Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43

Նա քեզ կզորացնի. ինչպե՞ս

Նա քեզ կզորացնի. ինչպե՞ս

«[Եհովան].... հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 ՊԵՏ. 5։10

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչպե՞ս էին Աստծու ծառաները զորություն ստանում անցյալում։

 ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔՈՒՄ Եհովայի հավատարիմ ծառաները հաճախ նկարագրվում են որպես զորեղ մարդիկ։ Բայց նրանք միշտ չէ, որ իրենց ուժեղ են զգացել։ Օրինակ՝ Դավիթ թագավորը երբեմն իրեն «սարի պես ամուր էր» զգում, բայց լինում էին պահեր, երբ նա «վախով էր համակվում» (Սաղ. 30։7, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ. անգլ.)։ Իսկ Սամսոնը, ով թեև Աստծուց ստացած արտասովոր ուժ ուներ, գիտեր, որ, առանց Աստծու օգնության, «կթուլանա ու մնացած բոլոր մարդկանց նման կդառնա» (Դատ. 14։5, 6; 16։17)։ Այս հավատարիմ մարդիկ ուժեղ էին միայն այն բանի շնորհիվ, որ Եհովան էր զորացնում իրենց։

2. Ինչո՞ւ էր Պողոս առաքյալն ասում, որ միևնույն ժամանակ և՛ տկար է, և՛ զորավոր (2 Կորնթացիներ 12։9, 10

2 Պողոս առաքյալը նույնպես գիտակցում էր, որ Եհովայի տված ուժի կարիքն ունի (կարդա 2 Կորնթացիներ 12։9, 10)։ Մեզանից շատերի պես նա պայքարում էր առողջական խնդիրների դեմ (Գաղ. 4։13, 14)։ Բացի այդ՝ նա էլ էր դժվարանում անել այն, ինչ ճիշտ է (Հռոմ. 7։18, 19)։ Իսկ երբեմն առաքյալը անհանգստության և անորոշության զգացում էր ունենում (2 Կորնթ. 1։8, 9)։ Այդուհանդերձ, երբ նա թույլ էր, այդ ժամանակ էր զորավոր։ Ինչպե՞ս։ Պատճառն այն է, որ Եհովան Պողոսին տալիս էր անհրաժեշտ զորությունը, որպեսզի նա կարողանար դիմանալ դժվարություններին։

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածից։

3 Եհովան խոստանում է, որ մեզ էլ կզորացնի (1 Պետ. 5։10)։ Բայց մենք չպետք է ակնկալենք, որ առանց ջանքեր թափելու կստանանք այդ զորությունը։ Պատկերացնենք օրինակով։ Ավտոմեքենայի շարժիչը կարող է մեքենային առաջ տանել, բայց եթե վարորդը չսեղմի գազի ոտնակը, ավտոմեքենան տեղից չի շարժվի։ Նմանապես, թեև Եհովան պատրաստ է տալու մեզ անհրաժեշտ ուժը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք դրանից օգտվելու համար։ Իսկ ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ, և մենք ի՞նչ պետք է անենք նրանից զորություն ստանալու համար։ Այս հարցերի պատասխանները կիմանանք՝ քննելով, թե ինչպես է Եհովան զորացրել անցյալում ապրած երեք հավատարիմ անհատների՝ Հովնան մարգարեին, Հիսուսի մայր Մարիամին և Պողոս առաքյալին։ Կիմանանք նաև, թե ինչպես է Եհովան այսօր զորացնում իր հավատարիմ ծառաներին։

