Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համեստություն. անչափ կարևոր հատկություն

Համեստություն. անչափ կարևոր հատկություն

«Իմաստությունը համեստների հետ է» (ԱՌԱԿ. 11։2

ԵՐԳ 38, 69

1, 2. Ինչո՞ւ Աստված մերժեց Սավուղին (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԵՐԲ Սավուղը դարձավ Իսրայելի թագավորը, համեստ ու հարգված մարդ էր (1 Սամ. 9։1, 2, 21; 10։20–24)։ Սակայն կարճ ժամանակ անց նա հանդուգն քայլեր արեց։ Մի անգամ փղշտացիները պատերազմի դուրս եկան իսրայելացիների դեմ։ Սամուել մարգարեն Սավուղին ասաց, որ կգա ու Եհովայի համար զոհ կմատուցի։ Սակայն նա նշանակված ժամանակին չեկավ Գաղգաղա, ժողովուրդն էլ վախենալով սկսեց ցիրուցան լինել Սավուղի մոտից։ Տեսնելով սա՝ Սավուղը հավանաբար մտածեց. «Ձեռքերս ծալած չպետք է նստեմ»։ Ուստի նա չհամբերեց. Սամուելին չսպասեց և ինքը զոհ մատուցեց, ինչն անելու իրավունք չուներ։ Դա տհաճեցրեց Եհովային (1 Սամ. 13։5–9

2 Երբ Սամուելը եկավ Գաղգաղա, հանդիմանեց Սավուղին։ Հանդիմանությունն ընդունելու փոխարեն՝ Սավուղը սկսեց արդարանալ, իր մեղքը ուրիշի վրա գցել և նվազեցնել իր արարքի լրջությունը (1 Սամ. 13։10–14)։ Սրան հաջորդեց իրադարձությունների մի շղթա, որը վերջիվերջո ավարտվեց նրանով, որ նա մերժվեց որպես թագավոր և կորցրեց Եհովայի հավանությունը (1 Սամ. 15։22, 23)։ Չնայած սկզբում Սավուղի կյանքը խոստումնալից էր, սակայն հետագայում վատ ավարտ ունեցավ (1 Սամ. 31։1–6

3. ա) Ի՞նչ կարծիք ունեն շատերը համեստության վերաբերյալ։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք։

3 Այսօր շատ մարդիկ մտածում են, որ չեն կարող լինել համեստ և միևնույն ժամանակ կյանքում հաջողության հասնել։ Նրանք պարծենում են իրենց ձեռքբերումներով, որ մյուսներից ավելի լավը երևան։ Օրինակ՝ մի կինոաստղ, որը քաղաքական գործիչ է դարձել, մի առիթով ասաց. «Համեստությունը ինձ երբեք բնորոշ չի եղել, հույս ունեմ՝ երբեք էլ չի լինի»։ Այդ դեպքում ինչո՞ւ կարող ենք ասել, որ համեստությունը քրիստոնյաների համար կարևոր հատկություն է։ Ի՞նչ է համեստությունը։ Ինչպե՞ս կարող ենք համեստություն դրսևորել նույնիսկ դժվար իրավիճակներում կամ ուրիշների ճնշման ներքո։ Այս հոդվածում կտրվեն առաջին երկու հարցերի պատասխանները, իսկ երրորդ հարցինը՝ հաջորդ հոդվածում։

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ

4. Ի՞նչ է հանդուգն արարքը։

4 Աստվածաշունչը համեստությունը հակադրում է հանդգնությանը (կարդա Առակներ 11։2)։ Իմաստություն դրսևորելով՝ Դավիթը խնդրեց Եհովային, որ նա «հետ պահի [իր] ծառային հանդուգն արարքներից» (Սաղ. 19։13)։ Ի՞նչ է հանդուգն արարքը։ Երբ մարդը անհամբերություն դրսևորելով կամ մեծամտաբար անում է մի բան, ինչի իրավունքը չունի, նա հանդգնորեն է վարվում։ Ժառանգած մեղքի պատճառով ժամանակ առ ժամանակ բոլորս հանդգնորեն ենք վարվում։ Սակայն Սավուղ թագավորի օրինակը ցույց է տալիս, որ եթե այդպես վարվելը մեզ համար սովորություն դառնա, Աստծու բարկությանը կարժանանանք։ Սաղմոս 119։21-ում Եհովայի մասին ասվում է. «Դու սաստում ես.... հանդուգն մարդկանց»։ Ինչո՞ւ։

