ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 22
Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
«Ձեզանից ամեն մեկը թող մկրտվի» (ԳՈՐԾ. 2։38)։
ԵՐԳ 72 Պատմենք Թագավորության մասին
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ի՞նչ պատվիրեց Պետրոս առաքյալը Երուսաղեմում հավաքված մեծ բազմությանը։
ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ տղամարդկանց ու կանանց մի մեծ բազմություն էր հավաքվել։ Նրանք եկել էին տարբեր երկրներից և տարբեր լեզուներով էին խոսում։ Այդ օրը զարմանահրաշ մի բան տեղի ունեցավ։ Որոշ հրեաներ հանկարծակի սկսեցին խոսել հավաքվածների մայրենի լեզվով։ Տեղի ունեցածը, ինչ խոսք, զարմացրեց ներկաներին։ Բայց այն, թե ինչ ասացին այդ հրեաները և Պետրոս առաքյալը, ավելի տպավորեց նրանց։ Նրանք իմացան, որ կարող են փրկվել, եթե հավատ ընծայեն Հիսուս Քրիստոսին։ Այդ լուրը հասավ հավաքվածների սրտին։ Դա այնքան մեծ ազդեցություն թողեց նրանց վրա, որ նրանք հարցրին. «Ի՞նչ անենք»։ Ի պատասխան՝ Պետրոսն ասաց. «Ձեզանից ամեն մեկը թող մկրտվի» (Գործ. 2։37, 38)։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում (տես ամսագրի շապիկի նկարը)։
2 Այնուհետև արտասովոր մի բան եղավ։ Մեկ օրում մոտ 3 000 հոգի մկրտվեց՝ դառնալով Քրիստոսի աշակերտ։ Դա ընդամենը սկիզբն էր այն հսկայածավալ գործի, որ Հիսուսը հանձնարարել էր իր հետևորդներին։ Այդ գործը մինչ օրս շարունակվում է։ Սակայն մեր օրերում հնարավոր չէ մի քանի ժամում օգնել մարդուն հասնել մկրտության։ Թերևս ամիսներ, մեկ տարի կամ ավելի երկար ժամանակ պահանջվի դրա համար։ Եթե ինչ-որ մեկի հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, ապա լավ գիտես, որ աշակերտ պատրաստելու համար մեծ ջանքեր են պետք։ Հոդվածից կիմանանք, թե ինչ կարող ենք անել, որ օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության։
ՕԳՆԻՐ ԿԻՐԱՌԵԼ ՍՈՎՈՐԱԾԸ
3. Ըստ Մատթեոս 28։19, 20 համարների՝ ուսումնասիրողը ի՞նչ պետք է անի մկրտության հասնելու համար։
3 Նախքան մկրտվելը ուսումնասիրողը պետք է կիրառի այն, ինչ սովորում է (կարդա Մատթեոս 28։19, 20)։ Այդպես վարվելով՝ նա կնմանվի Հիսուսի առակում նշված «խոհեմ մարդուն», ով հողը այնքան խորն է փորում, որ իր տունը կառուցի վեմի վրա (Մատթ. 7։24, 25; Ղուկ. 6։47, 48)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին կիրառել սովորածը։ Քննենք երեք առաջարկ։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին, որ շարունակի առաջադիմել և մկրտվի (տես նաև « Օգնիր ուսումնասիրողին նպատակներ դնել և հասնել դրանց» շրջանակը)։
4 Օգնիր նպատակներ դնել։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Պատկերացնենք օրինակով։ Եթե երկար ճանապարհորդություն ես ծրագրել, գուցե որոշես ժամանակ առ ժամանակ կանգ առնել վայելելու գեղեցիկ տեսարանները։ Այդպես ճանապարհը հոգնեցուցիչ չի լինի։ Նմանապես, եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը միջանկյալ նպատակներ դնի ու հասնի դրանց, ամենայն հավանականությամբ, կտեսնի, որ մկրտությունը հասանելի նպատակ է։ Դրա համար կարող ես օգտագործել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի «Նպատակ դիր» բաժինը։ Ամեն դասի վերջում ուսումնասիրողի հետ քննարկիր, թե տվյալ նպատակը ինչ կապ ունի իր սովորածի հետ։ Եթե ցանկանում ես, որ ուսումնասիրողը մեկ ուրիշ նպատակ էլ դնի, ապա միասին քննարկելուց հետո այն գրի առեք «Այլ» տողում։ Այս բաժնի օգնությամբ ուսումնասիրողի հետ կանոնավորաբար խոսիր նրա միջանկյալ և հեռակա նպատակների մասին։
