Գործ. 20։35)։
Մեկ ուրիշ տարեց եղբորից սովորեցի, որ տալուց երջանկություն ստանալու համար երբեմն պետք է համբերությամբ տոկալ։ Նրա կինը չէր սիրում Եհովայի վկաներին։ Մի անգամ ծառայությունից հետո այդ եղբայրը հրավիրեց ինձ իր տուն մի կտոր բան ուտելու։ Նրա կինը այնքան բարկացած էր, որ ամուսինը գնացել է ծառայության, որ թեյի փաթեթները շպրտեց մեզ վրա։ Դրանից եղբոր տրամադրությունը չընկավ։
Նկատողություն անելու փոխարեն՝ նա հավաքեց թեյի փաթեթները և դրեց իրենց տեղը։ Տարիներ հետո նրա համբերությունը վարձատրվեց. կինը մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։1939 թ. սեպտեմբերին Բրիտանիան Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարեց։ Այդ ժամանակ ես 16 տարեկան էի։ 1940 թ. մարտին ես և մայրս Դուվր քաղաքում մկրտվեցինք։ Նույն տարի հունիսին մեր տան մոտով անընդհատ բեռնատար մեքենաներ էին անցնում։ Դրանցով տեղափոխում էին հազարավոր վիրավոր զինվորների, որոնք վերապրել էին Դյունկերկի օպերացիան։ Նրանց աչքերում հույսի նշույլ անգամ չկար։ Ես շատ էի ուզում նրանց պատմել Աստծու Թագավորության մասին և ապագայի հույս տալ։ Ավելի ուշ այդ տարի Գերմանիան սկսեց ռմբակոծել Բրիտանիան։ Ամեն գիշեր գերմանական էսկադրիլիան ռմբակոծում էր մեր տարածքը։ Ռումբերի սուլոցն ու պայթյունը մեծ սարսափ էր առաջացնում։ Հաջորդ օրը, երբ դուրս էինք գալիս, մեր շուրջը տեսնում էինք ավերված տներ։ Ես ավելի շատ համոզվեցի, որ Աստծու Թագավորությունը ապագայի իմ միակ հույսն է։
ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ՓՈՒԼ
1941 թ.-ին իմ կյանքում նոր փուլ սկսվեց, որը ավելի մեծ երջանկություն բերեց։ Չաթեմում աշխատում էի Թագավորական ռազմածովային նավատորմում որպես սկսնակ նավաշինարար, մի աշխատանք, որը շատ արտոնություններ էր տալիս և շատերը կուզեին այն ունենալ։ Եհովայի ծառաները վաղուց հասկացել էին, որ քրիստոնյաները չպետք է մասնակցեն պատերազմներին։ 1941-ին սկսեցինք հասկանալ, որ չպետք է աշխատենք ռազմական արդյունաբերությունում (Հովհ. 18։36)։ Քանի որ նավատորմը սուզանավեր էր պատրաստում, որոշեցի թողնել իմ աշխատանքը և սկսել լիաժամ ծառայություն։ Իմ առաջին հանձնարարությունը Սայրենսեստրում էր՝ մի գեղատեսիլ քաղաք, որը գտնվում է Քոթսուոլդ լեռնաշղթայում։
18 տարեկանում զինծառայությունից հրաժարվելու համար ինը ամսով բանտարկվեցի։ Սարսափելի զգացողություն էր, երբ խցի դուռը իմ հետևից փակվեց, և ես մնացի մենակ։ Բայց շատ չանցած՝ հսկիչները ու բանտարկյալները սկսեցին հարցնել, թե ինչու եմ բանտարկվել, և ես ուրախացա, որ կարող եմ նրանց պատմել իմ հավատի մասին։
