Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ուզում էի ծառայել Եհովային»

«Ուզում էի ծառայել Եհովային»

ՄԵՆՔ հրաժեշտ տվեցինք Գրանբուրի գյուղի մոտակայքում ապրող մարդկանց մի փոքր խմբի, ում եկել էինք այցելելու։ Այդ գյուղը գտնվում է Սուրինամի խոնավ արևադարձային անտառներում։ Մեր փայտե նավակով շարժվեցինք Տապանահոնի գետի հոսանքի ուղղությամբ։ Երբ անցնում էինք գահավեժ հատվածներով, նավի շարժիչի պտուտակը բախվեց ապառաժի։ Այդ հարվածից նավի առջևի մասը խրվեց գետի մեջ, և մենք անցանք ջրի տակ։ Այդ պահին սիրտս ասես տեղից թռավ. թեև տարիներով շրջանային ծառայության մեջ էի եղել և շատ էի նման ճամփորդություններ կատարել, բայց լողալ չգիտեի։

Մինչ կասեմ, թե ինչ եղավ հետո, թույլ տվեք պատմեմ, թե ինչպես եմ լիաժամ ծառայություն սկսել։

Ծնվել եմ 1942 թ.-ին Կարիբյան ծովի ավազանում գտնվող Կյուրասաո գեղեցիկ կղզում։ Հայրս Սուրինամից էր, բայց աշխատանքի համար տեղափոխվել էր ապրելու այդ կղզում։ Նա մկրտվել էր իմ ծնվելուց մի քանի տարի առաջ, և Կյուրասաո կղզու առաջին Վկաներից էր։ a Ամեն շաբաթ հայրս մեզ՝ հինգ երեխաներիս, Աստվածաշունչ էր ուսուցանում, թեև միշտ չէր, որ ուզում էինք ուսումնասիրել։ Երբ 14 տարեկան էի, նա որոշեց, որ պետք է ընտանիքով տեղափոխվենք Սուրինամ, որպեսզի հոգ տանենք իր տարեց մոր մասին։

ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՕԳՆԵՑԻՆ ԻՆՁ

Սուրինամում ընկերացա մեր ժողովի երիտասարդների հետ, ովքեր եռանդորեն ծառայում էին Եհովային։ Նրանք մի քանի տարով մեծ էին ինձանից և ռահվիրայություն էին անում։ Երբ նրանք իրենց ծառայությունից դեպքեր էին պատմում, նրանց դեմքը ուրախությունից փայլում էր։ Ժողովի հանդիպումներից հետո ընկերներով աստվածաշնչյան տարբեր թեմաներ էինք քննարկում, երբեմն դրսում՝ աստղազարդ երկնքի տակ։ Ընկերներիս շնորհիվ հասկացա, թե ինչ եմ ուզում կյանքից. ես ուզում էի ծառայել Եհովային։ Ուստի 16 տարեկանում մկրտվեցի։ Իսկ երբ 18 տարեկան էի, ռահվիրայություն սկսեցի։

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԴԱՍԵՐ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ

Պարամարիբոյում ռահվիրայություն անելիս

Ռահվիրա ծառայելու ընթացքում բազմաթիվ արժեքավոր դասեր սովորեցի, որոնք հետագայում ինձ շատ պետք եկան լիաժամ ծառայության մեջ։ Առաջին դասերից մեկը ուրիշներին կրթելու կարևորությունն է։ Երբ ռահվիրայություն սկսեցի, Վիլլեմ վան Սեյել անունով մի միսիոներ ինձ իր թևի տակ առավ և սովորեցրեց, թե ինչպես կարելի է կատարել աստվածապետական հանձնարարությունները։ b Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, թե որքան շատ բան ունեի սովորելու։ Հաջորդ տարի հատուկ ռահվիրա նշանակվեցի և սկսեցի հոգ տանել Սուրինամի անտառներում գտնվող մեկուսի խմբերի մասին։ Այնքան եմ գնահատում այն ժամանակահարմար կրթությունը, որ ստացել եմ Վիլլեմի պես եղբայրներից։ Այդ ժամանակվանից սկսած՝ միշտ ձգտում եմ հետևել նրանց օրինակին և կրթել մյուսներին։

