Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45

Թանկ համարիր Եհովայի հոգևոր տաճարում լինելու քո հնարավորությունը

Թանկ համարիր Եհովայի հոգևոր տաճարում լինելու քո հնարավորությունը

«Երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը [և] երկիրը» (ՀԱՅՏՆ. 14։7

ԵՐԳ 93 Օրհնիր մեր հանդիպումները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ է ասում մի հրեշտակ, և նրա ասածը ի՞նչ նշանակություն ունի մեզ համար։

 ԵԹԵ մի հրեշտակ քեզ ասելու բան ունենար, կլսեի՞ր նրան։ Իրականում, այսօր մի հրեշտակ դիմում է «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» մարդկանց։ Իսկ ի՞նչ է նա ասում։ «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան.... երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը [և] երկիրը» (Հայտն. 14։6, 7)։ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է, ում բոլորը պետք է պաշտեն։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ նա մեզ իր մեծ հոգևոր տաճարում իրեն պաշտելու թանկ հնարավորություն է տվել։

2. Ի՞նչ է Եհովայի հոգևոր տաճարը (տես նաև « Հոգևոր տաճարը ի՞նչ չէ» շրջանակը)։

2 Ի՞նչ է հոգևոր տաճարը, և որտե՞ղ կարող ենք դրա նշանակության հետ կապված մանրամասն բացատրություն գտնել։ Հոգևոր տաճարը բառացի շինություն չէ։ Այն Եհովայի հաստատած կառույցն է, որի միջոցով Հիսուսի տված քավիչ զոհի հիման վրա կարող ենք ընդունելի երկրպագություն մատուցել նրան։ Հոգևոր տաճարի վերաբերյալ հավելյալ բացատրություն կարող ենք գտնել Հրեաստանում ապրող եբրայեցի քրիստոնյաներին ուղղված Պողոս առաքյալի նամակում։ b

3-4. Ի՞նչ անհանգստություններ ուներ Պողոսը Հրեաստանում ապրող եբրայեցի քրիստոնյաների հետ կապված, և ինչպե՞ս նա օգնեց նրանց։

3 Իսկ ինչո՞ւ Պողոսը գրեց Հրեաստանում ապրող եբրայեցի քրիստոնյաներին։ Դրա համար թերևս նա երկու հիմնական պատճառ ուներ։ Նախ՝ նա ուզում էր քաջալերել իր այդ հավատակիցներին։ Նրանց մեծ մասը մինչև քրիստոնյա դառնալը հուդայականություն էր դավանել։ Քրիստոնյա դառնալու համար նրանք հավանաբար իրենց նախկին կրոնական առաջնորդների կողմից ծաղրուծանակի էին ենթարկվում։ Ինչո՞ւ էին նրանց հետ այդպես վարվում։ Քանի որ քրիստոնյաները չունեին ազդեցիկ տաճար, որտեղ կարող էին պաշտել Աստծուն, չկար ֆիզիկական զոհասեղան, որի վրա նրանք կկարողանային զոհաբերություններ անել, և չկային քահանաներ, որոնք ծառայություն կմատուցեին իրենց։ Այս ամենը կարող էր վհատեցնել Քրիստոսի աշակերտներին և թուլացնել նրանց հավատը (Եբր. 2։1; 3։12, 14)։ Նրանցից ոմանք գուցե նույնիսկ ցանկանային կրկին հուդայականություն դավանել։

4 Երկրորդ պատճառը, թե ինչու Պողոսը գրեց եբրայեցիներին, այն էր, որ նրանք ջանքեր չէին թափում Աստծու Խոսքում տեղ գտած հոգևոր խոր ճշմարտությունները՝ «պինդ կերակուրը», հասկանալու համար (Եբր. 5։11-14)։ Ակներևաբար, նրանցից ոմանք դեռ պատրաստ չէին հրաժարվելու Մովսիսական օրենքից։ Սակայն Պողոսը բացատրեց, որ Օրենքով պահանջվող զոհերը չեն կարող ամբողջությամբ մաքրել մեղքից։ Դա էր պատճառը, որ Օրենքը «անվավեր էր դարձել»։ Ուստի Պողոսը սկսեց իր եբրայեցի հավատակիցներին որոշ խոր ճշմարտություններ սովորեցնել։ Նա հիշեցրեց «ավելի լավ հույսի» մասին, որը նրանք ունեին Հիսուսի զոհի հիման վրա, և որը իսկապես կարող էր օգնել նրանց «մոտենալ Աստծուն» (Եբր. 7։18, 19

