Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տարեցնե՛ր, Եհովան թանկ է գնահատում ձեր նվիրվածությունը

Տարեցնե՛ր, Եհովան թանկ է գնահատում ձեր նվիրվածությունը

ՄԵՐ հավատարիմ երեցները օրհնություն են բոլորիս համար։ Նրանք բարձր են գնահատում Աստծու ժողովրդին ծառայելու իրենց առանձնաշնորհումը։ Սակայն համեմատաբար վերջերս որոշ կազմակերպչական փոփոխություններ արվեցին. տարեց երեցներին խնդրեցին իրենց ծանր պարտականությունների որոշ մասը փոխանցել ավելի երիտասարդ երեցներին։

Ըստ նոր կարգի՝ փոխվում են 70 տարեկան դարձած շրջանային վերակացուների և աստվածապետական դպրոցներում դասավանդողների նշանակումները։ Նաև այն երեցները, որոնց 80 տարին բոլորել է, պետք է որոշ պարտականություններ, օրինակ՝ մասնաճյուղի կոմիտեի կոորդինատորի և ժողովի երեցների խորհրդի կոորդինատորի պարտականությունները փոխանցեն ավելի երիտասարդ երեցներին։ Մեր թանկագին տարեց եղբայրները ինչպե՞ս արձագանքեցին այս փոփոխություններին։ Նրանք նվիրված մնացին Եհովային ու նրա կազմակերպությանը։

Քեն անունով մի եղբայր, որը 49 տարի ծառայել է որպես մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր, ասում է. «Ես լիովին համաձայն էի այդ որոշմանը։ Հետաքրքիրն այն էր, որ հենց այդ առավոտ, երբ իմացա փոփոխության մասին, Եհովային աղոթքիս մեջ ասել էի, որ ավելի երիտասարդ կոորդինատորի կարիք կա»։ Քենը միակը չէ, որ այսպես արձագանքեց։ Ամբողջ աշխարհում մեր հավատարիմ տարեց եղբայրները նույն զգացումներն ունեցան։ Բայց քանի որ նրանք սիրում են ծառայել իրենց եղբայրներին, սկզբում փոքր-ինչ վհատվեցին։

«Ես մի փոքր տխրել էի»,— պատմում է Էսպերանդիուն, ով ժողովում երեցների խորհրդի կոորդինատոր էր։ Բայց նա հասկացավ, որ այդպես ավելի լավ է, քանի որ այժմ կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել իր առողջությանը հետևելու համար։ Եղբայրը շարունակում է հավատարմորեն ծառայել Եհովային և օրհնություն լինել իր ժողովի համար։

Իսկ ինչպե՞ս են այս փոփոխություններին հարմարվել երկար տարիների շրջագայող վերակացուները։ Ալանը, ով 38 տարի ծառայել է որպես շրջագայող վերակացու, ասում է. «Երբ իմացա այդ փոփոխության մասին, կարկամեցի»։ Սակայն նա շարունակեց հավատարմորեն ծառայել՝ հասկանալով, թե որքան կարևոր է երիտասարդ եղբայրներին կրթել այդ աշխատանքի համար։

Ռասելը, ով 40 տարի շրջագայող վերակացու է եղել և դասավանդել է աստվածապետական դպրոցներում, պատմում է, որ ինքն ու իր կինը սկզբում տրտմեցին։ Նա ասում է. «Մեզ համար շատ թանկ էր մեր ծառայությունը։ Մենք կարծում էինք, որ դեռ ուժ ունենք այն շարունակելու»։ Այժմ այս զույգը իր փորձը փոխանցում է տեղի ժողովին, որում ծառայող քարոզիչներն անչափ ուրախ են դրա համար։

Նույնիսկ եթե վերը նշված փոփոխությունները քեզ չեն վերաբերում, «2 Սամուել» գրքում նկարագրված մի դեպք կօգնի քեզ հասկանալ այն մարդկանց, ովքեր այսպիսի զգացումներ են ունեցել։

