ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իմ թուլությունների մեջ Աստծու զորությունը ավելի ակնհայտ դարձավ
ԵՐԲ 1985 թ.-ին ես ու կինս ժամանեցինք Կոլումբիա, երկրում աննախադեպ բռնություն էր տիրում։ Քաղաքներում կառավարությունը պայքարում էր խոշոր նարկոկարտելների դեմ, իսկ լեռներում՝ պարտիզանական ջոկատների։ Մեդելին քաղաքում, որտեղ հետագայում նշանակվեցինք ծառայելու, ամենուրեք կարելի էր տեսնել զինված երիտասարդ գանգստերների։ Նրանք թմրանյութեր էին վաճառում, շանտաժով փող կորզում մարդկանցից և գումարի դիմաց մարդ սպանում։ Սովորաբար այդ երիտասարդները երկար չէին ապրում։ Մենք ասես ուրիշ աշխարհում լինեինք։
Թույլ տվեք՝ պատմեմ, թե ինչպես էին երկու հասարակ ֆինն հեռավոր հյուսիսից հայտնվել Հարավային Ամերիկայում, և թե ինչ օգտակար դասեր եմ սովորել տարիների ընթացքում։
ԿՅԱՆՔԻՍ ՎԱՂ ՏԱՐԻՆԵՐԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Ծնվել եմ 1955 թ.-ին։ Ես երեք տղաներից ամենափոքրն էի։ Մեծացել եմ Ֆինլանդիայի հարավային ափի մոտ գտնվող մի քաղաքում, որն այսօր հայտնի է Վանտա անունով։
Իմ ծնվելուց մի քանի տարի առաջ մայրս դարձել էր Եհովայի վկա, բայց հայրս դեմ էր ճշմարտությանը և մորս թույլ չէր տալիս, որ մեզ Աստվածաշունչ ուսուցանի կամ իր հետ տանի ժողովի հանդիպումներին։ Մայրս, սակայն, հորս բացակայության ժամանակ մեզ սովորեցնում էր աստվածաշնչյան հիմնական ուսմունքները։
Փոքրուց որոշել էի հնազանդվել Եհովային։ Մի անգամ, երբ 7 տարեկան էի, դպրոցում հրաժարվեցի ուտել արյունով պատրաստված ֆիննական բլիթ, ինչը շատ զայրացրեց ուսուցչուհուս։ Նա ստիպում էր, որ ուտեմ այն. մի ձեռքով սեղմեց այտերս, որ բերանս բացեմ, իսկ մյուս ձեռքով պատառաքաղով փորձեց բլիթի մի կտոր խցկել բերանս։ Բայց ինձ հաջողվեց պատառաքաղը գցել նրա ձեռքից։
Երբ 12 տարեկան էի, հայրս մահացավ։ Նրա մահից հետո սկսեցի ժողով գնալ։ Այնտեղ եղբայրները շատ բարի էին իմ հանդեպ և հետաքրքրվում էին ինձանով։ Դա մղեց ինձ հոգևորապես առաջադիմել։ Սկսեցի ամեն օր կարդալ Աստվածաշունչը և խորությամբ ուսումնասիրել մեր հրատարակությունները։ Այս լավ սովորությունների շնորհիվ 1969 թ. օգոստոսի 8-ին՝ 14 տարեկանում, մկրտվեցի։
Դպրոցն ավարտելուց հետո ռահվիրայություն սկսեցի և մի քանի շաբաթից տեղափոխվեցի Ֆինլանդիայի կենտրոնում գտնվող Պիելավեսի քաղաք, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։
Պիելավեսիում հանդիպեցի Սիրկկային, ով հետագայում դարձավ իմ թանկագին կինը։ Ինձ գրավեց նրա համեստությունը և Եհովայի հանդեպ խոր սերը։ Սիրկկան չէր ձգտում լինել ճանաչված և ապրել բարեկեցիկ կյանքով։ Երկուսս էլ շատ էինք ուզում լիարժեքորեն ծառայել Եհովային՝ անկախ նրանից, թե ծառայության մեջ ինչ նշանակումներ կունենայինք։ 1974 թ. մարտի 23-ին ես ու Սիրկկան ամուսնացանք։ Մեղրամիս գնալու փոխարեն մենք տեղափոխվեցինք Կարտտուլա քաղաք, որտեղ քարոզիչների կարիքը ավելի մեծ էր, քան Պիելավեսիում։
