Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարտությունը սովորեցնենք

Ճշմարտությունը սովորեցնենք

«Ո՛վ Եհովա.... Քո խոսքի էությունը ճշմարտությունն է» (ՍԱՂ. 119։159, 160

ԵՐԳ 29, 53

1, 2. ա) Հիսուսն ի՞նչը դարձրեց իր կյանքի գլխավոր գործը և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ պետք է անենք, որ Աստծու լավ համագործակիցներ լինենք։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ատաղձագործ էր և ուսուցիչ (Մարկ. 6։3; Հովհ. 13։13)։ Երկու գործում էլ նա կատարյալ վարպետ էր։ Որպես հյուսն՝ նա սովորել էր համապատասխան գործիքների միջոցով փայտանյութից օգտակար առարկաներ պատրաստել։ Իսկ որպես բարի լուրը քարոզող ուսուցիչ՝ նա սուրբգրային իր խոր գիտելիքները հմտորեն օգտագործում էր, որպեսզի հասարակ մարդկանց օգներ հասկանալ Աստծու Խոսքի ճշմարտությունները (Մատթ. 7։28; Ղուկ. 24։32, 45)։ 30 տարեկանում Հիսուսը մի կողմ դրեց ատաղձագործական գործիքները, որովհետև գիտեր, որ Աստծու Խոսքի ուսուցիչ լինելը շատ ավելի կարևոր է։ Նա ասաց, որ Աստված իրեն ուղարկել է երկիր՝ Թագավորության բարի լուրը քարոզելու համար (Մատթ. 20։28; Ղուկ. 3։23; 4։43)։ Հիսուսը քարոզչական ծառայությունը դարձրեց իր կյանքի գլխավոր գործը։ Նա ուզում էր, որ այդ գործում ուրիշներն էլ միանան իրեն (Մատթ. 9։35–38

2 Մեզնից քչերն են ատաղձագործներ, բայց բոլորս էլ, անշուշտ, Աստծու Խոսքի ուսուցիչներ ենք։ Այդ գործը այնքան կարևոր է, որ Եհովան ինքն էլ մասնակցում է դրան։ Այդ պատճառով էլ մենք «Աստծու համագործակիցներ» ենք կոչվում (1 Կորնթ. 3։9; 2 Կորնթ. 6։4)։ Մենք ընդունում ենք, որ նրա «խոսքի էությունը ճշմարտությունն է» (Սաղ. 119։159, 160)։ Ուստի ուզում ենք ամեն ինչ անել, որ ծառայության ժամանակ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցենք» (կարդա 2 Տիմոթեոս 2։15)։ Դրա համար շարունակում ենք ջանքեր թափել, որպեսզի ավելի հմտորեն օգտագործենք Աստվածաշունչը՝ այն գլխավոր գործիքը, որի միջոցով մարդկանց սովորեցնում ենք Եհովայի, Հիսուսի և Թագավորության մասին։ Այս գործում մեզ օգնելու համար Եհովայի կազմակերպությունը օգտակար գործիքներ է պատրաստել, որոնց պետք է լավ ծանոթանանք։ Այդ հավաքածուն կոչվում է «Ուսուցանելու գործիքների արկղ»։

3. Այս ժամանակներում ի՞նչը պետք է լինի մեր գլխավոր նպատակը, և Գործեր 13։48-ը մեզ ի՞նչ անելու է մղում։

3 Գուցե մտածես, թե ինչու է այս հավաքածուն կոչվում «Ուսուցանելու գործիքների արկղ» և ոչ թե «Քարոզելու գործիքների արկղ»։ Քարոզել նշանակում է ինչ-որ լուր հռչակել, իսկ ուսուցանել նշանակում է այդ լուրը հասցնել մարդու մտքին ու սրտին, որպեսզի նա գործի իր սովորածի համաձայն։ Այն կարճ ժամանակահատվածում, որ մնացել է վկայության գործին, մեր գլխավոր նպատակը պետք է լինի Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելը և ճշմարտությունը մարդկանց սովորեցնելը։ Դրա համար պետք է ջանադրաբար փնտրենք նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», և օգնենք նրանց դառնալ Աստծու ծառաներ (կարդա Գործեր 13։44–48

