Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25

«Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին»

«Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին»

«Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց» (ԵԶԵԿ. 34։11

ԵՐԳ 105 «Աստված սեր է»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ առումով է Եհովան նման կերակրող մոր։

 «ՄԻ՞ԹԵ կինը կարող է մոռանալ իր կաթնակեր երեխային»։ Այս հարցը Եհովան տվեց իր ժողովրդին Եսայիա մարգարեի օրերում։ Այնուհետև հավաստիացրեց. «Նույնիսկ նա կարող է մոռանալ, բայց ես չեմ մոռանա քեզ» (Ես. 49։15)։ Եհովան իրեն հազվադեպ է համեմատում մոր հետ։ Սակայն այս դեպքում նա մոր և մանկիկի միջև եղած ջերմ կապվածության օրինակով ցույց տվեց, թե որքան խոր զգացմունքներ ունի իր ծառաների նկատմամբ։ Շատ մայրեր կհամաձայնեն Ժասմին b անունով մի քրոջ հետ, ով ասում է. «Երբ կերակրում ես մանկիկիդ, մի յուրահատուկ կապ է ստեղծվում քո ու երեխայիդ միջև, որը մնում է ողջ կյանքի ընթացքում»։

2. Ի՞նչ է զգում Եհովան, երբ իր զավակներից մեկը ոչ ակտիվ է դառնում։

2 Եհովան նկատում է, երբ իր զավակներից անգամ մեկը դադարում է հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել քարոզչական ծառայությանը։ Միայն պատկերացրու, թե ինչ ցավ է զգում նա՝ տեսնելով, որ ամեն տարի իր ծառաներից հազարավորներ ոչ ակտիվ c են դառնում։

3. Ի՞նչ է Եհովան ուզում։

3 Այս թանկագին եղբայրներից ու քույրերից շատերը վերադառնում են ժողով, որտեղ նրանց սրտաբաց սպասում են։ Եհովան ուզում է, որ նրանք վերադառնան, մենք՝ նույնպես (1 Պետ. 2։25)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։ Նախ եկեք տեսնենք, թե ինչու են ոմանք դադարում հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել քարոզչական ծառայությանը։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԴԱԴԱՐՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

4. Ինչպե՞ս կարող է աշխատանքն ազդել ոմանց վրա։

4 Ոմանց համար աշխատանքը դարձել է կյանքում ամենակարևոր բանը։ Հարավարևելյան Ասիայում ապրող Հանգ անունով մի եղբայր ասում է. «Ես թույլ էի տվել, որ աշխատանքը կլաներ իմ ողջ ժամանակն ու ուժերը։ Անմտորեն կարծում էի, որ եթե ֆինանսապես ապահովված լինեմ, ավելի լավ կկարողանամ ծառայել Եհովային։ Դրա համար սկսեցի ավելի շատ աշխատել ու էլ չէի հասցնում հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին։ Ի վերջո դադարեցի ժողով գնալ։ Այս աշխարհը այնպիսին է, որ կարող է մեզ աստիճանաբար հեռացնել Աստծուց»։

5. Խնդիրներն ու դժվարությունները ինչպե՞ս ազդեցին մի քրոջ վրա։

5 Որոշ եղբայրներ և քույրեր բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների պատճառով ուժասպառ են եղել։ Էնը, ով ապրում է Անգլիայում և հինգ երեխաների մայր է, պատմում է. «Փոքր տղաս ծնվեց առողջական լուրջ խնդիրներով։ Ավելի ուշ աղջիկներիցս մեկը զրկվեց ընկերակցությունից։ Իսկ մյուս տղաս ձեռք բերեց հոգեկան հիվանդություն։ Այս ամենի պատճառով այնքան էի վհատվել, որ այլևս չէի գնում ժողով ու չէի մասնակցում քարոզչական ծառայությանը։ Ի վերջո դարձա ոչ ակտիվ»։ Մեր սիրտը ցավում է Էնի, նրա ընտանիքի, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր նման խնդիրների են բախվում։

6. Կողոսացիներ 3։13-ում գրված խորհուրդն անտեսելը ինչպե՞ս կարող է անհատին հեռացնել Եհովայի ժողովրդից։