Իմ սովորած երկրորդ դասը պարզ, բայց լավ պլանավորած կյանքով ապրելն է։ Ամեն ամսվա սկզբում ես ու ծառայակիցս ծրագրում էինք, թե ինչ գնումներ պետք է կատարեինք, որպեսզի եկող շաբաթների ընթացքում ունենայինք ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր։ Հետո մեզանից մեկը երկար ճանապարհ էր անցնում, որպեսզի մայրաքաղաքում առևտուր աներ։ Մենք պետք է խնայողաբար օգտագործեինք մեր անձնական ծախսերի համար տրվող ամսական գումարը։ Նաև մեր մթերքը պետք է բաշխեինք օրերի վրա, որպեսզի այն բավականացներ ողջ ամսվա ընթացքում։ Եթե մեր ունեցածը վերջանար, ջունգլիներում դժվար թե գտնվեր մեկը, ով կկարողանար օգնել մեզ։ Ուրախ եմ, որ երիտասարդ տարիքում սովորեցի պարզ կյանքով ապրել, բայց միևնույն ժամանակ լինել կազմակերպված, քանի որ դրա շնորհիվ ողջ կյանքիս ընթացքում կարողացել եմ կենտրոնացած մնալ Եհովայի գործի վրա։

Սովորածս երրորդ դասն այն է, որ մարդիկ մեծ օգուտներ են քաղում, երբ նրանց իրենց մայրենի լեզվով ես ուսուցանում։ Փոքրուց գիտեի հոլանդերեն, անգլերեն, պապիամենտո և սրանանտոնգո, որը շատ տարածված է Սուրինամում։ Բայց անտառներում ծառայելիս նկատեցի, որ մարդիկ լավ են արձագանքում բարի լուրին, երբ այն լսում են իրենց մայրենի լեզվով։ Ես դժվարանում էի խոսել այդ լեզուներից մի քանիսով, օրինակ՝ սարամական լեզվով, որն ունի բարձր և ցածր հնչերանգներ։ Բայց արժեր ջանքեր թափել։ Տարիների ընթացքում շատ մարդկանց եմ օգնել իմանալ ճշմարտությունը, քանի որ կարողանում էի խոսել նրանց մայրենի լեզվով։

Ինչ խոսք, լեզվի պատճառով երբեմն հայտնվում էի անհարմար իրավիճակներում։ Օրինակ՝ մի անգամ ուզում էի սարամական լեզվով խոսող Աստվածաշունչ ուսումնասիրող մի կնոջ հարցնել, թե ինչպես է իրեն զգում, քանի որ նա որովայնի ցավեր ուներ։ Բայց իրականում հարցրի, թե արդյոք հղի է։ Դժվար չէ կռահել, թե այդ հարցը ինչ անհարմար դրության մեջ դրեց նրան։ Չնայած որ հաճախ էի նման սխալներ անում, բայց միշտ ձգտում էի խոսել այն մարդկանց մայրենի լեզվով, ում քարոզում էի։

ՀԱՎԵԼՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՍՏԱՆՁՆՈՒՄ

1970 թ.-ին նշանակվեցի շրջանային վերակացու։ Այդ տարի արևադարձային անտառների մեկուսի շատ խմբերում ներկայացնում էի «Այցելություն Եհովայի վկաների գլխավոր վարչություն» սլայդներով ցուցադրումը։ Այդ խմբեր այցելելու համար մի քանի եղբայրների հետ երկար և բարակ փայտե նավակով ճամփորդում էինք գետերով։ Մեզ հետ վերցնում էինք գեներատոր, բենզինի շարժական բաք, նավթի լամպեր և սլայդների ցուցադրման սարքավորումները։ Տեղ հասնելուն պես այդ ամենը մեզ հետ տանում էինք այն վայրը, որտեղ պետք է ցուցադրեինք սլայդները։ Մեր ճամփորդություններից ամենաշատը ինձ տպավորել է այն, թե մեկուսի վայրերում ապրող մարդիկ որքան էին սիրում այդ ծրագրերը։ Անչափ ուրախ էի, որ օգնում էի նրանց սովորել Եհովայի և նրա երկրային կազմակերպության մասին։ Օրհնությունները գերազանցում էին ցանկացած զոհողություն, որ անում էի Եհովայի գործում։

ՀՅՈՒՍՈՒՄ ԵՄ ԵՐԵՔՏԱԿ ՊԱՐԱՆ

Էթելն ու ես ամուսնացանք 1971 թ. սեպտեմբերին

Թեև իմ ծառայության մեջ տեսնում էի ամուրիության առավելությունները, բայց զգում էի, որ կյանքի ընկերոջ կարիք ունեմ։ Ուստի սկսեցի կոնկրետ աղոթել Եհովային, որ գտնեմ այնպիսի կին, ով ուրախությամբ կդիմանար արևադարձային խոնավ անտառներում լիաժամ ծառայելու դժվարություններին։ Մեկ տարի անց սկսեցի ընկերություն անել Էթել անունով մի հատուկ ռահվիրայի հետ, ով անձնազոհ ոգի ուներ։ Դեռ վաղ տարիքից Էթելը միշտ հիացել է Պողոս առաքյալի օրինակով և ցանկացել է նրա պես իրեն տրամադրել ծառայությանը։ Մենք ամուսնացանք 1971 թ. սեպտեմբերին և երկուսով անցանք շրջանային ծառայության։

Էթելը ապահովված ընտանիքում չի մեծացել, ուստի նրա համար դժվար չէր հարմարվել արևադարձային անտառներում շրջանային ծառայություն անելու գործին։ Օրինակ, երբ պատրաստվում էինք այցելել անտառի խորքում գտնվող ժողովներ, շատ իրեր չէինք վերցնում մեզ հետ։ Մենք լողանում և մեր հագուստը լվանում էինք գետերում։ Բացի այդ՝ ուտում էինք այն, ինչ մեզ համար պատրաստում էին մեզ հյուրընկալողները, օրինակ՝ իգուաններ, պիրանյաներ կամ այլ բաներ, որ նրանք որսում էին անտառում կամ գետում։ Երբ ամաններ չէին լինում, օգտագործում էինք բանանի տերևներ։ Իսկ երբ չէինք ունենում դանակ-պատառաքաղ, ուտում էինք մատներով։ Ես ու Էթելը կարծում ենք, որ Եհովայի գործում միասին զոհողություններ անելը օգնել է, որ մեր երեքպատիկ պարանը ամրանա (Ժող. 4։12)։ Մենք ոչինչ չէինք փոխի։

Դեպքը, որ պատմեցի սկզբում, տեղի է ունեցել մեկուսի մի տարածքից վերադառնալիս։ Գետի գահավեժ հատվածով անցնելիս, մեր նավակը սուզվեց գետի մեջ, բայց արագ ջրի երես դուրս եկավ։ Բարեբախտաբար, մենք փրկարար բաճկոններ էինք կրում և նավակի վրայից չէինք ընկել։ Բայց դրա մեջ լիքը ջուր էր լցվել։ Ուստի մենք մեր սննդի տարաների պարունակությունը թափեցինք գետը և դրանցով սկսեցինք դատարկել ջուրը։

