Ինչպիսի՞ համագործակից ես
«ԵՍ ՆՐԱ կողքին հմուտ վարպետ էի.... Ես ուրախ էի նրա առաջ ամեն ժամանակ» (Առակ. 8։30)։ Այս համարից իմանում ենք, թե ինչպես է Աստծու Որդին նախքան երկիր գալը դարեր շարունակ համագործակցել իր Հոր հետ։ Նաև տեսնում ենք, թե Հիսուսն ինչ էր զգում Աստծու հետ համագործակցելիս։ Նա «ուրախ էր նրա առաջ»։
Իր Հոր հետ աշխատելիս Հիսուսը մի շարք հատկություններ ձեռք բերեց, ինչի շնորհիվ դարձավ հիանալի համագործակից։ Հետագայում, երբ երկրի վրա էր, նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի լավ համագործակիցը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Քննելով նրա օրինակը՝ կտեսնենք երեք սկզբունք, որոնք կօգնեն մեզ լինել լավ համագործակից։ Եթե կիրառենք դրանք, մեր միջև միասնության և համագործակցության ոգի կտիրի։
ՍԿԶԲՈՒՆՔ 1. «ՄԻՄՅԱՆՑ ՊԱՏՎԵՔ»
Լավ համագործակիցը խոնարհ է։ Նա թանկ է գնահատում իր համագործակիցներին և չի փորձում միշտ ուշադրության կենտրոնում լինել։ Հիսուսը իր Հորից էր սովորել այդպիսին լինել։ Թեև միմիայն Եհովան է արժանի կոչվելու Արարիչ, բայց նա ցանկացել է, որ բոլորն իմանան, թե ինչ կարևոր դեր է ունեցել իր Որդին ու Համագործակիցը արարչագործության մեջ։ Դա պարզ երևում է Աստծու հետևյալ խոսքերից. «Եկ մեր պատկերով.... մարդ ստեղծենք» (Ծննդ. 1։26)։ Այս հարցում Եհովայի դրսևորած խոնարհությունը հավանաբար հիացրել է Հիսուսին (Սաղ. 18։35)։
Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը նույնպես խոնարհություն դրսևորեց։ Երբ նրան գովում էին իր արածների համար, նա փառքը Աստծուն էր ուղղում (Մարկ. 10։17, 18; Հովհ. 7։15, 16)։ Հիսուսը իր աշակերտների հետ համագործակցելիս ձգտում էր խաղաղ մթնոլորտ ստեղծել։ Նա նրանց համարում էր ընկերներ, ոչ թե ծառաներ (Հովհ. 15։15)։ Մենք նույնպես պետք է թանկ համարենք մեր համագործակիցներին և նրանց շահերը մեր շահերից վեր դասենք (Հովհ. 13։5, 12–14)։ Մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք, եթե միմյանց պատվենք և չկենտրոնանանք այն բանի վրա, թե կատարված աշխատանքի համար ով է արժանանում գովասանքի (Հռոմ. 12։10)։
Խոնարհ անհատը նաև հասկանում է, որ «խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակ. 15։22)։ Անկախ մեր փորձից և ունակություններից՝ պետք է հիշենք, որ չկա այնպիսի մեկը, ով ամեն ինչ իմանա։ Նույնիսկ Հիսուսն էր ընդունում, որ կան բաներ, որ ինքը չգիտի (Մատթ. 24։36)։ Բացի այդ՝ նրան հետաքրքրում էր նաև իր անկատար աշակերտների կարծիքը (Մատթ. 16։13–16)։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսի համագործակիցները նրա ներկայությամբ իրենց լավ էին զգում։ Նմանապես, եթե խոնարհ լինենք և հիշենք, որ ամենագետ չենք, ինչպես նաև թույլ տանք ուրիշներին արտահայտել իրենց կարծիքը, կնպաստենք խաղաղությանը և միասին հաջողության կհասնենք։