ԶՈՐԱՑԻՐ ԱՂՈԹՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

4. Ինչպե՞ս կարող ենք ուժ ստանալ Եհովայից։

4 Եհովայից ուժ ստանալու կերպերից մեկը նրան աղոթքով դիմելն է։ Ի պատասխան մեր աղոթքների՝ Եհովան «սովորականին գերազանցող ուժը» կտա մեզ (2 Կորնթ. 4։7)։ Մենք կարող ենք զորանալ նաև, եթե կարդանք նրա Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ (Սաղ. 86։11)։ Չէ՞ որ մեզ ուղղված Եհովայի խոսքերը, որոնք գրված են Աստվածաշնչում, «զորեղ» են (Եբր. 4։12)։ Եթե աղոթես Եհովային և կարդաս նրա Խոսքը, կստանաս անհրաժեշտ զորությունը, որպեսզի կարողանաս դիմանալ, պահպանել ուրախությունդ և կատարել քեզ տրված ցանկացած դժվար հանձնարարություն։ Տեսնենք, թե Եհովան ինչպես է զորացրել Հովնան մարգարեին։

5. Հովնանը ինչո՞ւ զորության կարիք ուներ։

5 Հովնան մարգարեն զորանալու կարիք ուներ։ Նա վախենում էր կատարել այն հանձնարարությունը, որ Եհովան տվել էր իրեն, ուստի նավ էր նստել, որ գնար հակառակ ուղղությամբ։ Արդյունքում ծովում ուժգին փոթորիկ է սկսվում, և նրա ու այդ նավում գտնվող մյուս մարդկանց կյանքը վտանգի է ենթարկվում։ Հովնանին ծովն են նետում, և մի մեծ ձուկ կուլ է տալիս նրան։ Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ էր զգում Հովնանը ձկան փորում՝ այդ մութ և սարսափելի միջավայրում։ Թերևս նա մտածում էր, որ շուտով կմահանա։ Գուցե նա նաև մտածում էր, որ Եհովան լքել է իրեն։ Ամենայն հավանականությամբ, Հովնանը շատ վհատված էր։

Ինչպե՞ս կարող ենք Հովնան մարգարեի պես զորանալ, երբ բախվում ենք դժվարությունների (տես պարբերություն 6-9)

6. Հովնան 2։1, 2, 7 համարների համաձայն՝ ի՞նչը զորացրեց Հովնանին, երբ նա ձկան փորում էր։

6 Իսկ ի՞նչը զորացրեց Հովնանին ձկան փորում, որտեղ նա մենակ էր։ Նախ՝ նա աղոթեց (կարդա Հովնան 2։1, 2, 7)։ Ճիշտ է, նա չէր հնազանդվել Եհովային, բայց քանի որ զղջացել էր, համոզված էր, որ Եհովան կլսի իր խոնարհ աղոթքը։ Հովնանը նաև խորհրդածում էր Սուրբ Գրքերի շուրջ։ Որտեղի՞ց գիտենք։ Հովնան 2-րդ գլխում արձանագրված նրա աղոթքում օգտագործված են շատ բառեր ու արտահայտություններ, որոնք հանդիպում են «Սաղմոսներ» գրքում (օրինակ՝ համեմատիր Հովնան 2։2, 5 և Սաղմոս 69։1; 86։7 համարները)։ Հստակ է, որ Հովնանը լավ գիտեր աստվածաշնչյան այդ արձանագրությունները և դժվար պահին դրանց շուրջ խորհրդածելով՝ համոզվածությամբ լցվեց, որ Եհովան կաջակցի իրեն։ Այն բանից հետո, երբ Եհովան ազատեց Հովնանին ձկան փորից, վերջինս պատրաստ էր ընդունելու և կատարելու նրա տված հանձնարարությունը (Հովն. 2։10-3։4

7-8. Ինչպե՞ս է Թայվանում ապրող մի եղբայր իր փորձությունների ժամանակ զորություն ստանում Եհովայից։