5. Մարկոս 10։17–22 համարների համաձայն՝ ի՞նչ ասաց Հիսուսը մի հարուստ մարդու և ինչո՞ւ։
5 Օգնիր նրան փոփոխություններ անել կյանքում (կարդա Մարկոս 10։17–22)։ Հիսուսը գիտեր, որ հարուստ մարդու համար դժվար կլիներ վաճառել իր ողջ ունեցվածքը (Մարկ. 10։23)։ Այնուամենայնիվ, այդ մարդուն ասաց, որ նման մեծ փոփոխություն անի։ Ինչո՞ւ։ Քանի որ սիրում էր նրան։ Երբեմն գուցե վարանենք հորդորել ուսումնասիրողին անհրաժեշտ փոփոխություններ անել՝ մտածելով, թե նա պատրաստ չէ դրան։ Ժամանակ է պետք, որ անհատը ազատվի հին սովորություններից և հագնի նոր անձնավորությունը (Կող. 3։9, 10)։ Որքան շուտ անկեղծորեն խոսես նրա հետ իր խնդրի մասին, այնքան շուտ նա հնարավորություն կունենա փոփոխություններ անելու։ Նման զրույցը ցույց կտա, որ սիրում ես նրան (Սաղ. 141։5; Առակ. 27։17)։
6. Ինչո՞ւ պետք է ուսումնասիրողին տեսակետ բացահայտող հարցեր տանք։
6 Տեսակետ բացահայտող հարցերը օգնում են մեզ իմանալ, թե ինչ է անհատը մտածում ուսումնասիրվող թեմայի շուրջ։ Այդպես կիմանանք, թե նա ինչ է հասկացել և ինչին է հավատում։ Եթե հաճախ նման հարցեր տանք, հետագայում նրա հետ նուրբ հարցեր քննարկելը ավելի հեշտ կլինի։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքում մի շարք տեսակետ բացահայտող հարցեր կան։ Օրինակ՝ 4-րդ դասում այսպիսի հարց կա՝ «Քո կարծիքով՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ գործածում ես նրա անունը», իսկ 9-րդ դասում՝ այսպիսի՝ «Ինչերի՞ մասին կցանկանայիր աղոթել»։ Սկզբում ուսումնասիրողի համար գուցե դժվար լինի պատասխանել նման հարցերի։ Ուստի օգնիր նրան՝ սովորեցնելով տրամաբանել աստվածաշնչյան համարների և նկարների շուրջ։
7. Ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն օգտագործել կյանքից վերցված օրինակները։
7 Երբ ուսումնասիրողը հասկանա, թե ինչ փոփոխություններ պետք է անի, կյանքից վերցված օրինակների միջոցով մղիր նրան կատարելու դրանք։ Օրինակ, եթե նա կանոնավորաբար չի հաճախում ժողովի հանդիպումներին, կարող ես նրան ցույց տալ «Եհովան հոգ տարավ իմ մասին» տեսանյութը, որը 14-րդ դասի «Բացահայտիր ավելին» բաժնում է։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի «Իմանանք ավելին» և «Բացահայտիր ավելին» բաժիններում մի շարք այդպիսի նյութեր կան։ b Սակայն զգույշ եղիր, որ ուսումնասիրողին չհամեմատես մեկ ուրիշի հետ՝ ասելով. «Եթե դա նրան հաջողվել է, ապա դու էլ կարող ես»։ Թող նա անձամբ գա նման եզրահանգման։ Համեմատելու փոխարեն՝ տեսանյութից ընդգծիր այն հիմնական բաները, որոնք օգնել են անհատին կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, օրինակ՝ որևէ աստվածաշնչյան համար կամ ինչ-որ գործնական քայլ։ Հարմար առիթի դեպքում ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե ինչպես է Եհովան օգնել տվյալ անհատին։
8. Ինչպե՞ս կարող ես օգնել ուսումնասիրողին սիրել Եհովային։
