Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6

Եհովան՝ մեր Հայրը, մեզ շատ է սիրում

Եհովան՝ մեր Հայրը, մեզ շատ է սիրում

«Այսպես աղոթեք. «Հա՛յր մեր»» (ՄԱՏԹ. 6։9

ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Հին ժամանակներում ի՞նչ պետք է աներ այն մարդը, ով ուզում էր խոսել Պարսկաստանի թագավորի հետ։

 ՄԻ ՊԱՀ պատկերացրու՝ ապրում ես Պարսկաստանում մոտ 2 500 տարի առաջ։ Այնպես է պատահում, որ մի խնդրի ես բախվում և ուզում ես այդ մասին խոսել թագավորի հետ։ Ուստի ճանապարհ ես ընկնում դեպի թագավորանիստ քաղաք՝ Շուշան։ Այնտեղ հասնելով, սակայն, չես էլ մտածում առանց թույլտվության մոտենալ այդ միապետին, քանի որ հակառակ դեպքում թանկ գին կվճարես՝ կկորցնես կյանքդ (Եսթ. 4։11

2. Ինչո՞ւ կարող ենք ազատորեն մոտենալ Եհովային։

2 Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան այդ պարսիկ թագավորի պես չէ։ Չնայած որ ցանկացած իշխանավոր մարդուց նա անհամեմատ ավելի զորեղ է և դիրքով բարձր, մենք ամեն պահի կարող ենք խոսել նրա հետ։ Եհովան ուզում է, որ մենք ազատորե՛ն մոտենանք իրեն։ Թեպետ նա կրում է այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են՝ Մեծ Արարիչ, Ամենակարող և Գերիշխան Տեր, սակայն ցանկանում է, որ իրեն դիմենք «Հայր» բառով (Մատթ. 6։9)։ Մեր սիրտը, ինչ խոսք, ջերմանում է, երբ գիտակցում ենք, որ Աստված ուզում է՝ մոտ լինենք իրեն։

3. Ինչո՞ւ կարող ենք Եհովային դիմել որպես Հոր և ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Եհովան մեր կյանքի Աղբյուրն է, ուստի տեղին է նրան դիմել որպես Հոր (Սաղ. 36։9)։ Եվ քանի որ նա մեր Հայրն է, մենք պարտավոր ենք հնազանդվել իրեն։ Եթե նրա ասածներն անենք, սքանչելի օրհնություններ կվայելենք (Եբր. 12։9)։ Այդ օրհնություններից է հավիտենական կյանքը. ոմանց համար՝ երկնքում, ոմանց համար՝ երկրի վրա։ Այսօր էլ քիչ չեն մեր ստացած օրհնությունները։ Ինչե՞ր է Եհովան այժմ անում մեզ համար՝ որպես սիրառատ Հայր։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ նա մեզ երբեք չի լքի։ Հոդվածում կքննարկենք այս հարցերը։ Սակայն նախ տեսնենք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ մեր երկնային Հայրը շատ է սիրում մեզ և հոգ է տանում մեր մասին։

ԵՀՈՎԱՆ ՍԻՐԱՌԱՏ ՈՒ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅՐ Է

Եհովան ցանկանում է մոտ լինել մեզ, ինչպես հոգատար հայրն է ուզում մոտ լինել իր երեխաներին (տես պարբերություն 4)

4. Ոմանց համար ինչո՞ւ է դժվար Եհովային ընդունել որպես Հայր։

4 Քեզ համար դժվա՞ր է Եհովային պատկերացնել որպես քո Հայր։ Ոմանք իրենց չափազանց փոքր ու աննշան են զգում՝ Աստծու հետ համեմատած։ Նրանք կասկածում են, որ Ամենակարողը հոգ է տանում անձամբ իրենց մասին։ Սակայն մեր սիրառատ Հայրը չի ուզում, որ մենք այդպես մտածենք։ Նա մեզ կյանք է տվել և ցանկանում է, որ մտերիմ լինենք իր հետ։ Պողոս առաքյալը Աթենքում քարոզելիս ընդգծեց այս միտքը և ասաց, որ Աստված «յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։24–29)։ Եհովան կամենում է, որ անկաշկանդ մոտենանք իրեն, ինչպես որ երեխան է ազատ մոտենում իր սիրառատ ու հոգատար ծնողին։

