Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41

Հավատարիմ մնա Աստծուն, երբ գա «մեծ նեղությունը»

Հավատարիմ մնա Աստծուն, երբ գա «մեծ նեղությունը»

«Սիրե՛ք Եհովային, բոլոր նրան նվիրվածներ։ Եհովան պահպանում է հավատարիմներին» (ՍԱՂ. 31։23

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Աշխարհի առաջնորդները շուտով ի՞նչ հայտարարություն են անելու։ բ) Այս հոդվածից ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ հենց նոր հնչել է երկար սպասված «խաղաղություն և անվտանգություն» հայտարարությունը։ Ազգերի առաջնորդները պարծենում են, որ աշխարհը երբեք այսքան ապահով չի եղել։ Նրանք փորձում են բոլորին համոզել, թե վերահսկում են ամեն ինչ։ Բայց փաստն այն է, որ նրանք ոչ մի ձևով չեն կարողանա կանխել այն, ինչ տեղի կունենա դրանից հետո։ Ինչո՞ւ։ Քանի որ, ըստ Աստվածաշնչի մարգարեության, «հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա.... և նրանք ոչ մի կերպ չեն փախչի» (1 Թեսաղ. 5։3

2 Եկեք այս ամենի մասին ավելին իմանանք՝ քննելով հետևյալ կարևոր հարցերը։ Ի՞նչ է տեղի ունենալու «մեծ նեղության» ժամանակ։ Եհովան ի՞նչ է ակնկալելու իր ծառաներից։ Ինչպե՞ս կարող ենք այսօրվանից պատրաստվել, որ այդ ժամանակ կարողանանք պահպանել մեր հավատարմությունը (Մատթ. 24։21

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿ

3. Հայտնություն 17։5, 15–18 համարների համաձայն՝ Մեծ Բաբելոնը ինչպե՞ս է կործանվելու։

3 Կարդա Հայտնություն 17։5, 15–18։ Մեծ Բաբելոնը կործանվելու է։ Ինչպես արդեն նշեցինք, ազգերը չեն կարողանալու կանխել այս իրադարձությունը։ Ինչո՞ւ։ Աստված «նրանց սրտում դնելու է, որ իր միտքը իրագործեն»։ Այդ ի՞նչ միտք է։ Կործանել կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը՝ ներառյալ այն կրոնները, որոնց ներկայացուցիչներն ասում են, թե քրիստոնյա են, սակայն իրականում չեն հետևում Քրիստոսին և չեն երկրպագում Եհովային այնպես, ինչպես նա է ուզում։ Աստված իր այդ միտքը կդնի «ալ կարմիր գազանի» «տասը եղջյուրների» սրտում։ Այս խորհրդանշական գազանը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպությունը, իսկ «տասը եղջյուրները»՝ այդ կազմակերպությանն աջակցող ներկա քաղաքական ուժերը (Հայտն. 17։3, 11–13; 18։8)։ Երբ այդ ուժերը դուրս գան կեղծ կրոնի դեմ, դրանով կնշանավորվի մեծ նեղության սկիզբը։ Դա իսկապես հանկարծահաս և սարսափելի իրադարձություն կլինի։ Երկրի վրա չի լինի մեկը, որի վրա այն չի անդրադառնա։

4. ա) Ազգերը հավանաբար ինչպե՞ս կպատճառաբանեն կեղծ կրոնի վրա իրենց հարձակումը։ բ) Այդ կրոնների նախկին անդամները, ամենայն հավանականությամբ, ի՞նչ կանեն։

4 Մենք չգիտենք, թե ազգերը ինչ պատճառներ կբերեն Մեծ Բաբելոնի վրա իրենց հարձակումն արդարացնելու համար։ Հնարավոր է՝ նրանք ասեն, թե աշխարհի կրոնները խաթարում են համաշխարհային խաղաղությունը և շարունակ միջամտում են քաղաքականությանը։ Կամ գուցե ասեն, որ այդ կրոնական կազմակերպությունները չափազանց մեծ հարստություն և ունեցվածք են դիզել (Հայտն. 18։3, 7)։ Տրամաբանական է ենթադրել, որ այս հարձակման ժամանակ կոչնչացվեն ոչ թե կեղծ կրոնների բոլոր անդամները, այլ հենց կրոնական կազմակերպությունները։ Երբ վերջիններս ոչնչացվեն, դրանց նախկին անդամները կհասկանան, որ իզուր են հավատացել ու վստահել իրենց կրոնական առաջնորդներին, ուստի, ամենայն հավանականությամբ, կսկսեն ձևացնել, թե հեռու են կրոնից։

