Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատվական համարիր այն, ինչ «Աստված միավորեց մեկ լծի տակ»

Պատվական համարիր այն, ինչ «Աստված միավորեց մեկ լծի տակ»

«Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (ՄԱՐԿ. 10։9

ԵՐԳ 131, 132

1, 2. Եբրայեցիներ 13։4-ը մեզ ի՞նչ անելու պետք է մղի։

ԲՈԼՈՐՍ էլ, անկասկած, մեծ ուրախություն ենք զգում, երբ պատվում ենք Եհովային։ Չէ՞ որ նա արժանի է պատվի։ Եհովան էլ իր հերթին խոստանում է քեզ պատվել (1 Սամ. 2։30; Առակ. 3։9; Հայտն. 4։11)։ Աստված ցանկանում է, որ պատվես նաև մարդկանց, օրինակ՝ իշխանավորներին (Հռոմ. 12։10; 13։7)։ Սակայն կա մի բան, ինչը նույնպես շատ կարևոր է պատվել։ Դա ամուսնական կառույցն է։

2 Պողոս առաքյալը գրել է. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի» (Եբր. 13։4)։ Այստեղ Պողոսը պարզապես ընդհանուր ճշմարտություն չէր հայտնում, այլ ցանկանում էր քրիստոնյաներին քաջալերել ու մղել հարգելու ամուսնական կառույցը և այն թանկ համարելու։ Դու այդպե՞ս ես վերաբերվում ամուսնական կառույցին, մասնավորապես քո ամուսնությանը, եթե, իհարկե, ամուսնացած ես։

3. Հիսուսը ի՞նչ կարևոր խորհուրդ տվեց ամուսնության վերաբերյալ (տես հոդվածի սկզբի նկարը)։

3 Պատվելով ամուսնական կառույցը՝ դու ընդօրինակում ես Հիսուսին, ով լավ օրինակ է թողել այդ հարցում։ Երբ փարիսեցիները նրան հարց ուղղեցին ամուսնալուծության վերաբերյալ, նա հիշեցրեց այն խոսքերը, որ Աստված ասել էր առաջին ամուսնությունը հիմնելիս. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Հիսուսը նաև ավելացրեց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (կարդա Մարկոս 10։2–12; Ծննդ. 2։24

4. Եհովան ամուսնության ի՞նչ չափանիշ է սահմանել։

4 Հիսուսը շեշտեց, որ ամուսնական կառույցը Աստված է հիմնել, և որ այն պետք է հարատև միություն լինի։ Եհովան Ադամին ու Եվային չէր ասել, թե ամուսնալուծությամբ կարելի է վերջ դնել այդ կառույցին։ Եդեմում մենամուսնությունը հաստատվել էր որպես չափանիշ։ Երկուսը, շաղկապվելով իրար, պետք է հավերժական միություն կազմեին։

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ

5. Մահն ինչպե՞ս է անդրադառնում ամուսնական միության վրա։

5 Ադամի գործած մեղքը իր հետ փոփոխություններ բերեց։ Դրանցից մեկը մահն էր, որը անդրադարձավ ամուսնության վրա։ Ուշադրություն դարձնենք Պողոսի ասածին։ Խոսելով այն մասին, որ քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն՝ առաքյալը նաև նշում է, որ մահը վերջ է դնում ամուսնությանը, և որ այրիացած կողակիցը կարող է նորից ամուսնանալ (Հռոմ. 7։1–3

6. Մովսիսական օրենքն ինչպե՞ս է արտացոլում ամուսնության վերաբերյալ Աստծու տեսակետը։

