ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47
Հավատդ ամուր կլինի՞
«Թող ձեր սրտերը չխռովվեն։ Հավատացեք Աստծուն» (ՀՈՎՀ. 14։1)։
ԵՐԳ 119 Մենք պետք է հավատ ունենանք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ո՞ր հարցը գուցե մեզ մտահոգի։
ԼԻՆՈ՞ՒՄ է, որ մտահոգվես առջևում սպասվող այնպիսի իրադարձությունների պատճառով, ինչպիսիք են կեղծ կրոնի կործանումը, Մագոգի Գոգի հարձակումը և Արմագեդոն պատերազմը։ Գուցե մտածում ես. «Կկարողանա՞մ պահել անարատությունս, երբ այդ ահազդու իրադարձությունները տեղի ունենան»։ Եթե նման մտքեր ես ունենում, ապա բնաբանում նշված խոսքերը, որ Հիսուսն ասաց իր աշակերտներին, կարող են օգտակար լինել քեզ համար. «Թող ձեր սրտերը չխռովվեն։ Հավատացեք Աստծուն» (Հովհ. 14։1)։ Ամուր հավատը կօգնի մեզ վստահությամբ նայել ապագային։
2. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր հավատը, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Ապագա փորձություններին դիմանալու համար մենք պետք է ամրացնենք մեր հավատը։ Դա կարող ենք անել՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչպես ենք այսօր հաղթահարում փորձությունները։ Այդպես կիմանանք, թե որ բնագավառներում է մեր հավատը կաղում։ Ամեն անգամ, երբ հաղթահարում ենք որևէ փորձություն, մեր հավատն ամրանում է։ Դա մեզ պատրաստում է առջևում սպասվող դժվարություններին։ Հոդվածում կքննենք չորս իրավիճակ, որոնց բախվելով՝ Հիսուսի աշակերտները հասկացան, որ ավելի շատ հավատի կարիք ունեն։ Այնուհետև կիմանանք, թե նմանատիպ ինչ դժվարությունների գուցե մենք բախվենք, և թե դրանք ինչպես կարող են պատրաստել մեզ ապագա փորձություններին։
ՀԱՎԱՏ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԿՀՈԳԱ ՄԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ
3. Հավատի մասին ի՞նչ ընդգծեց Հիսուսը Մատթեոս 6։30 և 33 համարներում։
3 Բնական է, որ ընտանիքի գլուխը ցանկանում է իր կնոջն ու երեխաներին ապահովել սննդով, հագուստով և կացարանով։ Այս դժվար ժամանակներում դա անելը միշտ չէ, որ հեշտ է։ Մեր հավատակիցներից ոմանք կորցրել են իրենց աշխատանքը և չնայած իրենց ջանքերին՝ դեռ նոր աշխատանք չեն գտել։ Ոմանք էլ հրաժարվել են այնպիսի աշխատանքից, որը հարիր չէ քրիստոնյային։ Նման դեպքերում մեզ ամուր հավատ է անհրաժեշտ՝ վստահ լինելու, որ Եհովան հոգ կտանի մեր ընտանիքի կարիքների մասին։ Այս միտքը Հիսուսը հստակ ընդգծեց Լեռան քարոզում (կարդա Մատթեոս 6։30, 33)։ Եթե մենք լիովին համոզված լինենք, որ Եհովան չի լքի մեզ, կշարունակենք կենտրոնացած մնալ Թագավորության շահերը առաջ տանելու վրա։ Եվ երբ տեսնենք, թե ինչպես է Եհովան հոգում մեր նյութական կարիքները, նա մեզ համար ավելի իրական կդառնա, և մեր հավատը կամրանա։