7 Երբ տարբեր դժվարությունների միջով ենք անցնում, Հովնանի օրինակը կարող է օգտակար լինել մեզ համար։ Օրինակ՝ Ժըմինգ b անունով մի եղբայր, ով ապրում է Թայվանում, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Բացի այդ՝ իր հավատի համար նա դաժան հալածանքի է ենթարկվում իր ընտանիքի կողմից։ Բայց աղոթքի և ուսումնասիրության միջոցով նա Եհովայից ուժ է ստանում։ Եղբայրն ասում է. «Երբ խնդիրներս գլուխ են բարձրացնում, երբեմն այնքան եմ անհանգստանում, որ չեմ կարողանում հանդարտվել և անձնական ուսումնասիրություն անել»։ Բայց Ժըմինգը թևաթափ չի լինում։ Նա ասում է. «Նախ՝ աղոթում եմ Եհովային, հետո՝ դնում ականջակալներս և լսում Թագավորության երգերը։ Երբեմն էլ ցածրաձայն երգում եմ մեր երգերը, մինչև որ ներսս խաղաղվի։ Հետո՝ սկսում եմ անձնական ուսումնասիրություն անել»։

8 Անձնական ուսումնասիրությունը զորացրել է Ժըմինգին, որ դիմանա դժվար իրավիճակներում։ Օրինակ՝ երբ նրա օրգանիզմը վերականգնվում էր լուրջ վիրահատությունից հետո, բուժքույրերից մեկն ասաց, որ արյան փոխներարկման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ նրա արյան մեջ կարմիր գնդիկների քանակը ցածր է։ Վիրահատության նախորդ գիշերը Ժըմինգը կարդացել էր մի քրոջ մասին, ով նմանատիպ վիրահատություն էր տարել։ Այդ քույրը հրաժարվել էր արյան փոխներարկումից և կարողացել էր վերականգնվել, թեև նրա արյան կարմիր գնդիկների քանակը շատ ավելի ցածր էր եղել։ Այդ օրինակը զորացրել էր Ժըմինգին, որ հավատարիմ մնա։

9. Ի՞նչ կարող ես անել, եթե փորձության պատճառով քեզ թույլ ես զգում (տես նաև նկարները)։

9 Եղե՞լ է այնպես, որ փորձության ժամանակ միտքդ այնքան անհանգիստ լինի, որ չկարողանաս աղոթել, կամ այնքան թույլ զգաս, որ ի վիճակի չլինես անձնական ուսումնասիրություն անելու։ Նման պահերի հիշիր, որ Եհովան շատ լավ է հասկանում քո իրավիճակը։ Ուստի եթե կարողանում ես ընդամենը մի պարզ աղոթք անել, համոզված եղիր, որ Եհովան կտա քեզ հենց այն, ինչի կարիքն ունես (Եփես. 3։20)։ Եթե ֆիզիկական կամ զգացական առումով այնպիսի վիճակում ես, որ չես կարողանում կարդալ կամ ուսումնասիրել, լսիր Աստվածաշնչի կամ դրա վրա հիմնված մեր հրատարակությունների ձայնագրությունները։ Կարող ես նաև jw.org կայքում լսել մեր երգերից մեկը կամ դիտել մի տեսանյութ։ Եհովան ուզում է զորացնել քեզ։ Դու կստանաս անհրաժեշտ զորությունը, եթե աղոթես նրան և աղոթքիդ պատասխանը գտնելու համար կարդաս Աստվածաշունչը և օգտվես Եհովայի տրամադրած մյուս բոլոր միջոցներից։

ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԴ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՈՐԱՑՆԵԼ ՔԵԶ

10. Ինչպե՞ս են մեր հավատակիցները զորացնում մեզ։

10 Եհովան կարող է զորացնել մեզ մեր հավատակիցների միջոցով։ Նրանք կարող են «զորավիգ լինել» մեզ, երբ փորձությունների միջով ենք անցնում կամ դժվար հանձնարարություն ստանում (Կող. 4։10, 11)։ Մենք ընկերների կարիք ունենք հատկապես «նեղ օրերին» (Առակ. 17։17)։ Երբ մեզ թույլ ենք զգում, մեր հավատակիցները կարող են աջակցել մեզ ֆիզիկական, զգացական և հոգևոր առումներով։ Տեսնենք, թե Հիսուսի մայր Մարիամը ինչպես զորացավ՝ ընդունելով ուրիշների օգնությունը։

