Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ է Եհովայի վկաների հրատարակություններում Պողոս առաքյալը պատկերվում որպես ճաղատ կամ քիչ մազեր ունեցող տղամարդ։
Այսօր ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, թե ինչ տեսք ուներ Պողոս առաքյալը։ Մեր հրատարակություններում հանդիպող նրա պատկերները նկարչի երևակայության արդյունք են և հիմնված չեն ապացուցված հնագիտական փաստերի վրա։
Այնուամենայնիվ, կան որոշ տեղեկություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, թե ինչ տեսք ուներ Պողոսը։ Օրինակ՝ դեռևս 1902 թ.-ին «Սիոնի Դիտարանի» մարտի 1-ի համարում ասվում էր. «Ինչ վերաբերում է Պողոսի արտաքին տեսքին.... «Գործք Պողոսի և Թեկղի» գրքում.... որը գրվել է մոտ մ. թ. 150 թ.-ին, տրվում է Պողոսի նկարագրությունը, որը հավանաբար լավագույնն է. այն ճշմարիտ ավանդություն է։ Նշված գրքում նա նկարագրվում է որպես «փոքրամարմին, ճաղատ, ամրակազմ տղամարդ՝ ծուռ ոտքերով, իրար կպած հոնքերով ու փոքր-ինչ երկար քթով»»։
Մի բառարանում այդ հին աշխատության մասին ասվում է. «Բացառված չէ, որ «Գործքը» պարունակում է պատմական ճշմարտության տարրեր» (The Oxford Dictionary of the Christian Church, 1997)։ «Գործք Պողոսի և Թեկղի» գիրքը մեծ հեղինակություն էր վայելում մեր թվարկության վաղ դարերում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գոյություն ունի տվյալ գրքի 80 հունարեն ձեռագիր, ինչպես նաև թարգմանություններ այլ լեզուներով։ Ուստի մեր հրատարակություններում հանդիպող նկարները համապատասխանում են առաքյալի արտաքին տեսքը նկարագրող որոշ տվյալների։
Սակայն պետք է հիշել, որ Պողոսի արտաքին տեսքից ավելի կարևոր բաներ կան։ Նույնիսկ այն ժամանակ, երբ առաքյալը կատարում էր իր ծառայությունը, մարմնավոր մտածելակերպ ունեցող որոշ քննադատներ ասում էին, որ «երբ նա անձամբ ներկա է, տպավորություն չի գործում, և նրա խոսքն էլ լսելու բան չէ» (2 Կորնթ. 10։10)։ Բայց չպետք է մոռանանք, որ Պողոսը քրիստոնյա դարձավ, երբ Հիսուսը հրաշքով հայտնվեց նրան։ Կարող ենք նաև հիշել, թե Պողոսն ինչ արեց որպես «ընտրյալ անոթ [Քրիստոսի] համար, որ [Հիսուսի] անունը տանի մյուս ազգերին» (Գործ. 9։3–5, 15; 22։6–8)։ Բացի այդ, կարող ենք մտածել այն մասին, թե ինչ մեծ օգուտ ենք քաղում Աստվածաշնչի այն գրքերից, որ Եհովայի ներշնչմամբ գրել է առաքյալը։
Պողոսը չէր պարծենում այն ձեռքբերումներով, որ ունեցել էր նախքան քրիստոնյա դառնալը, ու երբեք չէր խոսում իր արտաքին տեսքի մասին (Գործ. 26։4, 5; Փիլիպ. 3։4–6)։ Նա ասաց. «Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ և արժանի չեմ առաքյալ կոչվելու» (1 Կորնթ. 15։9)։ Ավելի ուշ Պողոսը գրեց. «Ինձ, որ բոլոր սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքր եմ, այս անզուգական բարությունը տրվեց, որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ Քրիստոսի անհատակ հարստության մասին բարի լուրը» (Եփես. 3։8)։ Այդ լուրը, անշուշտ, ավելի կարևոր է, քան Պողոսի արտաքին տեսքը։