6 Կարդա Կողոսացիներ 3։13։ Եհովայի ծառաներից ոմանք էլ վիրավորվել են հավատակիցներից։ Պողոս առաքյալի խոսքերից հասկանում ենք, որ հնարավոր է՝ իրար դեմ գանգատվելու հիմնավոր պատճառ ունենանք։ Կարող է նույնիսկ այնպես լինել, որ մեզ հետ իրոք անարդարացի վարվեն։ Եթե զգույշ չլինենք, գուցե բարկանանք, դառնությամբ լցվենք և ի վերջո հեռանանք ժողովից։ Նկատի առնենք Պաբլոյի օրինակը, ով ապրում է Հարավային Ամերիկայում։ Նրան անարդարացիորեն մեղադրեցին սխալ արարքի մեջ, ինչի հետևանքով նա կորցրեց ժողովում ունեցած առանձնաշնորհումները։ Ինչպե՞ս եղբայրը արձագանքեց։ Պաբլոն պատմում է. «Դա ինձ շատ բարկացրեց, և ես աստիճանաբար հեռացա Եհովայի ժողովրդից»։

7. Մեղավորության զգացումը ինչպե՞ս կարող է ազդել անհատի վրա։

7 Որոշ հավատակիցների տանջում է մեղավորության զգացումը։ Անցյալում գործած մեղքերի պատճառով նրանք մտածում են, որ արժանի չեն Աստծու սիրուն։ Անգամ զղջալուց ու ներում ստանալուց հետո նրանք գուցե մտածեն, որ չեն կարող Աստծու ժողովրդի մի մասը լինել։ Ֆրանսիսկո անունով մի եղբայր նմանատիպ զգացումներ ուներ։ Նա պատմում է. «Անբարոյականություն գործելու համար ես հանդիմանություն ստացա։ Թեև սկզբում հաճախում էի հանդիպումներին, սակայն հետո վհատության գիրկն ընկա և սկսեցի մտածել, որ արժանի չեմ Աստծու ժողովրդի մեջ լինել։ Խիղճս տանջում էր։ Համոզված էի, որ Եհովան ինձ չի ներել։ Ժամանակի ընթացքում հեռացա ժողովից»։ Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես այն եղբայրների ու քույրերի մասին, ովքեր հայտնվել են վերոնշյալ իրավիճակներում։ Կարեկցո՞ւմ ես նրանց։ Իսկ որ ամենակարևորն է՝ ի՞նչ է Եհովան զգում նրանց հանդեպ։

ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ԳԱՌՆՈՒԿՆԵՐԻՆ

Իսրայելացի հովիվը հոգ է տանում գառնուկին, որը մոլորվել էր (տես պարբերություն 8–9) e

8. Արդյո՞ք Եհովան մոռանում է իր այն ծառաներին, ովքեր դարձել են ոչ ակտիվ։ Բացատրիր։

8 Եհովան չի մոռանում իր այն ծառաներին, ովքեր ոչ ակտիվ են դարձել, ոչ էլ մոռանում է ծառայության մեջ նրանց կատարած աշխատանքը (Եբր. 6։10)։ Եսայիա մարգարեն գեղեցիկ կերպով նկարագրում է, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ժողովրդի մասին. «Հովվի պես նա հովվելու է իր հոտը։ Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց» (Ես. 40։11)։ Ի՞նչ է զգում Մեծ Հովիվը, երբ իր գառներից մեկը հեռանում է հոտից։ Հիսուսը դա հիանալի կերպով նկարագրեց, երբ իր աշակերտներին ասաց. «Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկ մոլորվածին։ Եվ եթե գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, նա այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել» (Մատթ. 18։12, 13

9. Աստվածաշնչյան ժամանակներում ինչպե՞ս էին հովիվները վերաբերվում իրենց հոտին (տես ամսագրի շապիկի նկարը)։

9 Տեղին է Եհովային համեմատել հովվի հետ, քանի որ աստվածաշնչյան ժամանակներում հովիվները շատ հոգատար էին իրենց գառների հանդեպ։ Դավիթը, օրինակ, իր հոտը պաշտպանելու համար կռվեց առյուծի և արջի դեմ (1 Սամ. 17։34, 35)։ Լավ հովիվը անմիջապես նկատում էր, երբ հոտից անգամ մի գառնուկ պակասում էր (Հովհ. 10։3, 14)։ Նա թողնում էր մնացած իննսունինը գառներին ախոռում կամ այլ հովվի հոգածության տակ և գնում էր մոլորված գառնուկին փնտրելու։ Այս օրինակով Հիսուսը մի կարևոր ճշմարտություն սովորեցրեց. «Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթ. 18։14

Իսրայելացի հովիվը հոգ է տանում իր գառնուկի մասին, որը կորել էր (տես պարբերություն 9)

ԵՀՈՎԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐ ԿՈՐԱԾ ԳԱՌՆԵՐԻՆ

10. Եզեկիել 34։11–16 համարներում Եհովան ի՞նչ է խոստանում անել իր կորած գառների համար։