Հատկապես կարևոր է, որ երեցները ընդօրինակեն Հիսուսին այս հարցում։ Միասին համագործակցելիս նրանք պետք է հիշեն, որ սուրբ ոգին կարող է գործել երեցների խորհրդից ցանկացած եղբոր միջոցով։ Եթե իրենց հանդիպումների ժամանակ երեցները ձգտեն այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ յուրաքանչյուրը կարողանա ազատորեն արտահայտել իր կարծիքը, ապա նրանց կայացրած որոշումները օգուտներ կբերեն ողջ ժողովին։
ՍԿԶԲՈՒՆՔ 2. «ԹՈՂ ՁԵՐ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԼԻՆԻ»
Լավ համագործակիցը խոհեմ է. նա հարմարվող է և զիջող։ Հիսուսն, անկասկած, բազմաթիվ առիթներով տեսել է, թե որքան խոհեմ է իր Հայրը։ Օրինակ, թեև մարդիկ մահվան էին արժանի, Եհովան, խոհեմություն դրսևորելով, ուղարկեց իր Որդուն, որ փրկագնի նրանց (Հովհ. 3։16)։
Հիսուսը զիջում էր, երբ դա տեղին էր կամ անհրաժեշտ։ Մի առիթով նա օգնեց մի փյունիկեցի կնոջ, թեև ուղարկվել էր միայն հրեաների մոտ (Մատթ. 15։22–28)։ Բացի այդ՝ Հիսուսը ողջամիտ ակնկալիքներ ուներ իր աշակերտներից։ Օրինակ, երբ Պետրոսը, ով շատ մտերիմ էր Հիսուսի հետ, ուրիշների ներկայությամբ նրան ուրացավ, վերջինս ներեց նրան։ Հետագայում նա Պետրոսին լուրջ պատասխանատվություններ վստահեց (Ղուկ. 22։32; Հովհ. 21։17; Գործ. 2։14; 8։14–17; 10։44, 45)։ Հիսուսի օրինակը հստակ ցույց է տալիս, որ պետք է լինենք զիջող։ Այդպիսով մեր «խոհեմությունը հայտնի կլինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. 4։5)։
Խոհեմությունը նաև կօգնի մեզ լինել հարմարվող, ինչի շնորհիվ կկարողանանք խաղաղությամբ համագործակցել ամեն տեսակ մարդկանց հետ։ Հիսուսի նախանձ թշնամիները նրան համարում էին «հարկահավաքների և մեղավորների ընկեր» (Մատթ. 11։19)։ Դա ցույց է տալիս, որ Հիսուսն այնքան լավ էր լեզու գտնում իր շրջապատի մարդկանց հետ, որ նույնիսկ այդպիսի մարդիկ էին ընդունում իր հայտնած լուրը։ Կարո՞ղ ենք Հիսուսի նման մենք էլ լեզու գտնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր տարբերվում են մեզանից։ Լուիս անունով մի եղբայր, ով շրջանային ծառայության մեջ և Բեթելում համագործակցել է տարբեր մարդկանց հետ, ասում է. «Անկատար մարդկանց հետ աշխատելը նման է անհամաչափ քարերով պատ կառուցելուն։ Քանի որ քարերը տարբերվում են իրարից, ավելի շատ ջանքեր են պետք ուղիղ պատ կառուցելու համար։ Նաև ինքս եմ փոփոխություններ արել, որպեսզի խաղաղությամբ համագործակցեմ ուրիշների հետ, որ կարողանանք գործը միասին գլուխ բերել»։ Ինչպիսի՜ լավ տրամադրվածություն։
Ոմանք անհրաժեշտ և օգտակար տեղեկությունը թաքցնում են, որպեսզի մյուսներին կախման մեջ պահեն։ Բայց լավ համագործակիցը այդպես չի վարվի