5. Ի՞նչ պետք է հասկանանք «Եբրայեցիներ» գրքից, և ինչո՞ւ։

5 Պողոսը եբրայեցիներին բացատրեց, թե ինչով էր քրիստոնեական պաշտամունքը շատ ավելի գերազանց երկրպագության այն ձևից, որ նրանք մատուցում էին անցյալում։ Հրեական կրոնին բնորոշ առանձնահատկությունները «գալիք բաների ստվերն էին միայն, մինչդեռ բուն իրականությունը Քրիստոսն է» (Կող. 2։17, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ. անգլ.)։ Առարկայի ստվերը դրա արտացոլանքն է միայն, ոչ թե հենց առարկան։ Նմանապես հնում հրեաների երկրպագություն մատուցելու ձևը ընդամենը ստվերն էր այն իրականության, որը դեռ պետք է գար։ Մենք պետք է հասկանանք, թե Եհովան ինչ քայլեր է ձեռնարկել, որ մեր մեղքերը ներվեն, և մենք կարողանանք իրեն ընդունելի երկրպագություն մատուցել։ Դրա համար եկեք քննենք եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակը և համեմատենք «ստվերը»՝ անցյալում ապրած հրեաների մատուցած երկրպագության ձևը, «իրականության»՝ ճշմարիտ քրիստոնյաների մատուցած երկրպագության ձևի հետ։ Այդպես վարվելով՝ մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչ է հոգևոր տաճարը, և թե այն ինչ կապ ունի մեզ հետ։

ԽՈՐԱՆ

6. Ի՞նչ նպատակի էր ծառայում խորանը։

6 Ստվեր։ Պողոսը խոսում էր այն խորանի մասին, որը կառուցվել էր մ.թ.ա. 1512 թ.-ին Մովսեսի կողմից (տես «Ստվեր և իրականություն» աղյուսակը)։ Խորանը վրանատիպ կառույց էր, որը իսրայելացիները սկզբում տանում էին իրենց հետ մի վայրից մյուսը տեղափոխվելիս։ Մինչև Երուսաղեմում հիմնական տաճար կառուցելը նրանք մոտ 500 տարի այդ վրանից են օգտվել (Ելք 25։8, 9; Թվեր 9։22)։ «Հանդիպման վրանը» (խորանը) այն հիմնական վայրն էր, որտեղ իսրայելացիները հավաքվում էին Աստծուն երկրպագելու և նրան զոհեր մատուցելու համար (Ելք 29։43-46)։ Սակայն խորանը նաև մի ավելի մեծ բանի խորհրդանիշ էր, որը հետագայում հաստատվելու էր քրիստոնյաների համար։

7. Ե՞րբ է հիմնվել հոգևոր տաճարը։

7 Իրականություն։ Խորանը «երկնային բաների.... ստվերն էր» և ներկայացնում էր Եհովայի մեծ հոգևոր տաճարը։ Պողոսն ասաց, որ «այս խորանը օրինակ է.... նշանակված ժամանակի համար, որը հիմա արդեն եկել է» (Եբր. 8։5; 9։9)։ Ուստի այն ժամանակ, երբ նա գրեց եբրայեցիներին, հոգևոր տաճարը արդեն գոյություն ուներ։ Այն հիմնվել էր 29 թ.-ին։ Դա այն տարին էր, երբ Հիսուսը մկրտվեց, օծվեց սուրբ ոգով և սկսեց հոգևոր տաճարում ծառայել որպես Եհովայի «մեծ քահանայապետ» (Եբր. 4։14; Գործ. 10։37, 38 c

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ

8-9. Եբրայեցիներ 7։23-27 համարների համաձայն՝ ո՞րն է Իսրայելի քահանայապետների և մեծ Քահանայապետ Հիսուս Քրիստոսի միջև եղած էական տարբերությունը։

8 Ստվեր։ Քահանայապետի դերը մարդկանց Աստծու առաջ ներկայացնելն էր։ Իսրայելի առաջին քահանայապետը Ահարոնն էր, ով նշանակվել էր Եհովայի կողմից խորանի նվիրման ժամանակ։ Պողոսը բացատրեց, որ «շատերը պետք է քահանա դառնային՝ մեկը մյուսին հաջորդելով, որովհետև մահը թույլ չէր տալիս, որ նրանք քահանա մնային» (կարդա Եբրայեցիներ 7։23-27 d Եվ քանի որ քահանայապետները անկատար էին, նրանք պետք է իրենց իսկ մեղքերի համար զոհեր մատուցեին։ Սա Իսրայելի քահանայապետների և մեծ Քահանայապետ Հիսուս Քրիստոսի միջև եղած ամենաէական տարբերությունն է։