4. Ինչպե՞ս կարող ենք գտնել նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ»։

4 Ինչպե՞ս գտնենք նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ»։ Ինչպես և առաջին դարում, այսօր էլ այդպիսի մարդկանց գտնելու միակ միջոցը վկայություն տալու գործին մասնակցելն է։ Ուստի պետք է հետևենք Հիսուսի հրահանգին. «Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի, և մնացեք այնտեղ, մինչև որ հեռանաք» (Մատթ. 10։11)։ Մենք չենք ակնկալում, որ հոգևոր ծարավ չունեցող, կեղծավոր կամ գոռոզ մարդիկ կընդունեն բարի լուրը։ Մենք փնտրում ենք նրանց, ովքեր ծարավ են ճշմարտության, ովքեր ազնիվ ու խոնարհ են։ Ահա թե ինչին կարելի է նմանեցնել որոնման այս աշխատանքը։ Երբ Հիսուսը ատաղձագործությամբ էր զբաղվում, կահույք, դռներ, լծեր և այլ առարկաներ պատրաստելու համար հավանաբար գնում էր համապատասխան փայտանյութ փնտրելու։ Այն գտնելուց հետո նա գործի էր դնում իր գործիքներն ու հմտությունները և պատրաստում էր անհրաժեշտ իրը։ Նույն ձևով էլ մենք պետք է վարվենք, երբ ջանում ենք ազնվասիրտ մարդկանց աշակերտ դարձնել (Մատթ. 28։19, 20

5. Ի՞նչ պետք է իմանանք ուսուցանելու մեր գործիքների մասին։ Բեր օրինակ (տես հոդվածի սկզբի նկարը)։

5 Ցանկացած գործիք իր նպատակն ունի։ Օրինակ՝ մտածիր, թե Հիսուսը, ըստ ամենայնի, ինչ գործիքներ է օգտագործել։ * Նա պետք է գերանները չափեր և դրանց վրա համապատասխան նշաններ աներ, այդ գերանները կտրեր, ծակեր և դրանց ձև տար, փայտի կտորները ճիշտ դիրքով ամրացներ։ Նույն ձևով էլ մեր արկղում գտնվող յուրաքանչյուր գործիք իր նպատակն ունի։ Եկեք տեսնենք, թե ինչ կա այնտեղ, և ինչպես կարող ենք օգտագործել այդ կարևոր գործիքները։

ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՄԵԶ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6, 7. ա) Ինչպե՞ս ես օգտագործել մեր այցեքարտերը։ բ) Ի՞նչ նպատակներով է թողարկվել ժողովի հանդիպումների հրավիրատոմսը։

6 Այցեքարտեր։ Դրանք փոքր, բայց արդյունավետ գործիքներ են, որոնց նպատակն է մարդկանց մղել այցելելու մեր կայք և ծանոթանալու Եհովայի վկաների հետ։ Այնտեղ նրանք կարող են շատ բան իմանալ մեր մասին և նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրության հայտ լրացնել։ Մինչ օրս jw.org կայքի միջոցով ավելի քան 400 000 այդպիսի հայտ է ուղարկվել, և ամեն օր հարյուրավոր նոր հայտեր են ուղարկվում։ Ուստի քեզ հետ միշտ այցեքարտեր ունեցիր, որպեսզի առիթի դեպքում դրանց միջոցով վկայություն տաս։

7 Հրավիրատոմսեր։ Ժողովի հանդիպումների հրավիրատոմսը երկու նպատակի է ծառայում։ Դրանում գրված է. «Հրավիրում ենք ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ»։ Դա առաջարկվում է անել «մեր հանրային հանդիպումների ժամանակ» կամ առանձին՝ «Վկաներից մեկի օգնությամբ»։ Այս գործիքը ոչ միայն ծանոթացնում է Եհովայի վկաների հետ, այլև առաջարկում է իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդկանց մեր օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը (Մատթ. 5։3)։ Անկախ այն բանից՝ մարդիկ կընդունեն այդ առաջարկը, թե ոչ, մենք նրանց հրավիրում ենք մեր հանդիպումներին։ Այնտեղ նրանք կտեսնեն, թե որքան շատ բան կարող են սովորել Աստծու Խոսքից։