4–5. Ի՞նչն օգնեց մի ընտանիքի հաղթահարել նյութական կարիքները բավարարելու հետ կապված իրենց մտահոգությունները։
4 Տեսնենք, թե Եհովան ինչպես օգնեց Վենեսուելայում ապրող մի ընտանիքի հաղթահարել նյութական կարիքները բավարարելու հետ կապված մտահոգությունները։ Կաստրոների ընտանիքը օրվա հացը վաստակում էր՝ աշխատելով սեփական ֆերմայում։ Բայց մի օր նրանց հողատարածք ներխուժեցին զինված խմբավորման անդամներ։ Նրանք բռնագրավեցին Կաստրոների ունեցվածքը և նրանց վռնդեցին այնտեղից։ Ընտանիքի հայրը՝ Միգելը, ասում է. «Այժմ մեր ապրուստը վաստակում ենք՝ մշակելով մի փոքր հողակտոր, որը վարձակալել ենք։ Օրս սկսում եմ՝ խնդրելով Եհովային, որ տա մեզ այն ամենը, ինչի կարիքն ունենք տվյալ օրը»։ Կյանքը հեշտ չէ այս ընտանիքի համար, բայց նրանք լիովին համոզված են, որ իրենց սիրառատ Հայրը կտա իրենց օրվա հացը։ Կաստրոների ընտանիքը կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին և մասնակցում ծառայությանը։ Նրանք Թագավորության շահերը առաջնային են համարում, իսկ Եհովան նրանց ապահովում է ամեն անհրաժեշտ բանով։
5 Այդ ծանր օրերին Միգելն ու նրա կինը՝ Յուրեյը, կենտրոնացել էին այն բանի վրա, թե ինչպես էր Եհովան հոգ տանում իրենց մասին։ Երբեմն նա օգնում էր հավատակիցների միջոցով. ոմանք աջակցում էին նյութապես, ոմանք էլ օգնում էին Միգելին, որ հարմար աշխատանք գտնի։ Երբեմն էլ Եհովան մասնաճյուղի միջոցով էր հոգում նրանց ամենաանհրաժեշտ կարիքները։ Նա երբեք չի լքել այս ընտանիքին։ Արդյունքում նրանց հավատն ավելի է ամրացել։ Միգելի և Յուրեյի ավագ դուստրը՝ Խոսելինը, պատմելով, թե ինչպես է Եհովան օգնել իրենց, ասում է. «Շատ հուզիչ է տեսնել Եհովայի ձեռքը մեր կյանքում։ Ինձ համար նա մի այնպիսի ընկեր է, ում վրա միշտ կարող եմ հույս դնել։ Փորձությունները, որոնց միջով անցել է մեր ընտանիքը, պատրաստել են մեզ ապագայում սպասվող ավելի դժվար փորձություններին»։
6. Ինչպե՞ս կարող ես ամրացնել հավատդ, երբ բախվում ես տնտեսական դժվարությունների։
6 Տնտեսական դժվարություննե՞ր ունես։ Եթե այո, ուրեմն քեզ համար դժվար ժամանակներ են։ Բայց որքան էլ հանգամանքներդ ծանր լինեն, այս ժամանակահատվածը կարող ես օգտագործել հավատդ ամրացնելու համար։ Աղոթիր Եհովային, կարդա Մատթեոս 6։25–34 համարները և խորհրդածիր դրանց շուրջ։ Խորհիր նաև ժամանակակից այն օրինակների շուրջ, որոնք փաստում են, որ Եհովան հոգ է տանում նրանց մասին, ովքեր շարունակում են զբաղված լինել հոգևոր գործերով (1 Կորնթ. 15։58)։ Այդպես վարվելով՝ կավելացնես համոզվածությունդ այն բանում, որ քո երկնային Հայրը քեզ էլ կօգնի, ինչպես օգնել է նմանատիպ հանգամանքներում գտնվողներին։ Նա տեղյակ է, թե ինչի կարիք ունես, և գիտի՝ ինչպես օգնել քեզ։ Երբ քո կյանքում զգաս Եհովայի ձեռքը, հավատդ կամրանա, և դու կկարողանաս հաղթահարել ապագայում սպասվող ավելի ծանր փորձություններ (Ամբ. 3։17, 18)։