5. Ինչո՞ւ են հանդուգն արարքները լուրջ սխալներ։

5 Հանդուգն արարքները ավելի լուրջ սխալներ են, քան անմտածված թերացումները։ Առաջին՝ երբ համեստությամբ չենք վարվում, փառք չենք բերում Եհովային։ Երկրորդ՝ երբ անում ենք մի բան, ինչի իրավունքը չունենք, ամենայն հավանականությամբ ուրիշների հետ խնդիրներ կունենանք (Առակ. 13։10)։ Եվ երրորդ՝ երբ մյուսները իմանան մեր հանդուգն արարքի մասին, մենք ամոթով կմնանք և նույնիսկ խայտառակ կլինենք (Ղուկ. 14։8, 9)։ Հանդուգն մարդու վերջը լավ չի լինում։ Այո՛, ինչպես Աստվածաշունչն է ցույց տալիս, համեստությունը շատ կարևոր հատկություն է։

Ի՞ՆՉ Է ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ

6, 7. Ի՞նչ է խոնարհությունը և ի՞նչ կապ ունի համեստության հետ։

6 Համեստությունը և խոնարհությունը միասին փոխկապակցված են։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ խոնարհ մարդը զերծ է հպարտությունից և գոռոզությունից։ Այդպիսի մարդը խոնարհամիտ է՝ ուրիշներին իրենից բարձր է համարում (Փիլիպ. 2։3)։ Խոնարհ մարդը սովորաբար համեստ է։ Նա ընդունում է իր սխալները և կարողանում է ճիշտ գնահատել իր ունակություններն ու ձեռքբերումները։ Նա նաև ընդունում է ուրիշների առաջարկները և պատրաստ է սովորել նրանցից։ Խոնարհությունը Եհովային հաճելի հատկություն է։

7 Աստծու Խոսքից տեսնում ենք, որ համեստ մարդը ճիշտ տեսակետ ունի իր մասին։ Նա հասկանում է, որ իր կարողությունները սահմանափակ են։ Բացի այդ, բնագիր լեզվում «համեստություն» բառը ցույց է տալիս, որ երբ մարդը ընդունում է, որ իր կարողությունները սահմանափակ են, դա անդրադառնում է ուրիշների հետ իր վարվելակերպի վրա։

8. Ի՞նչը կարող է ցույց տալ, որ մեր մտածելակերպն ու վարքը համեստ չեն։

8 Ո՞ր դեպքերում գուցե սկսենք մտածել կամ վարվել ոչ համեստ ձևով։ Օրինակ՝ հնարավոր է ինքներս մեզ կարևոր համարենք ժողովում մեր ունեցած պատասխանատվությունների պատճառով (Հռոմ. 12։16)։ Կամ մեր վրա անտեղի ուշադրություն հրավիրենք (1 Տիմոթ. 2։9, 10)։ Կամ էլ գուցե մեր անձնական տեսակետը պնդենք զուտ մեր ունեցած դիրքի կամ պատասխանատվություն ունեցող եղբայրների հետ մտերիմ լինելու պատճառով (1 Կորնթ. 4։6)։ Հաճախ, երբ այսպես ենք վարվում, գուցե նույնիսկ չնկատենք, որ կորցրել ենք մեր համեստությունը և հանդգնություն ենք դրսևորում։

