Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուշադրություն կդարձնե՞ս գրված բաներին

Ուշադրություն կդարձնե՞ս գրված բաներին

«Այս բաները.... գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (1 ԿՈՐՆԹ. 10։11

ԵՐԳ 11, 61

1, 2. Ինչո՞ւ արժե քննել Հուդայի չորս թագավորների օրինակները։

ԵԹԵ տեսնես, որ ճանապարհին ինչ-որ մեկը սայթաքեց ու ընկավ, այդ նույն տեղով անցնելիս զգույշ չե՞ս լինի։ Նույնը կարելի է ասել կյանքի ճանապարհի մասին։ Ուրիշների թերացումների շուրջ խորհելով՝ կարող ենք խուսափել նրանց գործած սխալներից։ Օրինակ՝ կարող ենք արժեքավոր դասեր քաղել Աստվածաշնչում հիշատակված մարդկանց կյանքից։

2 Հուդայի չորս թագավորները, որոնց մասին խոսեցինք նախորդ հոդվածում, Եհովային լիակատար սրտով ծառայեցին։ Այդուհանդերձ, նրանք լուրջ սխալներ գործեցին։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանց կյանքից և ի՞նչ պետք է անենք, որ չկրկնենք նրանց սխալները։ Եկեք քննենք այս օրինակները և օգուտ քաղենք այն ամենից, ինչ նախապես գրվել է մեր ուսուցման համար (կարդա Հռոմեացիներ 15։4

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՎԻՆԵԼԸ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

3–5. ա) Թեև Ասայի սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ էր, նա ի՞նչ սխալ գործեց։ բ) Ի՞նչը գուցե մղեց Ասային ապավինելու մարդկանց, երբ Բաասան դուրս եկավ Հուդայի դեմ։

3 Նախ քննենք Ասայի օրինակը և տեսնենք, թե Աստծու Խոսքը ինչպես կարող է ազդել մեր կյանքի վրա։ Երբ եթովպացիների միլիոնանոց զորքը ներխուժեց Հուդա, Ասան Եհովային ապավինեց։ Սակայն նա նույնը չարեց, երբ Իսրայելի թագավոր Բաասան սկսեց ամրացնել Ռամա քաղաքը, որը սահմանակից էր Ասայի իշխանության տակ գտնվող տարածքին (2 Տար. 16։1–3)։ Այս անգամ Ասան վստահեց իր իմաստությանը։ Նա կաշառեց Ասորիքի թագավոր Բենադադին, որպեսզի վերջինս դուրս գա Բաասայի դեմ։ Ասայի մարտավարությունը հաջողությամբ պսակվե՞ց։ Աստվածաշունչն ասում է. «Երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեցրեց Ռաման ամրացնելը և աշխատանքները կանգնեցրեց» (2 Տար. 16։5)։ Առաջին հայացքից Ասայի արած քայլը կարող էր արդյունավետ թվալ։

4 Ինչպե՞ս Եհովան արձագանքեց Ասայի արարքին։ Նա ուղարկեց իր ներկայացուցիչ Հանանիին։ Վերջինս Ասային հանդիմանեց Եհովային չապավինելու համար (կարդա 2 Տարեգրություն 16։7–9)։ Հանանին ասաց. «Սրանից հետո քո դեմ պատերազմներ են մղվելու»։ Ճիշտ է, այդ անգամ Բաասան հետ քաշվեց, սակայն Ասայի թագավորության հետագա տարիներին Հուդան ստիպված եղավ պատերազմներ մղելու։

5 Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Եհովան քննեց Ասայի սիրտը և տեսավ, որ այն ամբողջությամբ իր հետ է (1 Թագ. 15։14)։ Աստված համարեց, որ ընդհանուր առմամբ այդ թագավորը լիակատար նվիրվածությամբ է ծառայում իրեն և համապատասխանում է իր պահանջներին։ Սակայն Ասան կրելու էր իր սխալ որոշման հետևանքները։ Ի՞նչը նրան մղեց ապավինելու մարդկանց՝ Բենադադին և իրեն, ոչ թե Եհովային։ Գուցե մտածեց, որ դիվանագիտությունը կամ ռազմական հնարքները ավելի՞ լավ արդյունք կտան, քան Աստծուն ապավինելը։ Արդյո՞ք նա այդպես մտածեց այն պատճառով, որ վատ խորհրդի հետևեց։