Ազատվելուց հետո ինձ նշանակեցին ծառայելու Լեոնարդ Սմիթի * հետ։ Մենք պետք է քարոզեինք Քենթ կոմսության տարբեր քաղաքներում։ Քենթը գտնվում էր օկուպացված Եվրոպայի և Լոնդոնի օդային ճանապարհին, ուստի Լոնդոնը ռմբակոծելու համար նացիստների ինքնաթիռները թռչում էին Քենթի վրայով։ 1944 թ.-ից սկսած՝ հազարից ավել ինքնաթիռ-արկեր ընկան Քենթի վրա։ Դրանք անօդաչու թռչող սարքեր էին։ Սա ահաբեկման արշավ էր. երբ շարժիչի ձայնը դադարում էր, արդեն գիտեինք, որ վայրկյանների ընթացքում արկը ընկնելու և պայթելու էր։ Այդ ժամանակներում մենք Աստվածաշունչ էինք ուսումնասիրում հինգ հոգուց բաղկացած մի ընտանիքի հետ։ Երբեմն նստում էինք մի երկաթյա սեղանի տակ, որպեսզի տունը փլվելու դեպքում այն մեզ պաշտպաներ։ Այդ ընտանիքի բոլոր անդամները հետագայում մկրտվեցին։
ՊԱՏՄՈՒՄ ԵՄ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ
Պատերազմից հետո երկու տարի որպես ռահվիրա ծառայեցի Իռլանդիայի հարավում։ Պատկերացում անգամ չունեինք, թե որքան էր Իռլանդիան տարբերվում Անգլիայից։ Տնից տուն էինք գնում՝ օթևան խնդրելով տանտերերից և ասելով, որ մենք միսիոներներ ենք, նաև ամսագրեր էինք առաջարկում փողոցում։ Շատերի տեսակետից՝ միսիոներն անելիք չուներ կաթոլիկ երկրում։ Երբ մի տղամարդ սպառնաց, որ կվնասի մեզ, ես բողոքեցի մի ոստիկանի։ Բայց նա ասաց. «Ուրիշ ի՞նչ էիր սպասում»։ Մենք չգիտեինք, թե քահանաները ինչ մեծ ազդեցություն ունեին մարդկանց վրա։ Նրանք այնպես էին անում, որ մեզ մեր կացարաններից հանեին, և որ այն անհատներին, ովքեր վերցնում էին մեր առաջարկած գրքերը, աշխատանքից հեռացնեին։
Մենք շուտով հասկացանք, որ նոր վայր տեղափոխվելիս ավելի արդյունավետ կլինի ծառայությունը սկսել մեր կացարանից հեռու գտնվող տարածքներից, որտեղի քահանաները մեզ չէին ճանաչում։ Իսկ ամենավերջում քարոզում էինք մեր հարևանությամբ ապրող մարդկանց։ Քիլքեննիում շաբաթը երեք անգամ ուսումնասիրում էինք մի երիտասարդի հետ՝ չնայած մարդկանց սպառնալիքներին։ Ես այնքան մեծ հաճույք էի ստանում աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնելուց, որ որոշեցի Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի դիմում լրացնել միսիոներական կրթություն ստանալու համար։
Նյու Յորքում հինգ ամսվա դասընթացը անցնելուց հետո Գաղաադի շրջանավարտներիցս չորսին նշանակեցին Կարիբյան ծովի փոքր կղզիներ։ 1948 թ. նոյեմբերին Նյու Յորքից հեռացանք 18 մետրանոց «Սիբիա» առագաստանավով։ Ես շատ ոգևորված էի, քանի որ նախկինում երբեք նավով չէի ճամփորդել։ Մեզանից մեկը՝ Գաստ Մակին, փորձառու նավապետ էր։ Նա սովորեցրեց մեզ ծովագնացության որոշ հմտություններ, օրինակ՝ ինչպես բացել կամ հավաքել առագաստները, ինչպես ճիշտ օգտվել կողմնացույցից և ինչպես նավարկել քամու ուղղությանը հակառակ։ 30 օր Գաստը հմտորեն նավարկեց վտանգավոր փոթորիկների միջով, մինչև հասանք Բահամյան կղզիներ։
«ՀԵՌԱՎՈՐ ԿՂԶԻՆԵՐԻՆ ՊԱՏՄԵՔ»