9. Ինչո՞ւ ոմանք հանդուգն դարձան։ Բեր աստվածաշնչյան օրինակ։

9 Ցանկացած անհատ կարող է անհամեստորեն վարվել, եթե նա թույլ տա, որ մարմնական ցանկությունները թեկուզ մի պահ գլուխ բարձրացնեն։ Փառատենչ ձգտումների, նախանձի և անզուսպ բարկության պատճառով շատերը հանդգնորեն են վարվել։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Աբիսողոմը, Օզիան և Նաբուգոդոնոսորը տրվեցին մարմնական ցանկություններին և հանդգնություն դրսևորեցին, ուստի Եհովան խոնարհեցրեց նրանց (2 Սամ. 15։1–6; 18։9–17; 2 Տար. 26։16–21; Դան. 5։18–21

10. Ինչո՞ւ չպետք է կասկածի տակ դնենք ուրիշների մղումները։ Բեր աստվածաշնչյան օրինակ։

10 Անհատը կարող է անհամեստորեն վարվել այլ պատճառներով ևս։ Նկատի առնենք Ծննդոց 20։2–7-ում և Մատթեոս 26։31–35-ում արձանագրված օրինակները։ Արդյոք Աբիմելեքի և Պետրոսի հանդուգն թվացող արարքների պատճառը մարմնի ցանկություններին տեղիք տա՞լն էր, թե՞ այս անհատները պարզապես տեղյակ չէին բոլոր փաստերին կամ հայտնվեցին անսպասելի իրավիճակում։ Քանի որ չգիտենք՝ ինչ կա մարդկանց սրտում, իմաստություն և սեր դրսևորած կլինենք, եթե կասկածի տակ չդնենք ուրիշների մղումները (կարդա Հակոբոս 4։12

ՄԵՐ ԴԵՐԸ ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ

11. Համեստությունը ինչպե՞ս կօգնի մեզ հասկանալ մեր դերը կազմակերպության մեջ։

11 Համեստ մարդը գիտի, թե որն է իր դերը Աստծու կազմակերպության մեջ։ Եհովան կարգուկանոնի Աստված է, և նա յուրաքանչյուրիս պատասխանատվություն է տալիս ժողովում։ Բոլորիս դերը կարևոր է։ Եհովան իր անզուգական բարությամբ ամեն մեկիս տվել է պարգև՝ լավ հատկություններ, ունակություններ կամ տաղանդ։ Ճիշտ կլինի, եթե դրանք օգտագործենք նրան փառք բերելու և ուրիշներին օգնելու համար (Հռոմ. 12։4–8)։ Այսպիսի պարգևներ տալով՝ Եհովան պատվի է արժանացնում մեզ։ Դրանով նա ցույց է տալիս, որ վստահում է մեզ, և ակնկալում է, որ դրանք մեծ պատասխանատվությամբ կօգտագործենք (կարդա 1 Պետրոս 4։10

Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի օրինակից, երբ մեր նշանակումը փոխվում է (տես պարբերություն 12–14)

12, 13. Ինչո՞ւ անակնկալի չպետք է գանք, եթե մեր հանձնարարությունը կամ նշանակումը փոխվի։

12 Մեր հանձնարարությունը կամ նշանակումը երբեմն կարող է փոխվել։ Նկատի առնենք Հիսուսի օրինակը։ Սկզբում միայն նա էր Եհովայի հետ (Առակ. 8։22)։ Հետագայում Հիսուսը օգնեց Եհովային ստեղծել մյուս ոգեղեն էակներին, տիեզերքը և մարդկանց (Կող. 1։16)։ Իսկ ավելի ուշ նա եկավ երկիր. ծնվեց որպես անօգնական մանուկ, իսկ հետագայում դարձավ չափահաս անձնավորություն (Փիլիպ. 2։7)։ Իր կյանքը զոհաբերելուց հետո Հիսուսը վերադարձավ երկինք որպես ոգեղեն անձնավորություն և 1914 թ.-ին դարձավ Աստծու Թագավորության Թագավորը (Եբր. 2։9)։ Սակայն սա նրա կյանքում եղած վերջին փոփոխությունը չէ։ Հազարամյակի վերջում Հիսուսը իր Թագավորությունը կհանձնի Եհովային, որպեսզի «Աստված լինի ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։28