ՀԱՎԱՏ՝ ԿՅԱՆՔԻ «ՄԵԾ ԱԼԵԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԴԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
7. Մատթեոս 8։23–26-ի համաձայն՝ ինչպե՞ս մեծ ալեկոծությունը փորձեց աշակերտների հավատը։
7 Երբ Հիսուսն ու իր աշակերտները ծովում էին, մի մեծ ալեկոծություն բարձրացավ։ Հիսուսն օգտագործեց այդ առիթը, որպեսզի օգնի նրանց տեսնել, թե որ հարցերում հավատի պակաս ունեն (կարդա Մատթեոս 8։23–26)։ Փոթորիկն այնքան կատաղի էր, որ ծովի ալիքները ծածկում էին նավը։ Այդ ժամանակ Հիսուսը հանգիստ քնած էր։ Երբ սարսափած աշակերտները արթնացրին նրան և խնդրեցին, որ փրկի իրենց, Հիսուսը հանդարտորեն ասաց. «Ինչո՞ւ եք վախեցած, թերահավատնե՛ր»։ Աշակերտները պետք է հասկանային, որ Եհովան կարող է լիովին պաշտպանել Հիսուսին և նրա հետ լինողներին։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Ամուր հավատը կարող է օգնել մեզ դիմանալ ցանկացած «մեծ ալեկոծության»՝ լինի դա բառացի, թե փոխաբերական։
8–9. Ինչպե՞ս փորձվեց Էնելի հավատը, և ի՞նչն օգնեց նրան։
8 Քննենք Էնելի օրինակը, ով ամուրի քույր է և ապրում է Պուերտո Ռիկոյում։ Նա հաղթահարեց մի ծանր փորձություն, ինչի շնորհիվ նրա հավատն ամրացավ։ Էնելի կյանքում բառացի «մեծ ալեկոծություն» եղավ. 2017 թ.-ին «Մարիա» փոթորիկը ավերեց նրա տունը։ Փոթորկի պատճառով նա նաև կորցրեց իր աշխատանքը։ Էնելը պատմում է. «Այդ ծանր օրերին ես շատ էի մտահոգվում, բայց սովորեցի ապավինել Եհովային՝ աղոթելով նրան, և թույլ չտվեցի, որ անհանգստության զգացումը անգործունյա դարձնի ինձ»։
9 Էնելը պատմում է, թե ուրիշ ինչն օգնեց իրեն հաղթահարել այդ փորձությունը։ Դա հնազանդությունն էր։ Նա ասում է. «Կազմակերպության առաջնորդությանը հետևելը օգնեց ինձ հանդարտ մնալ։ Եհովան օգնում էր ինձ հավատակիցներիս միջոցով. նրանք թե՛ հոգևորապես, թե՛ նյութապես աջակցում էին ինձ»։ Էնելը նաև ավելացնում է. «Եհովան շատ ավելին արեց ինձ համար, քան ես կարող էի խնդրել նրանից։ Արդյունքում հավատս անչափ զորացավ»։
10. Ի՞նչ կարող ես անել, եթե բախվում ես «մեծ ալեկոծության»։
10 Դո՞ւ էլ ես բախվում «մեծ ալեկոծության»։ Հնարավոր է՝ տուժել ես բնական աղետի պատճառով։ Կամ էլ բախվել ես փոխաբերական ալեկոծության, օրինակ՝ լուրջ առողջական խնդիր ունես, որի պատճառով թևաթափ ես եղել և չգիտես՝ ինչ անել։ Նման իրավիճակներում մտահոգվելը նորմալ է, բայց թույլ մի՛ տուր, որ դա խանգարի քեզ վստահել Եհովային։ Մտերմացիր նրա հետ՝ ջերմեռանդորեն աղոթելով նրան։ Ամրացրու հավատդ՝ վերհիշելով այն իրավիճակները, երբ Եհովան օգնել է քեզ (Սաղ. 77։11, 12)։ Վստահ եղիր, որ նա երբեք քեզ չի լքի՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։