6. Ի՞նչ ենք սովորում Ասայի սխալից։ Բեր օրինակ։

6 Ի՞նչ ենք սովորում Ասայի սխալից։ Երբ այնպիսի խնդրի առաջ ենք կանգնում, որը մեր ուժերից վեր է թվում, հավանաբար անմիջապես մղվում ենք ապավինելու Եհովային։ Բայց ի՞նչ ենք անում առօրյա փոքր խնդիրների բախվելիս։ Մարդկային մտածելակերպո՞վ ենք առաջնորդվում՝ ջանալով դրանք լուծել մեր նախընտրած ձևով, թե՞ ձգտում ենք աստվածաշնչյան սկզբունքներ գտնել և կիրառել։ Երկրորդ դեպքում մենք ցույց կտանք մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովայի տեսակետը ճիշտ է։ Օրինակ՝ հնարավոր է՝ երբեմն ընտանիքիդ անդամները հակառակվեն քեզ այն պատճառով, որ հաճախում ես ժողովի հանդիպումներին կամ համաժողովներին։ Նման դեպքերում դու խնդրում ես, որ Եհովան առաջնորդություն տա քեզ և օգնի գտնել այդ իրավիճակից դուրս գալու լավագույն ձևը։ Եվս մեկ օրինակ. դու կորցնում ես աշխատանքդ և դժվարանում ես նորը գտնել։ Եվ ահա քեզ կանչում են հարցազրույցի։ Նոր գործատիրոջդ կտեղեկացնե՞ս, որ ամեն շաբաթ մասնակցում ես ժողովի հանդիպումներին։ Ինչ խնդիր էլ ծագի, եկեք ականջ դնենք սաղմոսերգուի խոսքերին. «Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը, վստահի՛ր նրան, և նա կկատարի» (Սաղ. 37։5

ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

7, 8. Ի՞նչ սխալներ գործեց Հովսափատը, և որո՞նք էին դրանց հետևանքները (տես հոդվածի սկզբի նկարը)։

7 Ի՞նչ կարող ենք ասել Ասայի որդի Հովսափատի մասին։ Նա բազում լավ հատկություններ ուներ։ Ապավինելով Աստծուն՝ Հովսափատը շատ անգամներ ճիշտ վարվեց։ Սակայն իր կյանքում նա սխալ որոշումներ էլ կայացրեց։ Օրինակ՝ խնամություն արեց հյուսիսային թագավորության ամբարիշտ թագավոր Աքաաբի հետ։ Բացի այդ, Հովսափատը, Աքաաբին միանալով, գնաց կռվելու ասորիների դեմ, չնայած որ Միքիա մարգարեն նախազգուշացրել էր դրա հետևանքների մասին։ Մարտի ժամանակ Հովսափատը քիչ էր մնում՝ սպանվեր։ Կռվից հետո նա վերադարձավ Երուսաղեմ (2 Տար. 18։1–32)։ Այդ ժամանակ Հեու մարգարեն հարցրեց նրան. «Մի՞թե պետք էր, որ ամբարշտին օգնեիր ու Եհովային ատողներին սիրեիր» (կարդա 2 Տարեգրություն 19։1–3

8 Հովսափատը դաս քաղե՞ց այս դեպքից։ Թեև նա շարունակեց նախանձախնդրաբար երկրպագել Աստծուն՝ ձգտելով հաճեցնել նրան, սակայն, ըստ երևույթին, դաս չքաղեց Հեուի սթափեցնող խոսքերից և այն բանից, թե ինչ եղավ Աքաաբի հետ համագործակցելու հետևանքով։ Հովսափատը մեկ ուրիշ սխալ դաշինք էլ կնքեց, այս անգամ՝ Աքաաբի որդու՝ ամբարիշտ թագավոր Օքոզիայի հետ, որը նույնպես Աստծու թշնամին էր։ Հովսափատն ու Օքոզիան միասին նավեր շինեցին, սակայն չհասան իրենց նպատակին, քանի որ դրանք խորտակվեցին (2 Տար. 20։35–37