5. Ի՞նչ ենք սովորում մի քրոջ օրինակից։

5 Որոշ մարդիկ դժվարանում են Եհովային ընդունել որպես իրենց Հայր, քանի որ հարազատ հորից սեր ու ջերմություն չեն ստացել։ Մի քույր հետևյալ կերպ է արտահայտվել. «Հայրս կոշտ ու կոպիտ մարդ էր։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, ինձ համար շատ դժվար էր մոտ զգալ Եհովային։ Բայց երբ նրան ավելի լավ ճանաչեցի, ամեն ինչ փոխվեց»։ Քեզ համար է՞լ է դժվար մոտ զգալ Աստծուն։ Եթե այո, ապա մի՛ վհատվիր։ Ժամանակի ընթացքում դու էլ կմտերմանաս Եհովայի հետ՝ համոզվելով, որ նա ամենալավ Հայրն է։

6. Ըստ Մատթեոս 11։27-ի՝ Եհովան ի՞նչ է արել, որ օգնի մեզ տեսնել իր հայրական սերը։

6 Աստված իր Խոսքում գրել է տվել Հիսուսի խոսքերն ու գործերը և այդպես օգնել է, որ տեսնենք իր հայրական սերը (կարդա Մատթեոս 11։27)։ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր հատկությունները, ուստի իրավամբ կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։ Նա հաճախ էր Աստծու մասին խոսում որպես Հոր։ Չորս Ավետարաններում տեսնում ենք, որ Եհովային դիմելիս կամ նրա մասին խոսելիս Հիսուսը մոտ 165 անգամ գործածել է «Հայր» բառը։ Ինչո՞ւ այդքան շատ։ Նա ուզում էր մարդկանց հավաստիացնել, որ Եհովան սիրող Հայր է (Հովհ. 17։25, 26

7. Աստծու մասին ի՞նչ ենք իմանում այն բանից, թե նա ինչպես էր վերաբերվում իր Որդուն։

7 Եհովայի մասին շատ բան կարող ենք իմանալ՝ քննելով, թե նա ինչպես էր վերաբերվում իր Որդուն։ Նա միշտ լսում էր Հիսուսի աղոթքները։ Եվ ոչ միայն լսում էր, այլև պատասխանում էր դրանց (Հովհ. 11։41, 42)։ Ցանկացած փորձության բախվելիս Հիսուսը զգում էր իր Հոր սերն ու աջակցությունը (Ղուկ. 22։42, 43

8. Եհովան ինչպե՞ս էր հոգ տանում Հիսուսի մասին։

8 «Ես ապրում եմ Հոր շնորհիվ»,— մի անգամ ասաց Հիսուսը (Հովհ. 6։57)։ Նա ընդունում էր, որ Եհովան իր կյանքի Աղբյուրն է և այն Պահպանողը։ Հիսուսը լիովին ապավինում էր իր Հորը, Հայրն էլ հոգում էր նրա ֆիզիկական և, որ ամենակարևորն է, հոգևոր կարիքները (Մատթ. 4։4