6 Այն Օրենքը, որ Աստված տվեց Իսրայել ազգին, հավելյալ դրույթներ էր պարունակում ամուսնական կառույցի վերաբերյալ։ Այն թույլ էր տալիս բազմակնությունը՝ մի սովորույթ, որը Օրենքը տրվելուց առաջ արդեն գոյություն ուներ։ Սակայն Օրենքը կարգավորում էր բազմակնությունը և արգելում էր դրա հետ կապված չարաշահումները։ Օրինակ, եթե իսրայելացին ամուսնանար ստրկուհու հետ և հետո երկրորդ կին առներ, չպետք է պակասեցներ առաջին կնոջ հասանելիքը, այդ թվում՝ սնունդը, հագուստն ու ամուսնական պարտքը։ Աստված պահանջում էր, որ նա պաշտպաներ այդ կնոջն ու հոգ տաներ նրա մասին (Ելք 21։9, 10)։ Մենք Մովսիսական օրենքի տակ չենք, բայց այն օգնում է տեսնել, թե Եհովան ինչ մեծ հոգածությամբ է վերաբերվում ամուսնական կառույցին։ Սա քեզ չի՞ մղում պատվական համարել ամուսնությունը։

7, 8. ա) 2 Օրենք 24։1-ում ի՞նչ է ասվում ամուսնալուծության մասին։ բ) Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ամուսնալուծությանը։

7 Իսկ ամուսնալուծությա՞ն վերաբերյալ ինչ էր ասվում Օրենքում։ Թեև Աստված չէր փոխել ամուսնությանն առնչվող իր բարձր չափանիշները, սակայն զիջման գնալով՝ թույլ տվեց որոշ դեպքերում ամուսնալուծվել (կարդա 2 Օրենք 24։1)։ Իսրայելացին կարող էր բաժանվել կնոջից, եթե «անվայել բան նկատեր նրա վարքում»։ Օրենքը չէր հստակեցնում, թե «անվայել բանը» ինչ է։ Դա կարող էր ինչ-որ ամոթալի բան լինել, լուրջ պատճառ, ոչ թե աննշան մի սխալ (2 Օրենք 23։14)։ Ցավոք, Հիսուսի օրերում շատ հրեաներ «ցանկացած պատճառով» բաժանվում էին իրենց կանանցից (Մատթ. 19։3)։ Մենք անշուշտ չենք ցանկանա այդպիսի մտածելակերպ ունենալ։

8 Մաղաքիա մարգարեն բացահայտեց ամուսնալուծության վերաբերյալ Աստծու ունեցած տեսակետը։ Նրա օրերում սովորական բան էր դարձել, որ տղամարդը անհավատարմությամբ վարվեր իր «երիտասարդության կնոջ» հետ և բաժանվեր նրանից՝ հավանաբար ցանկանալով ամուսնանալ ավելի երիտասարդ կնոջ հետ, այն էլ՝ հեթանոս։ Մաղաքիան գրեց, որ Եհովան «ատում է ապահարզանը» (Մաղ. 2։14–16)։ Առաջին ամուսնական կառույցը հիմնելուց հետո Աստված իր տեսակետը չէր փոխել։ Այն ժամանակ նա ասել էր. «Տղամարդը.... կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդ. 2։24)։ Հիսուսը արտահայտեց նույն տեսակետը՝ ասելով. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։6

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՀԻՄՔԸ

9. Մարկոս 10։11, 12 համարներում գրված խոսքերը ի՞նչ են նշանակում։

9 Ինչ-որ մեկը կարող է հարցնել. «Իսկ կա՞ պատճառ, որի հիման վրա քրիստոնյան կարող է բաժանվել և նորից ամուսնանալ»։ Այդ մասին Հիսուսն ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում նրա դեմ. և եթե մի կին իր ամուսնուց բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մարկ. 10։11, 12; Ղուկ. 16։18)։ Այս խոսքերից տեսնում ենք, որ Հիսուսը պատվում էր ամուսնությունը և ցանկանում էր, որ ուրիշներն էլ դա անեին։ Եթե ամուսինը որևէ պատրվակով բաժանվում է իր հավատարիմ կնոջից և ամուսնանում ուրիշի հետ, կամ եթե կինն է այդպես վարվում, ապա շնություն է գործում։ Ամուսնալուծությունը ինքնին վերջ չի դնում ամուսնությանը, քանի որ Աստծու աչքում երկուսը դեռ շարունակում են «մեկ մարմին» լինել։ Բացի այդ, Հիսուսը նշեց, որ եթե տղամարդը բաժանվում է իր անմեղ կնոջից, դրանով նրան դրդում է շնության։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ այն ժամանակներում կինը, որից ամուսինը բաժանվում էր, գուցե ստիպված լիներ նորից ամուսնանալ, որպեսզի իր նյութական կարիքները հոգացող լիներ։ Այդպիսի վերամուսնությունը հավասարազոր էր շնությանը։