9. Եթե սխալ ընկերներ ընտրենք, ինչպիսի՞ն կարող է լինել հետևանքը։

9 Հովսափատի օրինակը պետք է մղի մեզ քննելու մեր կյանքը։ Ընդհանուր առմամբ Հովսափատը լավ թագավոր էր։ Նա անում էր այն, ինչը ճիշտ էր, և «ամբողջ սրտով Եհովային էր փնտրում» (2 Տար. 22։9)։ Սակայն ապահովագրված չէր վատ ընկերակցությունների ազդեցությունից։ Հիշենք հետևյալ առակը. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակ. 13։20)։ Օրինակ՝ մենք ջանում ենք մարդկանց օգնել, որ ընդունեն ճշմարտությունը։ Սակայն պետք է հիշենք, որ Աքաաբի հետ անտեղի շփվելու հետևանքով Հովսափատը քիչ մնաց՝ իր կյանքով վճարեր։ Ուստի եթե անտեղի շփվենք նրանց հետ, ովքեր չեն ծառայում Եհովային, կարող ենք բազում վտանգների բախվել։

10. ա) Հովսափատի օրինակից ի՞նչ դաս կարող ենք քաղել ամուսնության վերաբերյալ։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, երբ որոշում ենք, թե ում հետ ընկերակցենք։

10 Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հովսափատի օրինակից։ Հնարավոր է՝ քրիստոնյան սկսի ռոմանտիկ զգացմունքներ տածել մեկի հանդեպ, ով չի սիրում Եհովային՝ մտածելով, թե իր հավատակիցների մեջ չի կարող համապատասխան կողակից գտնել։ Կամ գուցե նրա վրա ճնշում բանեցնեն Եհովային չերկրպագող ազգականները՝ հորդորելով ամուսնանալ, «քանի դեռ շատ ուշ չէ»։ Բացի այդ, ոմանք թերևս ունենան այն նույն զգացումը, որն ուներ մի քույր, ով հետևյալ կերպ արտահայտվեց. «Բոլորս էլ այնպես ենք ստեղծված, որ սիրո և մտերմության կարիք ունենք»։ Քրիստոնյան ի՞նչ պետք է անի նման պարագայում։ Հովսափատի օրինակի շուրջ խորհրդածելը կարող է օգնել նրան։ Այդ թագավորը սովորաբար Աստծու առաջնորդությունն էր փնտրում (2 Տար. 18։4–6)։ Սակայն ի՞նչ պատահեց, երբ նա սկսեց Աքաաբի հետ ընկերակցել, որը չէր սիրում Եհովային։ Հովսափատը պետք է հիշեր, որ Եհովայի աչքերը ուղղված են այն մարդկանց, ում սիրտը ամբողջությամբ նրա հետ է։ Այսօր էլ Աստծու աչքերը «դիտում են ողջ երկիրը», և նա պատրաստ է «իր զորությունը ցույց տալ» հօգուտ մեզ (2 Տար. 16։9)։ Եհովան հասկանում է, թե ինչի միջով ենք անցնում, և սիրում է մեզ։ Եթե դու էլ ես համապատասխան կողակից փնտրում, հավատո՞ւմ ես, որ Աստված գիտի այդ մասին և ցանկանում է օգնել քեզ։ Վստահ եղիր, որ երբ գա ժամանակը, նա կկատարի քո ցանկությունը։

Զգույշ եղիր, որ անհավատի հետ անհավասար լծակից չլինես (տես պարբերություն 10)

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ՝ ՍԻՐՏԴ ՀՊԱՐՏԱՆԱ

11, 12. ա) Ինչպե՞ս Եզեկիան ցույց տվեց, թե ինչ կա իր սրտում։ բ) Ինչո՞ւ Աստված ներեց Եզեկիային։

11 Ի՞նչ կարող ենք սովորել Եզեկիայի օրինակից։ Մի անգամ սրտեր Քննողը բացահայտեց, թե ինչ կա նրա սրտում (կարդա 2 Տարեգրություն 32։31)։ Ինչպե՞ս։ Երբ Եզեկիան ծանր հիվանդացավ, Աստված հայտնեց, որ նա կապաքինվի, և իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ այնպես արեց, որ ստվերը հետ շարժվի։ Բաբելոնի իշխանները իրենց ներկայացուցիչներին ուղարկեցին նրա մոտ, ըստ երևույթին, այդ նշանի մասին տեղեկանալու համար (2 Թագ. 20։8–13; 2 Տար. 32։24)։ Այդ ժամանակ Եհովան Եզեկիային մենակ «թողեց»՝ չհայտնեց, թե ինչպես վարվի բաբելոնացիների հետ։ Արդյունքում երևան եկավ այն, ինչ կար նրա սրտում։ Թագավորը բաբելոնացիներին ցույց տվեց «իր ողջ գանձատունը»։ Այս անմիտ արարքը բացահայտեց «այն ամենը, ինչ որ կար [Եզեկիայի] սրտում»։