ԵՀՈՎԱՆ ՀՈԳ ԷՐ ՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր ամուսնության հենց սկզբից Եհովան ցույց է տվել, որ եթե Թագավորության շահերը առաջին տեղում դնենք, նա հոգ կտանի մեր նյութական կարիքների մասին (Մատթ. 6։33)։ Երբ նոր էինք տեղափոխվել Կարտտուլա, հեծանվով էինք ծառայում։ Բայց ձմեռները ցրտաշունչ էին, և այդ եղանակին ժողովի հսկայական տարածքները մշակելու համար մեզ ավտոմեքենա էր պետք, ինչը գնելու փող չունեինք։
Մի օր շատ պատահական միջնեկ եղբայրս եկավ մեզ տեսնելու և իր ավտոմեքենան նվիրեց մեզ։ Այդ ավտոմեքենայի ապահովագրությունը վճարված էր, մնում էր միայն վառելիքի ծախսը հոգայինք։ Այդպես մեքենայի հարցը լուծվեց։
Եհովան ցույց տվեց, որ մեր նյութական կարիքները հոգալու պատասխանատվությունը իր վրա է վերցրել։ Մեզնից միայն ակնկալվում էր Թագավորության շահերը առաջին տեղում դնել։
«ԳԱՂԱԱԴ» ԴՊՐՈՑ
1978 թ.-ին մենք մասնակցեցինք Ռահվիրայական ծառայության դպրոցին։ Մեր դասավանդողներից մեկը՝ Ռայմո Կուոկկանենը, a մեզ հորդորեց «Գաղաադի» դիմում լրացնել։ Մենք սկսեցինք անգլերեն սովորել։ Բայց դեռ «Գաղաադի» դիմում չէինք լրացրել, երբ հրավիրվեցինք ծառայելու Ֆինլանդիայի մասնաճյուղում։ Դա 1980 թվականն էր։ Այդ ժամանակ բեթելցիները չէին կարող «Գաղաադի» դիմում լրացնել, սակայն մենք ընդունեցինք հրավերը, քանի որ ուզում էինք ծառայել այնտեղ, որտեղ Եհովան հարմար կգտներ։ Այնուամենայնիվ, շարունակեցինք անգլերեն սովորել, որ եթե հանկարծ հնարավորություն լիներ «Գաղաադում» սովորելու, պատրաստ լինեինք։
Մի քանի տարի հետո Կառավարիչ մարմինը որոշեց, որ բեթելցիները նույնպես կարող են դիմել «Գաղաադի» համար։ Մենք անմիջապես դիմում լրացրինք, բայց պատճառը ամենևին էլ այն չէր, որ մենք երջանիկ չէինք Բեթելում, պարզապես ուզում էինք այդպիսով մեր պատրաստակամությունը հայտնել ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ի վերջո մեզ հրավիրեցին «Գաղաադ»։ Մենք սովորեցինք 79-րդ դասարանում և 1985 թ. սեպտեմբերին՝ դպրոցն ավարտելուց հետո, նշանակվեցինք Կոլումբիա։
ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Կոլումբիայում մեզ նշանակեցին ծառայելու Բեթելում։ Փորձում էի լավագույնս կատարել իմ հանձնարարությունը, բայց մեկ տարի Բեթելում ծառայելուց հետո զգացի, որ փոփոխության կարիք կա։ Դա միակ դեպքն է եղել, որ խնդրել եմ՝ փոխեն իմ նշանակումը։ Դրանից հետո մեզ նշանակեցին ծառայելու Նեյվա քաղաքում որպես միսիոներ։