5. Մեծ նեղության վերաբերյալ Եհովան ի՞նչ է խոստացել և ինչո՞ւ։

5 Աստվածաշունչը չի նշում, թե ինչքան ժամանակում է Մեծ Բաբելոնը կործանվելու, բայց մի բան հաստատ է. այդ շրջանը համեմատաբար կարճ է տևելու (Հայտն. 18։10, 21)։ Եհովան խոստացել է, որ «հանուն իր ընտրյալների» կկարճացնի այդ նեղության օրերը, ինչի շնորհիվ իր ծառաները կփրկվեն, և ճշմարիտ երկրպագությունը չի վերանա երկրի երեսից (Մարկ. 13։19, 20)։ Իսկ ի՞նչ պետք է անենք մեծ նեղությունից մինչև Արմագեդոն պատերազմն ընկած ժամանակահատվածում. Եհովան ի՞նչ է ակնկալելու իր ծառաներից։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՔԱՅԼԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

6. Կեղծ կրոնի հետ կապերը խզելուց բացի՝ ուրիշ ի՞նչ է հարկավոր անել։

6 Ինչպես նախորդ հոդվածում քննարկեցինք, Եհովան իր երկրպագուներից պահանջում է լիովին առանձնանալ Մեծ Բաբելոնից։ Սակայն կեղծ կրոնի հետ բոլոր կապերը խզելը դեռ բավական չէ. մենք պետք է վճռականորեն կանգնենք մաքուր երկրպագության կողմը։ Քննենք, թե ինչպես կարող ենք դա անել։

Եկեք երբեք, անգամ դժվարին ժամանակներում բաց չթողնենք մեր հավաքույթները (տես պարբերություն 7) *

7. ա) Ինչպե՞ս կարող ենք կառչած մնալ Եհովայի սահմանած բարոյական բարձր չափանիշներին։ բ) Եբրայեցիներ 10։24, 25 համարների համաձայն՝ ժողովի հանդիպումներին հաճախելը ինչո՞ւ է կարևոր, հատկապես հիմա։

7 Առաջին՝ մենք պետք է կառչած մնանք Եհովայի սահմանած բարոյական բարձր չափանիշներին։ Աշխարհի արժեքներն ու բարքերը անընդունելի են մեզ համար։ Օրինակ՝ մենք մերժում ենք անբարոյականության բոլոր ձևերը՝ ներառյալ նույնասեռ ամուսնություններն ու միասեռական վարքագծի մյուս դրսևորումները (Մատթ. 19։4, 5; Հռոմ. 1։26, 27)։ Երկրորդ՝ պետք է շարունակենք մեր հավատակիցների հետ մեկտեղ երկրպագել Եհովային։ Մենք ժողովի հանդիպումները հնարավորության դեպքում անցկացնում ենք Թագավորության սրահներում, բայց եթե դա հնարավոր չէ, ապա հավաքվում ենք հավատակիցների տներում կամ այլ վայրերում, անհրաժեշտության դեպքում՝ անգամ գաղտնաբար։ Անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա, մենք երբեք չպետք է դադարենք հավաքվել Աստծուն երկրպագելու համար։ Իրականում մենք դրա կարիքն ունենք, «առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (կարդա Եբրայեցիներ 10։24, 25