8. Ինչո՞ւ է կարևոր, որ մարդիկ գոնե մեկ անգամ գան մեր հանդիպմանը։ Բեր օրինակ։

8 Կարևոր է շարունակել մարդկանց հրավիրել մեր հանդիպումներին, որպեսզի նրանք գոնե մեկ անգամ գան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպես նրանք կնկատեն մեր ու Մեծ Բաբելոնի միջև եղած հսկայական տարբերությունը, կտեսնեն, որ մենք հոգևոր առատ սնունդ ենք ստանում, այնինչ կեղծ կրոնների անդամները հոգևորապես թշվառ վիճակում են (Ես. 65։13)։ Միացյալ Նահանգներում ապրող մի ամուսնական զույգ տարիներ առաջ համոզվեց դրանում։ Ինչպե՞ս։ Ռեյն ու Լինդան հավատում էին Աստծուն և հոգևորապես քաղցած էին, ուստի որոշեցին մեկ առ մեկ այցելել իրենց քաղաքի բոլոր եկեղեցիները։ Սակայն հենց սկզբից վճռեցին, որ կանդամակցեն միայն այն եկեղեցուն, որը կբավարարի երկու պայման։ Նախ՝ այնտեղ հնչած քարոզներից նրանք պետք է բան սովորեն։ Եվ երկրորդ՝ այդ եկեղեցու անդամների արտաքին տեսքից պետք է երևա, որ նրանք Աստծու ծառաներ են։ Իրենց քաղաքում շատ եկեղեցիներ և տարբեր կրոնական ուղղություններ կային, ուստի բոլոր եկեղեցիներն այցելելու համար այդ զույգից մի քանի տարի պահանջվեց։ Բայց ի վերջո ամուսինները խոր հիասթափություն ապրեցին։ Նրանք ոչ միայն գիտելիքներ չստացան, այլև չգտան այնպիսի եկեղեցի, որի անդամները արժանավայել տեսք ունենան։ Մի օր, երբ նրանք դուրս եկան իրենց ցուցակում նշված վերջին եկեղեցուց, Լինդան գնաց աշխատանքի, իսկ Ռեյը ուղևորվեց տուն։ Անցնելով Թագավորության սրահի կողքով՝ նա մտածեց. «Ինչո՞ւ չգնամ ու չտեսնեմ, թե ինչ են անում այնտեղ»։ Դա, ինչ խոսք, լավագույն որոշումն էր։ Թագավորության սրահում բոլորը ջերմ էին, սիրալիր և պատշաճ տեսք ունեին։ Ռեյը նստեց առաջին շարքում։ Նրան շատ դուր եկավ իր սովորածը։ Այս օրինակը հիշեցնում է այն մարդու արձագանքը, ով, ինչպես գրել է Պողոս առաքյալը, առաջին անգամ գալով քրիստոնեական հանդիպման, բացականչում է. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է» (1 Կորնթ. 14։23–25)։ Այդ օրվանից Ռեյը սկսեց հաճախել շաբաթավերջի հանդիպումներին, իսկ հետո՝ նաև միջշաբաթյա հանդիպումներին։ Լինդան նույնպես միացավ նրան։ Չնայած որ ամուսինները 70-ն անց էին, նրանք համաձայնվեցին ուսումնասիրել Աստվածաշունչը և մկրտվեցին։

ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ԶՐՈՒՅՑ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

9, 10. ա) Մեր թերթիկների միջոցով ինչո՞ւ է հեշտ վկայություն տալ։ բ) Բացատրիր՝ ինչպես օգտագործել «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» թերթիկը։