9 Իրականություն։ Որպես մեր Քահանայապետ՝ Հիսուսը «ծառայող [է].... ճշմարիտ խորանի, որը Եհովան կանգնեցրեց և ոչ թե մարդը» (Եբր. 8։1, 2)։ Պողոսը բացատրեց, որ «քանի որ [Հիսուսը] հավիտյան կենդանի է, իր քահանայության մեջ հաջորդ չունի»։ Նա նաև ավելացրեց, որ ի տարբերություն Իսրայելի քահանայապետների՝ Հիսուսը «անպիղծ է, մեղավորներից զատված», և «հարկ չկա, որ նա ամեն օր մյուս քահանայապետների պես զոհեր մատուցի» իր մեղքերի համար։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչով են տարբերվում հին Իսրայելի և ներկայիս հոգևոր տաճարի զոհասեղաններն ու դրանց վրա մատուցվող զոհաբերությունները։

ԶՈՀԱՍԵՂԱՆ ԵՎ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10. Պղնձե զոհասեղանի վրա մատուցվող զոհերը ի՞նչ էին ներկայացնում։

10 Ստվեր։ Խորանի մուտքի դիմաց գտնվում էր պղնձե զոհասեղանը, որի վրա Եհովային կենդանական զոհեր էին մատուցում (Ելք 27։1, 2; 40։29)։ Սակայն այդ զոհերի շնորհիվ մարդկանց մեղքերը չէին կարող ամբողջությամբ ներվել (Եբր. 10։1-4)։ Խորանում մատուցվող շարունակական զոհերը ներկայացնում էին այն մեկ զոհը, որի շնորհիվ մարդկությունը մեղքից ամբողջությամբ ազատվելու հնարավորություն էր ունենալու։

11. Ի՞նչ այլաբանական զոհասեղանի վրա Հիսուսը զոհեց իր կյանքը (Եբրայեցիներ 10։5-7, 10

11 Իրականություն։ Հիսուսը գիտեր, որ Եհովան իրեն երկիր է ուղարկել, որպեսզի իր կյանքը որպես փրկագին տա մարդկության համար (Մատթ. 20։28)։ Ուստի մկրտվելով՝ Հիսուսը իր անձը ներկայացրեց Եհովային, որպեսզի կատարի նրա կամքը (Հովհ. 6։38; Գաղ. 1։4)։ Այլ կերպ ասած՝ նա իրեն որպես զոհ մատուցեց այլաբանական մի զոհասեղանի վրա, որը ներկայացնում էր Եհովայի «կամքը», այսինքն՝ այն, որ Աստծու Որդին պետք է զոհեր իր կատարյալ մարդկային կյանքը։ Հիսուսը իր կյանքը «մեկընդմիշտ մատուցեց», որպեսզի առհավետ քավի այն մարդկանց մեղքերը, ովքեր հավատ կընծայեն իրեն (կարդա Եբրայեցիներ 10։5-7, 10)։ Այժմ անդրադառնանք խորանի ներքին կառուցվածքին։

ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

12. Ո՞վ կարող էր մտնել Սրբություն, և ո՞վ՝ Սրբությունների Սրբություն։

12 Ստվեր։ Խորանը, ինչպես նաև տաճարը, որը հետագայում կառուցվեց Երուսաղեմում, նույն կառուցվածքն ունեին։ Դրանց ներսում երկու սենյակներ կային՝ «Սրբությունը» և «Սրբությունների Սրբությունը», որոնք միմյանցից բաժանված էին ասեղնագործ մի վարագույրով (Եբր. 9։2-5; Ելք 26։31-33Սրբությունում կար ոսկե ճրագակալ, խունկ ծխեցնելու համար նախատեսված սեղան և մեկ այլ սեղան, որի վրա ընծայված հացերն էին դնում։ Միայն «օծված քահանաները» իրավունք ունեին մտնելու Սրբություն, որպեսզի կատարեին իրենց սուրբ պարտականությունները (Թվեր 3։3, 7, 10)։ Իսկ Սրբությունների Սրբությունում գտնվում էր ոսկե «ուխտի տապանակը», որը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը (Ելք 25։21, 22)։ Միայն քահանայապետը իրավունք ուներ մտնելու վարագույրից ներս, այն էլ տարին մեկ օր՝ Քավության օրը (Ղևտ. 16։2, 17)։ Ամեն տարի նա զոհաբերված կենդանիների արյունով մտնում էր Սրբությունների Սրբություն և քավություն անում իր և ամբողջ ազգի մեղքերի համար։ Հետագայում Եհովան իր սուրբ ոգու միջոցով հստակ ցույց տվեց, թե ինչ էին իրականում խորհրդանշում խորանի այս բաղկացուցիչ մասերը (Եբր. 9։6-8 e