11. Ինչո՞ւ պետք է վճռենք հնազանդվել առաջնորդություն վերցնողներին։
11 Ուրիշ ի՞նչը կօգնի քեզ հաղթահարել փորձություններդ։ Ինչպես նշեց Էնելը, հնազանդությունը։ Սովորիր վստահել նրանց, ում վստահում են Եհովան և Հիսուսը։ Երբեմն առաջնորդություն վերցնող եղբայրները գուցե այնպիսի առաջնորդություն տան, որը խելամիտ չթվա մեզ։ Սակայն Եհովան օրհնում է հնազանդությունը։ Աստծու Խոսքից և նրա հավատարիմ ծառաների օրինակներից տեսնում ենք, որ հնազանդությունը կյանքեր է փրկում (Ելք 14։1–4; 2 Տար. 20։17)։ Խորհիր այդ օրինակների շուրջ։ Այդպիսով կամրացնես վճռականությունդ՝ հետևելու կազմակերպությունից եկող առաջնորդությանը թե՛ հիմա, թե՛ ապագայում (Եբր. 13։17)։ Դրա շնորհիվ չես վախենա այն «մեծ ալեկոծությունից», որ սպասվում է ապագայում (Առակ. 3։25)։
ՀԱՎԱՏ՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
12. Ղուկաս 18։1–8 համարների համաձայն՝ ի՞նչ կապ կա հավատի և անարդարությանը դիմանալու միջև։
12 Հիսուսը գիտեր, որ անարդարությունը փորձության է ենթարկելու իր աշակերտների հավատը։ Նրանց օգնելու համար նա մի պատմություն պատմեց, որն արձանագրված է «Ղուկաս» գրքում։ Մի այրի կին շարունակ աղաչում էր անարդար դատավորին, որ իր հանդեպ արդարություն դրսևորի։ Նա վստահ էր, որ իր հաստատակամությունը կվարձատրվի։ Ի վերջո դատավորը լսեց նրան։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Ի տարբերություն այդ դատավորի՝ Եհովան անարդար չէ, ուստի Հիսուսն ասաց. «Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան» (կարդա Ղուկաս 18։1–8)։ Այնուհետև Հիսուսն ավելացրեց. «Երբ մարդու Որդին գա, արդյոք այսպիսի հավատ կգտնի՞ երկրի վրա»։ Մենք կփաստենք, որ այդ այրի կնոջ նման՝ ամուր հավատ ունենք, եթե անարդարության բախվելիս համբերատարություն և հաստատակամություն դրսևորենք։ Եթե այդպիսի հավատ ունենանք, կարող ենք համոզված լինել, որ վաղ թե ուշ Եհովան կգործի հօգուտ մեզ։ Մենք նաև պետք է հավատանք աղոթքի զորությանը։ Երբեմն Եհովան գուցե այնպես պատասխանի մեր աղոթքներին, որ հաճելիորեն զարմանանք։
13. Ինչպե՞ս աղոթքն օգնեց մի ընտանիքի։
13 Քննենք մի դեպք, որը տեղի է ունեցել Վեյրո անունով մի քրոջ հետ, ով ապրում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Երբ քաղաքացիական խռովություններ սկսվեցին, Վեյրոն, նրա ոչ Վկա ամուսինը և նրանց 15-ամյա դուստրը ստիպված էին փախչել իրենց բնակավայրից։ Ճանապարհին նրանց կանգնեցրեց զինվորների մի խումբ և սպառնաց, որ կսպանի նրանց։ Երբ Վեյրոն սկսեց լաց լինել, նրա դուստրը փորձեց հանգստացնել նրան՝ բարձրաձայն աղոթելով։ Աղոթելիս նա անընդհատ օգտագործում էր Եհովայի անունը։ Երբ աղջիկը վերջացրեց աղոթքը, զինվորականների հրամանատարը հարցրեց նրան. «Քեզ ո՞վ է սովորեցրել աղոթել»։ Նա պատասխանեց. «Մայրս է սովորեցրել՝ օգտվելով Մատթեոս 6։9–13 համարներում գրված աղոթքի օրինակից»։ Հրամանատարն էլ ասաց. «Գնա՛ ծնողներիդ հետ խաղաղությամբ, և թող ձեր Աստված Եհովան պաշտպանի ձեզ»։