10. Ո՞ր դեպքում քրիստոնյան կարող է բաժանվել ու նորից ամուսնանալ։

10 Հիսուսն ասաց, թե ամուսնությանը վերջ դնելու համար ինչն է հիմք հանդիսանում. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի [հուն.՝ պոռնեյա] և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։9)։ Լեռան քարոզում նա նույն միտքն արտահայտեց (Մատթ. 5։31, 32)։ Երկու դեպքում էլ Հիսուսը որպես հիմք բերեց պոռնկությունը։ Սա ընդգրկում է ամուսնությունից դուրս գործվող մի շարք սեռական մեղքեր՝ շնությունը, մարմնավաճառությունը, չամուսնացած մարդկանց սեռական հարաբերությունը, համասեռամոլությունը և անասնապղծությունը։ Օրինակ, եթե ամուսնացած տղամարդը պոռնկություն է գործել, նրա կինը կարող է որոշել՝ բաժանվել նրանից, թե ոչ։ Եթե որոշում է բաժանվել, դա Աստծու աչքում վերջ է դնում նրանց ամուսնությանը։

11. Քրիստոնյան ինչո՞ւ գուցե որոշի չամուսնալուծվել, նույնիսկ եթե դրա համար սուրբգրային հիմք ունի։

11 Հատկանշական է, որ Հիսուսը չասաց, թե կողակցի գործած անբարոյական արարքը (պոռնեյա) անպատճառ պետք է հանգեցնի ամուսնալուծության։ Օրինակ՝ կինը, չնայած ամուսնու գործած մեղքին, գուցե որոշի պահպանել իր ամուսնությունը։ Հնարավոր է՝ նա դեռ սիրում է իր ամուսնուն, պատրաստ է ներելու նրան և ցանկանում է նրա հետ ջանքեր թափել, որպեսզի բարելավի իրենց հարաբերությունները։ Բացի այդ, եթե կինը բաժանվի, բայց նորից չամուսնանա, կարող է դժվարություններ ունենալ։ Օրինակ՝ ինչպե՞ս կբավարարվեն նրա նյութական և սեռական կարիքները։ Նա ինչպե՞ս կհաղթահարի միայնության զգացումը։ Ի՞նչ կլինի երեխաներին։ Ամուսնալուծության հետևանքով ավելի դժվար չի՞ լինի ճշմարտության մեջ մեծացնել նրանց (1 Կորնթ. 7։14)։ Ակնհայտ է, որ ամուսնալուծությունը անմեղ կողմի առաջ կարող է լուրջ խնդիրների դուռ բացել։

12, 13. ա) Ի՞նչ եղավ Օսեեի ամուսնական կյանքում։ բ) Օսեեն ինչո՞ւ հետ բերեց Գոմերին, և ի՞նչ ենք սովորում այդ դեպքից։

12 Օսեե մարգարեի կյանքից կարող ենք շատ բան սովորել։ Աստված նրան պատվիրեց մի կին առնել, որը «պոռնկությամբ էր զբաղվելու» և իր «պոռնկության արդյունքում երեխաներ էր ունենալու»։ Օսեեն ամուսնացավ Գոմերի հետ, որը «հղիացավ և նրա համար որդի ծնեց» (Օս. 1։2, 3)։ Հետագայում Գոմերը մի աղջիկ ու մի տղա ունեցավ, որոնք, ամենայն հավանականությամբ, ծնվեցին նրա դավաճանության արդյունքում։ Չնայած որ այդ կինը շարունակում էր դավաճանել Օսեեին, վերջինս նրա հետ էր մնում։ Ի վերջո Գոմերը հեռացավ մարգարեից և ստրուկ դարձավ։ Սակայն Օսեեն հետ գնեց նրան (Օս. 3։1, 2)։ Եհովան Օսեեի օրինակով ցույց տվեց, թե ինչպես է շարունակաբար ներում Իսրայել ազգի դավաճանությունը։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։