12 Աստվածաշունչը չի ասում, թե ինչու Եզեկիայի սիրտը հպարտացավ։ Գուցե պատճառը ասորեստանցիների դեմ տարած հաղթանակն էր կամ այն, որ Աստված հրաշքով բուժել էր նրան։ Գուցե նա հպարտացավ այն պատճառով, որ «շատ հարստացավ և մեծ փառք ձեռք բերեց»։ Ինչևէ, քանի որ Եզեկիայի սիրտը հպարտացավ, նա «չհատուցեց իր հանդեպ ցույց տրված բարության համեմատ»։ Ցավալի է, որ թեև Եզեկիան Աստծուն ծառայել էր լիակատար սրտով, նրա կյանքում մի շրջան եղավ, երբ նա չհաճեցրեց Եհովային։ Սակայն ավելի ուշ «Եզեկիան խոնարհեցրեց իր հպարտ սիրտը»։ Արդյունքում՝ Եհովայի բարկությունը չթափվեց նրա և ժողովրդի վրա (2 Տար. 32։25–27; Սաղ. 138։6

13, 14. ա) Ո՞ր դեպքում Եհովան կարող է մեզ մենակ «թողնել.... որպեսզի ստուգի»։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, երբ մեզ գովում են մեր ձեռքբերումների համար։

13 Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել այս պատմությունից։ Եզեկիայի հպարտությունը բացահայտվեց այն բանից հետո, երբ Եհովան Սենեքերիմին պարտության մատնեց և Եզեկիային բուժեց մահացու հիվանդությունից։ Երբ մենք էլ ենք ինչ-որ նշանակալից բան անում, հնարավոր է՝ Եհովան մեզ մենակ «թողնի.... որպեսզի ստուգի»՝ թույլ տալով, որ մեր սրտում եղածը երևան գա։ Ենթադրենք՝ մի եղբայր լավ պատրաստվում ու ելույթ է ներկայացնում մեծ լսարանի առաջ, և բոլորը նրան գովում են։ Ինչպե՞ս նա կարձագանքի։

14 Միշտ հիշենք Հիսուսի խոսքերը. «Երբ ձեզ հանձնարարված բոլոր բաներն անեք, ասացեք. «Մենք անպիտան ծառաներ ենք։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»» (Ղուկ. 17։10)։ Բոլորս կարող ենք դաս քաղել Եզեկիայի օրինակից։ Հպարտության պատճառով նա «չհատուցեց իր հանդեպ ցույց տրված բարության համեմատ»։ Եթե մտածենք այն ամենի մասին, ինչ Աստված արել է մեզ համար, կխուսափենք այնպիսի մտայնությունից, որը նա ատում է։ Ուստի եկեք միշտ գնահատանքով խոսենք Եհովայի ու նրա արած բաների մասին։ Չէ՞ որ նա մեզ պարգևել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, և տալիս է իր սուրբ ոգին, որպեսզի լավ կատարենք մեր հանձնարարությունները։

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ

15, 16. Ինչո՞ւ Հովսիան զրկվեց Աստծու պաշտպանությունից և կորցրեց իր կյանքը։

15 Ի՞նչ դաս ենք քաղում Հովսիա թագավորին պատահածից։ Տեսնենք, թե ինչու նա պարտվեց և կորցրեց իր կյանքը (կարդա 2 Տարեգրություն 35։20–22)։ Հովսիան դուրս եկավ Եգիպտոսի Նեքաո թագավորի դեմ, թեև վերջինս ասաց, որ իր պատերազմը նրա դեմ չէ։ Աստվածաշունչը հայտնում է, որ Նեքաոյի խոսքերը «Աստծու բերանից էին»։ Այդ դեպքում ինչո՞ւ Հովսիան գնաց կռվելու։ Սուրբ Գիրքը ոչինչ չի ասում այդ մասին։

