Ընթերցողների հարցերը
Քրիստոնյաները ինչո՞ւ պետք է զգուշություն դրսևորեն, երբ օգտվում են էլեկտրոնային հաղորդագրությունների համար նախատեսված հավելվածներից
Բազմաթիվ քրիստոնյաներ ընտանիքի անդամների և հավատակիցների հետ կապ պահելու համար օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից։ Սակայն հասուն քրիստոնյաները դա անելիս ի մտի են ունենում հետևյալ խորհուրդը. «Խորագետը, տեսնելով փորձանքը, թաքնվում է, իսկ անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակ. 27։12)։
Հասկանալով, որ Եհովան ուզում է պաշտպանել մեզ՝ մենք չենք ընկերակցում այնպիսի մարդկանց հետ, ովքեր բաժանումներ են առաջ բերում, ընկերակցությունից զրկված են կամ աղավաղում են աստվածաշնչյան ճշմարտությունը (Հռոմ. 16։17; 1 Կորնթ. 5։11; 2 Հովհ. 10, 11)։ Մեր հավատակիցներից և ժողովի հանդիպումներին հաճախող մարդկանցից ոչ բոլորն են արժանավայել ձևով պահում իրենց (2 Տիմոթ. 2։20, 21)։ Ընկերներ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել այդ փաստը։ Բայց հաղորդագրությունների համար նախատեսված հավելվածներից օգտվելիս նման զգուշավորություն դրսևորելը կարող է դժվար լինել։
Ընկերակցության հարցում ընտրողական լինելը հատկապես կարևոր է, երբ խոսքը հավելվածներում կազմված մեծ խմբերի մասին է։ Որոշ քրիստոնյաներ միացել են այդպիսի մեծ խմբերի և բացասական ազդեցության են ենթարկվել, քանի որ շատ դժվար է զգուշություն դրսևորել, եթե խմբում հարյուրավոր, անգամ հազարավոր մարդիկ են ներգրավված։ Նման դեպքերում անհնար է մեկ առ մեկ պարզել, թե ովքեր են այդ բոլոր մարդիկ, և իմանալ, թե հոգևոր ինչ վիճակում են։ Սաղմոս 26։4-ում ասվում է. «Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ»։ Այս խոսքերից երևում է, որ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով տեղին կլինի շփվել միայն այն մարդկանց հետ, ում անձամբ ենք ճանաչում։
Անգամ եթե խոսքը փոքր խմբերի մասին է, քրիստոնյան, միևնույնն է, պետք է հաշվի առնի, թե որքան ժամանակ է ծախսում հաղորդագրությունների վրա, և թե ինչ թեմաներ են շոշափվում այդ խմբերում։ Մենք չպետք է մեզ պարտավորված զգանք արձագանքելու ցանկացած հաղորդագրության։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց զգույշ լինել այնպիսի մարդկանցից, որոնք «բամբասողներ և ուրիշների գործերին խառնվողներ» են (1 Տիմոթ. 5։13)։ Այսօր նման զրույցների մեջ հնարավոր է ներքաշվել նաև էլեկտրոնային հավելվածների միջոցով։
Հասուն քրիստոնյան իր հավատակիցների մասին քննադատական մեկնաբանություններ չի անի ու չի լսի, ինչպես նաև չի հայտնի գաղտնի տեղեկություններ (Սաղ. 15։3; Առակ. 20։19)։ Բացի այդ՝ նա չի լսի կամ կրկնի ցնցող պատմություններ ու այնպիսի տեղեկություններ, որոնք ճշտված չեն (Եփես. 4։25)։ Մենք jw.org կայքի և «JW հեռարձակման» ամսական ծրագրերի միջոցով ենք հոգևոր առատ ու առողջարար սնունդ ստանում և տեղեկանում նորություններին։
Որոշ Վկաներ էլեկտրոնային հաղորդագրությունների համար նախատեսված հավելվածների միջոցով ապրանքներ են վաճառում, գնում, գովազդում կամ էլ մարդկանց աշխատանք են առաջարկում։ Այդ ամենը առևտրային բնույթ է կրում և որևէ կապ չունի մեր աստվածապետական գործունեության հետ։ Քրիստոնյաները, որոնց «կյանքում փողասիրությունը տեղ չունի», երբեք չեն փորձի օգտագործել մեր եղբայրությունը որպես գումար վաստակելու միջոց (Եբր. 13։5)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ նման հավելվածների միջոցով մեր հավատակիցները փորձում են գումար հավաքել կարիքի մեջ հայտնված կամ աղետից տուժած եղբայրներին ու քույրերին օգնելու համար։ Մենք սիրում ենք մեր հավատակիցներին և հետաքրքրված ենք նրանց բարօրությամբ, ուստի հաճախ ենք օգնում և քաջալերում նրանց, ովքեր հայտնվել են կարիքի մեջ (Հակ. 2։15, 16)։ Բայց եթե փորձենք դա անել՝ էլեկտրոնային հավելվածների մեջ մեծ խմբեր ստեղծելով, հնարավոր է՝ խանգարենք տեղի մասնաճյուղի կամ ժողովի երեցների կողմից ձեռնարկված միջոցառումներին (1 Տիմոթ. 5։3, 4, 9, 10, 16)։ Մեզնից ոչ ոք, անշուշտ, չի ցանկանա այնպիսի տպավորություն ստեղծել, թե Աստծու գառների մասին հոգ տանելու յուրահատուկ նշանակում է ստացել ի վերուստ։
Մենք ուզում ենք անել այն, ինչ փառք կբերի Աստծուն (1 Կորնթ. 10։31)։ Ուստի երբ օգտվում ենք հաղորդագրությունների համար նախատեսված հավելվածներից կամ ժամանակակից տեխնոլոգիաների այլ միջոցներից, պետք է հաշվի առնենք հնարավոր վտանգները և զգուշություն դրսևորենք։