8. Ապագայում հավանաբար ի՞նչ լուր ենք քարոզելու։

8 Մեծ նեղության ժամանակ մեր քարոզած լուրի բովանդակությունը հավանաբար կփոխվի։ Այժմ մենք Թագավորության բարի լուրն ենք քարոզում և ջանում ենք աշակերտներ պատրաստել։ Սակայն այդ նեղության ժամանակ, հնարավոր է, մեր քարոզած լուրն այնքան խիստ լինի, որ նման լինի ուժգին կարկտահարության (Հայտն. 16։21)։ Այդ լուրը գուցե լինի այն մասին, որ Սատանայի աշխարհը շատ շուտով հիմնահատակ կկործանվի։ Ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե կոնկրետ ինչ ենք քարոզելու և ինչպես ենք դա անելու. կիրառելու ենք քարոզչական նույն մեթոդնե՞րը, որ արդեն ավելի քան հարյուր տարի է՝ կիրառում ենք, թե՞ այլ ձևով ենք դա անելու։ Ամեն դեպքում հավանական է՝ մեզ պատիվ կընձեռվի քաջաբար հռչակելու Եհովայի դատաստանական լուրը (Եզեկ. 2։3–5

9. Ազգերը, ամենայն հավանականությամբ, ինչպե՞ս կարձագանքեն մեր քարոզած լուրին, բայց ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

9 Մեր քարոզած լուրի պատճառով ազգերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն մեկընդմիշտ լռեցնել մեզ։ Բայց ինչպես այսօր ենք քարոզչական գործն անելու համար ապավինում Եհովային, այդպես էլ այն ժամանակ ենք վարվելու։ Եվ կարող ենք համոզված լինել, որ Աստված իր ոգով կզորացնի մեզ ու կօգնի կատարել իր կամքը (Միք. 3։8

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԳՈԳԻ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ

10. Ինչպես մարգարեացված է Ղուկաս 21։25–28 համարներում, մարդկանց մեծ մասը ինչպե՞ս է արձագանքելու այն ամենին, ինչ տեղի է ունենալու մեծ նեղության ժամանակ։

10 Կարդա Ղուկաս 21։25–28։ Մեծ նեղության ժամանակ մարդիկ կցնցվեն, երբ տեսնեն, որ աշխարհում ամեն բան, ինչ իրենք կայուն էին համարում, սկսել է փլուզվել։ Թևակոխելով մարդկության պատմության ամենամռայլ շրջանը՝ նրանք կնվաղեն մահվան վախից (Սոփ. 1։14, 15)։ Այդ ժամանակ կյանքը հավանաբար է՛լ ավելի կդժվարանա, նույնիսկ Եհովայի ժողովրդի համար։ Քանի որ մենք աշխարհի մի մասը չենք, հնարավոր է՝ որոշ զրկանքներ կրենք և անգամ չունենանք կյանքի համար ամենաանհրաժեշտ բաները։

11. ա) Եհովայի վկաները ինչո՞ւ են հայտնվելու ազգերի ուշադրության կենտրոնում։ բ) Ինչո՞ւ չպետք է վախենանք մեծ նեղությունից։

11 Գալու է մի պահ, երբ մարդիկ, որոնց կրոնները ոչնչացվել են, զայրանալու են՝ տեսնելով, որ Եհովայի վկաները շարունակում են առաջվա պես երկրպագել իրենց Աստծուն։ Կարելի է պատկերացնել, թե դրա պատճառով ամենուր, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ինչ իրարանցում կսկսվի։ Ազգերն ու նրանց գլխավոր առաջնորդը՝ Սատանան, ավելի կատեն մեզ, քանի որ կտեսնեն, որ մենք շարունակում ենք դավանել մեր կրոնը, ինչը կնշանակի՝ իրենք չեն հասել իրենց նպատակին, այն է՝ երկրի երեսից վերացնել բոլոր կրոնները։ Ուստի մենք կհայտնվենք նրանց ուշադրության կենտրոնում։ Այդ ժամանակ ազգերը կստանձնեն Մագոգի Գոգի * դերը։ Նրանք կմիավորվեն, որ ամեն կողմից դաժան հարձակում գործեն Եհովայի ժողովրդի վրա (Եզեկ. 38։2, 14–16)։ Եթե սկսենք մտածել, թե մեծ նեղության ժամանակ ինչեր կարող են լինել, մեր սիրտը գուցե տագնապով լցվի, հատկապես այն պատճառով, որ այդ իրադարձությունների շատ մանրամասներ մեզ հայտնի չեն։ Բայց մենք մի կարևոր բան գիտենք. հարկ չկա վախենալու մեծ նեղությունից։ Եհովան մեզ փրկության համար անհրաժեշտ հրահանգներ կտա (Սաղ. 34։19)։ Մենք կկարողանանք «ուղիղ կանգնել և բարձրացնել [մեր] գլուխները», որովհետև կիմանանք, որ մեր ազատագրումը մոտ է։ *