14. Ինչպե՞ս գուցե փորձվի մեր հավատը, և ի՞նչը կօգնի մեզ դիմանալ։
14 Այսպիսի օրինակները սովորեցնում են մեզ երբեք չթերագնահատել աղոթքի ուժը։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե անմիջապես կամ տպավորիչ կերպով չես ստանում քո աղոթքի պատասխանը։ Այդ դեպքում Հիսուսի պատմության մեջ նշված այրի կնոջ նման շարունակիր աղոթել՝ համոզված լինելով, որ Եհովան երբեք չի թողնի քեզ և ժամանակին կպատասխանի քո աղոթքին։ Շարունակ Աստծուց խնդրիր նրա սուրբ ոգին (Փիլիպ. 4։13)։ Հիշիր, որ Եհովան շուտով այնպես է օրհնելու քեզ, որ այլևս չես հիշելու անցյալում կրած դժվարություններդ։ Եթե Եհովայի օգնությամբ հավատարմորեն դիմանաս փորձություններին, դու կզորանաս և կհաղթահարես ապագա փորձությունները (1 Պետ. 1։6, 7)։
ՀԱՎԱՏ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
15. Մատթեոս 17։19, 20 համարների համաձայն՝ ի՞նչ դժվարության բախվեցին Հիսուսի աշակերտները։
15 Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց, որ հավատը կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները (կարդա Մատթեոս 17։19, 20)։ Մի անգամ նրանք չկարողացան դև հանել, չնայած որ նախկինում դա նրանց հաջողվել էր։ Ո՞րն էր խնդիրը։ Հիսուսն ասաց, որ պատճառը նրանց թերահավատությունն էր, և բացատրեց, որ եթե բավականաչափ հավատ ունենան, կկարողանան սարանման դժվարություններ հաղթահարել։ Այսօր մենք նույնպես գուցե սարանման դժվարությունների բախվենք։
16. Հավատն ինչպե՞ս օգնեց Գեյդիին հաղթահարել իր մեծ վիշտը։
16 Նկատի առնենք Գեյդի անունով մի քրոջ օրինակը, ով ապրում է Գվատեմալայում։ Մի օր ժողովից վերադառնալիս նրա ամուսնուն՝ Էդիին, սպանեցին։ Ինչպե՞ս է հավատն օգնում Գեյդիին դիմանալ այդ մեծ վշտին։ Նա ասում է. «Աղոթքի միջոցով ես իմ բեռը գցում եմ Եհովայի վրա, և դա ինձ ներքին խաղաղություն է տալիս։ Զգում եմ, թե ինչպես է Եհովան հոգ տանում իմ մասին ընտանիքիս և ժողովի ընկերներիս միջոցով։ Հոգևոր գործերով զբաղված լինելը մեղմում է ցավս և օգնում է, որ ապրեմ այսօրվա օրով ու չափից շատ չանհանգստանամ վաղվա օրվա մասին։ Անցնելով այս ամենի միջով՝ հասկացա, որ անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կլինեն ապագայում՝ Եհովայի, Հիսուսի և կազմակերպության օգնությամբ կկարողանամ հաղթահարել դրանք»։
17. Ի՞նչ կարող ենք անել, երբ բախվում ենք սարանման դժվարության։