8 Օգնիր ուսումնասիրողին սիրել Եհովային։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Առիթներ փնտրիր, որ նրա ուշադրությունը հրավիրես Եհովայի հատկությունների վրա։ Օգնիր նրան տեսնել, որ Եհովան երջանիկ Աստված է և աջակցում է նրանց, ովքեր սիրում են իրեն (1 Տիմոթ. 1։11; Եբր. 11։6)։ Բացատրիր, որ մեծ օգուտներ կքաղի, եթե կիրառի այն, ինչ սովորում է, և այդպիսով կտեսնի Աստծու սերը իր հանդեպ (Ես. 48։17, 18)։ Որքան շատ անհատը սիրի Եհովային, այնքան ավելի մղված կլինի կատարելու անհրաժեշտ փոփոխությունները (1 Հովհ. 5։3)։
ԾԱՆՈԹԱՑՐՈՒ ՄՅՈՒՍ ՎԿԱՆԵՐԻ ՀԵՏ
9. Մարկոս 10։29, 30 համարների համաձայն՝ ի՞նչը կարող է օգնել անհատին, որ զոհողություններ անի։
9 Մկրտության հասնելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողը պետք է զոհողություններ անի։ Հիսուսի առակի հարուստ մարդու պես՝ որոշ ուսումնասիրողներ թերևս պետք է նյութական զոհողություններ անեն։ Օրինակ, եթե նրանց աշխատանքը հակասում է աստվածաշնչյան սկզբունքներին, գուցե անհրաժեշտություն առաջանա փոխելու այն։ Շատերի համար էլ զոհողություն կարող է լինել այն, որ պետք է թողնեն Եհովային չսիրող իրենց ընկերներին։ Ոմանք էլ, հնարավոր է, հալածվեն ընտանիքի անդամների կողմից, ովքեր դեմ են Եհովայի վկաներին։ Հիսուսն ասաց, որ ոմանց համար դժվար է լինելու նման զոհողություններ անել, բայց նաև հավաստիացրեց, որ իր հետևորդները հիասթափություն չեն ապրի։ Նրանք առատապես կօրհնվեն՝ ձեռք բերելով սիրառատ հոգևոր ընտանիք (կարդա Մարկոս 10։29, 30)։ Իսկ ինչպե՞ս կարող ես օգնել ուսումնասիրողին, որ նա էլ օգուտներ քաղի այդ հիանալի պարգևից։
10. Ի՞նչ ենք սովորում Մանուելի օրինակից։
10 Ընկերացիր ուսումնասիրողի հետ։ Կարևոր է, որ ուսումնասիրողը զգա, որ հետաքրքրված ես իրենով և մտածում ես իր մասին։ Ուշադրություն դարձնենք Մանուելի օրինակին, ով ապրում է Մեքսիկայում։ Հիշելով այն ժամանակները, երբ Աստվածաշունչ էր ուսումնասիրում՝ նա ասում է. «Ամեն դասընթացից առաջ ինձ ուսուցանողը հարցնում էր, թե ինչպես եմ։ Նա օգնում էր, որ անկաշկանդ զգամ և ցանկացած հարցի մասին ազատորեն խոսեմ իր հետ։ Տեսնում էի, որ նա իրոք մտածում է իմ մասին»։
11. Ուսումնասիրողի հետ ժամանակ անցկացնելը ինչպե՞ս կարող է օգնել նրան։
11 Ինչպես Հիսուսն էր ժամանակ անցկացնում իր աշակերտների հետ, այնպես էլ դու կարող ես ժամանակ անցկացնել նրանց հետ, ում Աստվածաշունչ ես ուսուցանում (Հովհ. 3։22)։ Եթե հարմար է, հոգևորապես առաջադիմող ուսումնասիրողին կարող ես քո տուն հրավիրել, որպեսզի միասին սուրճ խմեք, ճաշեք կամ դիտեք հեռարձակման ամսական ծրագիրը։ Դա օգտակար կլինի հատկապես տոն օրերին, երբ նա գուցե իրեն միայնակ զգա։ Կազիբվեն, ով ապրում է Ուգանդայում, ասում է. «Կարծում եմ՝ ինձ ուսուցանողի հետ ժամանակ անցկացնելով՝ Եհովայի մասին այնքան բան էի սովորում, որքան մեր դասընթացների ժամանակ։ Տեսնում էի, որ Եհովան հոգ է տանում իր ծառաների մասին, և որ նրանք երջանիկ մարդիկ են։ Դա հենց այն էր, ինչի կարիքը ես ունեի»։
12. Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի դասընթացներին հրավիրես տարբեր քարոզիչների։