11. Մարիամն ինչո՞ւ զորանալու կարիք ուներ։

11 Մարիամը զորանալու կարիք ուներ, քանի որ Գաբրիել հրեշտակի միջոցով մի շատ պատասխանատու հանձնարարություն էր ստացել։ Թեև նա դեռ ամուսնացած չէր, բայց պետք է հղիանար։ Նա երեխաներ մեծացնելու փորձ չուներ, բայց պետք է հոգ տաներ մի երեխայի մասին, որը ապագայում դառնալու էր Մեսիան։ Բացի այդ՝ Մարիամի համար դժվար էր լինելու իր նշանածին՝ Հովսեփին, ասել, որ թեև ոչ ոքի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, բայց հղի է (Ղուկ. 1։26-33

12. Ղուկաս 1։39-45 համարների համաձայն՝ Մարիամը ինչպե՞ս ստացավ անհրաժեշտ զորությունը։

12 Ինչպե՞ս Մարիամը ուժ գտավ, որ կարողանա կատարել այդ անսովոր ու դժվար հանձնարարությունը։ Նա դիմեց ուրիշների օգնությանը։ Օրինակ՝ նա խնդրեց Գաբրիել հրեշտակին, որ հավելյալ մանրամասներ հայտնի իր հանձնարարության հետ կապված (Ղուկ. 1։34)։ Դրանից կարճ ժամանակ անց նա ուղևորվեց դեպի Հուդայի «լեռնային շրջաններ»՝ այցելելու իր բարեկամուհուն՝ Եղիսաբեթին։ Իրականում, արժեր այդպես վարվել, քանի որ Եղիսաբեթը գովեց Մարիամին և Եհովայից ներշնչված՝ մի քաջալերական մարգարեություն հայտնեց նրա՝ դեռ չծնված որդու վերաբերյալ (կարդա Ղուկաս 1։39-45)։ Մարիամն ասաց, որ Եհովան «զորավոր գործեր արեց իր բազկով» (Ղուկ. 1։46-51)։ Ինչպես տեսանք, Եհովան Գաբրիել հրեշտակի ու Եղիսաբեթի միջոցով զորացրեց Մարիամին։

13. Ի՞նչ օգուտներ քաղեց Բոլիվիայում ապրող մի քույր՝ դիմելով հավատակիցների օգնությանը։

13 Մարիամի պես դու էլ կարող ես զորանալ քո հավատակիցների միջոցով։ Բոլիվիայում ապրող Դասուրի անունով մի քույր զորանալու կարիք ուներ։ Երբ բժիշկները հայտնաբերեցին, որ նրա հայրը մահացու հիվանդ է, և հիվանդանոց պառկեցրին նրան, Դասուրին պատրաստակամորեն ստանձնեց իր հորը հոգ տանելու պատասխանատվությունը (1 Տիմոթ. 5։4)։ Ինչ խոսք, դժվար պահեր լինում էին։ Քույրն ասում է. «Հաճախ ինձ թվում էր, որ այլևս չեմ կարող դիմանալ»։ Իսկ նա դիմո՞ւմ էր ուրիշների օգնությանը։ Սկզբում՝ ոչ։ Դասուրին բացատրում է. «Ես չէի ուզում բեռ լինել հավատակիցներիս համար։ Մտածում էի, որ ինձ Եհովան է օգնելու։ Բայց հետո հասկացա, որ մեկուսանալով փորձում էի միայնակ լուծել իմ խնդիրները» (Առակ. 18։1)։ Դասուրին որոշեց ստեղծված իրավիճակի մասին գրել իր ընկերներից մի քանիսին։ Նա ասում է. «Խոսքերով չեմ կարող նկարագրել, թե իմ սիրելի հավատակիցները որքան զորացրին ինձ։ Նրանք ուտելիք էին բերում հիվանդանոց և ինձ համար Աստվածաշնչից քաջալերական համարներ ընթերցում։ Սիրտդ ջերմանում է այն մտքից, որ դու մենակ չես։ Մենք պատկանում ենք Եհովայի մեծ ընտանիքին, ընտանիք, որի անդամները պատրաստ են օգնության ձեռք մեկնելու, լաց լինելու և պայքարելու քեզ հետ»։