13. Ի՞նչ են խորհրդանշում Սրբությունը և Սրբությունների Սրբությունը։

13 Իրականություն։ Քրիստոսի աշակերտներից միայն սահմանափակ թվով մարդիկ են օծվել սուրբ ոգով, և նրանք հատուկ փոխհարաբերություններ են վայելում Եհովայի հետ։ Այս 144000 անհատները Հիսուսի հետ երկնքում ծառայելու են որպես քահանաներ (Հայտն. 1։6; 14։1)։ Խորանի Սրբությունը խորհրդանշում է երկրի վրա որպես Աստծու որդիներ ոգուց ծնված լինելու նրանց կարգավիճակը (Հռոմ. 8։15-17)։ Խորանի Սրբությունների Սրբությունը խորհրդանշում է երկինքը՝ Եհովայի բնակության վայրը։ «Վարագույրը», որը Սրբությունը բաժանում է Սրբությունների Սրբությունից, ներկայացնում է Հիսուսի մարդկային մարմինը։ Այն խոչընդոտ էր հանդիսանում, որ նա մտներ երկինք՝ որպես հոգևոր տաճարի մեծ Քահանայապետ։ Իր մարդկային մարմինը մարդկության համար զոհաբերելով՝ Հիսուսը բոլոր օծյալ քրիստոնյաների համար բացեց երկնային կյանքի ճանապարհը։ Այդ երկնային պարգևը ստանալու համար նրանք նույնպես պետք է թողնեն իրենց ֆիզիկական մարմինները (Եբր. 10։19, 20; 1 Կորնթ. 15։50)։ Հարություն առնելուց հետո Հիսուսը մտավ հոգևոր տաճարի Սրբությունների Սրբություն, որտեղ ի վերջո նրան են միանալու բոլոր օծյալները։

14. Եբրայեցիներ 9։12, 24-26 համարները ինչպե՞ս են ընդգծում Եհովայի հոգևոր տաճարում երկրպագություն մատուցելու գերակայությունը։

14 Այսպիսով՝ մենք հստակ տեսանք մաքուր երկրպագության համար Եհովայի հաստատած կառույցի գերակայությունը, որի հիմքում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհն ու քահանայությունն են ընկած։ Իսրայելում քահանայապետը զոհաբերված կենդանիների արյունով մտնում էր մարդակերտ Սրբությունների Սրբություն, իսկ Հիսուսը մտավ «բուն երկինք», որը ամենասուրբ վայրն է, և կանգնեց Եհովայի առաջ։ Այնտեղ նա իր կատարյալ մարդկային կյանքի արժեքը ներկայացրեց Աստծուն, «որպեսզի իրեն զոհաբերելով՝ մեղքը հեռացնի» մեզանից (կարդա Եբրայեցիներ 9։12, 24-26)։ Հիսուսի տված զոհը ամբողջությամբ և վերջնականապես մաքրում է մեղքից։ Ինչպես կտեսնենք, անկախ նրանից՝ երկրային կյանքի հույս ունենք, թե երկնային, մենք բոլորս կարող ենք պաշտել Եհովային նրա հոգևոր տաճարում։

ԳԱՎԻԹՆԵՐ

15. Ո՞վ էր ծառայում խորանի գավիթում։

15 Ստվեր։ Խորանը մեկ գավիթ ուներ, որը ցանկապատով առանձնացված բացօթյա ընդարձակ տարածք էր, որտեղ քահանաները իրենց պարտականություններն էին կատարում։ Ողջակեզի մեծ զոհասեղանը, որը պղնձից էր, գտնվում էր գավիթում։ Այնտեղ էր նաև պղնձե ավազանը, որի մեջ լցված ջրով քահանաները լվացվում էին նախքան իրենց սուրբ ծառայությունը կատարելը (Ելք 30։17-20; 40։6-8)։ Բայց հետագայում կառուցված տաճարները ունեին նաև դրսի գավիթ, որտեղ Աստծուն կարող էին երկրպագություն մատուցել նրանք, ովքեր քահանաներ չէին։