Ես միշտ սիրել եմ քարոզչական գործը։ Ամուրի ժամանակ Ֆինլանդիայում ռահվիրա ծառայելիս երբեմն ծառայում էի վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Ամուսնությունից հետո էլ ես ու Սիրկկան ամբողջ օրը ծառայում էինք։ Իսկ երբ քարոզում էինք տնից շատ հեռու, երբեմն քնում էինք մեքենայի մեջ. այդպես ստիպված չէինք լինում ժամանակ ծախսել ճանապարհի վրա և կարողանում էինք հաջորդ օրը վաղ առավոտից ծառայել։
Միսիոներական ծառայություն սկսելուց հետո ծառայության հանդեպ մեր խանդավառությունը կրկին բոցավառվեց։ Մեր ժողովն աճում էր, և կոլումբացի եղբայրներն ու քույրերը հարգում, սիրում և գնահատում էին մեզ։
ԱՂՈԹՔԻ ՈՒԺԸ
Նեյվայի մոտակայքում գտնվող որոշ քաղաքներում ընդհանրապես Վկաներ չկային։ Ես շատ էի մտածում, թե ինչպես է բարի լուրը հասնելու այդ տարածքներ։ Բայց պարտիզանական կռիվների պատճառով այդ քաղաքներում քարոզելը ապահով չէր նրանց համար, ովքեր տեղացի չէին։ Ես աղոթում էի, որ այդ քաղաքներից մեկում ինչ-որ մեկը Վկա դառնար։ Նաև մտածում էի, որ այդ անհատը պետք է որոշ ժամանակ ապրի Նեյվայում, որպեսզի լսի ճշմարտությունը։ Ուստի աղոթում էի նաև, որ մկրտությունից հետո նա հոգևորապես առաջադիմի, վերադառնա իր քաղաք և սկսի այնտեղ քարոզել։ Այդ ժամանակ չգիտեի, որ Եհովան շատ ավելի լավ լուծում ուներ։
Շատ չանցած՝ սկսեցի Աստվածաշունչ ուսուցանել Ֆերնանդո Գոնսալես անունով մի երիտասարդի։ Նա ապրում էր Ալխեսիրասում՝ այն քաղաքներից մեկում, որտեղ Վկաներ չկային։ Ամեն շաբաթ Ֆերնանդոն 50 կիլոմետր (30 մղոն) ճանապարհ էր անցնում, որպեսզի գար Նեյվա աշխատելու։ Նա շատ լավ էր պատրաստվում յուրաքանչյուր ուսումնասիրությանը և հենց սկզբից սկսել էր հաճախել բոլոր հանդիպումներին։ Ուսումնասիրության առաջին շաբաթվանից սկսած՝ տուն վերադառնալով՝ Ֆերնանդոն հավաքում էր իր ծանոթներին և պատմում նրանց այն ամենը, ինչ սովորել էր Աստվածաշնչից։
1990 թ. հունվարին՝ ուսումնասիրությունը սկսելուց վեց ամիս անց, Ֆերնանդոն մկրտվեց, իսկ հետո ռահվիրայություն սկսեց։ Քանի որ Ալխեսիրասում արդեն տեղացի Վկա կար, այնտեղ ծառայելը համեմատաբար ապահով էր, ուստի
մասնաճյուղը որոշեց հատուկ ռահվիրաներ նշանակել այդ քաղաք։ Ֆերնանդոյի մկրտությունից երկու տարի անց՝ 1992 թ. փետրվարին, Ալխեսիրասում ժողով հիմնվեց։Ֆերնանդոն միայն իր քաղաքում չէր քարոզում։ Ամուսնությունից հետո նա իր կնոջ՝ Օլգայի հետ տեղափոխվեց Սան Վիսենտե դել Կագուան՝ մեկ այլ քաղաք, որտեղ Վկաներ չկային։ Այնտեղ նրանք նույնպես օգնեցին ժողով հիմնել։ 2002 թ.-ին Ֆերնանդոն դարձավ շրջանային վերակացու, և մինչ օրս իր կնոջ հետ շրջանային ծառայության մեջ է։
Այս դեպքից սովորեցի, որ շատ կարևոր է մեր աստվածապետական հանձնարարությունների հետ կապված կոնկրետ բաների մասին աղոթել։ Եհովան անում է այն, ինչը վեր է մեր ուժերից. չէ՞ որ նա է հնձի Տերը, ոչ թե մենք (Մատթ. 9։38)։