13 Մեր հանձնարարությունը կամ նշանակումը հնարավոր է փոխվի մեր կայացրած որոշումների պատճառով։ Օրինակ՝ գուցե ամուսնանանք, երեխաներ ունենանք, կամ հետագայում լիաժամ ծառայություն սկսելու համար պարզեցնենք մեր կյանքը։ Այս որոշումներից յուրաքանչյուրը իր հետ բերում է ուրախություններ և պատասխանատվություններ։ Փոփոխվող հանգամանքների պատճառով կարող ենք ավելի շատ բան անել կամ ավելի քիչ։ Երիտասա՞րդ ես, թե՞ տարեց։ Լավ առողջություն ունե՞ս, թե՞ տկար ես։ Եհովան հանձնարարություններ տալուց միշտ հաշվի է առնում յուրաքանչյուրիս հանգամանքները։ Նա մեզնից ողջամիտ ակնկալիքներ ունի և մեծապես գնահատում է այն, ինչ կարող ենք անել (Եբր. 6։10

14. Ինչպե՞ս կարող է համեստությունը օգնել մեզ բավարարվածություն զգալ և չկորցնել մեր ուրախությունը ցանկացած իրավիճակում։

14 Հիսուսը ուրախություն գտավ իր յուրաքանչյուր նշանակման մեջ, մենք էլ կարող ենք ուրախություն գտնել (Առակ. 8։30, 31)։ Համեստ անձնավորությունը գոհ է ժողովում իր ունեցած նշանակումներով կամ պատասխանատվություններով։ Նա չափից շատ չի կենտրոնանում նոր հանձնարարություններ ունենալու վրա և չի անհանգստանում, երբ ուրիշներն են պատասխանատվություններ ստանում։ Փոխարենը՝ նա ջանում է ուրախություն գտնել իր նշանակման մեջ, քանի որ հասկանում է, որ Եհովայի կողմից է ստացել այն։ Միևնույն ժամանակ նա սրտանց հարգում է ուրիշներին և աջակցում է նրանց։ Նա գիտակցում է, որ Եհովան մյուսներին էլ է առանձնաշնորհումներ տալիս (Հռոմ. 12։10

ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵԼԸ Ի՞ՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

15. Ի՞նչ կարող ենք սովորել Գեդեոնի համեստությունից։

15 Գեդեոնը համեստության գերազանց օրինակ է։ Երբ Եհովայի հրեշտակը հայտնվեց Գեդեոնին, վերջինս համեստորեն ասաց, որ ինքը ամենաաննշան ազգատոհմից է (Դատ. 6։15)։ Եհովայի հանձնարարությունը ընդունելուց հետո Գեդեոնը ցանկացավ համոզվել, որ ամբողջովին հասկացել է, թե ինչ է իրենից պահանջվում, և փնտրեց Եհովայի առաջնորդությունը (Դատ. 6։36–40)։ Գեդեոնը քաջ էր ու անվեհեր։ Սակայն նա զգուշությամբ և ողջամտությամբ գործեց (Դատ. 6։11, 27)։ Իսկ ավելի ուշ, երբ մարդիկ ուզում էին նրան իրենց վրա առաջնորդ դնել, նա հրաժարվեց, քանի որ փառատենչ չէր։ Եհովայի տված հանձնարարությունն անելուց հետո նա տուն վերադարձավ (Դատ. 8։22, 23, 29

16, 17. Հոգևորապես առաջադիմելու հետ կապված ի՞նչ է հաշվի առնում համեստ անձնավորությունը։

