Գիտեի՞ք արդյոք
Արդյո՞ք հռոմեացիները թույլ կտային, որ ցցի վրա մահապատժի ենթարկված մարդուն, ինչպես, օրինակ, Հիսուսին թաղեին
ՇԱՏԵՐԸ գիտեն, որ Հիսուսը մահապատժի է ենթարկվել և ցցին գամվել երկու հանցագործի հետ (Մատթ. 27։35–38)։ Սակայն ոմանք կասկածի տակ են դնում աստվածաշնչյան այն արձանագրությունը, ըստ որի՝ Հիսուսի մարմինը պատրաստվել է թաղման համար և դրվել գերեզմանում (Մարկ. 15։42–46)։
Ավետարանների որոշ քննադատներ ասում են, որ դժվար թե հռոմեացիները թույլ տային մահապատժի ենթարկված մարդու համար պատշաճ թաղում կազմակերպվեր, ինչպես, օրինակ, մարմինը դրվեր գերեզմանում։ Նրանց կարծիքով՝ հանցագործների դիակների հետ, ամենայն հավանականությամբ, այլ կերպ էին վարվում։ Լրագրող Էրիել Ցաբարը «Սմիթսոնիան» հանդեսում բացատրում է, թե ինչու են ոմանք այդպես կարծում. «Խաչելությունը պատիժ էր հասարակության թափթփուկների համար, և որոշ մասնագետներ անհեթեթություն են համարում այն միտքը, որ հռոմեացիները թույլ էին տալիս այդ ձևով սպանված մարդկանց արժանապատիվ կերպով թաղել»։ Հռոմեացիները ցանկանում էին մահապատժի ենթարկված հանցագործներին հնարավորինս ստորացնել, ուստի նրանց մարմինները հաճախ թողնում էին ցցի վրա, որ գիշատիչները հոշոտեին, իսկ մարմնի մնացորդները նետում էին ընդհանուր գերեզման։
Սակայն հնագետները այլ բան բացահայտեցին։ Նրանք գտան մահապատժի ենթարկված հրեաների մարմինների մնացորդներ։ 1968 թ.-ին հայտնաբերվեցին առաջին դարում մահապատժի ենթարկված մի մարդու կմախքի մնացորդներ։ Դրանք Երուսաղեմի մոտակայքում գտնվող մի հրեա ընտանիքի գերեզմանում էին՝ աճյունատուփի մեջ։ Այնտեղ կար մի կրունկոսկր, որը 11,5 սմ (4,5 դյմ) երկարությամբ երկաթյա մեխով գամված է եղել փայտե ցցին։ Ցաբարն ասում է. «Այդ կրունկոսկրը, որը պատկանում է Եհոխանեն անունով մի մարդու, օգնեց լուծել երկար տարիների տարակարծությունը այն մասին, թե արդյոք Հիսուսի՝ գերեզմանում թաղվելու վերաբերյալ Ավետարանների արձանագրությունը ճիշտ է.... Եհոխանենի կրունկի արտեֆակտը փաստում է, որ Հիսուսի օրերում եղել են դեպքեր, երբ հռոմեացիները թույլ են տվել, որ խաչված հրեաներին թաղեն»։
Այս արտեֆակտից ելնելով՝ ոմանք գուցե տարբեր կարծիքներ ունենան այն մասին, թե ինչ դիրքով են Հիսուսին ցցին գամել։ Բայց մի բան հստակ է. մահապատժի ենթարկված որոշ հանցագործների ոչ թե պարզապես նետել են ընդհանուր գերեզման, այլ թաղել են։ Ուստի միանգամայն արժանահավատ է աստվածաշնչյան այն արձանագրությունը, ըստ որի՝ Հիսուսի մարմինը դրել են գերեզմանում։ Հայտնաբերված ապացույցները թիկունք են կանգնում Աստվածաշնչին։
Ամենակարևոր փաստն այն է, որ Եհովան կանխագուշակել էր, որ Հիսուսը թաղվելու է հարուստների գերեզմանում, իսկ Աստծու խոսքի կատարմանը ոչ ոք չի կարող խոչընդոտել (Ես. 53։9; 55։11)։