Բահամյան փոքր կղզիներում մի քանի ամիս ծառայելուց հետո մենք նավարկեցինք դեպի Հողմատակ և Հողմակողմ կղզեխմբեր, որոնք 800 կիլոմետր երկարությամբ ձգվում են Պուերտո Ռիկոյի մոտ գտնվող Վիրջինյան կղզիներից մինչև Տրինիդադ։ Մենք հինգ տարի հիմնականում քարոզեցինք մեկուսի կղզիներում, որտեղ Վկաներ չկային։ Լինում էր, որ շաբաթներով չէինք կարողանում նամակներ ստանալ կամ ուղարկել։ Սակայն մեծ ուրախություն էինք ստանում՝ Եհովայի խոսքը հեռավոր կղզիներում պատմելով (Երեմ. 31։10)։
Երբ ծովածոցում խարիսխ էինք գցում, մեր ժամանումը իրարանցում էր առաջացնում տեղաբնակների մեջ։ Մարդիկ հավաքվում էին նավամատույցի վրա, որպեսզի տեսնեն՝ ով ենք մենք։ Ոմանք երբեք չէին տեսել առագաստանավ և սպիտակամորթ մարդ։ Կղզեբնակները ընկերական և կրոնասեր մարդիկ էին, որոնք Աստվածաշնչին բավական ծանոթ էին։ Հաճախ մեզ տալիս էին թարմ ձուկ, ավոկադո և գետնանուշ։ Մենք գիշերում էինք մեր նավում։ Թեև այն փոքր էր քնելու, ուտելիք պատրաստելու և լվացք անելու համար, բայց հարմարվել էինք։
Մենք ափ էինք դուրս գալիս և ամբողջ օրը այցելում մարդկանց։ Նրանց ասում էինք, որ աստվածաշնչյան ելույթ է լինելու։ Երեկոյան կողմ հնչեցնում էինք նավի զանգը։ Ոգևորիչ էր տեսնել, թե ինչպես էին հավաքվում տեղաբնակները։ Նրանց ձեռքի ճրագները ասես փայլփլող աստղեր լինեին, որ իջնում էին սարալանջից։ Երբեմն մոտ հարյուր մարդ էր հավաքվում։ Նրանք հարցեր էին տալիս մինչև ուշ երեկո։ Նրանք սիրում էին երգել, ուստի մեքենագրում էինք Թագավորության երգերից մի քանիսի խոսքերը և բաժանում էինք նրանց։ Մենք չորսով սկսում էինք երգել, և նրանք միանում էին մեզ։ Ստացվում էր գեղեցիկ ու ներդաշնակ երգեցողություն։ Շատ ուրախ ժամանակներ էին։
Աստվածաշնչի ուսումնասիրությունից հետո ուսումնասիրողներից ոմանք մեզ հետ գալիս էին մյուս ընտանիքի մոտ, որպեսզի այնտեղ էլ մասնակցեն ուսումնասիրությանը։ Մի քանի շաբաթ տվյալ տարածքում ծառայելուց հետո պետք է հեռանայինք, ուստի առաջադիմող ուսուցումներին խնդրում էինք, որ մեր փոխարեն իրենք ուսումնասիրեն մյուսների հետ, մինչև մենք վերադառնանք։ Հաճելի էր տեսնել, թե ինչ մեծ պատասխանատվությամբ էին նրանցից ոմանք կատարում իրենց հանձնարարությունը։
Այսօր այդ կղզիներից շատերը զբոսաշրջիկների հանգստավայրեր են, բայց այն ժամանակ մեկուսի տարածքներ էին՝ փիրուզյա ծովածոցեր, ավազուտ ափեր և արմավենու ծառեր։ Սովորաբար գիշերն էինք նավարկում մի կղզուց մյուսը։ Դելֆինները աշխույժ լողում էին մեր նավի կողքով։ Գիշերվա լռության մեջ միայն ճողփյուն էր լսվում, երբ նավաքիթը ճեղքում էր ջուրը։ Հանդարտ ծովի վրա լուսինն իր շողերով արծաթափայլ ճանապարհ էր գցում, որը ձգվում էր դեպի հորիզոն։