10 Եհովան սիրում է բոլորիս, այդ թվում՝ նրանց, ովքեր հեռացել են հոտից։ Եզեկիել մարգարեի միջոցով Եհովան խոստացել է, որ կփնտրի իր կորած գառներին և կօգնի նրանց հոգևորապես ապաքինվել։ Նա նշում է, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու նրանց փրկելու համար։ Այդպիսի քայլեր էր ձեռնարկում նաև իսրայելացի հովիվը, երբ իր գառներից մեկը կորչում էր (կարդա Եզեկիել 34։11–16)։ Հովիվը նախևառաջ սկսում էր փնտրել իր գառնուկին, ինչի համար գուցե շատ ժամանակ և ջանքեր պահանջվեր։ Գտնելուց հետո նրան բերում էր փարախ։ Այնուհետև, եթե գառնուկը վիրավոր էր ու հյուծված, հովիվը հոգ էր տանում նրա մասին՝ վիրակապ էր դնում վերքերին, կերակրում էր և իր գրկում պահում։ «Աստծու հոտի» հովիվները՝ երեցները, այս նույն քայլերը պետք է անեն ժողովից հեռացած անհատին օգնելու համար (1 Պետ. 5։2, 3)։ Երեցները փնտրում են ոչ ակտիվ հավատակիցներին, օգնում են նրանց վերադառնալ ժողով և սիրով աջակցում, որ հոգևորապես ոտքի կանգնեն։ d

11. Ի՞նչ էր հասկանում լավ հովիվը։

11 Լավ հովիվը հասկանում էր, որ գառնուկը կարող է մոլորվել։ Ու երբ դա տեղի էր ունենում, նա չէր զայրանում ու կոպտորեն չէր վերաբերվում նրան։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Եհովան օգնեց իր ծառաներից ոմանց, ովքեր մի պահ շեղվել էին։

12. Եհովան ինչպե՞ս վարվեց Հովնանի հետ։

12 Հովնան մարգարեն չցանկացավ կատարել իր հանձնարարությունը։ Բայց Եհովան ձեռք չքաշեց նրանից։ Լավ հովվի նման նա օգնության հասավ և զորացրեց Հովնանին, որ վերջինս կարողանա կատարել իր հանձնարարությունը (Հովն. 2։7; 3։1, 2)։ Հետագայում Աստված դդմենու միջոցով օգնեց նրան հասկանալ, թե որքան թանկ է մարդու կյանքը (Հովն. 4։10, 11)։ Ի՞նչ ենք սովորում։ Երեցները չպետք է անմիջապես ձեռք քաշեն նրանցից, ովքեր ոչ ակտիվ են դարձել։ Փոխարենը՝ նրանք պետք է ձգտեն հասկանալ, թե ինչու է գառնուկը հեռացել հոտից։ Իսկ երբ նա վերադառնա Եհովայի մոտ, երեցները կշարունակեն սեր ու հոգատարություն ցույց տալ նրա հանդեպ։

13. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Եհովան արձագանքեց սաղմոսերգուի խոսքերին։

13 73-րդ սաղմոսը գրողը, տեսնելով, որ չար մարդիկ բարգավաճում են, վհատվեց։ Նա սկսեց կասկածել, թե արդյոք արժե կատարել Աստծու կամքը (Սաղ. 73։12, 13, 16)։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա չքննադատեց նրան։ Եհովան նույնիսկ հոգ տարավ, որ նրա խոսքերը դառնան Աստվածաշնչի մի մասը։ Ի վերջո սաղմոսերգուն հասկացավ, որ կյանքում ոչինչ այնքան արժեքավոր չէ, որքան Եհովայի հետ մտերմությունը (Սաղ. 73։23, 24, 26, 28)։ Ի՞նչ ենք սովորում։ Երեցները չպետք է շտապեն դատել այն հավատակիցներին, ովքեր սկսում են մտածել, թե Եհովային ծառայելը իմաստ չունի։ Քննադատելու փոխարեն՝ նրանք պետք է փորձեն հասկանալ, թե ինչու է անհատը այս կամ այն բանն ասում կամ անում։ Միայն դրանից հետո կկարողանան Աստվածաշնչի միջոցով քաջալերել և համապատասխան օգնություն տրամադրել։