14. Ինչո՞ւ պետք է ընդունենք երեցների օգնությունը։

14 Եհովան մեզ զորացնում է նաև երեցների միջոցով։ Այդ թանկ պարգևների օգնությամբ նա ամրապնդում և թարմացնում է մեզ (Ես. 32։1, 2)։ Ուստի երբ մտահոգություններ ես ունենում, դրանց մասին պատմիր երեցներին և մի՛ վարանիր ընդունել նրանց առաջարկած օգնությունը. չէ՞ որ նրանց միջոցով Եհովան կարող է զորացնել քեզ։

ԶՈՐԱՑԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍՈՎ

15. Ի՞նչ հույս ունեն բոլոր քրիստոնյաները։

15 Աստվածաշնչի վրա հիմնված մեր հույսը կարող է զորացնել մեզ (Հռոմ. 4։3, 18-20)։ Մենք հավիտյան ապրելու անգին հույս ունենք։ Մեզանից ոմանք հույս ունեն ապրելու երկնքում, իսկ մյուսները փափագում են ապրել հրաշալի երկրային դրախտում։ Մեր հույսը մեզ ուժ է տալիս, որ դիմանանք փորձություններին, քարոզենք բարի լուրը և տարբեր հանձնարարություններ կատարենք ժողովում (1 Թեսաղ. 1։3)։ Այդ նույն հույսն էր, որ զորացրեց Պողոս առաքյալին։

16. Ինչո՞ւ Պողոսը զորության կարիք ուներ։

16 Պողոսը նույնպես զորության կարիք ուներ։ Կորնթացիներին գրած իր նամակում նա իրեն համեմատեց փխրուն կավե անոթի հետ։ Նա «ճնշված էր.... շփոթության մեջ.... հալածված.... [և] վայր գցված»։ Անգամ նրա կյանքն էր վտանգի տակ (2 Կորնթ. 4։8-10)։ Վերոնշյալ խոսքերը Պողոսը գրեց իր երրորդ միսիոներական շրջագայության ընթացքում, երբ դեռ չգիտեր, որ ավելի շատ խնդիրներ է ունենալու։ Առաքյալը բախվելու էր ամբոխի դաժան վերաբերմունքին, ձերբակալվելու էր, նավաբեկության էր ենթարկվելու և ազատազրկվելու էր։

17. Ըստ 2 Կորնթացիներ 4։16-18 համարների՝ ի՞նչն էր Պողոսին դիմանալու ուժ տալիս։

17 Պողոսը դիմանալու ուժ գտավ՝ կենտրոնանալով իր հույսի վրա (կարդա 2 Կորնթացիներ 4։16-18)։ Նա կորնթացիներին գրեց, որ թեև իր ֆիզիկական մարմինը «քայքայվում է», բայց նա թույլ չի տալիս, որ դա վհատեցնի իրեն։ Պողոսը կենտրոնացած էր ապագայի վրա։ Երկնքում ապրելու նրա հույսը «շատ ավելի գերազանց էր» ցանկացած դժվարությունից, որին նա բախվում էր։ Պողոսը խորհրդածում էր այդ հույսի շուրջ և զգում էր, որ «օրեցօր նորոգվում է»։