9 Թերթիկներ։ Մենք ութ թերթիկ ունենք, որոնք շատ հեշտ է օգտագործել։ Դրանք լավ գործիքներ են զրույց սկսելու համար։ 2013 թ.-ից, երբ այդ թերթիկները սկսեցին լույս տեսնել, տպագրվել է մոտ հինգ միլիարդ օրինակ։ Այս գործիքները նրանով են հարմար, որ երբ սովորում ես օգտագործել դրանցից մեկը, կարողանում ես բոլորն էլ օգտագործել, քանի որ նույն սկզբունքով են կազմված։ Ինչպե՞ս կարող ես թերթիկի միջոցով զրույց սկսել։

10 Օրինակ՝ գուցե որոշես օգտագործել «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» թերթիկը։ Զրուցակցիդ ցույց տուր առաջին էջում գրված հարցը և ասա. «Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է Աստծու Թագավորությունը»։ Այնուհետև առաջարկիր ընտրել բերված երեք պատասխաններից մեկը։ Առանց նշելու՝ պատասխանը ճիշտ է, թե ոչ, մարդու ուշադրությունը հրավիրիր ներսի կողմում գտնվող «Ինչ է ասում Աստվածաշունչը» բաժնի վրա և կարդա այնտեղ բերված համարները՝ Դանիել 2։44-ն ու Եսայիա 9։6-ը։ Եթե հարմար է, շարունակիր քննարկումը։ Վերջում ցույց տուր «Գուցե մտածեք» բաժնում բերված հարցը. «Ինչպիսի՞ն է լինելու կյանքը Աստծու Թագավորության ներքո»։ Այդպես հիմք կնախապատրաստես հաջորդ զրույցի համար։ Երբ կրկին այցելես այդ մարդուն, կարող ես նրա ուշադրությունը հրավիրել «Բարի լուր Աստծուց» գրքույկի 7-րդ դասի վրա։ Այս գրքույկը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու գործիքներից մեկն է։

ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

11. Ի՞նչ նպատակով են թողարկվում մեր ամսագրերը, և դրանց վերաբերյալ ի՞նչ պետք է իմանանք։

11 Ամսագրեր։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը աշխարհում ամենամեծ տպաքանակով և ամենից շատ լեզուներով հրատարակվող պարբերականներն են։ Քանի որ դրանք ընթերցվում են ամբողջ աշխարհում, գլխավոր թեմաներն այնպես են ընտրվում, որ գրավիչ լինեն բոլոր երկրներում ապրող մարդկանց համար։ Այս պարբերականները մարդկանց ուշադրությունը հրավիրում են այն ամենի վրա, ինչը կյանքում իսկապես կարևոր է։ Սակայն որպեսզի մեր ամսագրերը ճիշտ ձեռքերում հայտնվեն, նախ պետք է իմանանք, թե ում համար է նախատեսված դրանցից յուրաքանչյուրը։

12. ա) Ո՞ւմ համար է նախատեսված «Արթնացե՛ք»-ը, և ո՞րն է այս ամսագրի նպատակը։ բ) Վերջերս ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել, երբ օգտագործել ես այս գործիքը։

12 «Արթնացե՛ք»-ը նախատեսված է նրանց համար, ովքեր շատ քիչ բան գիտեն Աստվածաշնչի մասին կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն։ Հնարավոր է՝ նրանք ոչինչ չգիտեն նաև քրիստոնեական ուսմունքների մասին, կրոններին չեն վստահում կամ տեղյակ չեն, որ Աստվածաշունչը գործնական արժեք ունի։ «Արթնացե՛ք»-ի գլխավոր նպատակն է ընթերցողին հավատացնել, որ Աստված գոյություն ունի (Հռոմ. 1։20; Եբր. 11։6)։ Դրա նպատակն է նաև մարդու մեջ հավատ զարգացնել, որ Աստվածաշունչը իսկապես Աստծու Խոսքն է (1 Թեսաղ. 2։13)։ Այս պարբերականի 2018 թվականի թողարկումների գլխավոր թեմաներն են՝ «Երջանկության ուղին», «Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք» և «Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար»։

13. ա) Ո՞ւմ համար է նախատեսված «Դիտարանի» հանրային թողարկումը։ բ) Վերջերս ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել, երբ օգտագործել ես այս գործիքը։