16. Ովքե՞ր են ծառայում հոգևոր տաճարի ներսի և դրսի գավիթներում։

16 Իրականություն։ Նախքան երկնքում Հիսուսի հետ քահանայություն անելը օծյալ մնացորդը երկրի վրա հավատարմորեն ծառայում է հոգևոր տաճարի ներսի գավիթում։ Ջրով լի մեծ ավազանը նրանց համար կարևոր հիշեցում է, որ բոլոր քրիստոնյաները պետք է բարոյապես ու հոգևորապես մաքուր լինեն։ Իսկ որտե՞ղ է երկրպագություն մատուցում Քրիստոսի օծյալ եղբայրներին հավատարմորեն թիկունք կանգնող «մեծ բազմությունը»։ Հովհաննես առաքյալը տեսավ, որ նրանք, «կանգնած [են] գահի առջև.... և օր ու գիշեր սուրբ ծառայություն են մատուցում [Աստծուն]»։ Մեծ բազմությունը այսօր դա անում է երկրի վրա՝ հոգևոր տաճարի դրսի գավիթում (Հայտն. 7։9, 13-15)։ Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ մեզ հնարավորություն է տվել մաքուր երկրպագություն մատուցելու իրեն իր մեծ հոգևոր տաճարում։

ԵՀՈՎԱՅԻՆ ՊԱՇՏԵԼՈՒ ԹԱՆԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

17. Եհովային ի՞նչ զոհեր մատուցելու պատիվ ունենք։

17 Այսօր նույնպես բոլոր քրիստոնյաները մեծ պատիվ ունեն զոհաբերություններ մատուցելու Եհովային։ Նրանք դա անում են՝ օգտագործելով իրենց ժամանակը, էներգիան և միջոցները, որպեսզի առաջ տանեն Թագավորության շահերը։ Ինչպես Պողոս առաքյալը ասաց եբրայեցի քրիստոնյաներին, մենք կարող ենք «միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցել, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Եբր. 13։15)։ Մենք ցույց կտանք, որ գնահատում ենք Եհովային պաշտելու մեր հնարավորությունը, եթե նրան ծառայելու հարցում մեր լավագույնն անենք։

18. Եբրայեցիներ 10։22-25 համարների համաձայն՝ ի՞նչը չպետք է անտեսենք, և ի՞նչ պետք է միշտ հիշենք։

18 Կարդա Եբրայեցիներ 10։22-25։ Եբրայեցիներին ուղղած իր եզրափակիչ խոսքերում Պողոսն ընդգծեց, թե մեր երկրպագությանն առնչվող որ բաները չպետք է անտեսենք։ Դրանցից են Եհովային աղոթելը, մեր հույսի մասին հրապարակորեն հռչակելը, ժողովներում միասին հավաքվելը և միմյանց քաջալերելը, «առավել ևս որ տեսնում ենք՝ [Եհովայի] օրը մոտենում է»։ «Հայտնություն» գրքի վերջին հատվածում արձանագրված են Եհովայի հրեշտակի խոսքերը, ով Աստծուն պաշտելու կարևորությունը ընդգծելու նպատակով երկու անգամ ասում է՝ «Աստծո՛ւն երկրպագիր» (Հայտն. 19։10; 22։9)։ Թող որ երբեք չմոռանանք Եհովայի մեծ հոգևոր տաճարի մասին այս խոր ճշմարտությունը և միշտ բարձր գնահատենք մեր փառահեղ Աստծուն պաշտելու թանկ հնարավորությունը։

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

a Աստծու Խոսքի խոր ճշմարտություններից մեկը Եհովայի մեծ հոգևոր տաճարի մասին ուսմունքն է։ Ի՞նչ է հոգևոր տաճարը։ Հոդվածում կքննենք դրա վերաբերյալ «Եբրայեցիներ» գրքում արձանագրված որոշ մանրամասներ, ինչի արդյունքում կմեծանա գնահատանքդ այն բանի հանդեպ, որ հնարավորություն ունես այդ տաճարում պաշտելու Եհովային։

b «Եբրայեցիներ» գրքի մասին ընդհանուր տեղեկություններ իմանալու համար jw.org կայքում դիտիր ««Եբրայեցիներ» գրքի ներածություն» տեսանյութը։

c Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Եբրայեցիներ» գիրքը միակն է, որ Հիսուս Քրիստոսի մասին խոսում է որպես Քահանայապետի։

d Ըստ մի աշխատության՝ մինչև 70 թ., երբ Երուսաղեմի տաճարը կործանվեց, Իսրայելում մոտ 84 քահանայապետ է ծառայել։

e Քավության օրը քահանայապետի խորհրդանշական գործողությունների նշանակության մասին իմանալու համար jw.org կայքում տես «Խորանը» տեսանյութը (անգլ., ռուս.

f Տես «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գրքի 240-րդ էջը (անգլ., ռուս.

g Տես «Ինչպես ոգին բացահայտեց հոգևոր տաճարի նշանակությունը» շրջանակը «Դիտարանի» 2010 թ. հուլիսի 15-ի համարում (էջ 22)։