9. Եհովան ինչպե՞ս էր ցույց տալիս, որ Հիսուսին շատ է սիրում։

9 Սիրառատ Հոր պես՝ Աստված ամեն կերպ հավաստիացնում էր Հիսուսին, որ իր հետ է (Մատթ. 26։53; Հովհ. 8։16)։ Ճիշտ է, նա բոլոր փորձություններից չէր ազատում իր Որդուն, բայց օգնում էր դիմանալ դրանց։ Հիսուսը համոզված էր, որ իրեն հասցվող ցանկացած վնաս ժամանակավոր է (Եբր. 12։2)։ Եհովան տարբեր ձևերով ցույց էր տալիս իր սերը Հիսուսի հանդեպ. լսում էր նրան, կրթում, աջակցում և հոգում նրա կարիքները (Հովհ. 5։20; 8։28)։ Այժմ տեսնենք, թե մեր երկնային Հայրը ինչպես է հոգ տանում մե՛ր մասին։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՀՈԳ ՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սիրող հայրը 1) լսում է, 2) հոգ է տանում, 3) կրթում է և 4) պաշտպանում է իր երեխաներին։ Մեր երկնային սիրառատ Հայրը նույն ձևով է վարվում (տես պարբերություն 10–15) b

10. Սաղմոս 66։19, 20 համարների համաձայն՝ Եհովան ինչպե՞ս է փաստում իր սերը մեր հանդեպ։

10 Եհովան լսում է մեր աղոթքները (կարդա Սաղմոս 66։19, 20)։ Աստված ուզում է, որ հաճախակի աղոթենք իրեն. այս հարցում նա սահմաններ չի դնում մեր առաջ (1 Թեսաղ. 5։17)։ Մենք նրան կարող ենք դիմել ցանկացած պահի՝ անկախ նրանից, թե որտեղ ենք։ Եհովան երբեք այնքան զբաղված չի լինում, որ ականջ չդնի մեր աղոթքներին. նա միշտ ուշադիր լսում է դրանք։ Երբ գիտակցում ենք սա, ավելի շատ ենք սիրում մեր Հորը։ Սաղմոսերգուն գրել է. «Ես սիրով եմ լցված, որովհետև Եհովան լսում է իմ ձայնը» (Սաղ. 116։1

11. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել, երբ աղոթում ենք Եհովային։

11 Մեր Հայրը ոչ միայն լսում է մեր աղոթքները, այլև պատասխանում է դրանց։ Հովհաննես առաքյալը գրել է. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհ. 5։14, 15)։ Այնուամենայնիվ, թերևս ոչ միշտ այնպես լինի, որ Եհովան մեր ակնկալած ձևով պատասխանի մեր աղոթքներին։ Ինչո՞ւ։ Որովհետև ավելի լավ գիտի, թե մեզ ինչ է պետք։ Ուստի երբեմն նա գուցե չտա մեր ուզածը կամ ուշ տա (2 Կորնթ. 12։7–9

12–13. Եհովան ինչպե՞ս է հոգ տանում մեր մասին։

12 Եհովան հոգ է տանում մեր մասին։ Նա անում է այն, ինչ պահանջում է բոլոր հայրերից (1 Տիմոթ. 5։8)։ Աստված հոգում է իր զավակների նյութական կարիքները։ Նա չի ուզում, որ մտահոգվենք ուտելիքի, հագուստի ու կացարանի համար (Մատթ. 6։32, 33; 7։11)։ Սիրող ծնողի պես՝ Եհովան այնպես է արել, որ նաև ապագայում ունենանք ամեն անհրաժեշտ բան։

13 Իսկ որ ամենակարևորն է, Եհովան բավարարում է մեր հոգևոր կարիքները։ Աստվածաշնչում նա մեզ հայտնում է, թե իրականում ով է ինքը, ինչ նպատակ ունի, որն է մեր կյանքի իմաստը, և ինչ ապագա է մեզ սպասում։ Երբ իմացանք ճշմարտությունը, նա մեր ծնողների կամ այլ Վկայի միջոցով սովորեցրեց մեզ իր մասին և դրանով ցույց տվեց իր հոգատարությունը մեր հանդեպ։ Եհովան շարունակում է օգնել մեզ ուշադիր երեցների և այլ հասուն քրիստոնյաների միջոցով։ Ժողովի հանդիպումներն էլ են Աստծու հոգատարության դրսևորումը. դրանց ժամանակ նա ուսուցանում է մեզ ու մեր հոգևոր ընտանիքի մյուս անդամներին։ Այս և այլ կերպերով Եհովան իր հայրական հոգատարությունն է արտահայտում բոլորիս հանդեպ (Սաղ. 32։8