12. «Հավատարիմ և իմաստուն ծառան» ինչպե՞ս է մեզ նախապատրաստում ապագա իրադարձություններին։

12 «Հավատարիմ և իմաստուն ծառան» նախապատրաստում է մեզ, որ մեծ նեղության ժամանակ պահպանենք Եհովայի հանդեպ մեր հավատարմությունը (Մատթ. 24։45)։ Ծառան դա տարբեր ձևերով է անում, բայց քննենք մի օրինակ. խոսքը 2016–2018 թվականների տարածաշրջանային համաժողովների ժամանակահարմար ծրագրերի մասին է։ Այդ համաժողովներին հորդոր ստացանք շարունակելու զարգացնել այն հատկությունները, որոնց կարիքը, ինչքան Եհովայի օրը մոտենա, այնքան ավելի շատ կունենանք։ Եկեք հակիրճ քննարկենք այդ հատկությունները։

ՁԳՏԻՐ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՆՎԻՐՎԱԾ, ՏՈԿՈՒՆ ԵՎ ՔԱՋ

Հիմիկվանից պատրաստվիր, որ կարողանաս փրկվել «մեծ նեղությունից» (տես պարբերություն 13–16) *

13. Ինչպե՞ս կարող ենք խորացնել Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը, և ինչո՞ւ է հարկավոր հիմիկվանից դա անել։

13 Նվիրվածություն։ 2016 թ. համաժողովի խորագիրն էր՝ «Նվիրված մնա Եհովային»։ Ծրագրում ընդգրկված ելույթներից սովորեցինք, որ եթե Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ ունենանք, նվիրված կմնանք նրան։ Ընդգծվեց, որ Եհովայի հետ կարող ենք մտերմանալ սրտաբուխ աղոթքների և նրա Խոսքի խոր ուսումնասիրության միջոցով։ Այդպես մենք հոգևորապես կզորանանք և կհաղթահարենք անգամ ամենածանր փորձությունները։ Քանի որ Սատանայի աշխարհը մոտենում է իր վախճանին, Աստծու և նրա Թագավորության հանդեպ մեր նվիրվածությունը ավելի մեծ փորձությունների կենթարկվի։ Մարդիկ հավանաբար կշարունակեն ծաղրել մեզ, հատկապես մեր քրիստոնեական չեզոքության համար (2 Պետ. 3։3, 4)։ Ուստի հարկավոր է հիմիկվանից խորացնել Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը։ Այդպես անելով՝ կկարողանանք գալիք մեծ նեղության օրերին պահել մեր հավատարմությունը։

14. ա) Մեծ նեղության ժամանակ ի՞նչ փոփոխություն է տեղի ունենալու։ բ) Այդ ժամանակ ինչպե՞ս ենք փաստելու Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը։

14 Մեծ նեղության ժամանակ ևս մեկ փոփոխություն տեղի կունենա. խոսքը առաջնորդություն վերցնող եղբայրների մասին է։ Այդ ընթացքում կգա մի պահ, երբ երկրի վրա եղած բոլոր օծյալ քրիստոնյաները կվերցվեն երկինք, որպեսզի մասնակցեն Արմագեդոն պատերազմին (Մատթ. 24։31; Հայտն. 2։26, 27)։ Սա նշանակում է, որ Կառավարիչ մարմնի անդամներն այլևս երկրի վրա չեն լինի։ Սակայն մեծ բազմությունը առանց առաջնորդության չի մնա։ Մեզ հետ կլինեն «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող փորձառու եղբայրներ, որոնք համապատասխան ցուցումներ կտան։ Իսկ մենք Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը կփաստենք, եթե թիկունք կանգնենք այդ եղբայրներին՝ հետևելով այն հրահանգներին, որ Աստված կտա նրանց։ Մեր փրկությունը կախված է լինելու այդ ցուցումներին հետևելուց։