18. Ինչպե՞ս է հույսը զորացնում Տիխոմիրին ու նրա ընտանիքին։

18 Բուլղարիայում ապրող Տիխոմիր անունով մի եղբայր նույնպես զորանում է իր հույսով։ Մի քանի տարի առաջ նրա փոքր եղբայրը՝ Զդրավկոն, դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Եղբոր մահից հետո որոշ ժամանակ Տիխոմիրը խոր վշտի մեջ էր։ Դիմանալու համար Տիխոմիրն ու նրա ընտանիքը պատկերացնում են, թե ինչպես է լինելու հարությունը։ Եղբայրն ասում է. «Մենք պատկերացնում ենք, թե որտեղ ենք հանդիպելու Զդրավկոյին, ի՞նչ ուտելիք ենք պատրաստելու նրա համար, ովքե՞ր են լինելու նրա համար կազմակերպված առաջին հավաքույթի հյուրերը, և ի՞նչ ենք պատմելու նրան վերջին օրերի մասին»։ Տիխոմիրն ասում է, որ այդ հույսի վրա կենտրոնանալը ուժ է տալիս իրեն ու իր ընտանիքին, որ շարունակեն դիմանալ և սպասեն այն օրվան, երբ Եհովան հարություն կտա Զդրավկոյին։

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո կյանքը նոր աշխարհում (տես պարբերություն 19) c

19. Ինչպե՞ս կարող ես ամրացնել քո հույսը (տես նաև նկարը)։

19 Ինչպե՞ս կարող ես ամրացնել քո հույսը։ Եթե հույս ունես հավիտյան ապրելու երկրի վրա, կարդա դրախտի մասին աստվածաշնչյան արձանագրությունները և խորհրդածիր դրանց շուրջ (Ես. 25։8; 32։16-18)։ Մտածիր, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում, պատկերացրու քեզ այնտեղ. ո՞ւմ ես տեսնում, ի՞նչ ձայներ ես լսում, ի՞նչ ես զգում։ Երևակայությունդ խթանելու համար ուշադրություն դարձրու մեր հրատարակություններում պատկերված դրախտի նկարներին կամ դիտիր մեր երաժշտական տեսանյութերը, օրինակ՝ «Ծնվում է նոր աշխարհ», «Նոր աշխարհն աչքիս առաջ է» կամ «Պատկերացրու» տեսանյութերը։ Եթե նոր աշխարհի հույսը վառ պահենք, մեր խնդիրները մեզ համար «վաղանցիկ ու թեթև» կլինեն (2 Կորնթ. 4։17)։ Այո՛, Եհովայի տված հույսը կզորացնի քեզ։

20. Ինչպե՞ս կարող ենք զորանալ անգամ այն ժամանակ, երբ թույլ ենք։

20 Ինչպես տեսանք, անգամ երբ թույլ ենք, կարող ենք «Աստծուց զորություն ստանալ» (Սաղ. 108։13)։ Քեզ զորացնելու համար Եհովան ամեն միջոց տրամադրել է։ Ուստի երբ օգնության կարիք ես ունենում որևէ հանձնարարություն կատարելու, դժվարության դիմանալու կամ ուրախությունդ պահպանելու հարցում, ջերմեռանդորեն աղոթիր Եհովային, անձնական ուսումնասիրության միջոցով փնտրիր նրա առաջնորդությունը, ընդունիր հավատակիցներիդ օգնությունը և ապագայի հույսդ վառ պահիր։ Եթե այդպես վարվես, «Աստծու փառավոր հզորությունը [քեզ] անհրաժեշտ զորությունը կտա, որպեսզի կարողանա[ս] ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կող. 1։11

ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր

a Հոդվածը կօգնի նրանց, ովքեր ծանր փորձությունների միջով են անցնում կամ այնպիսի հանձնարարություն են ստացել, որը իրենց ուժերից վեր է թվում։ Կիմանանք, թե Եհովան ինչպես կարող է զորացնել մեզ, և թե մենք ինչ պետք է անենք, որ ստանանք նրա օգնությունը։

b Որոշ անուններ փոխված են։

c ՆԿԱՐ։ Խուլ քույրը խորհում է Աստվածաշնչի խոստումների շուրջ և իր երևակայությունը խթանելու համար դիտում է նոր աշխարհի մասին մի երաժշտական տեսանյութ։