Այս կղզիներում հինգ տարի ծառայելուց հետո մեկնեցինք Պուերտո Ռիկո, որպեսզի առագաստանավը փոխեինք մոտորանավի հետ։ Այնտեղ հանդիպեցի Մաքսին Բոյդին՝ մի գեղեցիկ միսիոներ քրոջ, և սիրահարվեցի։ Նա մանկուց եռանդուն քարոզիչ էր եղել։ Հետագայում միսիոներ էր ծառայել Դոմինիկյան Հանրապետությունում մինչև 1950 թ., երբ կաթոլիկ իշխանությունները վտարեցին նրան երկրից։ Քանի որ նավի անձնակազմի անդամ էի, թույլտվություն ունեի Պուերտո Ռիկոյում մնալու միայն մեկ ամիս։ Շուտով նավարկելու էի կղզիներ և մնալու էի այնտեղ մի քանի տարի։ Ինքս ինձ ասացի. «Ռոնալդ, եթե ուզում ես ամուսնանալ այս աղջկա հետ, արագ գործիր»։ Երեք շաբաթ հետո առաջարկություն արեցի նրան, իսկ վեց շաբաթից մենք ամուսնացանք։ Ես ու Մաքսինը նշանակվեցինք միսիոներ Պուերտո Ռիկոյում, և ես երբեք նոր նավով չճամփորդեցի։
1956-ին սկսեցինք շրջանային ծառայություն։ Մեծ հաճույք էինք ստանում եղբայրներին այցելելուց։ Նրանցից շատերը աղքատ էին։ Օրինակ՝ Պոտալա Պաստիլիո գյուղում կար Վկաների երկու ընտանիք, որոնք շատ երեխաներ ունեին։ Ես նրանց համար ֆլեյտա էի նվագում։ Մի անգամ հարցրի նրանց փոքր աղջիկներից մեկին՝ Իլդային, թե կուզենա մեզ հետ քարոզել։ Նա ասաց. «Ուզում եմ, բայց չեմ կարող։ Կոշիկ չունեմ»։ Մենք նրա համար մի զույգ կոշիկ գնեցինք, և նա մեզ հետ եկավ ծառայության։ Տարիներ հետո՝ 1972-ին, երբ ես ու Մաքսինը այցելեցինք Բրուքլինի Բեթել, մեզ մոտեցավ «Գաղաադ» դպրոցի շրջանավարտներից մեկը։ Նա շուտով մեկնելու էր իր նշանակման վայր՝ Էկվադոր։ Նա ասաց մեզ. «Չճանաչեցի՞ք ինձ։ Ես Պաստիլիոյից այն փոքր աղջիկն եմ, որ կոշիկ չուներ»։ Իլդան էր։ Մենք ուրախությունից լաց եղանք։
1960-ին մեզ նշանակեցին ծառայելու Պուերտո Ռիկոյի մասնաճյուղում, որը գտնվում էր Սանտուրսում (Սան Խուան)՝ մի փոքր երկհարկանի շենքում։ Սկզբում գործի մեծ մասը անում էինք ես ու Լենարտ Ջոնսոնը։ Նա ու նրա կինը Դոմինիկյան Հանրապետությունում առաջին Վկաներն էին և Պուերտո Ռիկո էին եկել 1957-ին։ Մաքսինը զբաղվում էր ամսագրերի բաժանորդագրություններով. ամեն շաբաթ ավելի քան հազար ամսագիր էր ուղարկում։ Նա մեծ սիրով էր անում իր գործը, քանի որ գիտակցում էր, որ դրա շնորհիվ մարդիկ հոգևոր սնունդ էին ստանում։
Ես մեծ բավականություն էի ստանում Բեթելի ծառայությունից, քանի որ այդպես կարողանում էի ավելին տալ Եհովային և իմ հավատակիցներին։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է եղել։ Օրինակ՝ 1967-ին Պուերտո Ռիկոյում տեղի ունեցած առաջին միջազգային համաժողովի ժամանակ շատ պատասխանատվություններ ունեի։ Նաթան Նորը, որը գլխավորում էր Եհովայի վկաների գործունեությունը, եկավ Պուերտո Ռիկո։ Նա սխալմամբ մտածեց, թե ես անուշադրության եմ մատնել համաժողով այցելած միսիոներներին տրանսպորտով ապահովելու գործը, բայց իրականում դա այդպես չէր։ Հետո կազմակերպված լինելու վերաբերյալ նա ինձ խիստ խորհուրդ տվեց և ասաց, որ չեմ արդարացրել իր ակնկալիքները։ Ես չցանկացա առարկել նրան, բայց նեղվեցի, քանի որ մտածում էի, որ ինձ հետ