ԵՀՈՎԱՆ ՏԱԼԻՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ ԹԵ՛ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՛ ՈՒԺ
1990 թ.-ին շրջագայական ծառայություն սկսեցինք։ Մեր առաջին շրջանը մայրաքաղաքում էր՝ Բոգոտայում։ Մենք վախենում էինք, որ չենք կարողանա լավ կատարել մեր նոր հանձնարարությունը։ Բանն այն էր, որ ես ու կինս հասարակ մարդիկ ենք՝ առանց որևէ հատուկ տաղանդի, և սովոր չէինք ապրել մեծ քաղաքներում։ Բայց Եհովան իրականացրեց Փիլիպպեցիներ 2։13-ում գրված հետևյալ խոստումը. «Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք»։
Մեր հաջորդ նշանակումը Մեդելին քաղաքն էր, որի մասին նշեցի սկզբում։ Այնտեղ ապրող մարդիկ այնքան էին փողոցներում բռնություն տեսել, որ դա նրանց այլևս չէր անհանգստացնում։ Մի անգամ Աստվածաշնչի ուսումնասիրություն էի անցկացնում, երբ փողոցում փոխհրաձգություն սկսվեց։ Կրակոցի ձայներ լսելով՝ ես խառնվեցի իրար և ուզում էի պառկել գետնին, բայց Աստվածաշունչ ուսումնասիրողը հանգիստ շարունակում էր կարդալ։ Պարբերությունն ավարտելուց հետո նա ներողություն խնդրեց և դուրս եկավ։ Քիչ անց վերադարձավ երկու փոքր տղաների հետ և հանգիստ ձայնով ասաց. «Կներեք, երեխաներիս պետք է ներս բերեի»։
Այլ վտանգավոր իրավիճակներում էլ ենք հայտնվել։ Մի օր տնետուն էինք ծառայում, երբ կինս, գույնը գցած, վազելով մոտեցավ ինձ ու ասաց, որ ինչ-որ մեկը իր ուղղությամբ կրակել է։ Ես վախից քար կտրեցի, բայց հետո իմացանք, որ թիրախը ոչ թե Սիրկկան էր, այլ նրա կողքով անցնող մի մարդ։
Ժամանակի ընթացքում փողոցում բռնություն տեսնելիս այլևս այդքան չէինք լարվում։ Մենք քաջությամբ էինք լցվում՝ տեսնելով, թե ինչպես են տեղի հավատակիցները դիմանում նման և ավելի վատ իրավիճակների։ Մեզ հանգստացնում էր այն միտքը, որ եթե Եհովան նրանց օգնում է, մեզ էլ կօգնի։ Մենք միշտ հետևում էինք տեղի երեցների հրահանգներին, զգուշություն էինք ցուցաբերում և Եհովային ապավինելով՝ փորձում էինք չափից շատ չանհանգստանալ։
Կային իրավիճակներ էլ, որ այդքան վտանգավոր չէին, որքան թվում էին։ Մի անգամ ծառայության ժամանակ զրուցում էի մի կնոջ հետ, երբ դրսից աղմուկ լսեցի. ասես երկու կին վիճում էին իրար հետ և վիրավորական խոսքեր ասում իրար։ Ինձ չէր հետաքրքրում այդ վիճաբանությունը, բայց այն կինը, ում այցելել էի, համոզեց, որ բակ
դուրս գամ։ Պարզվեց, որ այդ վիճաբանությունը երկու թութակների միջև էր, ովքեր նմանակում էին հարևաններին։ՀԱՎԵԼՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1997 թ.-ին սկսեցի դասավանդել Ծառայության կատարելագործման դպրոցում։ b Միշտ սիրել եմ սովորել աստվածապետական դպրոցներում, բայց երբեք մտքովս չէր անցել, որ դասավանդելու պատիվ կունենամ։