13 Եթե քրիստոնյայի կողակիցը անբարոյություն է գործել, անմեղ կողմը պետք է որոշում կայացնի։ Ըստ Հիսուսի խոսքերի՝ նա հիմք ունի ամուսնալուծվելու և նորից ամուսնանալու։ Սակայն քրիստոնյան կարող է նաև ներել իր կողակցին։ Դա սխալ չէ։ Օսեեն հետ բերեց Գոմերին։ Վերադառնալուց հետո այդ կինը այլևս չպետք է հարաբերություններ ունենար այլ տղամարդկանց հետ։ Որոշ ժամանակ Օսեեն հարաբերություն չունեցավ Գոմերի հետ (Օս. 3։3)։ Սակայն հետո, ըստ ամենայնի, վերականգնեց իր ամուսնական հարաբերությունները։ Այդպես նա արտացոլեց Աստծու պատրաստակամությունը՝ նորից ընդունելու իր ժողովրդին և վերականգնելու նրա հետ ունեցած փոխհարաբերությունները (Օս. 1։11; 3։3–5)։ Այս դեպքից ի՞նչ ենք սովորում ամուսնության մասին։ Եթե անմեղ կողակիցը որոշում է պահպանել ամուսնությունը, սեռական հարաբերությունները վերականգնելով՝ ցույց է տալիս, որ ներել է մեղավոր կողակցին (1 Կորնթ. 7։3, 5)։ Այդուհետ նա այլևս հիմք չունի ամուսնալուծվելու։ Դրանից հետո ամուսինն ու կինը պետք է միասին ջանքեր թափեն, որ իրենց ամուսնությանը վերաբերվեն այնպես, ինչպես Աստված է վերաբերվում։

ՊԱՏՎԻՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԴ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԲ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

14. 1 Կորնթացիներ 7։10, 11 համարների համաձայն՝ ի՞նչ կարող է պատահել։

14 Բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեն ամուսնությունը պատվական համարել, ինչպես Հիսուսն ու Եհովան են անում։ Սակայն անկատարության պատճառով ոմանք, հնարավոր է, թերանան այս հարցում (Հռոմ. 7։18–23)։ Ուստի չենք զարմանում, որ առաջին դարում որոշ ամուսնացած քրիստոնյաներ ընտանեկան կյանքում լուրջ խնդիրներ ունեին։ Պողոսը գրեց, որ «կինը չպետք է հեռանա իր ամուսնուց»։ Այնուամենայնիվ, նման դեպքեր լինում էին (կարդա 1 Կորնթացիներ 7։10, 11

Ինչպե՞ս կարելի է փրկել ամուսնությունը, նույնիսկ եթե լուրջ խնդիրներ կան (տես պարբերություն 15)

15, 16. ա) Նույնիսկ եթե ամուսինները խնդիրներ ունեն, ինչի՞ պետք է ձգտեն և ինչո՞ւ։ բ) Եթե կողակիցը չի ծառայում Եհովային, ի՞նչ սկզբունք է կիրառելի։

15 Պողոսը չբացատրեց, թե որն էր կնոջ հեռանալու պատճառը։ Խնդիրը, ըստ երևույթին, այն չէր, որ ամուսինը անբարոյություն էր գործել, և կինը հիմք ուներ բաժանվելու ու նորից ամուսնանալու։ Պողոսը գրեց, որ ամուսնուց հեռացած կինը պետք է «առանց ամուսնանալու մնա կամ էլ հաշտվի իր ամուսնու հետ»։ Փաստորեն, Աստծու աչքում նրանք դեռ մեկ մարմին էին։ Պողոսի խորհրդի համաձայն, ինչ խնդիրներ էլ լինեն, եթե պատճառը սեռական անբարոյությունը չէ, ամուսինները պետք է ձգտեն հաշտվել։ Նրանք կարող են խնդրել ժողովի երեցներին, որ Աստվածաշնչի միջոցով օգնեն իրենց։ Երեցները ոչ թե ինչ-որ մեկի կողմը կբռնեն, այլ կօգնեն՝ սուրբգրային խորհուրդ տալով։