14. Եղիան ի՞նչ վիճակում էր հայտնվել, և ինչպե՞ս Եհովան օգնեց նրան։

14 Եղիա մարգարեն փախչում էր Հեզաբել թագուհուց (1 Թագ. 19։1–3)։ Նա կարծում էր, թե Եհովայի մարգարեներից միայն ինքն է մնացել, և որ իր ծառայությունը իզուր է։ Եղիան այնքան ընկճված էր, որ ուզում էր մեռնել (1 Թագ. 19։4, 10)։ Քննադատելու փոխարեն՝ Եհովան նրան հավաստիացրեց, որ նա մենակ չէ, կարող է ապավինել իր զորությանը և որ դեռ շատ գործ ունի անելու։ Նա համբերությամբ լսեց Եղիայի մտահոգությունները և նոր հանձնարարություններ տվեց նրան (1 Թագ. 19։11–16, 18)։ Ի՞նչ ենք սովորում։ Բոլորս, հատկապես երեցները, պետք է բարությամբ վերաբերվենք Աստծու ծառաներին։ Անկախ նրանից անհատը դառնացած է, թե մտածում է՝ արժանի չէ Եհովայի ներողամտությանը, երեցները պետք է ուշադիր լսեն, երբ նա խոսում է իր զգացմունքների մասին։ Այնուհետև պետք է հավաստիացնեն, որ Եհովան սիրում է իրեն։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՄՈԼՈՐՎԱԾ ԳԱՌՆԵՐԻՆ

15. Ըստ Հովհաննես 6։39-ի՝ ի՞նչ վերաբերմունք ուներ Հիսուսը իր Հոր գառների նկատմամբ։

15 Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Եհովայի մոլորված գառներին։ Ի՞նչ է ակնկալում Եհովան։ Այս հարցում լավ օրինակ է թողել Հիսուսը։ Նա գիտեր, որ Եհովայի աչքում իր ծառաները շատ թանկ են, ուստի հնարավոր ամեն բան արեց, որ օգնի «Իսրայելի տան կորած ոչխարներին» վերադառնալ Եհովայի մոտ (Մատթ. 15։24; Ղուկ. 19։9, 10)։ Որպես բարի հովիվ՝ Հիսուսը ամեն ինչ արեց, որպեսզի իր Հոր գառներից ոչ մեկը չկորչի (կարդա Հովհաննես 6։39

16–17. Երեցները ի՞նչ տեսակետ պետք է ունենան Եհովայի կորած գառներին օգնելու վերաբերյալ (տես « Ի՞նչ զգացումներ գուցե ունենա կորած գառնուկը» շրջանակը)։

16 Պողոս առաքյալը Եփեսոսի ժողովի երեցներին հորդորեց ընդօրինակել Հիսուսին։ Նա գրեց. «Դուք պետք է օգնեք թույլերին և հիշեք Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»» (Գործ. 20։17, 35)։ Հստակ է, որ այսօր Եհովայի ժողովրդի մասին հոգ տանելու հարցում երեցները մեծ պատասխանատվություն ունեն։ Սալվադոր անունով մի երեց, ով ապրում է Իսպանիայում, ասում է. «Երբ մտածում եմ, թե որքան հոգատար է Եհովան իր կորած գառների հանդեպ, մեջս մեծ ցանկություն է առաջանում հնարավորությանս սահմաններում ամեն ինչ անել նրանց օգնելու համար։ Վստահ եմ, որ Եհովան հենց դա է ակնկալում»։

17 Բոլոր նրանք, ում մասին խոսվեց այս հոդվածում, օգնություն ստացան և վերադարձան Եհովայի մոտ։ Դեռ շատ կորած գառնուկներ կան, ովքեր ցանկանում են նույնն անել։ Հաջորդ հոդվածում ավելի մանրամասն կքննենք, թե ինչպես կարող ենք օգնել ոչ ակտիվ դարձած մեր հավատակիցներին։

ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում

a Տարիներ շարունակ Եհովային հավատարմորեն ծառայելուց հետո ոմանք հեռանում են ժողովից։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է Աստված վերաբերվում նրանց։ Հոդվածում կգտնենք այս հարցերի պատասխանները։ Նաև կիմանանք, թե աստվածաշնչյան ժամանակներում ինչպես է Եհովան օգնել իր այն ծառաներին, ովքեր մի պահ շեղվել էին իր կամքը կատարելուց, և թե ինչ կարող ենք սովորել դրանից։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

c ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Ոչ ակտիվ է համարվում այն քարոզիչը, ով առնվազն վեց ամիս քարոզչական ծառայության հաշվետվություն չի հանձնել։ Նույնիսկ եթե մեր հավատակիցներից ոմանք ոչ ակտիվ են դառնում, մենք շարունակում ենք սիրել նրանց. չէ՞ որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են։

d Հաջորդ հոդվածում քննարկվում է, թե երեցները ինչպես կարող են այս երեք քայլերը անել։

e ՆԿԱՐ։ Իսրայելացի հովիվը անհանգստացած փնտրում է կորած գառնուկին և վերադարձնում նրան փարախ։ Այսօր հոգևոր հովիվները նույնն են անում։

f ՆԿԱՐ։ Ոչ ակտիվ դարձած քույրը ավտոբուսից նայում է, թե ինչպես են երկու Վկաներ ուրախությամբ հրապարակային վկայություն տալիս։