12 Աստվածաշնչի դասընթացներին հրավիրիր տարբեր քարոզիչների։ Երբեմն թերևս ավելի հեշտ լինի ուսումնասիրության գնալ մենակ կամ ամեն անգամ նույն քարոզչի հետ։ Թեև այդպես գուցե ավելի հարմար լինի քեզ համար, սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողը ավելի շատ օգուտներ կքաղի, եթե ժամանակ առ ժամանակ տարբեր քարոզիչների հրավիրես ուսումնասիրության։ Դմիտրին, ով ապրում է Մոլդովայում, ասում է. «Ինձ ուսուցանողը տարբեր քարոզիչների հետ էր գալիս։ Նրանցից յուրաքանչյուրը բացատրելու իր ուրույն ձևն ուներ։ Դա օգնում էր, որ քննարկվող նյութին տարբեր կողմերից նայեմ։ Բացի այդ, երբ առաջին անգամ գնացի ժողով, շատ չէի լարվել, քանի որ շատերին արդեն գիտեի»։
13. Ինչո՞ւ պետք է օգնենք ուսումնասիրողին հաճախել ժողովի հանդիպումներին։
13 Օգնիր ուսումնասիրողին հաճախել ժողովի հանդիպումներին։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Քանի որ Եհովան պատվիրել է իր ծառաներին միասին հավաքվել։ Դա մեր երկրպագության մի մասն է (Եբր. 10։24, 25)։ Բացի այդ՝ հավատակիցները մեր հոգևոր ընտանիքն են։ Երբ նրանց հետ ներկա ենք լինում հանդիպման, ասես տանը միասին ճաշելիս լինենք։ Օգնելով Աստվածաշունչ ուսումնասիրողին հաճախել հանդիպումներին՝ նպաստում ես այն բանին, որ նա կատարի մկրտության տանող ամենակարևոր քայլերից մեկը։ Բայց սկզբում նա գուցե որոշ խոչընդոտների բախվի։ «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկը կարող է օգնել նրան հաղթահարել այդ դժվարությունները։ Տեսնենք, թե ինչպես։
14. Ինչպե՞ս կարող ենք մղել ուսումնասիրողին, որ հաճախի ժողովի հանդիպումներին։
14 «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկի 10-րդ դասի օգնությամբ մղիր ուսումնասիրողին հաճախել հանդիպումներին։ Հմուտ քարոզիչները, ովքեր փորձարկել են այս դասը նախքան գրքի լույսընծայումը, մեծ հաջողությունների են հասել։ Ինչ խոսք, ուսումնասիրողին ժողովի հանդիպման հրավիրելու համար կարիք չկա սպասել, մինչև հասնեք 10-րդ դասին։ Նրան հրավիրիր հնարավորինս շուտ և ժամանակ առ ժամանակ հիշեցրու այդ մասին։ Տարբեր ուսումնասիրողներ տարբեր խոչընդոտների են բախվում։ Այդ պատճառով ուշադրություն դարձրու, թե ինչ կարիքներ ունի ուսումնասիրողը, և տես, թե ինչպես կարող ես գործնականում օգնել նրան։ Մի՛ հուսահատվիր, եթե նա անմիջապես չսկսի հաճախել հանդիպումներին։ Եղիր համբերատար, բայց հաստատակամ։
ՕԳՆԻՐ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԵՐԸ
15. Ի՞նչ վախեր գուցե ունենա ուսումնասիրողը։
15 Թերևս նախքան Եհովայի վկա դառնալը դու որոշ վախեր ունեիր։ Հնարավոր է՝ մտածում էիր, որ երբեք չես կարողանա հանրորեն քարոզել։ Կամ գուցե վախենում էիր, որ ընտանիքիդ անդամներն ու ընկերներդ կհալածեն քեզ։ Եթե ունեցել ես նման զգացումներ, ապա հեշտությամբ կհասկանաս Աստվածաշունչ ուսումնասիրողին։ Հիսուսը գիտեր, որ հնարավոր է՝ մարդիկ այդպիսի զգացումներ ունենային։ Ուստի իր հետևորդներին հորդորեց թույլ չտալ, որ վախը հետ պահի իրենց Եհովային ծառայելուց (Մատթ. 10։16, 17, 27, 28)։ Հիսուսն ինչպե՞ս օգնեց նրանց հաղթահարել վախերը։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան։
16. Ինչպե՞ս կարող ենք սովորեցնել ուսումնասիրողին իր հավատի մասին պատմել ուրիշներին։