16 Համեստ լինել չի նշանակում երբեք չձգտել կամ չընդունել լրացուցիչ պատասխանատվություններ ծառայության մեջ։ Աստծու Խոսքը բոլորիս հորդորում է առաջադիմել (1 Տիմոթ. 4։13–15)։ Իսկ արդյո՞ք առաջադիմելու համար անհրաժեշտ է նոր նշանակում ստանալ։ Անպայման չէ։ Ինչ նշանակում էլ որ ունենք, Եհովայի օրհնությամբ մենք կարող ենք հոգևորապես առաջադիմել։ Օրինակ՝ կարող ենք շարունակել զարգացնել մեր ունակությունները և ավելի շատ բարի գործեր անել։

17 Նոր հանձնարարություն ընդունելուց առաջ համեստ անհատը նախ կպարզի, թե ինչ է իրենից պահանջվում, այնուհետև համեստորեն կգնահատի իր հանգամանքները։ Օրինակ՝ կկարողանա՞ ավելի շատ գործ անել կամ ընդունել նոր հանձնարարությունը առանց մյուս կարևոր բաները անտեսելու։ Կարո՞ղ է իր ունեցած որոշ գործեր փոխանցել ուրիշին, որ կարողանա նորերը անել։ Եթե նա այս հարցերից որևէ մեկին կամ երկուսին էլ ոչ է պատասխանում, ուրեմն գուցե ավելի լավ կլինի, որ մեկ ուրիշը, ում հանգամանքները թույլ են տալիս, անի այդ հանձնարարությունը։ Աղոթելուց և լավ մտածելուց հետո համեստ մարդը գուցե հասկանա, որ ի վիճակի չէ այդ պահին ընդունելու նոր նշանակումը։ Համեստությունը կմղի նրան հրաժարվել դրանից։

18. ա) Նոր հանձնարարություն ստանալիս ի՞նչ անելու կմղի մեզ համեստությունը։ բ) Ինչպե՞ս է Հռոմեացիներ 12։3-ը օգնում մեզ համեստ լինել։

18 Երբ նոր նշանակում ենք ստանում, Գեդեոնի օրինակը կօգնի մեզ հիշել, որ առանց Եհովայի առաջնորդության և օրհնության չենք կարողանա հաջողության հասնել։ Մենք հրավեր ենք ստացել մեր «Աստծու հետ համեստությամբ քայլելու» (Միք. 6։8)։ Ուստի ամեն անգամ նոր հանձնարարություն ստանալիս պետք է աղոթքով խնդրենք Եհովայի առաջնորդությունը, որը նա տալիս է իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Մենք պետք է սովորենք մեր երերուն քայլերը ուղղել և համընթաց քայլել Եհովայի հետ։ Եկեք հիշենք, որ Եհովայի խոնարհությունն է բարձրացնում մեզ, ոչ թե մեր ունակությունը (Սաղ. 18։35)։ Աստծու հետ համեստությամբ քայլելու հրավերն ընդունելը կօգնի, որ մեր մասին չափից ավել կամ պակաս չմտածենք (կարդա Հռոմեացիներ 12։3

19. Ինչո՞ւ պետք է համեստություն զարգացնենք։

19 Համեստ անձնավորությունը փառքն ու պատիվը տալիս է Եհովային, քանի որ նա է մեր Արարիչը և տիեզերքի Գերիշխանը (Հայտն. 4։11)։ Համեստությունը օգնում է գոհ լինել և լավագույնը անել մեր նշանակման մեջ։ Նաև օգնում է խուսափել հանդուգն արարքներից և նպաստում է Եհովայի ժողովրդի միասնությանը։ Համեստությունը մղում է մեզ ուրիշներին մեզնից ավելի կարևոր համարել, նաև օգնում է զգուշորեն վարվել և խուսափել լուրջ սխալներից։ Ինչպես տեսանք, համեստությունը անչափ կարևոր հատկություն է, և Եհովան թանկ է գնահատում բոլոր նրանց, ովքեր զարգացնում են այն։ Հաջորդ հոդվածը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք համեստություն դրսևորել լարված իրավիճակներում և ճնշումների ներքո։