16 Եթե քրիստոնյան ամուսնացած է մեկի հետ, ով չի ծառայում Եհովային ու չի ձգտում նրա չափանիշներով ապրել, խնդիրները թերևս ավելի շատ լինեն։ Արդյո՞ք նման դեպքում անջատ ապրելու որոշումն արդարացված կլինի։ Ինչպես արդեն նշվեց, Աստվածաշնչում ասվում է, որ պոռնկությունը հիմք է տալիս ամուսնալուծվելու, բայց անջատ ապրելու համար այնտեղ կոնկրետ պատճառներ չեն թվարկվում։ Պողոսը գրել է. «Եթե որևէ կին անհավատ ամուսին ունի, և ամուսինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի իր ամուսնուն» (1 Կորնթ. 7։12, 13)։ Այս խորհուրդը մեր օրերում էլ է կիրառելի։

17, 18. Որոշ քրիստոնյաներ ինչո՞ւ են որոշել չհեռանալ իրենց կողակցից՝ չնայած լուրջ խնդիրներին։

17 Ինչ խոսք, լինում են դեպքեր, երբ «անհավատ ամուսինը» ցույց է տալիս, որ «համաձայն չէ ապրել» իր կնոջ հետ։ Օրինակ՝ նա ծայրահեղ դաժան է՝ այն աստիճան, որ կնոջ առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում։ Հնարավոր է՝ նա հրաժարվում է հոգալ կնոջ և ընտանիքի նյութական կարիքները կամ լրջորեն վտանգում է կնոջ հոգևոր բարօրությունը։ Նման դեպքերում քրիստոնյա կինը կարող է անձնական որոշում կայացնել, որ անհրաժեշտ է ամուսնուց անջատ ապրել, քանի որ նա իր արարքներով ցույց է տալիս, որ «համաձայն չէ ապրել» իր կնոջ հետ։ Սակայն որոշ քրիստոնյաներ համանման իրավիճակներում այլ որոշում են կայացրել. նրանք համբերում են և փորձում են բարելավել իրավիճակը։ Ինչո՞ւ։

18 Եթե նշված դեպքերում ամուսինները որոշում են անջատ ապրել, նրանք շարունակում են կողակիցներ համարվել։ Անջատ ապրելով՝ նրանք նույնպես կարող են ունենալ այնպիսի դժվարություններ, որոնց մասին արդեն խոսել ենք։ Պողոս առաքյալը միասին ապրելու մեկ այլ պատճառ էլ է նշել։ Նա գրել է. «Անհավատ ամուսինը սրբացված է իր կնոջով, և անհավատ կինը սրբացված է եղբորով, այլապես ձեր երեխաները իրականում անմաքուր կլինեին, սակայն հիմա նրանք սուրբ են» (1 Կորնթ. 7։14)։ Բազմաթիվ հավատարիմ քրիստոնյաներ, չնայած մեծ դժվարություններին, մնացել են իրենց անհավատ կողակցի հետ։ Հետագայում նրանք առանձնահատուկ ուրախություն են ապրել, երբ իրենց կողակիցը նույնպես սկսել է ծառայել Եհովային (կարդա 1 Կորնթացիներ 7։16; 1 Պետ. 3։1, 2

19. Աստծու ժողովրդի մեջ ամուսնություններն ինչո՞ւ են հիմնականում հաջող լինում։

19 Այսպիսով՝ քննարկեցինք, թե Հիսուսն ինչ է ասել ամուսնալուծության մասին, և թե Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ ինչ խորհուրդներ է տվել անջատ ապրելու վերաբերյալ։ Երկուսն էլ ցանկանում էին, որ Եհովայի ծառաները ամուսնությունը պատվական համարեն։ Այսօր Աստծու ժողովրդի մեջ շատ են հաջող ամուսնությունները։ Հավանաբար քո ժողովում էլ բազմաթիվ երջանիկ զույգեր կան՝ իրենց կանանց սիրող նվիրված ամուսիններ և իրենց ամուսիններին սիրող ու հարգող հավատարիմ կանայք, որոնք ապացուցում են, որ ամուսնական կառույցը պատվել հնարավոր է։ Մենք ուրախ ենք, որ միլիոնավոր մարդիկ հաստատում են Աստծու հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Դրա համար տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն» (Եփես. 5։31, 33