անարդարացի է վարվել։ Բայց երբ հաջորդ անգամ հանդիպեցինք եղբայր Նորին, նա ինձ ու կնոջս հրավիրեց իր սենյակ և մեզ համար կերակուր պատրաստեց։Պուերտո Ռիկոյից մի քանի անգամ գնացինք Անգլիա՝ ընտանիքիս այցելելու։ Տարիներ առաջ, երբ ես ու մայրս սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը, հայրս չընդունեց ճշմարտությունը։ Սակայն երբ Բեթելից հռետորներ էին այցելում մեր ժողով, մայրս հաճախ նրանց հրավիրում էր մեր տանը մնալու։ Հայրս տեսնում էր, թե որքան խոնարհ են Բեթելում ծառայող այս վերակացուները՝ ի տարբերություն եկեղեցու քահանաների, որոնցից հայրս տարիներ առաջ հիասթափվել էր։ 1962-ին նա մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։
Իմ թանկագին կինը՝ Մաքսինը, մահացավ 2011-ին։ Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հարության ժամանակ նրան նորից տեսնելու։ Այս միտքը ինձ շատ է քաջալերում։ 58 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում ես ու Մաքսինը տեսանք, թե ինչպես Եհովայի ժողովուրդը Պուերտո Ռիկոյում 650 հոգուց հասավ 26 000-ի։ Հետագայում՝ 2013-ին, Պուերտո Ռիկոյի մասնաճյուղը միացավ ԱՄՆ-ի մասնաճյուղին, և ինձ հրավիրեցին ծառայելու Ուոլքիլում (Նյու Յորք)։ 60 տարի Պուերտո Ռիկոյում ապրելուց հետո ինձ բնիկ պուերտոռիկացի էի զգում, բայց ավաղ պետք է հեռանայի։
«ԱՍՏՎԱԾ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՏՎՈՂԻՆ Է ՍԻՐՈՒՄ»
Ես այժմ էլ հաճույք եմ ստանում Բեթելում իմ ծառայությունից։ Հիմա 90-ն անց եմ, և իմ ծառայությունն է քաջալերել Բեթելի ընտանիքի անդամներին։ Ինձ ասացին, որ Ուոլքիլ գալուց հետո այցելել եմ ավելի քան 600 հոգու։ Նրանց մի մասը ինձ հետ խոսում է անձնական կամ ընտանեկան խնդիրների մասին, մյուսները՝ թե ինչպես կարող են հաջողությամբ կատարել Բեթելի իրենց ծառայությունը։ Ոմանք խորհրդի կարիք ունեն, քանի որ նոր են ամուսնացել կամ էլ նշանակվել են դաշտ։ Ես միշտ լսում եմ բոլորին, ու երբ տեղին է լինում, ասում եմ. «Աստված ուրախությամբ տվողին է սիրում։ Ուրախությամբ արա քո գործը։ Հիշիր, որ Եհովայի համար ես անում» (2 Կորնթ. 9։7)։
Ինչպես ամենուր, այնպես էլ Բեթելում դժվար է ուրախությունը պահել։ Դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչու է քո գործը կարևոր։ Այն ամենը, ինչ անում ենք Բեթելում, սուրբ ծառայություն է, որով աջակցում ենք «հավատարիմ և իմաստուն ծառային» ամբողջ աշխարհի եղբայրներին հոգևոր սննդով ապահովելու գործում (Մատթ. 24։45)։ Որտեղ էլ որ ծառայենք Եհովային, մենք առանձնաշնորհում ունենք փառաբանելու նրան։ Եկեք ուրախությամբ կատարենք նրա կամքը, քանի որ «Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։
^ պարբ. 13 Լեոնարդ Սմիթի կենսագրությունը տպագրված է «Դիտարանի» 2012 թ. ապրիլի 15-ի համարում։