16 Ուսումնասիրողին աստիճանաբար սովորեցրու իր հավատի մասին պատմել ուրիշներին։ Երբ Հիսուսը աշակերտներին ուղարկեց քարոզելու, նրանք թերևս լարվել էին։ Բայց նա օգնեց նրանց՝ ասելով, թե որտեղ քարոզեն և ինչի մասին խոսեն (Մատթ. 10։5–7)։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին։ Ուսումնասիրողին օգնիր տեսնել, թե որտեղ կարող է քարոզել։ Օրինակ՝ հարցրու նրան, թե գիտի արդյոք ինչ-որ մեկի, ում համար օգտակար կլիներ իմանալ աստվածաշնչյան որևէ ճշմարտություն։ Հետո սովորեցրու, թե ինչպես կարող է պարզ ձևով ներկայացնել այն։ Եթե հարմար ես գտնում, կարող եք միասին քննարկել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի «Ոմանք ասում են»/«Ոմանք գուցե հարցնեն» բաժնում տեղ գտած մտքերը։ Դրանք քննարկելիս սովորեցրու ուսումնասիրողին Աստվածաշնչի միջոցով պարզ ու նրբանկատ պատասխաններ տալ։
17. Մատթեոս 10։19, 20 և 29–31 համարների միջոցով ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին, որ վստահի Եհովային։
17 Սովորեցրու վստահել Եհովային։ Հիսուսն իր աշակերտներին հավաստիացրեց, որ Եհովան կօգնի, քանի որ սիրում է իրենց (կարդա Մատթեոս 10։19, 20, 29–31)։ Վստահեցրու ուսումնասիրողին, որ Եհովան իրեն էլ կաջակցի։ Նրա հետ իր նպատակների մասին աղոթելով՝ կօգնես, որ ապավինի Եհովային։ Լեհաստանում ապրող մի եղբայր ասում է. «Երբ տեսա, թե Եհովան ինչպես է պատասխանում ինձ ուսուցանողի աղոթքներին, ես էլ սկսեցի աղոթել։ Երբ նոր էի աշխատանքի ընդունվել, պետք է խնդրեի, որ ինձ թույլ տային ազատ օրեր վերցնել ժողովի հանդիպումներին և եռօրյա համաժողովին մասնակցելու համար։ Զգացի, թե Եհովան ինչպես օգնեց ինձ այդ հարցում»։
18. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում Աստվածաշունչ ուսուցանողների ներդրած ջանքերին։
18 Եհովան սիրով հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր ուսումնասիրում են իր Խոսքը։ Նա թանկ է գնահատում Աստվածաշունչ ուսուցանողների ջանքերը և սիրում է նրանց, քանի որ ամեն բան անում են, որ օգնեն ուսումնասիրողներին մտերմանալ իր հետ (Ես. 52։7)։ Անգամ եթե Աստվածաշնչի դասընթաց չես անցկացնում, միևնույն է, դու կարող ես օգնել մարդկանց առաջադիմել և հասնել մկրտության՝ համագործակցելով այն քարոզիչների հետ, ովքեր ուսուցանում են նրանց։
ԵՐԳ 60 Նրանք կապրեն, եթե լսեն
a Հոդվածից կիմանանք, թե ինչպես էր Հիսուսը օգնում մարդկանց դառնալ իր աշակերտները, և կտեսնենք, թե ինչպես կարող ենք նրան ընդօրինակելով՝ օգնել մարդկանց հասնել մկրտության։ Նաև կծանոթանանք «Վայելիր կյանքը հավիտյան» նոր գրքի որոշ առանձնահատկությունների։ Գրքի նպատակն է օգնել ուսումնասիրողներին հոգևորապես առաջադիմել և հասնել մկրտության։
b Կյանքից վերցված օրինակներ կարող ես գտնել նաև 1) «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Աստվածաշունչ» թեմայի «Գործնական արժեքը» վերնագրի «Աստվածաշունչը փոխում է կյանքերը («Դիտարանի» խորագիր)» ենթավերնագրի տակ և 2) JW Library® հավելվածի «Մեդիա» բաժնի «Հարցազրույցներ և կյանքի օրինակներ» ենթաբաժնում։
c ՆԿԱՐ։ Եղբայրը իր կնոջ հետ Աստվածաշունչ է ուսուցանում մի երիտասարդի։ Նա նաև հրավիրում է տարբեր եղբայրների՝ մասնակցելու ուսումնասիրությանը։