Քանի որ ուտելու բան չունեինք, ճանապարհին փորձեցինք ձուկ բռնել, բայց ապարդյուն։ Ուստի աղոթեցինք Եհովային և խնդրեցինք մեզ տա այդ օրվա հացը։ Աղոթքից անմիջապես հետո եղբայրներից մեկը կարթը գցեց ջուրը և մի մեծ ձուկ բռնեց, այնպես որ հինգս կերանք ու կշտացանք։

ԱՄՈՒՍԻՆ, ՀԱՅՐ ԵՎ ՇՐՋԱԳԱՅՈՂ ՎԵՐԱԿԱՑՈՒ

Հինգ տարի շրջանային ծառայության մեջ լինելուց հետո ես ու Էթելը մի անսպասելի օրհնություն ստացանք. մենք երեխա էինք ունենալու։ Ես ուրախ էի այդ նորության համար, թեև չգիտեի, թե ապագան մեզ ինչ կբերի։ Մենք մեծ ցանկություն ունեինք շարունակելու լիաժամ ծառայությունը, եթե, իհարկե, դա հնարավոր լիներ։ 1976 թ.-ին ծնվեց մեր առաջնեկը՝ Էթնիելը։ Իսկ երկուսուկես տարի հետո ծնվեց մեր մյուս որդին՝ Ջովաննին։

Ներկա եմ Սուրինամի արևելքում գտնվող Գոդո Հոլոյի մոտակայքում տեղի ունեցող մկրտությանը, որն արվում է Տապանահոնի գետի մեջ (1983 թ.)

Քանի որ այդ ժամանակ Սուրինամում շրջանային վերակացուների կարիք կար, մասնաճյուղը որոշեց, որ ես մնամ շրջանային ծառայության մեջ։ Երբ մեր տղաները փոքր էին, ինձ նշանակեցին այնպիսի շրջան, որտեղ ավելի քիչ ժողովներ կային։ Դրա շնորհիվ կարողանում էի ամսվա մեջ մի քանի շաբաթ ծառայել որպես շրջանային վերակացու, իսկ մյուս օրերին մեր ժողովում ռահվիրայություն էի անում։ Երբ այցելում էի մեր տանը մոտ գտնվող ժողովներ, կինս ու տղաներս գալիս էին ինձ հետ։ Բայց երբ պետք է այցելեի անտառներում գտնվող ժողովներ կամ այնտեղ անցկացվող համաժողովներ, մենակ էի գնում։

Շրջանային ծառայություն անելիս հաճախ նավով էի ճամփորդում, որպեսզի այցելեի մեկուսի տարածքներում գտնվող ժողովներ

Պետք է այնպես պլանավորեի գործերս, որ կարողանայի կատարել իմ բոլոր պարտականությունները։ Ամեն ինչ անում էի, որ ոչ մի շաբաթ բաց չթողնեինք մեր ընտանեկան ուսումնասիրությունը։ Իսկ երբ այցելում էի անտառներում գտնվող ժողովներ, Էթելն էր անցկացնում այն։ Բայց մենք փորձում էինք հնարավորության դեպքում ամեն ինչ ընտանիքով անել։ Ես ու Էթելը նաև կանոնավորաբար ժամանցի օգտակար ձևեր էինք կազմակերպում մեր տղաների համար՝ խաղում էինք նրանց հետ կամ պարզապես զբոսնում։ Ես հաճախ մինչև ուշ գիշեր արթուն էի մնում, որպեսզի պատրաստեի աստվածապետական հանձնարարություններս։ Իսկ Էթելը Առակներ 31։15 համարում նկարագրված կնոջ պես լուսաբացից առաջ էր արթնանում, որպեսզի կարողանայինք նախքան մեր տղաների դպրոց գնալը ընտանիքով կարդալ օրվա խոսքը և նախաճաշել։ Անչափ ուրախ եմ, որ նման անձնազոհ կին ունեմ, ով միշտ աջակցել է ինձ սուրբգրային պարտականություններս կատարելու հարցում։

