Հիշո՞ւմ եք
Ուշադրությա՞մբ եք կարդացել այս տարվա «Դիտարանի» թողարկումները։ Կկարողանա՞ք պատասխանել ստորև նշված հարցերին։
Եհովան ի՞նչ օրինակ է կանանց հանդեպ ճիշտ վերաբերմունք դրսևորելու հարցում։
Նա կանանց անկողմնակալությամբ է վերաբերվում և տղամարդկանց նրանցից բարձր չի համարում։ Աստված լսում է կանանց աղոթքները և հետաքրքրված է նրանց զգացմունքներով ու մտահոգություններով։ Նա նրանց տարբեր գործեր է վստահում (w24.01, էջ 15-16)։
Ինչպե՞ս կարող ենք կիրառել Եփեսացիներ 5։7-ում գրված հետևյալ խոսքերը. «Նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք»։
Պողոս առաքյալը նախազգուշացրել է մեզ, որ չշփվենք այն մարդկանց հետ, ովքեր կթուլացնեն Եհովայի չափանիշներին կառչած մնալու մեր վճռականությունը։ Այդպիսի մարդկանցից հեռու մնալու հորդորը վերաբերում է ոչ միայն նրանց, ում հետ շփվում ենք երես առ երես, այլև նրանց, ում հետ շփվում ենք սոցիալական ցանցերում (w24.03, էջ 22-23)։
Ի՞նչ սուտ պատմություններից պետք է զգուշանանք։
Մենք պետք է զգուշանանք չստուգված տեղեկություններին հավատալուց, որոնք լսում ենք լավ մղումներ ունեցող ընկերներից կամ ճշմարտությամբ իբրև թե հետաքրքրվող հավատուրացներից կամ էլ որոնք ստանում ենք անծանոթ մարդկանց ուղարկած անցանկալի էլեկտրոնային նամակների միջոցով (w24.04, էջ 12)։
Ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք այն մասին, թե ինչպես է Եհովան դատելու Սողոմոնին և Սոդոմի ու Գոմորի կործանման և Ջրհեղեղի ժամանակ մահացած մարդկանց։
Մենք չենք կարող միանշանակ ասել, որ Եհովան նրանց դատապարտել է հավիտենական կործանման։ Սակայն գիտենք, որ նա տիրապետում է բոլոր փաստերին և անչափ գթասիրտ է (w24.05, էջ 3-4)։
Այն, որ Եհովան կոչվում է «Վեմ», ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում (2 Օրենք 32։4)։
Մենք կարող ենք ապաստան գտնել Եհովայի մոտ։ Նա վստահելի է՝ միշտ պահում է իր խոստումները, և անսասան է՝ նա չի փոխվում, չեն փոխվում նաև նրա նպատակները (w24.06, էջ 26-28)։
Ի՞նչը կօգնի քեզ հարմարվել նոր ժողովին։
Վստահիր Եհովային։ Նա կօգնի քեզ, ինչպես օգնել է անցյալում ապրած իր ծառաներին։ Մի՛ համեմատիր նոր ժողովը քո նախկին ժողովի հետ։ Ներգրավված եղիր ժողովի գործերում և ձգտիր նոր ընկերներ ձեռք բերել (w24.07, էջ 26-28)։
Մատթեոս 25-րդ գլխում գրված երեք առակները ի՞նչ են սովորեցնում մեզ։
Ոչխարների ու այծերի մասին առակը ընդգծում է հավատարիմ ու նվիրված լինելու կարևորությունը։ Իմաստուն և հիմար կույսերի մասին առակը սովորեցնում է, որ պետք է պատրաստ և զգոն լինենք։ Իսկ տաղանդների մասին առակից սովորում ենք լինել ջանասեր (w24.09, էջ 20-24)։
Որքա՞ն էր Սողոմոնի տաճարի նախասրահի բարձրությունը։
Որոշ հին ձեռագրերում 2 Տարեգրություն 3։4-րդ համարում գրված է «120 կանգուն», ինչը նշանակում է, որ այն 53 մ (175 ֆուտ) բարձրությամբ աշտարակ է եղել։ Մինչդեռ այլ հեղինակավոր ձեռագրերում գրված է «20 կանգուն», այսինքն՝ 9 մ (30 ֆուտ)։ Այս բարձրությունը համապատասխանում է տաճարի պատերի հաստությանը (w24.10, էջ 31)։
Ի՞նչ է նշանակում, որ ծառայող օգնականը «պետք է միայն մեկ կին ունենա» (1 Տիմոթ. 3։12)։
Դա նշանակում է, որ նա պետք է ամուսնացած լինի միայն մեկ կնոջ հետ և սեռական անբարոյություն չգործի։ Բացի այդ՝ նա չպետք է անհարկի ուշադրություն դրսևորի ուրիշ կանանց հանդեպ (w24.11, էջ 19)։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հովհաննես 6։53-ը չի վերաբերում Հիշատակի երեկոն նշելուն։
Հովհաննես 6։53-ում Հիսուսն ասաց, որ անհրաժեշտ է ուտել իր մարմինն ու խմել իր արյունը։ Հիսուսը այդ խոսքերն ասաց 32թ.-ին Գալիլեայում հավաքված հրեաներին, ովքեր դեռ պետք է հավատ ցուցաբերեին իր հանդեպ։ Իսկ Տիրոջ ընթրիքը հաստատվեց մեկ տարի հետո Երուսաղեմում։ Այդ ժամանակ Հիսուսը խոսում էր նրանց հետ, ովքեր իր հետ թագավորելու էին երկնքում (w24.12, էջ 10-11)։