15. Ինչպե՞ս կարող ենք ավելի տոկուն դառնալ, և ինչո՞ւ է կարևոր շարունակ աշխատել այդ ուղղությամբ։

15 Տոկունություն։ 2017 թ. համաժողովի խորագիրն էր՝ «Մի՛ հանձնվիր»։ Ծրագրի ընթացքում հնչած ելույթները մղեցին մեզ է՛լ ավելի տոկուն դառնալ։ Իմացանք, որ փորձություններին դիմանալը կախված է ոչ թե հանգամանքների փոփոխությունից, այլ Եհովային ապավինելուց (Հռոմ. 12։12)։ Եկեք երբեք չմոռանանք Հիսուսի խոստումը. «Ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի» (Մատթ. 24։13)։ Սա նշանակում է, որ ինչ դժվարության էլ բախվենք, պետք է հավատարիմ մնանք Աստծուն։ Ներկայիս փորձություններին դիմակայելով՝ մենք նախքան մեծ նեղության գալը կամրացնենք մեր հավատը։

16. Իսկական քաջությունը ինչի՞ց է կախված, և ի՞նչ կարող ենք հիմիկվանից անել, որ ավելի քաջ դառնանք։

16 Քաջություն։ 2018 թ. համաժողովի վերնագիրն էր՝ «Քաջ եղիր»։ Այնտեղ հնչած ելույթները ընդգծեցին այն միտքը, որ իսկական քաջությունը կախված չէ մարդու ունակություններից։ Ինչպես որ հնարավոր չէ տոկուն մնալ առանց Եհովային վստահելու, այնպես էլ անկարելի է իսկապես քաջ լինել, եթե չենք ապավինում մեր Արարչին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք սովորել ավելի շատ վստահել Աստծուն։ Ամեն օր կարդալով նրա Խոսքը և խորհելով այն մասին, թե նա անցյալում ինչպես է փրկել իր ժողովրդին (Սաղ. 68։20; 2 Պետ. 2։9)։ Քաջ լինելու և Աստծուն ապավինելու կարիք կլինի հատկապես մեծ նեղության ժամանակ, երբ ազգերը հարձակվեն մեզ վրա (Սաղ. 112։7, 8; Եբր. 13։6)։ Ուստի եթե հիմիկվանից սովորենք ապավինել Եհովային, Գոգի հարձակման ժամանակ վախով չենք համակվի։ *

ԱՆՁԿՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍԻՐ ՔՈ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ

Հիսուսը և իր երկնային զորքը շուտով կմղեն Արմագեդոն պատերազմը և կկործանեն Աստծու թշնամիներին (տես պարբերություն 17)

17. Ինչո՞ւ Արմագեդոնից վախենալու պատճառ չունենք (տես ամսագրի շապիկի նկարը)։

17 Ինչպես նախորդ հոդվածում նշեցինք, մեզանից շատերն իրենց ողջ կյանքն ապրել են այս աշխարհի վերջին օրերում։ Բայց մենք նաև հնարավորություն ունենք փրկվելու մեծ նեղությունից։ Արմագեդոն պատերազմը լինելու է այս աշխարհի վախճանի եզրափակիչ ակորդը։ Բայց մենք վախենալու պատճառ չունենք։ Ինչո՞ւ։ Որովհետև դա Աստծո՛ւ պատերազմն է լինելու (Առակ. 1։33; Եզեկ. 38։18–20; Զաք. 14։3)։ Եհովայի հրահանգով՝ Հիսուս Քրիստոսը երկնային զորքին կառաջնորդի պատերազմի։ Այդ զորքի կազմում կլինեն հարություն առած օծյալները և բյուրավոր հրեշտակներ։ Միասին նրանք կպատերազմեն Սատանայի, դևերի և նրանց երկրային զորքերի դեմ (Դան. 12։1; Հայտն. 6։2; 17։14

18. ա) Եհովան ի՞նչ է խոստացել։ բ) Հայտնություն 7։9, 13–17 համարները ինչպե՞ս են օգնում վստահությամբ նայել ապագային։