ՀԱՄԵՍՏ ԵՎ ԻՐԱՏԵՍ ՄԱՐԴ

Եկ մտովի տեղափոխվենք այն ժամանակները, երբ Աբիսողոմը ապստամբել էր իր հոր՝ Դավիթ թագավորի դեմ։ Վերջինս Երուսաղեմից փախել էր Մանայիմ՝ Հորդանան գետի արևելյան կողմը։ Այնտեղ Դավիթն ու իր հետ եղած մարդիկ որոշ իրերի և մթերքների կարիք ունեին։ Հիշո՞ւմ ես՝ ինչ եղավ։

Մոտակա տարածքում բնակվող երեք տղամարդիկ նրանց համար անկողիններ, տարբեր տեսակի մթերքներ և անհրաժեշտ կահ-կարասի բերեցին։ Այդ տղամարդկանցից մեկը Բերզելին էր (2 Սամ. 17։27–29)։ Երբ Աբիսողոմի ապստամբությունը ճնշվեց, և Դավիթը ճանապարհ ընկավ Երուսաղեմ, Բերզելին նրան ուղեկցեց մինչև Հորդանան։ Թագավորը փորձեց նրան համոզել, որ իր հետ գնա Երուսաղեմ և մշտապես օգտվի իր արքունական սեղանից (2 Սամ. 19։31–33)։ Բերզելին շատ հարուստ էր ու ոչ մի բանի կարիք չուներ։ Բայց Դավիթը, այդ առաջարկն անելով, հավանաբար ցանկանում էր, որ կյանքի մեծ փորձ ունեցող այդ մարդը իր մոտ լինի և օգնի իր խորհուրդներով։ Արքունիքում ապրելն ու աշխատելը, անշուշտ, մեծ պատիվ էր։

Սակայն Բերզելին, ով համեստ ու իրատես մարդ էր, ասաց, որ ինքը 80 տարեկան է։ Ապա ավելացրեց. «Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել»։ Նա ի՞նչ նկատի ուներ։ Չէ՞ որ իր երկար կյանքի ընթացքում այդ մարդը իմաստություն էր ձեռք բերել և կարող էր լավ խորհուրդներ տալ, ինչպես որ երեցները արեցին Ռոբովամ թագավորի օրերում (1 Թագ. 12։6, 7; Սաղ. 92։12–14; Առակ. 16։31)։ Ուստի լավը վատից տարբերելու մասին Բերզելիի խոսքերը, ըստ ամենայնի, վերաբերում էին ծերության բերած տկարություններին (Ժող. 12։4, 5)։ Օրինակ՝ նա ասաց. «Ծառադ կարո՞ղ է իր կերածի ու խմածի համը զգալ, կամ էլ երգիչների ու երգչուհիների ձայնը լսել»։ Բերզելին Դավթին առաջարկեց Երուսաղեմ տանել երիտասարդ Քամաամին, ով, ամենայն հավանականությամբ, իր որդին էր (2 Սամ. 19։35–40

ՆԵՐԴՐՈՒՄ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Հոդվածի սկզբում նշված կազմակերպչական փոփոխությունները արվել են այն նույն պատճառով, որը Բերզելիին դրդեց հրաժարվել Դավթի առաջարկից։ Իհարկե, այդպիսի որոշում կայացնելուց առաջ հաշվի են առնվել ոչ թե մեկ մարդու, այլ շատերի կարողություններն ու հանգամանքները։ Անհրաժեշտ էր իրատեսորեն գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որը կլիներ լավագույն որոշումը աշխարհով մեկ ծառայող հավատարիմ երեցների համար։

Այս համեստ տարեց տղամարդիկ, հասկանալով, որ ապագա աճի համար Եհովայի կազմակերպությանը պատրաստված եղբայրներ են անհրաժեշտ, իրենց պարտականությունները սիրով փոխանցեցին երիտասարդ երեցներին։ Եվ հիմնականում հենց նրանք էլ կրթեցին երիտասարդներին՝ պատրաստելով նոր գործի համար, ինչպես որ Բերզելին էր, ըստ ամենայնի, կրթել իր որդուն, իսկ Պողոս առաքյալը՝ Տիմոթեոսին (1 Կորնթ. 4։17; Փիլիպ. 2։20–22)։ Երիտասարդ եղբայրներն էլ իրենց հերթին փաստեցին, որ իսկապես «մարդկանց տեսքով պարգևներ» են։ Նրանք նպաստում են «Քրիստոսի մարմնի շինությանը» (Եփես. 4։8–12; համեմատիր Թվեր 11։16, 17, 29

