Ուրախ եղիր, մինչ սպասում ես Եհովային
ԱՆԿԱՍԿԱԾ, մեծ փափագով ես սպասում այն ժամանակներին, երբ Եհովան կվերացնի չարությունը և նոր աշխարհ կհաստատի (Հայտն. 21։1-5)։ Այնուամենայնիվ, երբեմն դժվար է համբերությամբ սպասել Եհովային, հատկապես երբ դժվարությունների ենք բախվում։ Ձգձգվող ակնկալիքը կարող է վհատեցնել մեզ (Առակ. 13։12)։
Եհովան ուզում է, որ համբերությամբ սպասենք իրեն, մինչ նա իր որոշած ժամանակին գործի կանցնի։ Ի՞նչը կօգնի մեզ, որ այդ ընթացքում ուրախ լինենք։
ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՍՊԱՍԵՆՔ
Աստվածաշունչն ասում է. «Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ, և վեր կկենա, որպեսզի ողորմություն ցուցաբերի ձեր հանդեպ, քանի որ Եհովան արդարադատ Աստված է։ Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան» (Ես. 30։18)։ Եսայիայի այս խոսքերը ուղղված էին կամակոր հրեաներին (Ես. 30։1)։ Բայց կային նաև հավատարիմ հրեաներ, և այս խոսքերը նրանց հույս էին ներշնչում։ Դրանք հույսով են լցնում նաև Եհովայի մերօրյա հավատարիմ ծառաներին։
Այսպիսով՝ մենք պետք է համբերությամբ սպասենք, քանի որ Եհովան էլ է համբերատար կերպով սպասում։ Նա այս աշխարհը կործանելու կոնկրետ օր ու ժամ է որոշել, և սպասում է այդ օրվան (Մատթ. 24։36)։ Այդ ժամանակ կփաստվի, որ Եհովայի և նրա ծառաների դեմ ուղղված Սատանայի մեղադրանքները կեղծ են։ Այնուհետև Եհովան կբանտարկի Սատանային ու նրա դևերին, իսկ մեր հանդեպ «ողորմություն կցուցաբերի»։
Ճիշտ է, Եհովան այսօր չի վերացնում մեր դժվարությունները, բայց վստահեցնում է, որ մենք կարող ենք ուրախ լինել, մինչ սպասում ենք իրեն։ Ինչպես գրել է Եսայիան, մենք կարող ենք երջանիկ լինել, մինչ փափագով սպասում ենք մեր հույսի իրականացմանը (Ես. 30։18)։ a Հետևյալ չորս քայլերը կօգնեն մեզ այդ հարցում։
ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՐԱԽ ԼԻՆԵԼ, ՄԻՆՉ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ
Կենտրոնացիր դրական բաների վրա։ Դավիթ թագավորը իր կյանքի ընթացքում շատ է բախվել անարդարության (Սաղ. 37։35)։ Բայց նա հետևյալն է գրել. «Լռություն պահպանիր Եհովայի առաջ և փափագով նրան սպասիր։ Մի՛ բորբոքվիր իր ճանապարհը հաջողությամբ գնացողի դեմ, այն մարդու դեմ, որն իր մտադրություններն է իրականացնում» (Սաղ. 37։7)։ Դավիթն էլ է հետևել այս խորհրդին՝ կենտրոնանալով փրկության իր հույսի վրա։ Բացի այդ՝ նա տեսնում և գնահատում էր այն բոլոր օրհնությունները, որ Եհովան տալիս էր իրեն (Սաղ. )։ Մեզ համար Եհովային սպասելը ավելի հեշտ կլինի, եթե մենք էլ կենտրոնանանք մեր իրավիճակի դրական կողմերի վրա և թույլ չտանք, որ մեր շուրջը տեղի ունեցող բացասական բաները կլանեն մեր միտքը։ 40։5
Ամեն առիթ օգտագործիր Եհովային գովաբանելու համար։ Ակներևաբար, 71-րդ սաղմոսը Դավիթն է գրել։ Այնտեղ նա Եհովային հետևյալն է ասել. «Ես միշտ քեզ կսպասեմ և ավելի ու ավելի քեզ կգովաբանեմ» (Սաղ. 71։14)։ Իսկ ինչպե՞ս էր Դավիթը գովաբանում Եհովային։ Նա պատմում էր ուրիշներին Եհովայի մասին և երգերով փառաբանում էր նրան (Սաղ. 71։16, 23)։ Դավթի պես մենք էլ կարող ենք ուրախ լինել, մինչ սպասում ենք Եհովային։ Մենք գովաբանում ենք Աստծուն մեր ծառայության, առօրյա զրույցների և փառաբանական երգերի միջոցով։ Երբ հաջորդ անգամ երգես Թագավորության երգերից մեկը, խորությամբ մտածիր դրա ոգևորիչ խոսքերի շուրջ։
Քաջալերվիր՝ ժամանակ անցկացնելով հավատակիցներիդ հետ։ Դժվարությունների միջով անցնելիս Դավիթը Եհովային ասաց. «Հույսս քո անվան վրա պիտի դնեմ նրանց ներկայությամբ, ովքեր նվիրված են քեզ» (Սաղ. 52։9)։ Մենք նույնպես կարող ենք քաջալերվել մեր հավատակիցներից ոչ միայն նրանց հետ շփվելով ժողովի հանդիպումների և ծառայության ժամանակ, այլ նաև ուրիշ առիթներով (Հռոմ. 1։11, 12)։
Ամրացրու հույսդ։ Սաղմոս 62։5-ում ասվում է. «Լռությամբ սպասի՛ր Աստծուն, ո՛վ իմ հոգի, քանի որ նա՛ է իմ հույսի աղբյուրը»։ Եթե մեր հույսը ամուր լինի, վստահ կլինենք, որ մեր ակնկալիքը կիրականանա։ Իսկ այդ համոզվածությունն ունենալը անչափ կարևոր է, հատկապես եթե ստիպված լինենք մեր ակնկալածից ավելի երկար սպասելու այս չար աշխարհի կործանմանը։ Մենք պետք է համոզված լինենք, որ Եհովայի խոստումները իրականություն կդառնան՝ անկախ նրանից, թե որքան երկար կարիք կլինի սպասելու։ Մեր հույսը կարող ենք ամրացնել, եթե ուսումնասիրենք Աստծու Խոսքը՝ ուշադրություն դարձնելով այնտեղ գրված մարգարեություններին, դրա ներդաշնակությանը և այն մանրամասներին, որ Եհովան հայտնում է իր մասին (Սաղ. 1։2, 3)։ Բացի այդ՝ պետք է շարունակենք «սուրբ ոգով աղոթել», որպեսզի պահպանենք մեր մտերմությունը Եհովայի հետ, մինչ սպասում ենք հավիտենական կյանքի վերաբերյալ նրա տված խոստման կատարմանը (Հուդա 20, 21)։
Դավիթ թագավորի պես համոզված եղիր, որ Եհովան հոգ է տանում բոլոր նրանց մասին, ովքեր սպասում են իրեն, և նվիրված սեր է դրսևորում նրանց հանդեպ (Սաղ. 33։18, 22)։ Ուստի շարունակիր համբերությամբ սպասել Եհովային՝ կենտրոնանալով դրական բաների վրա, գովաբանելով նրան, քաջալերվելով քո հավատակիցներից և անգին հույսդ ամուր պահելով։
a «Սպասել» թարգմանված բնագիր բառը ունի նաև «փափագով կամ հույսով սպասելու» իմաստ, ինչը ցույց է տալիս, որ բնական է, երբ անձկագին սպասում ենք մեր փրկությանը։