14. Եհովան ինչո՞ւ է կրթում մեզ և ինչպե՞ս է դա անում։

14 Եհովան կրթում է մեզ։ Ի տարբերություն Հիսուսի՝ մենք անկատար ենք։ Ուստի մեր սիրառատ Հայրը անհրաժեշտության դեպքում խրատի միջոցով է կրթում մեզ։ Սուրբ Գրքում գրված է. «Ում Եհովան սիրում է, նրան խրատում է» (Եբր. 12։6, 7)։ Աստված տարբեր կերպերով է խրատում իր զավակներին։ Օրինակ՝ գուցե մի բան կարդանք Աստվածաշնչում կամ որևէ միտք լսենք ժողովի հանդիպումների ժամանակ և հասկանանք, որ մեր կյանքում փոփոխություններ անելու կարիք ունենք։ Եհովան կրթում է մեզ նաև երեցների միջոցով։ Ինչպես էլ նա մեզ խրատի, միշտ սիրուց մղված է անում դա (Երեմ. 30։11

15. Մեր երկնային Հայրը ի՞նչ առումներով է պաշտպանում մեզ։

15 Եհովան աջակցում է մեզ փորձությունների ժամանակ։ Որպես հոգատար Հայր՝ նա դժվար պահերին սատար է կանգնում մեզ։ Եհովան իր սուրբ ոգու միջոցով պաշտպանում է մեզ հոգևոր վնասներից (Ղուկ. 11։13)։ Նա հոգ է տանում, որ չվնասվենք նաև էմոցիոնալ առումով։ Օրինակ՝ հիասքանչ ապագայի հույս է տվել, որն օգնում է դիմանալ դժվարություններին։ Անկախ նրանից, թե ինչ վատ բաների միջով ենք անցնում, մեր սիրառատ Հայրը բուժելու է դրանց հասցրած վերքերը։ Մեր բոլոր փորձությունները մի օր վերջանալու են, իսկ Եհովայի տված օրհնությունները մնալու են հավիտյան (2 Կորնթ. 4։16–18

ՄԵՐ ՀԱՅՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԹՈՂՆԻ ՄԵԶ

16. Ի՞նչ եղավ, երբ Ադամը չհնազանդվեց իր սիրառատ Հորը։

16 Ուրիշ ի՞նչն է փաստում, որ Եհովան շատ է սիրում մեզ։ Հիշենք, թե նա ինչպես արձագանքեց, երբ իր երկրային ընտանիքում առաջին անգամ խնդիրներ ծագեցին։ Ադամի անհնազանդության հետևանքով թե՛ ինքը, թե՛ իր սերունդները կորցրին իրենց տեղը Աստծու երջանիկ ընտանիքում (Հռոմ. 5։12; 7։14)։ Բայց Եհովան օգնության ձեռք մեկնեց Ադամի սերունդներին։

17. Ադամի ապստամբությունից հետո Աստված ի՞նչ քայլեր ձեռնարկեց։

17 Ճիշտ է, Եհովան պատժեց Ադամին, բայց և միջոցներ ձեռնարկեց՝ փրկելու նրա ապագա սերունդներին։ Նա անմիջապես խոստացավ, որ հնազանդ մարդկանց կվերադարձնի իր ընտանիք (Ծննդ. 3։15; Հռոմ. 8։20, 21)։ Աստված դա հնարավոր դարձրեց իր սիրելի Որդու՝ Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ։ Նրան մեզ համար զոհելով՝ մեր երկնային Հայրը փաստեց, որ շատ է սիրում յուրաքանչյուրիս (Հովհ. 3։16

Եթե հեռացել ենք Եհովայից, բայց զղջում ենք դրա համար, կարող ենք համոզված լինել, որ մեր սիրառատ Հայրը պատրաստ է գրկաբաց ընդունել մեզ (տես պարբերություն 18)

18. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ չնայած մեր անկատարությանը՝ Եհովան ցանկանում է տեսնել մեզ իր ընտանիքում։

18 Թեև մենք անկատար ենք, Եհովան մեզ չի համարում բեռ և շատ է ուզում, որ իր ընտանիքի մի մասը լինենք։ Նույնիսկ եթե հիասթափեցնում ենք իրեն կամ ճիշտ ուղուց շեղվում ենք, նա երբեք հույսը չի կտրում մեզնից։ Հիսուսն ընդգծեց Եհովայի հայրական սիրո խորությունը, երբ պատմեց մոլորված որդու առակը (Ղուկ. 15։11–32)։ Այս պատմության մեջ հայրը միշտ սպասում էր, որ իր որդին մի օր կվերադառնա տուն։ Եվ երբ նա վերադարձավ, հայրը գրկաբաց ընդունեց նրան։ Եթե մենք էլ ենք հեռացել Եհովայից, բայց զղջում ենք դրա համար, կարող ենք համոզված լինել, որ մեր սիրառատ Հայրը պատրաստ է գրկաբաց ընդունել մեզ։

19. Եհովան ինչպե՞ս է վերացնելու Ադամի պատճառած վնասը։

19 Աստված կվերացնի Ադամի պատճառած ողջ վնասը։ Եդեմում տեղի ունեցած ապստամբությունից հետո Եհովան որոշեց մարդկանց միջից 144 000 հոգու որդեգրել, որպեսզի նրանք ապրեն երկնքում և իր Որդու հետ ծառայեն որպես թագավորներ ու քահանաներ։ Նոր աշխարհում Հիսուսն ու իր իշխանակիցները կօգնեն հնազանդ մարդկանց հասնել կատարելության։ Իսկ վերջնական փորձությունից հետո Աստված հավատարիմ մարդկանց հավիտենական կյանք կշնորհի։ Միայն պատկերացրու՝ որքան ուրախ կլինի մեր Հայրը, երբ տեսնի, որ երկիրը լցված է իր կատարյալ զավակներով։ Ի՜նչ փառահեղ ժամանակներ են մեզ սպասում։

20. Ինչի՞ց է երևում, որ Եհովան մեզ շատ է սիրում, և ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

20 Եհովան տարբեր ձևերով ցույց է տալիս, որ մեզ շատ է սիրում։ Նա ամենալավ Հայրն է. լսում է մեր աղոթքները, հոգում է մեր ֆիզիկական ու հոգևոր կարիքները, կրթում և աջակցում է մեզ։ Ապագայում էլ նա աննկարագրելի օրհնություններ կտա։ Մեր սիրտը ջերմությամբ է լցվում, երբ հասկանում ենք, որ մեր Հայրը մեզ շատ է սիրում ու միշտ հոգ է տանում մեր մասին։ Ակամայից մենք էլ մե՛ր սերն ենք ուզում ցույց տալ նրա հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս մասին։

ԵՐԳ 108 Աստծու նվիրված սերը

a Եհովային հաճախ պատկերացնում ենք որպես մեր Արարիչ ու Գերիշխան։ Բայց նա նաև մեր սիրառատ ու հոգատար Հայրն է։ Ի՞նչ հիմնավոր պատճառներ ունենք այսպես ասելու։ Հոդվածում կգտնենք պատասխանը, նաև կիմանանք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեզ երբեք չի թողնի։

b ՆԿԱՐ։ Չորս տեսարաններից յուրաքանչյուրում պատկերված են հայր ու երեխա։ 1) Հայրը ուշադիր լսում է իր տղային։ 2) Հայրը կերակրում է իր աղջկան։ 3) Հայրը կրթում է իր որդուն։ 4) Հայրը մխիթարում է իր տղային։ Հետին պլանում երևում է Եհովայի ձեռքը. դա մեզ հուշում է, որ նա նույն ձևերով հոգ է տանում մեր մասին։