16 Ինչպե՞ս Հովսիան կարող էր իմանալ, որ Նեքաոյի խոսքերը Եհովայից էին։ Օրինակ՝ կարող էր հարցնել հավատարիմ մարգարե Երեմիային (2 Տար. 35։23, 25)։ Սակայն Աստվածաշնչում չի ասվում, թե նա այդպես է արել։ Մյուս կողմից՝ Նեքաոն գնում էր պատերազմելու «ուրիշ տան դեմ»՝ Կարքեմիշի, ոչ թե Երուսաղեմի։ Բացի այդ, սա Աստծու անվան հետ կապված հարց չէր, քանի որ Նեքաոն չէր անարգել ո՛չ Եհովային, ո՛չ էլ նրա ժողովրդին։ Ուստի Հովսիան անմտորեն վարվեց՝ որոշելով պատերազմել Նեքաոյի դեմ։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Երբ որևէ խնդրի առաջ ենք կանգնած, նախքան որոշում կայացնելը լավ կլինի մտածել, թե որն է Եհովայի կամքը տվյալ հարցի վերաբերյալ։

17. Երբ խնդիր է ծագում, ինչպե՞ս կարող ենք խուսափել այն սխալից, որ գործեց Հովսիան։

17 Երբ խնդիր է ծագում, մենք պետք է մտածենք, թե աստվածաշնչյան որ սկզբունքներն են վերաբերում տվյալ իրավիճակին, և հավասարակշռություն դրսևորելով՝ կիրառենք դրանք։ Այս պարագայում գուցե քննության առնենք այն, ինչ արդեն գիտենք տվյալ հարցի վերաբերյալ, և նույնիսկ փնտրտուքներ անենք մեր հրատարակություններում։ Սակայն հնարավոր է՝ ուրիշ աստվածաշնչյան սկզբունքներ էլ կան, որ պետք է հաշվի առնենք։ Ուստի երեցները կարող են օգնել, որ խորհրդածենք դրանց շուրջ։ Օրինակ՝ պատկերացնենք, թե մի քույր, որը գիտակցում է, որ բարի լուրը քարոզելու պարտականություն ունի, ծրագրում է ծառայության գնալ (Գործ. 4։20)։ Սակայն նրա ոչ Վկա ամուսինը ուզում է, որ նա այդ օրը տանը մնա։ Ամուսինն ասում է, որ վերջերս նրանք միասին ժամանակ չեն անցկացրել, ուստի ցանկանում է, որ այդ օրը իրար հետ որևէ բան անեն։ Քույրը կարող է խորհել տվյալ իրավիճակին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքների շուրջ, օրինակ՝ մտածել այն մասին, որ քրիստոնյան պետք է հնազանդվի Աստծուն և մասնակցի աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 28։19, 20; Գործ. 5։29)։ Սակայն նա պետք է հիշի նաև, որ հարկավոր է հնազանդվել ամուսնուն և խոհեմ լինել (Եփես. 5։22–24; Փիլիպ. 4։5)։ Արդյո՞ք նրա ամուսինը լիովին դեմ է, որ նա մասնակցի ծառայությանը, թե՞ պարզապես խնդրում է, որ նա միայն այդ օրը մնա տանը։ Մենք պետք է հավասարակշռված լինենք, երբ ձգտում ենք կատարել Աստծու կամքը և մաքուր խիղճ ունենալ։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԼԻԱԿԱՏԱՐ ՍՐՏՈՎ ԾԱՌԱՅԵԼ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ

18. Ի՞նչ օգուտ ստացար՝ քննելով չորս թագավորների օրինակները։

18 Քանի որ անկատար ենք, հակված ենք երբեմն այնպիսի սխալներ գործելու, ինչպիսիք գործել են այս հոդվածում նշված չորս թագավորները։ Հնարավոր է՝ 1) մարդկային իմաստությանն ապավինենք, 2) սխալ ընկերներ ընտրենք, 3) հպարտանանք, 4) որոշումներ կայացնելիս հաշվի չառնենք Աստծու կամքը։ Այդուհանդերձ, մեծ բարություն դրսևորելով՝ Եհովան մեր մեջ լավն է տեսնում, ինչպես նշված չորս թագավորների դեպքում։ Աստված նաև տեսնում է, թե ինչքան ենք սիրում իրեն և որքան ենք ցանկանում իրեն ամբողջ սրտով ծառայել։ Ուստի նա նախազգուշական օրինակներ է տվել, որ մեզ օգնի խուսափել լուրջ սխալներից։ Եկեք Եհովայից շնորհակալ լինենք դրա համար և խորհրդածենք այդ աստվածաշնչյան օրինակների շուրջ։