18 Եհովան խոստացել է. «Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Ես. 54։17)։ Աստծու հավատարիմ երկրպագուներից կազմված «մեծ բազմությունը» դուրս է գալու «մեծ նեղությունից» և շարունակելու է սուրբ ծառայություն մատուցել նրան (կարդա Հայտնություն 7։9, 13–17)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստծու ժողովուրդը փրկվելու է կործանումից։ Մենք համոզված ենք, որ «Եհովան պահպանում է հավատարիմներին» (Սաղ. 31։23)։ Բոլոր նրանք, ովքեր սիրում և փառաբանում են նրան, մեծ ուրախություն կապրեն՝ տեսնելով, թե ինչպես է նրա սուրբ անունը մաքրվել ամեն նախատինքից (Եզեկ. 38։23

19. Մոտ ապագայում ինչպիսի՞ կյանք է մեզ սպասում։

19 Պատկերացրու՝ ինչ գրված կլիներ 2 Տիմոթեոս 3։2–5 համարներում, եթե այնտեղ նկարագրվեր նոր աշխարհում ապրող մարդկային հասարակությունը՝ զերծ Սատանայի ազդեցությունից (տես « Այն ժամանակ մարդիկ կլինեն...» շրջանակը)։ Եղբայր Ջորջ Գանգասը *, որը Կառավարիչ մարմնի անդամ է եղել, այդ ժամանակները այսպես է նկարագրել. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ դրա բոլոր բնակիչները եղբայրներ և քույրեր լինեն։ Շուտով դուք պատիվ կունենաք ապրելու բոլորովին նոր աշխարհում։ Ընդ որում՝ կապրեք այնքան երկար, որքան Եհովան։ Չէ՞ որ մենք պատրաստվում ենք հավիտյան ապրել»։ Իրոք որ, սքանչելի հեռանկար։

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

^ պարբ. 5 Շուտով մարդկությունը «մեծ նեղություն» է տեսնելու։ Այդ ժամանակ ի՞նչ է լինելու Եհովայի ժողովրդին։ Աստված ի՞նչ է ակնկալելու իր ծառաներից։ Նրան մինչև վերջ հավատարիմ մնալու համար ո՞ր հատկությունները պետք է շարունակենք զարգացնել։ Հոդվածում կգտնենք այս հարցերի պատասխանները։

^ պարբ. 11 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Մագոգի Գոգ արտահայտությունը (և դրա կարճ ձևը՝ Գոգ) վերաբերում է ազգերի այն միավորմանը՝ կոալիցիային, որը մեծ նեղության ժամանակ հարձակվելու է Եհովայի երկրպագուների վրա։

^ պարբ. 11 Մանրամասն տեղեկությունների համար, թե մինչև Արմագեդոն պատերազմը ինչ է տեղի ունենալու, տես «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի 21-րդ գլուխը։ Որպեսզի ավելին իմանաս Մագոգի Գոգի հարձակման և այն մասին, թե Եհովան ինչպես է Արմագեդոնի ժամանակ պաշտպանելու իր ժողովրդին, տես «Դիտարանի» 2013 թ. հուլիսի 15-ի համարը (էջ 3–8), 2015 թ. հուլիսի 15-ի համարը (էջ 14–19) և «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գրքի 17-րդ և 18-րդ գլուխները (անգլ.)։

^ պարբ. 16 2019 թ. տարածաշրջանային համաժողովի խորագիրն է՝ «Սերը երբեք չի վերջանում»։ Ծրագրում ընդգրկված ելույթները օգնում են համոզվել, որ Եհովայի սիրառատ պաշտպանության ներքո մենք միշտ ապահով կլինենք (1 Կորնթ. 13։8

^ պարբ. 19 Տես «Նրա գործերը իր հետ են գնում» հոդվածը «Դիտարանի» 1994 թ. դեկտեմբերի 1-ի համարում (անգլ.)։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Մեծ նեղության ժամանակ Վկաների մի փոքր խումբ, քաջություն ցուցաբերելով, հավաքվել է անտառում, որ ժողովի հանդիպում անցկացնի։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Եհովայի հավատարիմ ծառաներից կազմված մեծ բազմությունը կփրկվի մեծ նեղությունից և ցնծություն կապրի։