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ եղբայրների համար, ովքեր իրենց պարտականությունները փոխանցել են երիտասարդ սերնդին, Եհովայի գործում նոր դռներ են բացվել։

«Այժմ հանգամանքներս թույլ են տալիս հոգևորապես օգնել մեր ժողովի քույրերի ոչ Վկա ամուսիններին»,— ասում է Մարկոն, ով 19 տարի շրջագայող վերակացու է եղել։

«Մենք նոր նպատակներ ենք դրել մեր առաջ՝ օգնել ոչ ակտիվ քարոզիչներին և ավելի շատ մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել»,— ասում է Ժերալդուն, որը շրջագայական ծառայության մեջ է եղել 28 տարի։ Նա գրում է, որ ինքն ու իր կինը 15 հոգու հետ Աստվածաշունչ են ուսումնասիրում, և ոչ ակտիվ քարոզիչներից շատերը, ում իրենք օգնել են, այժմ հաճախում են հանդիպումներին։

Ալանը, ում մասին արդեն հիշատակել ենք, նշում է. «Հիմա կարող ենք ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչության տարբեր ձևերին։ Հաճույքով մասնակցում ենք հրապարակային վկայությանը, քարոզում ենք գործարար տարածքներում և մեր հարևաններին, որոնցից երկուսը արդեն ներկա են եղել մեր հանդիպումներին»։

Եթե փորձառու հավատարիմ եղբայր ես, ում նշանակումը փոխվել է, կարող ես այլ ձևով էլ նպաստել Աստծու գործի իրականացմանը։ Քո արժեքավոր փորձը փոխանցիր ժողովի երիտասարդ եղբայրներին։ Ռասելը, ում խոսքերը բերված են վերևում, ասում է. «Մեր շուրջը տաղանդաշատ երիտասարդներ կան, որոնց Եհովան ուսուցանում է և տարբեր գործեր վստահում։ Նրանք խանդավառությամբ կրթում և հովվում են Աստծու ժողովրդին, ինչով թարմացնում են բոլորին» (տես « Օգնիր երիտասարդ եղբայրներին օգտագործել իրենց ողջ ներուժը» շրջանակը)։

ԵՀՈՎԱՆ ԹԱՆԿ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Եթե նշանակումդ վերջերս փոխվել է, դրական տրամադրվածություն պահպանիր։ Դու սրտանց կատարել ես քո ծառայությունը և շատ շատերին ես օգնել։ Շարունակիր այդպես վարվել։ Հիշիր, որ քո եղբայրներն ու քույրերը սիրում են քեզ և կշարունակեն սիրել։

Եվ որ ամենակարևորն է, դու Եհովայի սրտում քո մշտական տեղն ունես։ Նա չի «մոռանա քո աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիր իր անվան հանդեպ նրանով, որ ծառայեցիր սրբերին ու շարունակում ես ծառայել» (Եբր. 6։10)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Աստված գնահատում է ոչ միայն անցյալում կատարած գործերդ, այլև այն, ինչ այժմ ես անում։ Դու նրա համար շատ թանկ ես, և նա քեզ երբեք չի մոռանա։

Իսկ եթե դու այն եղբայրների թվում չես, ում նշանակումը փոխվել է, մի՛ մտածիր, թե այս հոդվածը քեզ համար չէ։ Դու ևս անելիք ունես։

Հնարավոր է՝ քո շրջապատում կա տարիքն առած հավատարիմ եղբայր, ում նշանակումը փոխվել է։ Հիշիր, որ նրա հասունությունն ու փորձը շատ հարցերում կարող են օգնել քեզ։ Ուստի մի՛ վարանիր խորհուրդ հարցնել նրանից։ Լսիր նրա առաջարկները։ Ուշադրություն դարձրու, թե նա ինչպես է ներկայիս նշանակման մեջ հավատարմորեն ծառայում և գործի դնում իր փորձը։

Թե՛ տարեցները, ում նշանակումը փոխվել է, թե՛ երիտասարդները, ովքեր կարող են օգուտ քաղել նրանց փորձից, թող միշտ հիշեն, որ Եհովան թանկ է գնահատում իր նվիրված երկրպագուներին, ովքեր երկար տարիներ ծառայել են իրեն և շարունակում են ծառայել։