13 «Դիտարանի» հանրային թողարկման գլխավոր նպատակն է աստվածաշնչյան ուսմունքները բացատրել նրանց, ովքեր ինչ-որ չափով հարգում են Աստծուն և նրա Խոսքը։ Նրանք, հնարավոր է, ինչ-որ բան գիտեն Աստվածաշնչից, բայց լավ չեն հասկանում դրա ուսմունքները (Հռոմ. 10։2; 1 Տիմոթ. 2։3, 4)։ 2018 թվականի թողարկումները պատասխանում են հետևյալ հարցերին. «Աստվածաշունչը գործնակա՞ն է մեր օրերում», «Ի՞նչ է սպասվում ապագայում», «Աստված հոգ տանո՞ւմ է անձամբ ձեր մասին»։

ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՔԱՅԼԵՐԻ ՄՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

14. ա) Ո՞րն է գործիքների արկղում գտնվող չորս տեսանյութերի նպատակը։ բ) Վերջերս ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել, երբ ցույց ես տվել այդ տեսանյութերը։

14 Տեսանյութեր։ Հիսուսի ժամանակներում ատաղձագործը միայն ձեռքի գործիքներ ուներ։ Բայց այսօր կան նաև էլեկտրական գործիքներ, որոնց միջոցով կարելի է սղոցել, ծակել, հղկել, մեխել և այլ գործեր անել։ Մենք էլ, տպագրված հրատարակություններից բացի, ունենք հրաշալի տեսանյութեր, որոնցից չորսը գտնվում են մեր գործիքների արկղում։ Դրանք են՝ «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը», «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը», «Ի՞նչ են անում Թագավորության սրահում», «Եհովայի վկաներ. ովքե՞ր ենք մենք»։ Այն տեսանյութերը, որոնց տևողությունը երկու րոպեից պակաս է, նախատեսված են առաջին այցելության համար։ Իսկ ավելի երկար տեսանյութերը օգտագործում ենք, երբ վերայցելում ենք մարդկանց կամ զրուցում ենք նրանց հետ, ովքեր կարող են մեզ ավելի շատ ժամանակ տրամադրել։ Այս արդյունավետ գործիքների միջոցով կարող ենք մեր զրուցակիցներին մղել Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել և գալ մեր հանդիպումներին։

15. Մեր տեսանյութերը ի՞նչ ազդեցություն կարող են թողնել մարդկանց վրա, երբ դրանք դիտում են իրենց մայրենի լեզվով։ Բեր օրինակ։

15 Երբ մի քույր հանդիպեց Միկրոնեզիայից եկած մի կնոջ, ում մայրենի լեզուն յապն է, նրան այդ լեզվով ցույց տվեց «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Լսելով առաջին բառերը՝ կինը բացականչեց. «Սա իմ լեզվով է։ Հավատս չի գալիս։ Այս մարդու արտասանությունից նույնիսկ կարող եմ ասել, որ նա իմ կղզուց է։ Նա իմ լեզվով է խոսում»։ Ապա կինն ասաց, որ jw.org կայքում կկարդա և կդիտի իր լեզվով առկա բոլոր նյութերը (համեմատիր Գործեր 2։8, 11)։ Ահա մեկ ուրիշ օրինակ։ Միացյալ Նահանգներում ապրող մի քույր արտասահմանում բնակվող իր եղբորորդուն ուղարկեց վերոնշյալ տեսանյութի հղումը։ Դիտելով այն իր մայրենի լեզվով՝ նա էլեկտրոնային փոստով գրեց. «Իմ ուշադրությունը գրավեց այն միտքը, որ այս աշխարհը չար ուժ է ղեկավարում։ Ես Աստվածաշնչի ուսումնասիրության հայտ եմ լրացրել»։ Այս մարդն ապրում է մի երկրում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է։

ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

16. Ո՞րն է հետևյալ գրքույկներից յուրաքանչյուրի նպատակը. ա) «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան», բ) «Բարի լուր Աստծուց», գ) «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր»։