17 Դո՞ւ էլ ես սգում հարազատիդ մահը։ Եթե այո, ապա ժամանակ տրամադրիր, որպեսզի ամրացնես հավատդ հարության հույսի հանդեպ՝ Աստվածաշնչից կարդալով հարության դեպքերի մասին։ Գուցե վշտացած ես, քանի որ ընտանիքիդ անդամը զրկվել է ընկերակցությունից։ Այս թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ արա, որպեսզի համոզվես, որ Աստծու խրատելու ձևը միշտ լավագույնն է։ Անկախ նրանից, թե ինչ դժվարության ես բախվում՝ այն առիթ համարիր հավատդ ամրացնելու համար։ Սիրտդ դատարկիր Եհովայի առաջ, մի՛ մեկուսացիր քո եղբայրներից ու քույրերից (Առակ. 18։1)։ Զբաղված եղիր այնպիսի գործերով, որոնք կօգնեն քեզ դիմանալ, նույնիսկ եթե դա պետք է անես արցունքն աչքերիդ (Սաղ. 126։5, 6)։ Շարունակիր հաճախել ժողովի հանդիպումներին, մասնակցել ծառայությանը և կարդալ Աստվածաշունչը։ Կենտրոնացած մնա ապագա այն օրհնությունների վրա, որ Եհովան տալու է քեզ։ Տեսնելով, թե Եհովան ինչպես է օգնում քեզ՝ նրա հանդեպ հավատդ ավելի կամրանա։
«ԱՎԵԼԱՑՐՈՒ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ»
18. Ի՞նչ կարող ես անել, եթե նկատում ես, որ հավատդ թուլացել է։
18 Եթե անցյալում կրած փորձություններդ կամ ներկայիս դժվարություններդ բացահայտում են, որ հավատդ բավականաչափ ամուր չէ, մի՛ վհատվիր։ Դա առիթ համարիր այն ամրացնելու համար։ Հիսուսի աշակերտների նման՝ խնդրիր. «Ավելացրու մեր հավատը» (Ղուկ. 17։5)։ Նաև մտածիր այն օրինակների շուրջ, որոնց մասին խոսեցինք այս հոդվածում։ Միգելի և Յուրեյի նման մտքումդ վառ պահիր այն բոլոր դեպքերը, երբ Եհովան օգնել է քեզ։ Վեյրոյի աղջկա և Էնելի պես ջերմեռանդորեն աղոթիր Եհովային, հատկապես այն ժամանակ, երբ անելանելի դրության մեջ ես։ Գեյդիի նման՝ ընդունիր, որ Եհովան կարող է աջակցել քեզ ընտանիքիդ անդամների և ընկերներիդ միջոցով։ Եթե թույլ տաս, որ Եհովան օգնի քեզ հաղթահարել ներկայիս դժվարություններդ, ավելի մեծ վստահությամբ կլցվես, որ նա քեզ հետ կլինի նաև ապագայում սպասվող դժվարությունների ժամանակ։
19. Ո՞ր հարցում էր համոզված Հիսուսը, և ինչո՞ւմ կարող ես համոզված լինել դու։
19 Հիսուսը ցույց տվեց, թե որ հարցերում իր աշակերտները հավատի պակաս ունեին։ Բայց նա համոզված էր, որ Եհովայի օգնությամբ նրանք հաջողությամբ կհաղթահարեն ապագա փորձությունները (Հովհ. 14։1; 16։33)։ Նա նաև համոզված էր, որ ամուր հավատի շնորհիվ մեծ բազմությունը կվերապրի գալիք մեծ նեղությունից (Հայտն. 7։9, 14)։ Իսկ դու կլինե՞ս նրանց մեջ։ Եհովայի անզուգական բարության շնորհիվ կլինես, եթե, իհարկե, այսօր ամեն առիթ օգտագործես ամուր հավատ կերտելու համար (Եբր. 10։39)։
ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»
a Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք այս չար աշխարհի վերջին։ Բայց երբեմն գուցե մտածենք, թե արդյոք մեր հավատը այնքան ամուր կլինի, որ կարողանանք մինչև վերջ դիմանալ։ Հոդվածում կքննենք տարբեր մարդկանց օրինակներ և գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ ամրացնել մեր հավատը։