Հետագայում ծառայել եմ որպես մարզային վերակացու, բայց երբ այդ ծառայությունը դադարեցվեց, սկսեցի նորից շրջանային ծառայություն անել։ Այսպիսով՝ ավելի քան 30 տարի է, ինչ դասավանդում եմ և ծառայում որպես շրջանային վերակացու։ Այս պատասխանատվությունները իրենց հետ բազմաթիվ օրհնություններ են բերել, բայց միշտ չէ, որ հեշտ է եղել։ Փորձեմ պարզաբանել։
Ես ուժեղ բնավորություն ունեմ, և դա օգնել է ինձ դժվար իրավիճակներում։ Բայց եղել են դեպքեր, երբ փորձելով ժողովում որոշ հարցեր լուծել՝ անտեղի նախանձախնդրություն եմ ցուցաբերել։ Մի անգամ ոգևորված կոչ էի անում ոմանց, որ սեր ու ողջամտություն դրսևորեն մյուսների հանդեպ, բայց զավեշտալին այն է, որ դա այն պահերից էր, երբ ինքս էի թերանում այդ հարցում (Հռոմ. 7։21-23)։
Իմ թերացումների պատճառով երբեմն շատ էի վհատվում (Հռոմ. 7։24)։ Մի անգամ Եհովային նեղված ասացի, որ ավելի լավ կլինի՝ թողնեմ միսիոներական ծառայությունը և վերադառնամ Ֆինլանդիա։ Այդ օրը երեկոյան ժողով ունեինք։ Այնտեղ հնչած քաջալերական մտքերը համոզեցին ինձ, որ մնամ իմ նշանակման մեջ և շարունակեմ աշխատել իմ թերությունների վրա։ Մինչ օրս տպավորված եմ, թե որքան կոնկրետ Եհովան պատասխանեց իմ աղոթքին։ Նաև անչափ շնորհակալ եմ, որ իմ հանդեպ բարություն դրսևորելով՝ նա օգնել է շտկեմ թերացումներս։
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԱՊԱԳԱՅԻՆ
Ես ու Սիրկկան անչափ երախտապարտ ենք Եհովային, որ պատիվ ենք ունեցել մեր կյանքի մեծ մասը անցկացնել լիաժամ ծառայության մեջ։ Նաև շատ շնորհակալ եմ Եհովային, որ այս բոլոր տարիների ընթացքում իմ կողքին Սիրկկայի նման սիրող ու հավատարիմ կին է եղել։
Շուտով ես կդառնամ 70 տարեկան և այլևս չեմ կարողանա դասավանդել ու շրջանային վերակացու ծառայել։ Բայց դա ինձ չի վհատեցնում. ես միանգամայն համոզված եմ, որ Եհովային պատվելու լավագույն ձևը նրան համեստությամբ ծառայելն է և սիրով ու երախտագիտությամբ լի սրտով գովաբանելը (Միք. 6։8; Մարկ. 12։32-34)։ Եհովային փառաբանելու համար պարտադիր չէ աչքի ընկնող պատասխանատվություններ ունենալ։
Հետադարձ հայացք նետելով՝ կարող եմ ասել, որ իմ ունեցած բոլոր պատասխանատվությունները ինձ տրվել են ոչ թե այն բանի շնորհիվ, որ մյուսներից ավելի լավն եմ կամ ինչ-որ հատուկ ունակություններ ունեմ, այլ քանի որ Եհովան անզուգական բարություն է դրսևորել իմ հանդեպ։ Նա վստահել է ինձ՝ չնայած իմ թերություններին։ Համոզված եմ, որ միայն Եհովայի օգնությամբ է, որ կարողացել եմ կատարել այդ հանձնարարությունները։ Այո՛, իմ թուլությունների մեջ Աստծու զորությունը ավելի ակնհայտ է դարձել (2 Կորնթ. 12։9)։