16 Գրքույկներ։ Ինչպե՞ս կարող ես ճշմարտությունը սովորեցնել նրան, ով վատ է կարդում, կամ ում լեզվով ոչ մի գրականություն չկա։ Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան գործիք՝ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը։ * Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու մեկ ուրիշ հիանալի գործիք է «Բարի լուր Աստծուց» գրքույկը։ Կարող ես մարդուն ցույց տալ վերջին էջում թվարկված 14 թեմաները և հարցնել, թե որ թեման է նրան ամենից շատ հետաքրքրում։ Այնուհետև կարող ես այդ դասի միջոցով ուսումնասիրություն անցկացնել։ Երբևէ փորձե՞լ ես վերայցելություններ անելիս կիրառել այս մոտեցումը։ Մեր գործիքների արկղում գտնվող երրորդ գրքույկը կոչվում է «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր»։ Դրա նպատակն է ուսումնասիրողին ծանոթացնել Եհովայի կազմակերպությանը։ Գրքույկը հարկավոր է նրա հետ քննարկել ամեն պարապմունքի սկզբում կամ վերջում։ Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի 2017 թ. մարտի թողարկումը։

17. ա) Ո՞րն է ուսումնասիրվող գրքերից յուրաքանչյուրի նպատակը։ բ) Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր մկրտվում են, և ինչո՞ւ։

17 Գրքեր։ Որևէ գրքույկի միջոցով ուսումնասիրություն սկսելուց հետո կարող ես ցանկացած պահի անցնել «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքին։ Այս գործիքը կօգնի մարդուն լավ յուրացնել Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Եթե ուսումնասիրողը հոգևորապես առաջադիմում է, այս գրքից հետո ուսումնասիրությունը շարունակիր «Մնա Աստծու սիրո մեջ» գրքով։ * Այն ուսումնասիրողին կսովորեցնի առօրյայում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Հիշիր. նույնիսկ եթե մարդը մկրտվել է, միևնույն է, հարկավոր է նրա հետ շարունակել և ավարտել այս երկու գրքերի ուսումնասիրությունը։ Դա կօգնի նրան ամուր հիմքի վրա կառուցել իր հավատը և նվիրված մնալ Եհովային (կարդա Կողոսացիներ 2։6, 7

18. ա) 1 Տիմոթեոս 4։16-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք որպես Աստծու Խոսքի ուսուցիչներ և ինչո՞ւ։ բ) Ո՞րը պետք է լինի մեր նպատակը, երբ օգտվում ենք «Ուսուցանելու գործիքների արկղից»։

18 Մեզ՝ որպես Եհովայի վկաների, վստահվել է «ճշմարտության՝ բարի լուրի քարոզչությունը», որի շնորհիվ մարդիկ կարող են հավիտենական կյանք ստանալ (Կող. 1։5; կարդա 1 Տիմոթեոս 4։16)։ Մեզ օգնելու համար ստեղծվել է «Ուսուցանելու գործիքների արկղը», որտեղ կգտնենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է (տես « Ուսուցանելու գործիքների արկղ» շրջանակը)։ Եկեք հմտորեն օգտագործենք այդ գործիքները։ Յուրաքանչյուր քարոզիչ ինքը կարող է որոշել, թե որ գործիքը երբ օգտագործի։ Սակայն պետք է հիշենք, որ մեր նպատակը պարզապես գրականություն տարածելը չէ։ Ուստի պետք չէ գրականություն տալ նրանց, ում չի հետաքրքրում բարի լուրը։ Մեր նպատակն է աշակերտ դարձնել ազնիվ ու խոնարհ մարդկանց, ովքեր հոգևոր ծարավ ունեն՝ նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48; Մատթ. 28։19, 20

^ պարբ. 5 Տես «Դիտարանի» 2010 թ. օգոստոսի 1-ի համարում տպագրված «Ատաղձագործը» հոդվածը և «Ատաղձագործի գործիքները» շրջանակը։

^ պարբ. 16 Եթե մարդը տառաճանաչ չէ, նրան կարող ես տալ «Լսիր Աստծուն» գրքույկը, որում հիմնականում նկարներ են։

^ պարբ. 17 Երբ «Ինչպե՞ս մնալ Աստծու սիրո մեջ» գիրքը լույս տեսնի քո լեզվով, սկսիր դրանից օգտվել։