Ինչպե՞ս կարող ենք համագործակցության ոգի դրսևորել ժողովում։ Դա կարող ենք անել, օրինակ, երբ համագործակցում ենք մեր քարոզչական ծառայության խմբի հետ։ Հնարավոր է՝ ծառայության գնանք տարբեր տարիքի և ընտանեկան տարբեր պարտականություններ ունեցող քարոզիչների հետ։ Կփորձե՞նք խոհեմություն դրսևորելով՝ հարմարվել մեր ծառայակցին, օրինակ, այն հարցում, թե ծառայության ինչ ձև ընտրել, որքան արագ քայլել, որքան հաճախ ընդմիջումներ անել և այլն։
ՍԿԶԲՈՒՆՔ 3. «ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ ՀԱՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ» ԵՂԵՔ
Լավ համագործակիցը պատրաստ է «ուրիշներին բաժին հանելու», այսինքն՝ իր գիտելիքներն ու փորձը կիսելու ուրիշների հետ (1 Տիմոթ. 6։18)։ Իր Հոր հետ աշխատելիս Հիսուսը անկասկած տեսնում էր, որ նա իրենից չի թաքցնում, թե ինչպես է անում այս կամ այն բանը։ Երբ Եհովան «պատրաստում էր երկինքը», Հիսուսը «այնտեղ էր» և կարող էր սովորել նրանից (Առակ. 8։27)։ Հետագայում Հիսուսը ուրախությամբ իր աշակերտներին հայտնում էր «այն ամենը, ինչ [իր] Հորից էր լսել» (Հովհ. 15։15)։ Հիսուսի նման մենք նույնպես պետք է ընդօրինակենք Եհովային այս հարցում։ Ոմանք անհրաժեշտ և օգտակար տեղեկությունը թաքցնում են, որպեսզի մյուսներին կախման մեջ պահեն։ Բայց լավ համագործակիցը այդպես չի վարվի։ Նա մյուսներին ուրախությամբ կպատմի այն լավ բաները, որ սովորել է։
Մենք պետք է նաև քաջալերական խոսքեր ասենք մեր համագործակիցներին։ Երբ ինչ-որ մեկը նկատում է մեր ջանքերը և սրտանց գովում է մեզ, մեր սրտերը ջերմությամբ են լցվում։ Հիսուսը ժամանակ էր հատկացնում, որպեսզի գովեր իր համագործակիցներին այն լավ բաների համար, որ նկատում էր նրանց մեջ (համեմատիր Մատթեոս 25։19–23; Ղուկ. 10։17–20)։ Մի անգամ նա նույնիսկ ասաց, որ նրանք իրենից «ավելի մեծ գործեր կանեն» (Հովհ. 14։12)։ Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը գովեց իր հավատարիմ առաքյալներին՝ ասելով. «Իմ փորձությունների մեջ դուք միշտ ինձ հետ մնացիք» (Ղուկ. 22։28)։ Հիսուսի այս խոսքերը, անկասկած, քաջալերեցին նրանց և մղեցին գործերի։ Եթե մենք էլ ժամանակ տրամադրենք և գովենք մեր համագործակիցներին, նրանք ավելի երջանիկ կլինեն և ավելի արդյունավետորեն կկատարեն իրենց գործը։
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԼԱՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ ԼԻՆԵԼ
Քայոդե անունով մի եղբայր ասում է. «Լինել լավ համագործակից չի նշանակում լինել կատարյալ։ Լավ համագործակիցը իր շուրջը ուրախ մթնոլորտ է ստեղծում և թեթևացնում է աշխատանքային պրոցեսը»։ Իսկ դու այդպիսի՞ համագործակից ես։ Գուցե փորձես իմանալ, թե ինչ են մտածում այդ մասին քո համագործակիցները։ Եթե նրանք հաճույքով են աշխատում քեզ հետ, ինչպես Հիսուսի աշակերտները նրա հետ համագործակցելիս, ապա Պողոս առաքյալի նման դու էլ կարող ես ասել. «Մենք համագործակիցներ ենք և նպաստում ենք ձեր ուրախությանը» (2 Կորնթ. 1։24)։