Որպես ծնողներ՝ ամեն ինչ արել ենք, որ մեր երեխաները սիրեն Եհովային ու ծառայությունը։ Մենք ուզում էինք, որ մեր որդիները լիաժամ ծառայությունը իրենց կյանքի ուղին դարձնեին։ Բայց նաև ուզում էինք, որ դա լիներ իրենց ընտրությունը, ոչ թե մեր։ Հաճախ էինք նրանց հետ խոսում լիաժամ ծառայության բերած ուրախության մասին։ Առանց թաքցնելու դժվարությունները՝ մենք նրանց ուշադրությունը կենտրոնացնում էինք այն բանի վրա, թե ինչպես է Եհովան օգնում և օրհնում մեր ընտանիքին։ Նաև քայլեր էինք ձեռնարկում, որ մեր որդիները շրջապատված լինեին այնպիսի հավատակիցներով, ովքեր Եհովային իրենց կյանքում առաջին տեղում էին դնում։

Մինչ մեծացնում էինք մեր տղաներին, Եհովան հոգ էր տանում մեր բոլոր կարիքների մասին։ Ինչ խոսք, ես էլ միշտ փորձում էի իմ ձեռքից եկածն անել ընտանիքիս աջակցելու համար։ Ամուրի ժամանակ խոնավ արևադարձային անտառներում հատուկ ռահվիրա ծառայելով՝ սովորեցի նախօրոք պլանավորել մեր ծախսերը։ Բայց անկախ մեր թափած ջանքերից՝ երբեմն լինում էր այնպես, որ կարիքի մեջ էինք հայտնվում։ Նման իրավիճակներում Եհովան միշտ միջամտում և օգնում էր մեզ։ Օրինակ՝ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին Սուրինամում քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Այդ տարիներին երբեմն դժվար էր լինում ձեռք բերել անգամ տարրական բաներ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Եհովան ապահովել է մեզ ամեն անհրաժեշտ բանով (Մատթ. 6։32

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Ձախից աջ։ Կնոջս՝ Էթելի հետ

Մեր ավագ որդին՝ Էթնիելը, կնոջ՝ Նատալիի հետ

Մեր մյուս որդին՝ Ջովաննին, իր կնոջ՝ Քրիստալի հետ

Մեր ողջ կյանքի ընթացքում Եհովան հոգ է տարել մեր մասին և օգնել է, որ ապրենք երջանիկ և բավականություն պատճառող կյանքով։ Մեր երեխաները մեծ օրհնություն են մեզ համար, և մենք անչափ ուրախ ենք, որ կարողացել ենք այնպես մեծացնել նրանց, որ ծառայեն Եհովային։ Նրանք նույնպես լիաժամ ծառայությունը իրենց կյանքի ուղին են դարձրել։ Ե՛վ Էթնիելը, և՛ Ջովաննին սովորել են աստվածապետական տարբեր դպրոցներում, և այժմ իրենց կանանց հետ ծառայում են Սուրինամի մասնաճյուղում։

Ես ու Էթելը արդեն տարեց ենք, բայց շարունակում ենք հատուկ ռահվիրա ծառայել։ Մենք այնքան զբաղված ենք, որ ես դեռ ժամանակ չեմ գտնում լողալ սովորելու համար։ Բայց ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Հետադարձ հայացք նետելով իմ կյանքին՝ միանշանակ կարող եմ ասել, որ լիաժամ ծառայությունը երիտասարդ տարիքում կյանքիս նպատակը դարձնելը իմ լավագույն որոշումներից է եղել։

a Տես «Եհովայի վկաների 2002 թ. տարեգիրքը», էջ 70, (անգլ., ռուս.

b Վիլլեմ վան Սեյելի կենսագրությունը տպագրված է «Արթնացե՛ք»-ի 1999 թ. հոկտեմբերի 8-ի համարում, էջ 12-15 (անգլ., ռուս.